Միանգամից ասեմ, որ սոցիալական ուղղվածության բյուջեի մեջ ինքնին վատ բան չկա, բայց՝ ոչ մեր պարագայում:
Բերեմ ընտանիքի օրինակով: Հայրը մեկնում է արտագնա աշխատանքի, վերադառնում է, թեթեւացնում ընտանեկան որոշ հոգսեր, նախկին պարտքերն է վերադարձնում կամ մասամբ վերադարձնում, 1-2 ամիս մնում ընտանիքի մոտ, հետո կրկին արտերկրի ուղին բռնում՝ հաջորդ տարվա սոցիալական խնդիրը լուծելու համար: Ոչինչ չի փոխվում: Պարտքերը կուտակվում են, ընտանիքի հայրն անընդհատ բացակայում է, պարզապես երբեմն-երբեմն սոցհարցեր են լուծվում՝ այն էլ ժամանակավորապես: Ոչ մի առաջընթաց: Ոչ մի տեղաշարժ: Եթե, իհարկե, ընտանիքի հայրն այնքան գումար չի բերում, որ մի փոքրիկ գործ դնի, առաջ գնա, բարգավաճի, ընտանիքից չկտրվի:
Ընտանիքն էլ երկրի փոքրիկ մոդելն է: Վարկեր ենք ներգրավում, ժամանակավորապես սոցիալական խնդիրներ լուծում, բայց քանի որ տնտեսության մեջ առավելապես սպառող ու սպասարկող ենք եւ ոչ թե արտադրող, մեր արտաքին պետական պարտքն ավելանում է, երկիրն առաջընթաց չի ապրում, եւ այդ երկրի փոքրիկ մոդելի տղամարդիկ ռուսաստաններում են մնում, կանայք էլ՝ թուրքիաներում կամ թուրքական առեւտրի ոլորաններում:
Ցավալի է, բայց եթե չարձանագրենք եւ ոժ չունենանք իրավիճակը շտկելու, ապա ոչինչ չի փոխվի տեւական ժամանակ:
Այլ կերպ՝ սոցիալական ուղղվածության բյուջեն մեր պարագայում ենթադրում է նույն շղթան՝ վարկերի ներգրավում-թոշակ-նպաստ-ձուկ (լավագույն դեպքում)-վարկեր: Մինչդեռ կարող է լինել, այո, վարկերի չափավոր՝ միայն խիստ անհրաժեշտ ներգրավում-աշխատատեղերի ստեղծում-ձկան կարթ (ձուկ որսալու համար)-վարկերի քչացում-շարժ-վերելք:
Կա՞ այս կամքը: Դատելով 2016թ. մեր երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթից՝ ոչ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ հաջորդ տարվա պետական բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, քանի որ բյուջետային ծախսերի կեսը կազմում են սոցիալական, կրթական, առողջապահական ծախսերը:
Վարչապետն ասել է, որ պաշտպանության եւ ազգային անվտանգության համար ծախսերը նախատեսված են երկրի կենսունակության ամրապնդման համար: Բացի դրանից, նա նշեց, որ շարունակվելու է Արցախին տրվող ֆինանսական աջակցությունը: «Հարկաբյուջետային ոլորտի զարգացումը ողջ տարածաշրջանում վկայում է այն մասին, որ լարված աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում տնտեսական աճի խոստումները ամբոխահաճո, սակայն ոչ իրատեսական մոտեցում է: Բազմաթիվ հեղինակավոր տնտեսագետներ այս տարվա զարգացումները մեր տարածաշրջանի համար գնահատում են ավելի ծանր, քան 2008-2009թթ. միջազգային ֆինանսական ճգնաժամը: էներգակիրների գների կտրուկ տատանումներով են պայմանավորված տարադրամային տատանումները Ռուսաստանում, որոնք էլ բերեցին տրանսֆերտների զգալի անկման»,- նշեց վարչապետը:
Ըստ նրա՝ այդ անկումը էապես դանդաղեցրեց տնտեսական աճի ներուժը՝ միաժամանակ ընդգծելով սոցիալական ծրագրերն ավելի բարձր արդյունավետությամբ իրականացնելու հրամայականը եւ այս պայմաններում Հայաստանում գրանցված շուրջ 3,6% տնտեսական աճը ( ՞ ՞ ՞,-խմբ.) կառավարության մոտեցումների արտացոլումն է արտաքին պայմաններին: Իսկ հանրային բարեկեցության միակ ճանապարհը ներդրումների խթանման եւ տնտեսական աճի միջոցով աշխատատեղերի հիմնումն է: Դրա համար անհրաժեշտ է խթանել հայրենի արտադրողին, խթանել արտահանումը, ստեղծել կայուն աճի հիմքեր:
Կառավարման բարեփոխումներին զուգահեռ՝ խիստ կարեւոր է
համարվել տնտեսվարողների համար հարկաբյուջատային կայունությունը եւ հավասար պայմանների ստեղծումը:
Ցավալի է, բայց այս ամենի մասին խոսվում է բոլոր տարիների բյուջեների քննարկման ժամանակ եւ, բյուջեի հաստատումից հետո, բոլոր նման խոստումները ջնջվում են պետական գրատախտակի վրայից… Երբեք հավասար պայմանների մասին հնարավոր չեղավ խոսել ըստ էության, քանի որ, ըստ էության, իրավիճակն այդպիսին չէ:
Իսկ վարչապետի խոսքով՝ գործարար միջավայրի համար խիստ կարեւոր է հարկաբյուջետային կայունությունը թե նոր մուտքեր ապահովելու, թե հին մուտքերը կանոնակարգելու եւ բոլոր տնտեսվարողների համար հավասար պայմաններ ստեղծելու տեսակետից: Այս առումով «բացարձակ կարեւորություն է ստանում Հայաստանի նոր հարկային օրենսգրքի մշակումը եւ ընդունումը»:
Գործադիրի ղեկավարը հավելեց, որ կառավարությունը խնդիրներին նայում է ոչ թե այսօրեական շահերի, այլ տնտեսության զարգացման հեռանկարի տեսանկյունից, որ հնարավորության սահմաններում ձգտել է գերադասել երկարաժամկետ օգուտները անմիջական եկամուտների գայթակղությունից: Նաեւ տեղեկացրեց, թե ինչ ցուցումներ է տվել ֆինանսների նախարարին՝ նախատեսել երկարաժամկետ աճի խթանում, երկրի մրցունակության բարձրացման համար հիմնական շեշտը դնել սպառման հարկման վրա եւ բացի այդ՝ որպես հիմնադրույթ՝ հարկահավաքման արդյունավետության բարձրացում եւ հարկատուների համար պայմանների դյուրացումը: Այս բարեփոխումները կիրականացվեն 3-5 տարվա ընթացքում, ու պետք է նախատեսեն հարկային վարչարարության աստիճանական բարդացում:
Այստեղ նկատենք, որ «հարկային վարչարարություն» ասվածը ոչ այլ ինչ է, քան հարկատուների քթից բռնած ման ածելու արվեստ, բայց սա այլ թեմա է, որին «Լուսանցք»-ն անդադարձել է եւ կանդրադառնա:
Հիշեցնենք, որ իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն նախորդ՝ 2012թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ բյուջեի 7% տնտեսական աճի նախընտրական խոստում էր տալիս: Այս՝ 2016թ. պետական բյուջեի նախագծով՝ բյուջեի պակասուրդը (եկամուտների եւ ծախսերի հարաբերակցությունը) կանխատեսվում է ՀՆԱ-ի 3,5%-ի չափով: Այսպիսով, բյուջեի պակասուրդը 4 տարի անընդմեջ աճում է։ ԱԺ հանձնաժողովների նիստերին կառավարության ներկայացրած նախագծով ՀՆԱ֊ի 2,2%-անոց աճ է կանխատեսվում:
Նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նույնպես հիշեցրեց 2012թ. խորհրդարանական ընտրություններում իշխանությունների նախընտրական ծրագրով խոստացած 7%-անոց տնտեսական աճի մասին:
Որի դեպքում, ըստ պատգամավորի, աշխատուժը երկրից չէր հեռանա, արտագաղթը կդադարեր եւ այլն, մինչդեռ մեզ մոտ հակառակն է։ «Այս տասնամյակը կփակենք առնվազն կես միլիոն արտագաղթով: Հաճախ ասում են՝ ավելի շատ էլ է եղել՝ ցույց տալով, որ 500.000 մարդու հեռանալը աղետ չէ: Ավելի շատ չի եղել. 1992-1993թթ.-ին գնացել են ոչ բուն Հայաստանի քաղաքացիներ՝ 460.000 մարդ, որոնք եկել էին Ադրբեջանից, եւ 270.000 մարդ Հայաստանը թողել են 88-89թթ.-ին՝ աղետի հետեւանքով»,- ասել է ՀԱԿ պատգամավորը, ով ՀՀՇ-ական իշխանության տարիներին ՀՀ վարչապետ է եղել (այստեղ ասենք՝ լավ-լավ, Հրանտ, այդքան մի՛ պոռոտախոսիր, գեղից լիքը մարդ կա քեզ ճանաչող,-Ա. Ք.):
Մի հարցում Հրանտ Բագրատյանի հետ չհամաձայնել չենք կարող. նա ընդգծեց, որ 4-րդ տարին է՝ բյուջեի նախագծում գրված է, թե «տնտեսական աճի նման տեմպերը պայմանավորված են համաշխարհային տնտեսության վատացմամբ», մինչդեռ ամբողջ աշխարհում տնտեսական աճ է նախատեսվում:
Քննարկման ժամանակ մեկ այլ՝ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը հարցրեց, թե ինչո՞ւ չեն աշխատել այն արտոնությունները, որոնք կառավարության առաջարկով ԱԺ-ի կողմից որոշ ոլորտներում տրվել են տնտեսվարողներին, ինչո՞ւ տնտեսությունում այդպես էլ շարժ չի եղել, այլ օգուտ են քաղել միայն մի քանի սուբյեկտներ:
ԲՀԿ-ական պատգամավորը հիշեցրեց, որ ԱԺ-ն արտոնություններ էր տվել 50 մլրդ. եւ 40 մլրդ. դրամի չափով արտադրանք արտահանողներին եւ դրսում գործող շինարարական կազմակերպություններին: «Իսկ 2016թ. պետբյուջեով սպասվում է՝ արտահանման ծավալները՝ -4,5%, ներկրում՝ -20%: Գուցե նախագծերը չե՞ն աշխատում»,- հարցրեց նա:
Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի պատասխանն այս էր. «Գուցե, եթե այդ օրենքները գործեին, հարկերը ավելանային, բայց կան մի շարք այլ գործոններ, որոնք բացասական են ազդում հարկերի վրա ու եթե հարկերի դինամիկայով նայենք՝ պետք է եւ մինուսները, եւ պլյուսները հաշվի առնենք»:
Պավել Սաֆարյանին հարգում եմ՝ պրոֆեսիոնալ է, բայց նրա այս մի խոսքը վերծանել չեմ կարող…
Երեւի թե Միքայել Մելքումյանը վերծանեց, չգիտեմ: Թեեւ, կարծում եմ, սա ոչ մեկի պետք չէ: Այն, ինչ անհրաժեշտ է մեր երկրին, սկզբում եմ գրել, բայց, ցավոք, իրագործողը անմիջականորեն ես չեմ: Չնայած, ոչ անմիջական, բայց անում եմ ի՛մ գործը: Մաքառում եմ՝ երկրիցս դուրս չգալու եւ ինչ-որ բան փոխելու հաստատակամությամբ:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 38 (384), 2015թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



