Լեւոն Արոնյանը բարելավեց իր վարկանիշը
Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է շախմատիստների վարկանիշային հերթական աղյուսակները: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանն անցած ամսվա համեմատ 4 աստիճանով բարելավել է իր վարկանիշը եւ հոկտեմբերի 1-ի դրությամբ զբաղեցնում է 7-րդ տեղը: 1-ին հորիզոնականը վստահորեն գրավում է աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը, ով դեռեւս 34 միավորով առաջ է 2-րդ տեղում գտնվող ամերիկացի Հիկարու Նակամուրայից: Կայծակնային եւ արագ շախմատի վարկանիշային աղյուսակներում Լեւոն Արոնյանը 5-րդն է: Նա աշխարհի այն 4 շախմատիստներից մեկն է, ովքեր ընդգրկված են 3 վարկանիշների առաջին տասնյակներում:
* * *
Լեւոն Արոնյանը հանդես կգա 2015թ. Եվրոպայի ակումբային առաջնությունում, որը տեղի կունենա հոկտեմբերի 18-24-ը, Մակեդոնիայում: Մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 47 ակումբներ, որոնց կազմում ընդգրկված են 45 երկրների 343 շախմատիստ: Հայ շախմատիստը կրկին հայտավորվել է ռուսական «Սիբիր» ակումբի կազմում եւ հանդես կգա 2-րդ խաղատախտակին, քանի որ 1-ին համարի տակ հայտավորվել է աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկը:
Լեւոն Արոնյանը Մագնուս Կառլսենի հետ կպայքարի աշխարհի չեմպիոնության համար
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ է ներկայացրել: Մրցաշարը տեղի է ունենալու Բեռլինում, հոկտեմբերի 10-14-ը: Առաջին 3 օրը տեղի կունենա արագ շախմատի առաջնությունը, իսկ վերջին 2 օրերին` կայծակնայինը:
Հարկ է նշել, որ այս տարվա առաջնությունը բավական ուժեղ կազմ է հավաքագրել: Մասանիցների ցուցակը գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը: Վերջինիս հաջորդում են նախկին չեմպիոններ Վիշվանաթան Անանդը եւ Վլադիմիր Կրամնիկը: Լեւոն Արոնյանից բացի Հայաստանից առաջնությանը կմասնակցեն նաեւ գրոսմայստերներ Սերգեյ Մովսեսյանը, Զավեն Անդրիասյանը, Վլադիմիր Հակոբյանը, Հրանտ Մելքումյանը եւ Տիգրան Լ.Պետրոսյանը:
Արագ շախմատի առաջնությունը բաղկացած է 15, իսկ կայծակնայինը` 21 փուլից: Մրցանակային ֆոնդը կազմում է 400 հազար դոլար, իսկ հաղթողները կստանան 40 հազարական դոլար: Միաժամանակյա խաղ՝ ներառական դպրոցում
Լեւոն Արոնյանը «Սպորտը հանուն հավասար հնարավորությունների» ակցիայի շրջանակում Տիգրան Պետրոսյանի անվան Շախմատի տանը անցկացրեց միաժամանակյա շախմատային սեանս Երեւանի ներառական կրթություն իրականացնող դպրոցների 22 աշակերտների հետ: Այն կազմակերպեցին «Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» ՀԿ-ները՝ Դանիայի ԱԳՆ ֆինանսական աջակցությամբ:
Հարկ է նշել, որ հայ առաջատար շախմատիստն արդեն 6-րդ անգամ է մասնակցում այս միջոցառմանը: Մեր մյուս շախմատիստները չեն մասնակցում նմանատիպ ակցիաների, քանի որ ըստ կազմակերպիչների, գործունեության առաջին 2 տարիներին հրավիրվել են տարբեր հայ գրոսմայստերներին, բայց հետո դժվար է եղել նրանց հավաքել նույն օրը: Եվ որոշել են հրավիրել միայն Լեւոն Արոնյանին: Այս տարի կրճատվել է նաեւ մասնակիցների թիվը եւ ֆորմատը, քանի որ նախորդ սեանսները բավական երկար են տեւել՝ 4-5 ժամ, ինչը նպատակահարմար չէր մասնակիցների համար:
Ի դեպ, սեանսից առաջ կազմակերպված հարցազրույցի ժամանակ Լեւոն Արոնյանը կտրականապես հրաժարվել է խոսել Բաքվում կայացած աշխարհի գավաթի խաղարկության մասին, որտեղ նա բավական անհաջող էր հանդես եկել եւ արդեն 2-րդ փուլից դուրս էր մնացել:
Հայաստանի շախմատիստները՝ առաջատարների խմբում
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսեսյանը եւ Հրանտ Մելքումյանը վստահ են հանդես գալիս բրիտանական Մեն կղզում անցկացվող միջազգային մրցաշարում: Մեր գրոսմայստերները 4 փուլից հետո տարել են 3-ական հաղթանակ, 1-ական խաղ ավարտել են ոչ-ոքի եւ 3,5 միավորով ընթանում են առաջատարների խմբում: Ռուսաստանը ներկայացնող մեր հայրենակից Կարինա Համբարձումովան վաստակել է ընդամենը 1 միավոր եւ զբաղեցնում է 86-րդ տեղը:
Հաջող մեկնարկ՝ նաեւ Չիգորինի հուշամրցաշարում
Հայաստանի շախմատիստներ Զավեն Անդրիասյանը եւ Վահե Բաղդասարյանը հաջող են հանդես գալիս Սանկտ Պետերբուրգում անցկացվող Միխայիլ Չիգորինի ամենամյա հուշամրցաշարում: Մեր պատվիրակները հաղթանակ են տարել մեկնարկային 2 խաղերում եւ 2-ական միավորներով ընթանում են առաջատարների խմբում: Նշենք, որ հուշամրցաշարին մասնակցում են 25 երկրների 373 շախմատիստ-շախմատիստուհի, այն անցկացվում է շվեյցարական մրցակարգով, 9 փուլով:
Երկու մեդալ նվաճեցին
Խորվաթիայում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները նվաճեցին 2 մեդալ: Մինչեւ 18 տարեկան շախմատիստների մրցաշարում միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը 9 հնարավորից վաստակելով 6,5 միավոր, գրավեց 2-րդ տեղը: ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը, ով վերջին փուլից առաջ միանձնյա գլխավորում էր 14 տարեկանների աղյուսակը, ցավոք, պարտություն կրեց վճռորոշ խաղում եւ ստիպված բավարարվեց բրոնզե մեդալով:
Մրցանակային տեղեր զբաղեցնելու լավ հնարավորություն ունեին նաեւ 12-ամյա Մամիկոն Ղարիբյանը եւ 8-ամյա Ռոբերտ Փիլիպոսյանը, սակայն նրանք վերջին փուլում պարտություն կրեցին եւ զբաղեցրին համապատասխանաբար 6-րդ եւ 4-րդ տեղերը: Աղջիկների առաջնությունում բոլորից հաջող հանդես եկավ 10-ամյա Հասմիկ Քոչինյանը, որը 6,5 միավորով մրցաշարն ավարտեց 5-րդ հորիզոնականում:
Մեր հայրենակիցներից մեկը, այնուամենայնիվ, Խորվաթիայում նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Դա Հոլանդիան ներկայացնող Աննա-Մայա Ղազարյանն է, ով 16 տարեկան աղջիկների մրցաշարում վաստակեց 7,5 միավոր եւ գրավեց 1-ին տեղը:
Նաեւ ոսկե մեդալ ունենք Եվրոպայում
Հայաստանի ծանրորդներից առաջին ոսկե մեդալը Լատվիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական եւ պատանեկան առաջնությունում նվաճեց մինչեւ 20 տարեկան աղջիկների մրցաշարի մեր պատվիրակ Իզաբելա Յայլյանը: Նա երկամարտի 194 կգ արդյունքով զբաղեցրեց 1-ին տեղը եւ ճանաչվեց ուժեղագույնը 58 կգ քաշային կարգում: Ընդհանուր հաշվարկով մեր ծանրորդները Լատվիայում արդեն նվաճել են 3 մեդալ:
Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեր 56 կգ քաշային ծանրորդ Սմբատ Մարգարյանն արծաթե մեդալ է նվաճել, իսկ պատանեկան մրցաշարի նույն քաշայինների պայքարում Մարզպետ Մինասյանը զբաղեցրել է մրցանակային 2-րդ տեղը:
Մեր երկիրը մասնակցում է 10 ծանրորդով:
Հ.Գ. – 3 մեդալ՝ մեկ օրում.- Լիտվայի Կլայպեդա քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ծանրորդները նվաճեցին հերթական մեդալները: Մինչեւ 20 տարեկան ծանրորդների մրցաշարում 94 կգ քաշային կարգային Սամվել Գասպարյանը երկամարտի 350 կգ արդյունքով նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Նա ընդամենը անձնական թեթեւ քաշի շնորհիվ առաջ անցավ մեր մյուս մարզիկից` Կարուշ Ղուկասյանից, որը զբաղեցրեց 2-րդ տեղը: Մինչեւ 20 տարեկան աղջիկների մրցաշարում 69 կգ քաշային կարգում հանդես եկող մեր մարզուհի Սոնա Պողոսյանը երկամարտի 213 կգ արդյունքով գրավեց 2-րդ տեղը եւ արժանացավ արծաթե մեդալի:
* * *
– Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պատվիրակությունը նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ չարտերային չվերթով մեկնել է Ֆրանսիա: Հայաստանի ազգային թիմը Ֆրանսիա է մեկնել հետեւյալ կազմով. Դարպասապահներ` Գեւորգ Կասպարով, Արսեն Բեգլարյան, Գոռ Մանուկյան: Պաշտպաններ` Ռոբերտ Արզումանյան, Հովհաննես Համբարձումյան, Լեւոն Հայրապետյան, Տարոն Ոսկանյան, Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան: Կիսապաշտպաններ` Մարկոս Պիզելլի, Արաս Օզբիլիս, Կառլեն Մկրտչյան, Նորայր Ասլանյան, Արթուր Յուսպաշյան, Դավիթ Մանոյան, Արտակ Գրիգորյան: Հարձակվողներ` Յուրա Մովսիսյան, Արթուր Սարկիսով, Վարդան Պողոսյան
Հավաքականին հրավիրված մյուս 3 ֆուտբոլիստները` Հենրիխ Մխիթարյանը, Գեւորգ Ղազարյանը եւ Գաել Անդոնյանը, թիմին կմիանան արդեն Ֆրանսիայում:
Հայաստանի ֆուտբոլի հավաքականները տարանջատվել են
Մեր ֆուտբոլի տարբեր հավաքականները նախապատրաստվել են Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերի խաղերին: Ազգային թիմը մարմնամարզական հավաք է անցկացրել ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Իսկ Հայաստանի երիտասարդական եւ մինչեւ 19 տարեկանների հավաքականները՝ այլ վայրում, ինչը զարմանալի է, քանի որ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնը նախատեսված է Հայաստանի բոլոր, այդ թվում՝ ֆուտզալի եւ կանանց հավաքականների համար:
Ինչեւէ, Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 8-ին Ֆրանսիայում կմրցի այդ երկրի ընտրանու հետ, իսկ 3 օր անց սեփական դաշտում կընդունի Ալբանիային: Երիտասարդական ընտրանին նախ հոկտեմբերի 9-ին կհանդիպի Բուլղարիայի հետ, նրա դաշտում, իսկ հոկտեմբերի 13-ին Երեւանում կհյուրընկալի Լյուքսեմբուրգի այդ տարիքային հավաքականին: Մինչեւ 19 տարեկանների հավաքականը հոկտեմբերի 8-13-ը Էստոնիայում կմասնակցի Եվրոպայի 2016թ. պատանեկան առաջնության ընտրական 12-րդ խմբի մրցաշարին: Մեր ֆուտբոլիստները հոկտեմբերի 8-ին կմրցեն Չեխիայի, հոկտեմբերի 10-ին՝ Սերբիայի եւ հոկտեմբերի 13-ին՝ դաշտի տերերի թիմի հետ:
Հ.Գ. – Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Նիսում ավարտված ընկերական խաղում պարտվեց Ֆրանսիայի ազգային թիմին: Առաջին խաղակեսում դաշտի տերերին հաջողվեց խփել միայն մեկ գոլ: 35-րդ րոպեին աչքի ընկավ Անտոնի Գրիզմանը: Ընդմիջումից 10 րոպե անց հաշիվը կրկնապատկեց Յոհան Կաբայը, իսկ 77-րդ եւ 79-րդ րոպեներին դուբլի հեղինակ դարձավ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման: Այդպիսով, Հայաստանի հավաքականը 0:4 խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիայի ընտրանուն, որը ընկերական խաղերի օգնությամբ պատրաստվում է իր մոտ անցկացվելիք Եվրոպայի 2016թ. առաջնության եզրափակիչ փուլին: Ի դեպ, հանդիպման կազմակերպիչները հաճելի անակնկալ էին պատրաստել հյուրերի համար. խաղի սկիզբը խորհրդանշական հարվածով սկսեց նախկինում ֆրանսահայ մրցավար Միշել Քիթաբջյանը:
– Հայաստանի մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը անհաջող մեկնարկեց Եվրոպայի 2016թ. առաջնության որակավորման փուլում: Էստոնիայում ընթացող մրցաշարի առաջին տուրում մեր պատանի ֆուտբոլիստները 0:4 խոշոր հաշվով զիջեցին Չեխիայի իրենց հասակակիցներին, ընդ որում մրցակիցն առաջին 3գնդակները խփել է մեկնարկային 20 րոպեների ընթացքում: Հաջորդ խաղը Հայաստանի պատանեկան հավաքականը կանցկացնի հոկտեմբերի 10-ին: Այդ օրը մեր ֆուտբոլիստները կմրցեն Սերբիայի թիմի հետ, որն այսօր դեռ պետք է հանդիպի Էստոնիայի հետ:
Հայաստանի հավաքականը նահանջել է 8 հորիզոնականով
Հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 8 հորիզոնականով եւ այժմ զբաղեցնում է 91-րդ հորիզոնականը: 1. Արգենտինա-1419 միավոր, 2. Գերմանիա-1401, 3. Բելգիա-1387, 4. Պորտուգալիա-1235, 5. Կոլումբիա-1228, 6. Իսպանիա-1223, 7. Բրազիլիա-1204, 8. Ուելս-1195, 9. Չիլի-1177, 10. Անգլիա-1161, 22. Ֆրանսիա-899, 24. Ուկրաինա-874, 26. Ռուսաստան-845, 28. Դանիա-835, 32. Ալբանիա-755, 63. Սերբիա-538, 74. Ոււզբեկստան-464, 87. Էստոնիա-388, 91. Հայաստան -377, 98. Բելառուս–350, 103. Լատվիա-3385, 105. Ադրբեջան-328, 110. Վրաստան-308, 116. Լիտվա-298, 132. Մոլդովա-239, 142. Ղազախստան-199, 146. Ղրղզստան-195, 155. Թուրքմենստան-172, 160. Տաջիկստան-156…
Արթուր Աբրահամը հանդիպել է մրցակցի հետ
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, գերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի առաջիկա մենամարտը նախանշված է նոյեմբերի 21-ին, Գերմանիայի Հանովեր քաղաքի «TUI Arena»-ում: Մրցակիցն է 33-ամյա բրիտանացի Մարտին Մուրեյը:
Նախօրեին Բեռլինում բռնցքամարտիկները հանդիպել են: Արթուր Աբրահամն ասել է, որ Մարտին Մուրեյն ուժեղ մրցակից է, միաժամանակ ընդգծելով` հաղթելու իր մտադրության մասին. «Գերմանիան ընդդեմ Անգլիայի. դասական մենամարտ է, որտեղ միշտ հաղթում ենք մենք: Խոստանում եմ՝ այս անգամ էլ լինելու է այդպես»,- ասել է Արթուր Աբրահամը: Մարտին Մուրայի խոսքով, նոյեմբերի 21-ին ինքը հաղթելու է եւ դառնալու է աշխարհի չեմպիոն:
Տոնական հեծանվավազք` Երեւանի փողոցներով
«Էրեբունի-Երևան» տոնակատարության մշտական միջոցառումներից է տոնական հեծանվավազքը, որն այս տարի մեկնարկել է ծովակալ Իսակովի պողոտայի հեծանվահրապարակից: Հեծանվորդների խումբը Երեւանի դրոշներով տոնական երթով անցել է Մաշտոցի պողոտայով, այնուհետ Զաքիյան, Գրիգոր Լուսավորիչ, Իտալիայի եւ Բեյրութի փողոցներով եւ վերջնականգառ կատարել Երեւանի քաղաքապետարանի հարակից հրապարակում:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



