Հայկական խոհանոց – ներկայացնում է Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Սխտորած մսագնդիկներ
Բաղադրությունը – Տավարի միս – 0.5 կգ, կարագ – 100 գ, խաշած բլղուր (կամ բրինձ) – 100 գ, կտրտած սոխ – 1 բաժակ, սխտոր – 2 պճեղ, ձու – 2 հատ, բուսայուղ – 50 գ, սեւ կամ սպիտակ պղպեղ, աղ, չոր ռեհան:
Պատրաստման եղանակը – Աղացած մսին ավելացնել սոխը, սխտորը, բրինձը, կարագը, համեմել աղով, պղպեղով եւ ռեհանով: Խառնել՝ մինչեւ համասեռ դառնալը: Ջեռոցի տակդիրը պատել բուսայուղով:
Համեմված միսը վերածել 40-ական գրամանոց գնդիների: Շարել տակդիրի մեջ եւ եփել 2000-ի տակ 30 րոպե:
Երեսը կարմրելուց հետո հանել եւ մատուցել թթվասերով կամ սխտորած մածունով:
Էրգրի համի հիշողություն.- «Ձեռամբ» ազգային ավանդական ուտեստի
Արագածոտնի մարզի Նոր Արթիկ համայնքում հոկտեմբերի կեսերին անցկացվեց «Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստի փառատոն: Մարզի ծայրամասային այս համայնքում փառատոնն անցկացվում է արդեն 3-րդ անգամ, որը նպատակ ունի նաեւ նպաստել համայնքում ու տարածաշրջանում մշակութային կյանքի աշխուժացմանը:
«Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստի փառատոնն այս տարի նվիրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Եղեռնից մազապուրծ եղածների ժառանգները երիտասարդ սերնդին են փոխանցել ազգային ավանդույթները, այդ թվում նաեւ՝ կենցաղավարությունը, ազգային ուտեստի պատրաստման եղանակները, բաղադրատոմսերը, տոնածիսական եւ առօրյա սննդատեսակների, հյուրասիրության հետ կապված բանահյուսական նշխարքներ: Նախապատրաստական փուլում տարբեր համայնքներում երիտասարդների ուժերով հավաքվել են ավանդական ազգային ուտեստների բաղադրատոմսեր, որոնք տեղ գտան ծրագրի արդյունքում տպագրվող «Էրգրի համի հիշողություն» խորագրով հայ ազգային ավանդական ուտեստը ներկայացնող գրքում: Փառատոնի ընթացքում մարզի 11 համայնքներ ներկայացրել են մեր ազգային ինքնության բնութագիր հանդիսացող առօրյա եւ տոնական, սիրված սննդատեսակներ, նաեւ առանձին սննդատեսակների պատրաստման արարողակարգ, հայ ազգային ավանդական ուտեստների ցուցադրում, հյուրասիրություն:
Տարբեր անվանակարգերում լավագույնը ճանաչված համայնքներին, կրթական կամ հասարակական կազմակերպություններին շնորհվեցին մրցանակներ:
Տոնական միջոցառման ընթացքում ներկայացվել են ազգային ավանդական երգեր ու պարեր, ազգային խաղեր: Մասնակիցները հնարավորություն ունեցան ներկա գտնվելու հայ ազգային ավանդական տարազների ցուցադրմանը, որտեղ տրվեց տարազներով լուսանկարվելու հնարավորություն:
Հայաստանում գրադարաններ առավել շատ այցելում են կանայք
Հայաստանում գրադարաններ առավել շատ այցելում են Երեւանում, Արմավիրում, Շիրակում: Նման տվյալներ է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը՝ Հայաստանի կանայք եւ տղամարդիկ, 2015թ. հրապարակման մեջ: Ըստ այդ տվյալների, առավել քիչ գրադարաններ այցելում են Վայոց Ձորում եւ Արագածոտնում:
Ծառայությունը մանրամասնում է նաեւ, թե որ սեռի ու տարիքային խմբի ներկայացուցիչներն են գրադարանների ակտիվ ընթերցողները: Պարզվում է, որ 2014-ին Երեւանում գրադարան այցելողների 71,2%-ը կանայք են: Ընդհանուր առմամբ, բոլոր մարզերում գրադարան առավել շատ գնում են կանայք:
Գրադարան առավել շատ են այցելում 16-25 տարեկանները:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Փայլուն մասնակցությամբ
Հայաստանի մարմնամարզիկները հաջող հանդես եկան Շոտլանդիայի մայրաքաղաք Գլազգոյում կայացած աշխարհի առաջնության որակավորման փուլում: Մեծ ցնծություն ապրեց Հայաստանի հավաքականը, երբ Արթուր Դավթյանը մեր երկրի համար նվաճեց օլիմպիական ուղեգիր: Ուրախացրին նաեւ Հարություն Մերդինյանն ու Վահագն Դավթյանը, ովքեր դուրս են եկել եզրափակիչ (այստեղ հանդես գալու համար մարզիկը պետք է հայտնվի լավագույն ութնյակում), որը կկայանա հոկտեմբերի 31-ին, ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը՝ ամփոփելով սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը, որի տղամարդկանց պայքարին Հայաստանը ներկայացել է 3 մարմնամարզիկներով՝ Արթուր Դավթյան (բազմամարտ), Արթուր Դավթյանը ներդրեց բոլոր ուժերը, մի կողմ դրեց գլխապտույտներն ու բոլոր այն խնդիրները, որոնք առաջացել էին Երեւանում, եւ հրաշալի կատարեց այն, ինչ իրենից պահանջվում էր՝ հավաքելով օլիմպիական վարկանիշ եւ Հայաստանի համար նվաճելով 1 օլիմպիական ուղեգիր բազմամարտում: Այս մրցմանը մասնակցում էին 50-ից ավել երկրներ: Հայ մարմնամարզիկը հավաքեց 84,974 միավոր:
Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարում Հայաստանը կունենա կին ներկայացուցիչ,ով կլինի Հուռի Գեբեշյանը: Կանանց մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր մեկ ներկայացուցիչ, ով բնակվում է ԱՄՆ-ում: Ամերիկահայ մարզուհին շատ մոտ է Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելուն: Նա հավաքել է օլիմպիական վարկանիշ՝ բազմամարտում գրանցելով 51,965 միավոր, իսկ այս արդյունքը 99%-ով օլիմպիական ուղեգիր է տալիս:
Ապրիլին Ռիոյում կկայանա Test event՝ Օլիմպիական խաղերից առաջ վերջին փորձամրցումը: Այդտեղ ամեն ինչ այնպես է, ինչպես Օլիմպիական խաղերի մրցումներին է: Այստեղ եթե հայուհին նույն արդյունքը ցույց տա՝ օլիմպիական ուղեգիրն իրենը կլինի: Այսինքն, նա պետք է անպայման մասնակցի այդ փորձամրցմանը եւ հաստատվեն նրա հավաքած վարկանիշները: Նա իր արդյունքով 200-ից ավելի մասնակիցների մեջ 67-րդն է: Սակայն, քանի որ բոլոր երկրները մասնակցում են թիմերով, իսկ Հայաստանը չի կարող հանդես գալ թիմով, Հուռին ընկնում է միքսային մասնակիցների մեջ: Նա «միքսերի» մասնակիցների մեջ 28 լավագույններից է, որտեղ 11-րդն է:
Հ.Գ.-1 – Վահագն Դավթյանը չկարողացավ մեդալ նվաճել – Օղակների վրա վարժության եզրափակիչ փուլ մտած Վահագն Դավթյանն ամենավերջինը մեկնարկեց, երբ մրցակիցներն արդեն ավարտել էին ելույթներն եւ հայտնի էին նրանց ցուցադրած արդյունքները: Մեր մարզիկը անվստահ կատարեց վարժությունը եւ 15,333 միավորով գրավեց 7-րդ տեղը՝ առաջ անցնելով միայն ամերիկացի Դոնել Վիտենբուրգից: Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց հույն մարմնամարզիկ Էլեֆթերիոս Պետրունիասը, ով ցույց տվեց 15,800 արդյունք:
Հ.Գ.-2 –Հարություն Մերդինյանը 3-րդն է աշխարհում – Հայաստանի պատվիրակները վաստակեցին առաջին մեդալը: Նժույգաթափերի եզրափակիչ մրցաշարում մեր մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը 15,500 արդյունքով գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի: Մեր մարզիկը զիջեց միայն Մեծ Բրիտանիան ներկայացնող Մաքս Ուիթլոքին (16,133 միավոր) եւ Լուիս Սմիթին:
Գավաթային հանդիպումներ
Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում «Ալաշկերտ»-ը սեփական խաղադաշտում 1:0 հաշվով հաղթեց «Արարատ»-ին: Բարձրագույն խմբի ընթացիկ առաջատարի միակ գոլն առաջին խաղակեսում խփեց Միհրան Մանասյանը: Մյուս խաղում «Բանանց»-ը 3:0 հաշվով արտագնա հաղթանակ տարավ «Ուլիս»-ի նկատմամբ: Պատասխան խաղերը կանցկացվեն նոյեմբերի 25-ին:
Դարպասապահը «Արարատ»-ին փրկեց պարտությունից
Կայացան առաջնության 12-րդ փուլի առաջին երկու հանդիպումները: Մրցաշարի առաջատար Երեւանի «Ալաշկերտ»-ը սեփական հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղաց «Արարատ»-ի հետ: Նշենք, որ դաշտի տերերն ավելի մոտ էին հաղթանակի, քանի որ նրանք երկրորդ խաղակեսում ստացան 11մ հարվածի իրավունք, սակայն արարատցիների դարպասապահ Գեւորգ Պրազյանը ետ մեղեց բրազիլացի Հեբեր Արաուխոյի հարվածը: Երկրորդ խաղում Երեւանի «Բանանց»-ն իր մարզադպրոցում ընդունեց «Շիրակ»-ին: Այստեղ նույնպես հյուրերն առաջինը բացեցին հաշիվը, սակայն դաշտի տերերին հաջողվեց վերականգնել հավասարակշռությունը եւ գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 1:1: Մրցաշարի ետնապահ Երեւանի «Ուլիս»-ը հյուրընկալեց «Միկա»-ին եւ պարտվեց 0:1 հաշվով: Իսկ Հանրապետության չեմպիոն Երեւանի «Փյունիկ»-ը սեփական դաշտում ընդունեց «Գանձասար-Կապան»-ին եւ հաղթեցին խոշոր 4:0 հաշվով: Այս հաղթանակից հետո «Փյունիկ»-ը վաստակեց 23 միավոր եւ ընդհուպ մոտեցավ առաջատար «Ալաշկերտ»-ին (25): 3-րդ տեղում է «Շիրակ»-ը (21), որը միայն 1 միավորով է առաջ «Գանձասար–Կապան»-ից: Հաջորդ, 13-րդ փուլը, տեղի կունենա նոյեմբերի 7-ին եւ 8-ին: Կենտրոնական խաղը տեղի կունենա Գյումրիում, որտեղ «Շիրակ»-ը կընդունի «Արարատ»-ին, որը 18 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը:
Հայկական ֆուտբոլի հերթական եվրոպական խայտառակությունը
Հայաստանի մինչեւ 17 տարեկան ֆուտբոլիստուհիների հավաքականը անփառունակ ավարտեց ելույթները Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլում: Պորտուգալիայում կայացած խմբային մրցաշարում մեր պարմանուհիները մեկը մյուսի ետեւից պարտվեցին Իսպանիայի, Հունաստանի եւ Պորտուգալիայի թիմերին` ընդհանուր 0:18 հաշվով:
Եվ ցավալին ոչ թե գրանցված արդյունքներն են, այլ մեր ֆուտբոլիստուհիների ցույց տված օգտակար գործողության գործակիցը: Իսպանուհիների հետ խաղում մերոնք չենք կարողացել հարված կատարել մրցակցի դարպասին կամ վաստակել անկյունային հարվածի իրավունք: Իսկ ահա մրցակիցը կատարել է 29 հարված, որից 9 հասել է նպատակին: Հունաստանի հետ խաղում Հայաստանի հավաքականին արդեն հաջողվել է կատարել մեկ հարված եւ մեկ անկյունային վաստակել: Հույն ֆուտբոլիստուհիները 11 անգամ են հարվածել ուղիղ դարպասին, որից 8-ը արդյունավետ է ստացվել: Դաշտի տիրուհիների հետ խաղում միակ առաջընթացը եղել է այն, որ նրանց կատարած 21 հարվածներից միայն մեկն է հասել նպատակին: Իսկ ահա մերոնք երկու անգամ են սպառնացել մրցակցի դարպասին, ինչպես նաեւ մեկ անգամ հայտնվել խաղից դուրս վիճակում: Այս թվերը վկայում են այն մասին, որ Լիանա Հայրապետյանի ղեկավարած ընտրանին ընդհանրապես պատրաստ չի եղել նման բարձր մակարդակի մրցաշարին: Վերջում մեկ ուշագրավ փաստ այս մրցաշարից: Մեր հարեւան Վրաստանի հավաքականը նույնպես միավոր չի վաստակել ընտրական մրցաշարում, սակայն բոլորին պարտվել է ընդհանուր 0:33 հաշվով:
– Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Դորտմունդի «Բորուսիա»-ի իր թիմակիցներին՝ ադրբեջանական «Գաբալա»-ի նկատմամբ Բաքվում տարած հաղթանակի համար: Մեր ֆուտբոլիստը թվիտերյան իր էջում գրել է. «Ապրեք տղաներ: Օբամեյանգը անկասելի էր»: Դորտմունդցիների կազմում 3 գոլերն էլ հեղինակեց գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյագը:
Ֆուտբոլային խճանկար
– ՖԻՖԱ-ի գործկոմի նիստում որոշում է կայացվել, որ էթիկայի կոմիտեն պետք է ավելի շատ տեղեկատվություն հրապարակի ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատտերի եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի դեմ սկսված հետաքննության վերաբերյալ: Համապատասխան ուղղումները մտցվել են հետաքննության անցկացման կանոնակարգում: ՖԻՖԱ-ի գործկոմը որոշել է նաեւ, որ կազմակերպության ղեկավարի ընտրությունները չեն հետաձգվի եւ կանցկացվեն սահմանված ժամկետում՝ 2016թ. փետրվարի 26-ին: ՖԻՖԱ-ի «ԱԱ-2018»-ի նախապատրաստության կոմիտեն 90 օրով որակազրկված Միշել Պլատինիի փոխարեն գլխավորել է Իսպանիայի արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անխել Մարիա Վիլյարը:
– ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի նախագահներ Միշել Պլատինին ու Յոզեֆ Բլատտերը 90 օրով զրկվել են ֆուտբոլային գործունեություն իրականացնելու իրավունքից 2 մլն շվեյցարական ֆրանկի՝ ֆրանսիացու վճարման պատճառով, որը նախատեսված է եղել 1999-2002թթ. ՖԻՖԱ-ում Միշել Պլատինիի կատարած աշխատանքի համար: «Տարբեր կոմիտեներում, որտեղ անհրաժեշտ է ժամանակավորապես փոխարինել Պլատինիին ու Բլատտերին, փոփոխություններ են կատարվել»,- նշել է ՖԻՖԱ-ի գործկոմի նախագահ Մուտկոն:
– Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարար եւ ՖԻՖԱ-ի գործկոմի նախագահ Վիտալի Մուտկոն գլխավորել է կազմակերպության՝ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կոմիտեն: Մրցաշարը կանցկացվի 2017թ. հունիսի 17-ից հուլիսի 2-ը, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում եւ Սոչիում: «Ես գլխավորել եմ Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության կոմիտեն: Այդ մրցաշարը 2017թ. կանցկացվի մեզ մոտ, իսկ 2021թ.՝ Քաթարում»,- ՖԻՖԱ-ի գործկոմի նախագահի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը:
Լեւոն Արոնյանը՝ Եվրոպայի գավաթակիր, Լիլիթ Մկրտչյանը՝ բրոնզե մեդալակիր
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը ռուսական «Սիբիր» թիմի կազմում նվաճեց Եվրոպայի ակումբային գավաթը:
Մակեդոնիայում կայացած մրցաշարի վերջին փուլում «Սիբիրը» ոչ-ոքի՝ 3:3 խաղալով իտալական «Պադովա»-ի» հետ, վաստակեց 13 միավոր՝ արդեն անհասանելի դարձավ մրցակիցների համար: 2-րդ տեղը զբաղեցրեց ադրբեջանական «Սոկարը», իսկ 3-րդ՝ ռուսական «Մեդնի վսադնիկ»-ը:
Կանանց խաղարկությունում Եվրոպայի գավաթին տիրեց վրացական «Նոնա» թիմը, որը 7 փուլերում տարավ միմիայն հաղթանակներ: Մեր գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի թիմը՝ ռուսական «Յուգրա»-ն, վաստակեց 10 միավոր եւ զբաղեցրեց 3-րդ տեղը՝ արժանանալով բրոնզե մեդալի:
Հրանտ Մելքումյանը մեդալ չնվաճեց իր վարկանիշի պատճառով
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը Ֆրանսիայում ավարտված միջազգային մրցաշարում միայն լրացուցիչ հաշվարկներով մրցանակային տեղ չգրավեց: Կապ դ’Ագդեում անցկացվող ավանդական օփենում մեր շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նույնպիսի արդյունք ցույց տվեցին նաեւ եւս 5 շախմատիստներ, այդ իսկ պատճառով հաղթողին եւ մրցանակակիրներին որոշելու համար հարկ եղավ լրացուցիչ հաշվարկներ անել: Ի վերջո մրցաշարի հաղթող հռչակվեց ֆրանսիացի Քրիստիան Բաուերը:
Հրանտ Մելքումյանը համակարգչի հաշվարկներով զբաղեցրեց 4-րդ տեղը՝ ետ մնալով բրոնզե մեդալակիր, ուկրաինացի գրոսմայստեր Սերգեյ Ֆեդորչուկից, ընդամենը 22 վարկանիշային միավորով: Մրցաշարին մասնակցած հայազգի շախմատիստուհի Եվգենյա Դոլուխանովան, ով այժմ ներկայացնում է Ուկրաինան, 6 միավորով զբաղեցրեց 22-րդ հորիզոնականը:
Երեւանում մեկնարկեց մարտարվեստի Եվրոպայի խուլերի առաջին առաջնությունը
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մարտարվեստի Եվրոպայի խուլերի առաջնության բացման հանդիսավոր արարողությանը: Հոկտեմբերի 26-31-ը ձյուդո, կարատե եւ թաեքվոնդո մարտարվեստներում առաջին անգամ անցկացվող առաջնությանը մասնակցում են աշխարհի 17 պետություններից 187 մարզիկներ:
Հայաստանի խուլերի միավորման նախագահ Գրիգոր Գրիգորյանի հետ միասին քաղաքապետը հետեւել է առաջնության բացման արարողության շրջանակում ներկայացված ցուցադրական ելույթներին:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



