Ֆիզմաթ գիտությունների թեկնածու Մանե Հակոբյան-Ակլունցը եւ «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը ահազանգել են, որ Ադրբեջանում նավթի եւ գազի երկարատեւ անկառավարելի արդյունահանման հետեւանքով Կովկասյան ամբողջ տարածաշրջանը սեյսմիկ-գեոդինամիկ մեծ անտրոպոգեն աղետի շեմին է հայտնվել: Նրանք համոզված են, որ տարածաշրջանում սեյսմիկ իրավիճակի վատացման պատճառն Ադրբեջանի մերձկասպյան ու կասպյան տարածքների երկրակեղեւում ընթացող ծայրահեղ վտանգավոր սեյսմիկ-գեոդինամիկ անտրոպոգեն պրոցեսներն են, որոնք առաջացել են նավթի արդյունահանման պատճառով:
Մանե Հակոբյան-Ակլունցը հարեւան երկրի այսպիսի վիճակին հետեւում է արդեն տասնյակ տարիներ, իսկ այսօր այդ վտանգն ավելանում է ու նաեւ վտանգում մեզ. «Իջեւանի, Տավուշի մարզի ամբողջ տարածքում սողանքներ են շարունակ լինում, դրանք այդ ամենի հետեւանքներն են: Վտանգված է նաեւ Սեւանա լիճը, եթե նկատել եք, վերջին ժամանակներում փոքր մագնիտուդի երկրաշարժեր են լինում Գավառ քաղաքի տարածքում»: Արա Պապյանն էլ մտահոգված է, որ այդ աղետները կխոցեն ոչ միայն Ադրբեջանի տարածքը, այլեւ ծանր հետեւանքներ կունենան Հայաստանի ու Վրաստանի համար: «Հունիսին Թբիլիսում տեղի ունեցած ջրհեղեղը հենց այդ մարդածին պրոցեսների հետեւանքն է: Պետք է նավթի ու գազի արդյունահանումը կասեցվի, տուժելու ենք նաեւ մենք: Ադրբեջանը չի կարող անտեսել մեր բոլորի շահերը»:
Պետք է նաեւ պետական մոտեցում դրսեւորել ու միջազգային կառույցների ղեկավարության ուշադրությունը հրավիրել այս խնդրի շուրջ: Դրա համար էլ բանախոսները բաց նամակով դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղարին, ՄԱԿ ԱԽ նախագահին, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ երկրներին, ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին, ԵՄ, ԵԽ, ԵՀ ղեկավարներին եւ Սերժ Սարգսյանին: «Գազպրոմ»-ը բանակցում է Թեհրանի հետ
Ադրբեջանն ահաբեկված է ռուս-իրանական նավթա-գազային հարաբերությունների ծավալմամբ: Առավել սարսափած են Բաքվում, քանի որ Արեւմուտքը դեմ չէ, որ Վրաստանը ներգրավվի այդ համագործակցության մեջ, ինչը վերացնում է ադրբեջանական նավթային մենաշնորհը Վրաստանում եւ Հայաստանը դարձնում է տարանցիկ երկիր Իրանի նավթի ու գազի՝ դեպի Եվրոպա արտահանման համար:
Նախկին տապալված նախագծերի ճակատագրին են արժանում «Հարավային գազային միջանցք»-ը, «Հարավկովկասյան գազամուղ»-ը, «Վերանատոլիական գազամուղը» եւ այլ թուրք-ադրբեջանական ծրագրերը:
Իսկ Ռոսաստանի էներգետիկ հսկա «Գազպրոմ»-ը բանակցություններ է վարում Թեհրանի հետ՝ Իրանի բնական գազի սեկտորում ներդրումներ կատարելու համար: Գործարքը կկայանա այն դեպքում, եթե Իրանի դեմ պատժամիջոցները կասեցվեն:
Այդ համագործակցությունը հավանական է համարվում, բայց միեւնույն ժամանակ դեռ կան մի շարք քաղաքական բնույթի դժվարություններ:
Դժվարությունները առաջին հերթին կապված են Ռուսաստանի տնտեսական վիճակի հետ, էներգետիկ ընկերություններում ներդրումներ անելու միջոցների պակասի հետ, այդ թվում՝ ֆինանսական, որոնք պետք է ներդրվեն նաեւ իրանական տնտեսության մեջ:
Կարեւոր խնդիր է նաեւ իրանական օրենսդրությունը, որը լրջորեն սահմանափակում է օտարերկրյա կապիտալի ներկայությունը նավթային ու գազային ոլորտներում, որը Իրանում համարվում է հանրային սեփականություն:
Շաբաթական (ոչ միայն) զարմանք
Դեռ երազելու են դժոխքը
ԱՐՄԵՆՊՐԵՍ – «Ադրբեջանում պետական եւ մասնավոր հատվածներում աշխատավարձերի չվճարման դեպքերը զանգվածային բնույթ են ստացել, ինչը կապված է նավթի համաշխարհային գների նվազման պատճառով Ադրբեջանի պետբյուջեում առաջացած մեծ պակասորդի հետ:
…Բաքվում Բինագադիի շրջանի գործադիր իշխանության շենքի դիմաց հերթական բողոքի ակցիան են անցկացրել շենքերի սինթետիկ սալիկներով երեսպատման աշխատանքներ իրականացնող մի խումբ բանվորներ: Ակցիայի մասնակիցները բողոքում են, որ չնայած բոլոր աշխատանքներն իրենք վաղուց ավարտել են, սակայն, արդեն վեց ամիս է չեն կարողանում ստանալ հասանելիք աշխատավարձը:
…Աշխատավարձերն ուշացվելու հետ կապված օրեր առաջ Բաքվում զանգվածային բողոքի ակցիա են անցկացրել «Ազերյոլսերվիս», «Ազերսու» պետական ընկերությունների աշխատակիցները: Աշխատավարձերի ուշացման բազմաթիվ դեպքեր են տեղի ունենում Ադրբեջանի կրթության նախարարության համակարգի հաստատություններում, հատկապես, շրջանների դպրոցներում:
Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական եւ մասնավոր հաստատություններ… Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է… Ադրբեջանի արտահանման 95%-ը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75%-ով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: Ադրբեջանի 2015թ. պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 90 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 42 դոլարով ցածր է»:
«Լուսանցք» – Փաստորեն, էն անեծքը, որ ասում են աշխատավարձի հույսով ապրես, ուշացած է: Աշխատավարձը հիմա նրանց համար օրհնանք է: կարեւորը՝միջազգային զլմ-ների էջեից Մեհրիբանի բաց հետույքի լուսանկարները չպակասեն:
Սրտներն է նեղվել
ԱՐՄԵՆՊՐԵՍ – «ԱՄՆ-ի իշխանությունները մեղադրանք են ներկայացրել երեք ցանցահենների, որոնք կասկածվում են կիբեռհանցագործությունների միջոցով ամերիկյան բանկերից հարյուրավոր միլիոն դոլարներ գողանալով Ադրբեջանում լվանալու մեջ: Այս մասին հայտնում է ամերիկյան ֆինանսական շրջանակների The Wall Street Journal թերթը:
Տվյալ նորության սենսացիոն լինելը կայանում է նրանում, որ հաքերների զոհ են դարձել տասնյակ ընկերությունների մոտ հարյուր միլիոն աշխատակից, այդ թվում՝ ամերիկյան JPMorgan Chase եւ Dow Jones բանկերի հաճախորդներ, իսկ բոլոր փողերը լվացվել են ադրբեջանական բանկերի միջոցով:
…Դեռեւս հայտնի չէ, թե հատկապես ադրբեջանական որ բանկերով են կատարվել թալանված փողերի լվացման գործառույթները:
Սակայն, ավստրիական Emergency Response Teams ընկերության ղեկավար Ռոբերտ Շիշկան դեռ անցյալ տարի հիշեցրել էր Կալիֆորնիայի համալսարանի կողմից անցկացված մի հետազոտության մասին, որում ասվում էր, թե սպամով վճարումներ իրագործող բանկերից մեկը գտնվում է Ադրբեջանում: Այն ժամանակ սպամ-սկանդալում երեւացել էր ադրբեջանական Azeriqazbank բանկը:
Ուշագրավ է, որ Azeiqazbank բանկի սեփականատեր, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Չինգիզ Ասադուլլաեւը Ադրբեջանի ազգային անվտանգության օրերս պաշտոնանկ արված նախարար Էլդար Մահմուդովի մերձավորն է»:
«Լուսանցք» – Ադրբեջանը միշտ էլ նմանօրինակ պատմություններում հայտնվում է, բայց միջազգային հարթակներում վերջերս սկսում են նաեւ բարձրաձայնել այդ մասին: Ու սա արդեն զուգադիպություն չէ, Բաքվի հանդեպ միջազգային քաղաքականությունն է փոխվում:
Հարուստներն ավելի են հարստացել
Tert.am – «Պահապան արծիվ» թիկնապահական ակադեմիայի տնօրեն Արսեն Դավթյանն անդրադարձավ Հայաստանում թիկնապահական գործունեությանը եւ նշեց, որ վերջին երեք-չորս տարիներին ավելի է շատացել թիկնապահների պահանջը:
«Հիմնականում հարուստ խավերը եւ խնդիրներ ունեցողներն են պահանջում թիկնապահներ»,- ասաց նա եւ նշեց, որ, քանի որ Հայաստանում կենսամակարդակը ցածր է, հետեւաբար թիկնապահների աշխատավարձը քիչ է, նրանք քիչ գումար են ստանում, բայց շատ են աշխատում:
Արսեն Դավթյանը նաեւ նշեց, որ եթե նախկինում թիկնապահները 120-150 հազար դրամ էին ստանում, ապա հիմա նրանց աշխատավարձը 200-250 հազար դրամ է կազմում, երբեմն նույնիսկ հարուստներ կան, որ հազար, երկու հազար դոլար են վճարում: «Անվտանգության պետ կա, որ տասը հազար դոլար է ստանում»,- ասաց նա»:
«Լուսանցք» – Էդպես էլ չհասկացանք՝ հիմա թիկնապահները շա՞տ են ստանում, թե՞ քիչ:
Եկեղեցին էլ ուրիշ մասնագետի կարիք ունի
168.am – «…Հայ Առաքելական Եկեղեցին յոգան աղանդ է համարում: Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդները նրանք են, ովքեր Առաքելական ավանդության համապատասխան մկրտված են Առաքելական Եկեղեցում եւ ամեն կիրակի մասնակցում են Սուրբ Պատարագին՝ հաղորդվելով Տեր Հիսուս Քրիստոսի հետ: Հետեւորդ լինել նշանակում է հետեւել՝ հետեւից գնալ, վստահել, նշված ուղուց չխոտորվել: Չի կարելի հետեւել մեկին եւ համարվել մյուսի հետեւորդ: Եթե դուք զբաղվում եք յոգայով, ուստի յոգայի էլ հետեւորդն եք: Մի համարեք, որ Մայր եկեղեցու հետեւորդն եք: Բուն քրիստոնեությունը Տեր Հիսուս Քրիստոսի հետ Սուրբ Հաղորդությունն է, Ում առաջնորդությամբ մենք կարող ենք հասնել երանավետ հանգստյան, որ մեղքերի քավության միջոցով է լինում: Յոգայի բերած հանգիստն ու անդրդվելիությունը պատրանք է, որովհետեւ խաղաղության կերպարանք տալով յոգայով զբաղվողին՝ սվաղում, ծածկում է նրա մեջ մեղքերից վատթարագույնը՝ հպարտությունը: Յոգայով զբաղվելով՝ դուք չեք նկատի, թե ինչպես եք ընկնում հպարտության ախտի մեջ: Հենց դա՛ է պատրանքը: Տեր Հիսուս Քրիստոսն ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը» (Հովհ. 14: 6); «Չեք կարող երկու տիրոջ ծառայել» (Մատթ. 6: 24):
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան»:
«Լուսանցք» – եկեղեցին հայ առաքելական չէ, Հայաստանյայց (Հայաստան այցելած) առաքելական է: Իսկ այն, որ մեր եկեղեցու համար հպարտությունը ախտ է, լիովին բացատրում է, թե ինչու է քրիստոնյա մեր երկիրը այսքան ծնկաչոք ու գլխիկոր:
«Լուսանցք» թիվ 39 (385), 2015թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



