Հաջորդ տարի ԱԺ կներկայացվի փաստաթղթերի մի փաթեթ («ՀՀ հարկային օրենսգրքի մասին» օրենքների նախագծերի փաթեթ), որում ներառված է նաեւ հարկ վճարողի բողոքարկման իրավունքը: Ասվում է, որ հարկային մարմնի ընդունած անհատական իրավական ակտը, ինչպես նաեւ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով (խնդրում եմ ուշադրություն դարձնել ընդգծվածին,-հեղ.):
Միաժամանակ նշվում է, որ հանձնաժողով ներկայացված բողոքի ցանկացած փուլում հարկ վճարողը կարող է դիմել դատարան:
Ի դեպ, ըստ ֆինանսների նախարարության, բողոքարկումը չի դադարեցնում հարկային պարտավորությունների գանձումը կամ հարկային պարտավորությունների գանձումն ապահովելու ուղղությամբ գործողությունների կատարումը: Բողոքը քննության առնող հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը, սակայն, իրավունք ունի մինչեւ բողոքի լուծվելը դադարեցնել հարկային պարտավորությունների գանձումը կամ գործողությունների կատարումը:
Ինչ կարգով հակատուն կարող է բողոք ներկայացնել: Նախ ասենք, որ հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը վերադաս հարկային մարմնի ղեկավարի կողմից ձեւավորվող եւ վերադաս հարկային մարմնում մշտապես գործող մարմին է լինելու՝ բաղկացած է նախագահից եւ ութ անդամից, որոնք հանձնաժողովում իրենց աշխատանքը համատեղում են իրենց զբաղեցրած հարկային ծառայության պաշտոնների հետ: Հարկ վճարողը պետք է հանձնաժողով բողոքը ներկայացնի գրավոր եւ հայերեն: Բողոքը պիտի պարունակի տվյալներ հարկատուի կամակերպության անվան, գտնվելու վայրի, հարկային հաշվեհամարի մասին: Նաեւ պիտի հստակ շարադրվի բողոքողի պահանջը, բողոքարկման առարկան, կցվի համապատասխան փաստաթղթերի ցանկը: Եթե դիմում-բողոքում թերություններ լինեն, հարկային մարմինը հարկատուին կարող է առաջարկել վերացնել դրանք՝ 3 օրում: Եթե այս ժամանակահատվածում թերությունները վերացվեն, ապա դիմում-բողոքը կհամարվի ընդունված այն առաջին անգամ ներկայացնելու օրվանից: Բայցեւ հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովն իրավունք ունի քննության առնել թերություններով ներկայացված դիմում-բողոքը, եթե այդ թերությունները չեն խոչընդոտում բողոքի հետագա քննությանը:
Հարկատուի դիմում-բողոքները հարկային մարմնի կողմից քննության են առնվում, եւ դրանց վերաբերյալ որոշումներ ընդունվում 30 օրում: Առանձին դեպքերում հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, ինչի մասին իրազեկվում է դիմումատուն: Ֆինանսների նախարարության պարզաբանման համաձայն՝ նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում բողոքում բերված փաստարկները կհամարվեն ընդունված:
Իր հերթին բողոքարկման հանձնաժողովը կարող է հարկ վճարողի դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին համապատասխան որոշում ընդունել, եթե բողոքում, ասենք, հստակ նշված չլինի պահանջը կամ փաստաթղթերի ցանկը ամբողջական չլինի: Նաեւ այն դեպքում, եթե դիմում-բողոքը ներկայացվել է դիմում-բողոք ներկայացնելու իրավասություն չունեցող անձի կողմից: Նույնիսկ այն դեպքում, եթե հարկ վճարողն է հրաժարվում հետագա բողոքարկումից:
Եթե հարկատուն կես ճամփից հետ չկանգնի եւ որոշի բողոքարկել հարկային մարմնի ընդունած անհատական իրավական ակտը, ինչպես նաեւ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը, ապա բողոքարկման հանձնաժողովը հարկատուին նախապես կծանուցի նիստի անցկացման վայրի եւ ժամանակի մասին: Նիստին կարող են մասնակցել ոչ միայն բողոք ներկայացրած անձը, այլեւ վերջինիս գլխավոր հաշվապահը կամ դիմում-բողոք ներկայացրած անձի լիազորած անձը (մասնագետը):
Ընդ որում, եթե բողոքող հարկատուն ծանուցվել է նիստի մասին ու ինքը կամ իր ներկայացուցիչները ներկա չեն գտնվել նիստին, ապա նիստը այսպես թե անպես կշարունակվի: Ֆիննախը հստակ պարզաբանում է. «Դիմում-բողոքը ներկայացրած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու եւ վեճն ըստ էության լուծելու համար»: Եվ որոշումը կկայացվի բաց քվեարկությամբ, պարզ մեծամասնության ձեւով:
Հավելենք, որ հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ կմտնի ընդունման հաջորդ օրվանից: Որոշումը կկազմվի 2 օրինակից, որի մեկ օրինակը որոշումը կայացնելուց հետո՝ 3 օրում, կտրամադրվի դիմում-բողոք ներկայացրած անձին, իսկ 2-րդ օրինակը կուղարկվի դիմում-բողոք ներկայացրած անձի հաշվառման վայրի հարկային մարմին՝ հարկ վճարողի հարկային գործում ընդհանուր սահմանված կարգով պահպանելու նպատակով: Հանձնաժողովի որոշումները կարող են բողոքարկվել տեսչական մարմինների միասնական բողոքարկման հանձնաժողով՝ «Տեսչական մարմինների մասին» օրենքով սահմանված կարգով կամ դատարան:
Ինչեւէ, թե գանք վերնագրին, հայտնի անեկդոտի պես է ստացվում՝ է՛հ, դու էլ ասա: Մնում է տեսնել, թե քանի հարկատու կբողոքի:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



