
44-ը չբոլորած երկրային կյանքից հեռացավ «Արորդիների Ուխտ»-ի օծյալ քուրմ Արա (Արայիկ) Լեւոնի Դավթյանը: Քուրմ Արան ծնվել էր 1964թ. հունիսի 2-ին, Երեւանում: Նախնիները Մուշից էին: Նա մասնագիտությամբ նկարիչ էր եւ արվեստի մարդ, աշխատել է ՀՀ հուշարձանների պահպանության վարչությունում՝ իբրեւ գլխավոր մասնագետ Արմավիրի տարածքում: Ամուսնացած էր, ունի որդի եւ դուստր:
Քուրմ Արան մասնակցել է Գառնո տաճարում, Էրեբունիում, Կարմիր բլուրում, Մեծամորում, Զորաց քարերում եւ այլուր անցկացված արիական-հեթանոսական բոլոր միջոցառումներին ու ծեսերին: Քրմական դասի հետ նվիրական այց է կատարել նաեւ մեծն հայորդի Գարեգին Նժդեհի մասունքներին:
Արա Լեւոնի Դավթյանը նվիրյալ արորդի էր եւ նրա հիշատակը վառ կմնա նրա ընտանիքում, նրան չանաչողների սրտերում: Քուրմ Արան երկրորդն է, ում մարմինն այրվելուց հետո կհանձնվի բնության 4 տարրերին՝ կրակին, հողին, օդին, ջրին (Գառնո ձորում եւ Արագածի փեշերին): Առաջինը՝ տարիներ առաջ երկրային կյանքից հեռացած քրմապետ Սլակ Կակոսյանն էր:
Քրմերը հունվարի 23-ին հոգեհանգստի արարողություն կատարեցին նաեւ Կարմիր բլուրում:
Գնաս բարով դեպ ոգեղենություն՝ մեր արորդի եղբայր:
Հայ Աստվածներն ու փառահեղ նախնիք պահապան հոգուդ:
«Արորդիների Ուխտ»-ի քրմական դաս
Հայ Արիական Միաբանություն
«Հանուն Հայրենիքի» կազմակերպություն
«Ուխտ Արարատի» (ԱՍԱԼԱ-ի նախկին քաղբանտարկյալներ ու ազատամարտիկներ) կազմակերպություն
«Նժդեհյան ցեղակրոն» կուսակցություն
ԱՄՆ-ից «Հայ Արիական Բռունցք», «Սփյուռք-Դիասպորա» եւ «Հայկական ծագումնաբանական ընկերակցություն» կազմակերպություններ:
Միանում ենք վերոնշյալ կազմակերպություններին եւ ցավակցում քուրմ Արայի ընտանիքին, հարազատներին:
«Լուսանցք»-ի խմբագրակազմ



