Կամ զարգացում, կամ՝ գյուղական էներգահամակարգ.- Միջուկայինն անտեսելու քաղաքական ու տնտեսական իրավունքը չունենք – Պիտի արագացնենք՝ նոր ԱԷԿ կառուցելը 6-7 տարի է արժենում՝ թշնամուց հետ ենք մնում (Արմենուհի Մելքոնյան – «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր)…

Մեր էներգահամակարգի առողջացման համար մշակվեց երկարաժամկետ՝ մինչեւ 2036թ. զարգացման ուղին: Անդրադառնալով ռազմավարական այս ծրագրին՝ մենք հիմնականում ներկայացրել ենք առանձին ճյուղերի զարգացման տեսլականը՝ օրինակ միջուկային, ջերմային եւ վերականգնվող էներգետիկաների ոլորտների առաջընթացի տեսանկյունից: Ի մի բերելով ամբողջը եւ ամփոփելով մեր երկրի էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիների վերլուծության արդյունքները, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը վստահ ասում է, որ Հայաստանի էներգետիկ անվտանգությունն ու հուսալի էներգամատակարարումն ապահովելու նպատակով անհրաժեշտ է հստակ իրականացնել այս միջոցառումները: Դրանք երկու փուլով են՝ 1. միջնաժամկետ‘ մինչեւ 2025թ. ներառյալ ժամանակահատվածում եւ 2. երկարաժամկետ՝ 2026թ-2036թ. ներառյալ ժամանակահատվածում:

Նախ՝ թվարկենք, թե ինչ պիտի արվի միջնաժամկետում:

Այս փուլի միջոցառումների շարքում է էլեկտրաէներգետիկ շուկայի փուլային ազատականացումը՝ դրա արդյունավետությունը բարձրացնելու եւ ներդրումները խթանելու նպատակով, ինչը բխում է ՀՀ-ի ԵՏՄ մտնելու եւ ԵՄ-ի առջեւ ստանձնած պարտավորություններից: Նաեւ՝ էլեկտրաէներգետիկ շուկայում տարածաշրջանային ինտեգրումն ապահովող նոր մեխանիզմների ներդնումը (տարանցում, բալանսավորում, համակարգային ծառայությունների մատուցում, վթարային մատակարարում, անկանխատեսելի հոսքերի կարգավորում):

Հավելենք՝ պետք է ոլորտի սակագների որոշման մեթոդաբանության եւ կառուցվածքի վերանայում արվի՝ ներմուծելով էլեկտրաէներգիայի սակագների համար սեզոնային եւ օրվա ժամերով ավելի բարելավված կառուցվածք եւ գազի բնագավառի համար՝ սահմանելով նոր սպառողների խմբեր ու համապատասխան սակագներ: Կարգավարման կառավարման ավտոմատացված SCADA համակարգը պետք է ընդլայնվի, ինչը կնպաստի էներգետիկ անվտանգության եւ սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը («Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ վարկային միջոցներ):  Այս փուլի միջոցառումներից է Իրան-Հայաստան եւ Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման օդային գծերի կառուցումը, ինչի արդյունքում Հայաստան-Վրաստանի էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից կհասցվի 700 ՄՎտ-ի, իսկ Հայաստանի-Իրան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 ՄՎտ-ից կհասցվի 1000-1200 ՄՎտ-ի, միաժամանակ կբարձրանա էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը եւ ՀՀ էներգետիկ անվտանգությունը (Իրանի արտահանման զարգացման բանկ եւ KfW բանկ‘ վարկային միջոցներ): Նաեւ՝ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը մինչեւ 2026թ., միաժամանակ անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարունակումը‘ դոնոր երկրների աջակցությամբ, ԱԷՄԳ-ի համակարգմամբ: Գումարած՝ ա) փոքր ՀԷԿ-երի կառուցում գումարային մինչեւ 150 ՄՎտ հզորությամբ, մինչեւ 2021թ.՝ հաշվի առնելով տեսակարար ներդրումների աճը եւ բնապահպանական պահանջների ապահովումը (մասնավոր ներդրումներ): բ) Միջին հզորության ՀԷԿ-երի (Լոռիբերդ-66 ՄՎտ եւ Շնող-70 ՄՎտ) զարգացումն ու շահագործման հանձնումը 2021թ. ինչը կավելացնի տարեկան արտադրանքը շուրջ 500 մլն կՎտժ (մասնավոր ներդրումներ): գ) 40 ՄՎտ գումարային հզորությամբ արեւային ՖՎ կայանների կառուցումը մինչեւ 2021թ.՝ Համաշխարհային Բանկի SREP ծրագրի ֆինանսավորմամբ: դ) 30 ՄՎտ հզորությամբ երկրաջերմային էլեկտրական կայանի կառուցումն ու շահագործման հանձնումը 2024թ.՝ Համաշխարհային Բանկի SREP ծրագրի աջակցությամբ (մեկնարկը՝ 2018թ): Ծրագիրն իրատեսական է, եթե 2015թ. հորատման արդյունքում կհաստատվի երկրաջերմային աղբյուրի ներուժը (մասնավոր ներդրումներ): ե) Շուրջ 200 ՄՎտ հզորությամբ հողմային էլեկտրակայանների կառուցումը: Ամենայն հավանականությամբ անհրաժեշտություն կառաջացնի մասնավոր ներդրումներ ներգրավելու նպատակով մշակել խթանող սակագնային քաղաքականություն (մասնավոր ներդրումներ):

Մինչեւ 2025թ. նախատեսվում է Հրազդանի ՋԷԿ-ի 1-4 բլոկները շահագործումից դուրս բերել 2019թ. հետո: Նոր ջերմային ՀՇԳՑ էներգատեղակայանքներ կառուցել, 2018թ.- 400 ՄՎտ, եւ 2021թ.-220 ՄՎտ հզորությամբ: Այս հզորությունների անհրաժեշտությունը պայմանավորված է Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիայի փոխանակման պայմանագրի պարտավորությունների կատարմամբ, ինչպես նաեւ Հրազդան ՋԷԿ-ի գործող բլոկների շահագործման դադարեցմամբ: Պահանջվող հզորությունների անհրաժեշտ մեծությունը կարող է նվազել մինչեւ 400 ՄՎտ-ով, եթե Վրաստանից ապահովվի մրցունակ էլեկտրաէներգիայի կայուն եւ հուսալի ներմուծում: Այս մոտեցումը տնտեսապես ավելի նպատակահարմար է, քանի որ նոր կառուցվող 220 ու 400 ՄՎտ ՀՇԳՑ բլոկները 2027 թ.-ից (նոր ատոմակայանի շահագործման հանձնումից հետո) աշխատում են թերբեռնված ռեժիմով: Ջերմային բլոկների դրվածքային հզորությունների եւ էներգահամակարգ ներառման ժամանակացույցը վերջնականորեն կորոշվի ֆինանսավորման առանձնահատկություններից: Ինչ վերաբերում է Հրազդան 5-րդ էներգաբլոկին, ապա Հայաստանի կողմից ստանձնած ֆինանսական պարտավորությունների կատարման նվազագույն ծախսատար տարբերակն է շահագործել այն մինչեւ 2026թ. 2-ից մինչեւ 3.2 մլրդ կՎտժ արտադրանքով:

Նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագրի մեկնարկը 2018թ. կտրվի (մասնավոր ներդրումներ, ՀՀ մասնակցությունը առկա ենթակառուցվածքների եւ հողատարածքների տեսքով):

Հիմա գանք այն միջոցառումներին, որոնք պիտի արվեն երկարաժամկետ փուլում:

2026թ. մինչեւ 2036թ.-ն նախատեսված է վերականգնվող էներգետիկ աղբյուրների խելամիտ եւ շարունակական զարգացման ապահովումը‘անհրաժեշտության դեպքում վերականգնվող էներգետիկայի զարգացմանն ուղղված լրացուցիչ խթանող միջոցառումների իրականացումը (մասնավոր ներդրումներ):

Այս ժամանակահատվածում նախատեսված է նաեւ Այրում 350 ՄՎտ հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի երրորդ մոդուլի կառուցումը (2027թ.)՝ ելնելով շուկայի եւ տարածաշրջանային համագործակցության պահանջարկից: Սա հնարավորություն կտա Հայաստան-Վրաստանի էլէներգիայի փոխանակման հզորությունը հասցնել 1050 ՄՎտ-ի (KfW բանկ կամ այլ միջազգային բանկերի միջոցներ):

Նոր ԱԷԿ-ի 400 կՎ ենթակայանը Հրազդանի 400 կՎ ենթակայանի հետ կապող շուրջ 90 կմ երկարությամբ 400 կՎ լարման օդային գծի կառուցումն էլ նախատեսված է 2027թ. («Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ՓԲԸ վարկային միջոցներ), ինչպեսեւ՝ նոր միջուկային էներգաբլոկի շահագործման հանձնումը նույն թվին:

Նախատեսված է նաեւ հայ-իրանական Մեղրի ՀԷԿ կառուցման համաձայնագրի իրականացումը՝ ակնկալելով, որ կայանը 2033թ. կներգրավվի ՀՀ էներգահամակարգի մեջ: Հիդրոկայանի դրվածքային հզորությունը կկազմի 130 ՄՎտ, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրանքը՝ շուրջ 800 մլն. կՎտժ:

Ճիշտ է, որ բոլոր միջոցառումներն էլ կարեւոր են, բայց այստեղ ուշագրավ է մի միջոցառում: Ի պատիվ մեր պետության՝ միջուկային էներգետիկան չի անտեսվում: Թեեւ վերջերս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կարծես այս հարցով այլ շեշտադրում էր արել, բայց այն, որ միջուկային էներգետիկան զարգացնելու մեր պետական քաղաքական դիրքորոշումը չի փոխվել, միանշանակ է: Այդպես է եւ հիշյալ ծրագրի համաձայն, եւ մեր ազգային անվտանգության դրույթների համաձայն: Մնում է թյուրիմացությունը վերագրել նախարարի տարիքին…

Ինչեւէ: Մի բան հաստատ է, որ մենք նոր ԱԷԿ ունենալու մտքից ու գործից չպետք է հրաժարվենք: Չմոռանանք, որ ՌԴ-ն Թուրքիայում ատոմակայան է կառուցում, եւ Անկարան մտադիր է միանգամից ունենալ 3-ը: Ի՞նչ է՝ մենք մեզ դատապարտե՞լ ենք ուզում: Լավ է, որ խոսում ենք վերականգնվող էներգետիկայի զարգացումից, բայց դա ատոմակայանին այլընտրանք լինել չի կարող, կարող է ընդամենը փոխարինել: Վերականգնվող էներգետիկայի կողմնակից շատ մասնագետներ են նույն բանն ասել:

Կա մի խումբ, որ ասում է՝ իբր վերականգնվողը կարող է փոխարինել մեկ եւ մի քանի ԱԷԿ-ների: Բայց, այսպես ասենք, հաստատուն, ավանդական խումբը նրանց համարում է սեփական ծրագիրը իրացնել փորձողների խումբ՝ առանց երկրի շահը հաշվի առնելու:

Չեմ փորձի մասնագիտական պարզաբանումների մեջ մտնել: Քանզի մի բան գիտեմ. թշնամուն անտեսել պետք չէ, եւ եթե Թուրքիան կառուցում է, մենք պիտի հետ չմնանք: Վերջ: Այստեղ երկու տեսակետ լինել չի կարող:

Որովհետեւ էներգահամակարգը այն ոլորտն է, որ շատ կարեւոր է երկրի ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական անվտանգության համար: Եվ ինչքան կայուն էներգահամակարգ, այնքան կայուն զարգացում:

Հետեւաբար շատ կարեւոր է, որ իրականացվող ու իրականացվեիք ծրագրերը լինեն պետական խիստ հսկողության ներքո:

Հետեւաբար խիստ կարեւոր է, որ նոր ԱԷԿ ունենալու հետ կապված բանակցությունները մի փոքր արագացնի պետությունը: Հասկացանք, որ մենք ներքին ֆինանսական միջոցներ չունենք ( ՞ ) դրա համար եւ պիտի արտերկրից ներդրող գտնենք: Հասկացանք, որ ատոմակայանը նաեւ աշխարհաքաղաքական խնդիր է ու դեռ պիտի համաձայնեցնել, թե որ երկրից ինչ սարքավորում ենք բերելու եւ այլն եւ այլն: Այնուհանդերձ, պիտի արագացնենք, որովհետեւ նոր ԱԷԿ կառուցելը 6-7 տարի է արժենում: Արագացնել է պետք. թշնամուց հետ ենք մնում:

Հ.Գ. – ՀՀ-ն ներքին ֆինանսական ռեսուրսներ չունի գոնե մասամբ հոգալու ռազմավարական նշանակության այնպիսի օբյեկտի կառուցման ծախսերը, ինչպիսին ատոմակայանն է:

Փոխարենը մենք միլիոնավոր դոլարներ ունենք եկեղեցիներ կառուցելու համար (տե՛ս էջ 5): Մենք փողեր ենք ծախսում 1713 թե քանի խաչ տնկելու համար: Մենք փողեր ենք ծախսում բարեգործությունների համար, ու մարդկանց էդպես էլ ձուկ որսալ չենք սովորեցնում, որովհետեւ նրանց երեսին ձուկ շպրտելը մեզ ավելի է դուր գալիս: Մենք իսկապես քրիստոնյա ժողովուրդ ենք՝ «երանի հոգով աղքատներին» (Քրիստոսի սիրուն, բոլոր քրիստոնյաներին խնդրում եմ Աստվածաշնչից մեջբերածս նախադասությունը հազար տեսակ «այլաբանություններով» չձեւափոխել: Թախանձագին եմ խնդրում):

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.