Կամա՜ց-կամա՜ց վարժացնում են – Եվս մի քանի ամիս ու՝ սկսելու ենք քամվել… Ըստ վարչապետի՝ 250 կՎտժ շատ քչերն են սպառում՝ բնակչության 65%-ը (եւ սա՞ է քիչը), ինչն ակամա խոստովանություն է, որ հայաստանցիների 65%-ը ծայրահեղ աղքատ է…

Բնակիչ-բաժանորդները եթե այսուհետ ամսական 250 կՎտժ էլէներգիայից ավելի սպառեն, ապա կառավարության կողմից սուբսիդավորում չեն ստանա եւ սպառածի ամբողջ բեռը հենց իրենք կստանձնեն: Կառավարության երեկվա նիստում հաստատվեց համապատասխան որոշումը:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից 2015թ. հունիսի 17-ի որոշմամբ ընթացիկ տարվա օգոստոսի 1-ից էլեկտրական էներգիայի սակագները բարձրացվեցին 6,93 դրամ/կՎտժ չափով: Սակագների բարձրացումը հանրության դժգոհությունը հարուցեց: Այդ կապակցությամբ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ հունիսի 27-ին խորհրդակցություն անցկացրեց եւ առաջարկեց ուսումնասիրություն անել, որը կպատասխանի, թե ինչքանով է հիմնավորված սակագնի բարձրացումը եւ թե սակագնի չբարձրացման դեպքում ինչ է սպասվում էներգետիկ համակարգին:  Այդ ժամանակ որոշվեց, որ մինչեւ խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը՝ սակագնի բարձրացումը կփոխհատուցվի: Երկու ամիս անց՝ օգոստոսին կառավարությունն ընդունեց որոշում՝ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման գնման գործընթաց կազմակերպելու մասին եւ սահմանեց, որ խորհրդատվությունն իրականացնելու է էներգետիկայի բնագավառում ճանաչում ունեցող «Դելոյթ եւ Տուշ» ընկերությունը: Վերջինիս հետ կնքվեց պայմանագիր՝ աշխատանքները 3 փուլով իրականացնելու ժամանակացույցով, ընդ որում՝ առաջին փուլով նախատեսելով, որ մինչեւ սեպտեմբերի 25-ը կիրականացվի սակագների հիմնավորվածության վերլուծություն: Այնուհետ ընկերությունը կառավարությանը ներկայացրեց առաջին փուլի աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը, որով հիմնավորված համարեց 2015թ. օգոստոսի 1-ից սակագների բարձրացման վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումը:

Իսկ երեկվա որոշմամբ գործադիրը փոփոխություններ կատարեց օգոստոսի որոշման մեջ: Համաձայն այդ փոփոխությունների, ինչպես տեղեկացրեց էնեգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը, 2015թ. հոկտեմբերի 1-ից մինչեւ 2016թ. հուլիսի 31-ը ընկած ժամանակահատվածում՝ ՀՀ կառավարությունը եւ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը (յուրաքանչյուրը հավասար չափով) սպառած էլեկտրական էներգիայի դիմաց՝ ամսական մինչեւ 250 կՎտժ սպառում ունեցող բնակիչ սպառողների ու 0,38 կՎ եւ ցածր լարմամբ սնվող՝ սպառման յուրաքանչյուր առանձին համակարգում (էլեկտրական էներգիայի մատակարարման յուրաքանչյուր առանձին պայմանագրով) ամսական մինչեւ 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչեւ 250 կՎտժ էլէներգիայի սպառման մասով) օգտին «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին կվճարեն սուբսիդիաներ՝ 6,93 դրամի չափով:

Միաժամանակ առաջարկվեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ին՝ սպառած էլէներգիայի դիմաց վերը նշված սպառողներից վճարումները գանձել հանձնաժողովի կողմից հաստատված սակագներից 6,93 դրամ/կվտժ նվազեցված չափով:

Փաստորեն, որոշման նախագծով, ամսական 250 կՎտժ-ից ավել սպառում ունեցող սպառողների համար փոխհատուցում չի նախատեսվում:

Նկատենք նաեւ, որ որոշման նախաբանում «մինչեւ էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը» բառերը փոխարինվել են «մինչեւ 2016թ. հուլիսի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար» բառերով: Սա նշանակում է, որ սուբսիդիաները վճարվելու են մինչեւ 2016թ. հուլիսի 31-ը:

Այսքանը՝ պաշտոնական մասը: Գանք հասկանալի իրականությանը:

«Լուսանցք»-ն ասել էր, որ աուդիտի կարիք ամենեւին էլ չկար ՀԷՑ-ում, որ բոլորը քաջատեղյակ էին, թե ինչ է կատարվում այնտեղ, որ «Տաշիր»-ի Սամվել Կարապետյանը հաջողված գործարք կատարեց՝ տնտեսական եւ քաղաքական առումներով, որ էլէներգիան թանկանալու է, պարզապես դրան մեզ կվարժեցնեն կամաց-կամաց: Ու քանի որ ամեն ինչ հենց այդպես էլ եղավ, մնում է վերջին շտրիխը. իրականում հիմա, երբ առջեւում ձմեռ է, 250 կՎտժ շատ քչերն են սպառում: Իսկ վարչապետն ասում էր՝ բնակչության 65 տոկոսը: Թեեւ վարչապետը, ցանկանալով կառավարության բարեգործությունը ցույց տալ, իրականում անուղղակիորեն խոստովանել է, որ բնակչության 65 տոկոսը ծայրահեղ աղքատ է:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 34 (380), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.