Ադրբեջանի տարածաշրջանային եւ ասիական հարցերով փորձագետ Հեթաշ Բաբեդովը տեղի մամուլում ուշագրավ դիտարկում էր արել, ինչն ադրբեջանական խորհրդարանական ընտրությունների համապատկերում դիտվեց իբրեւ դավաճանություն: Երբ Բաքուն վերջին օրերին բողոքում էր, որ Թբիլիսին ադրբեջանական SOCAR նավթային ընկերությանը Վրաստանում մենաշնորհից զրկելով, դավաճանում է իրեն, Հ. Բաբեթովը գրեց. «Ադրբեջանին ոչ ոք չի դավաճանում: Պարզապես Ադրբեջանին արդեն ոչ ոք չի վստահում: Իսկ ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Չինաստանը «Մետաքսի ճանապարհում» նախընտրեց Հայաստանին»:
Մենք մանրամասն անդրադարձել ենք այն հարցին, թե միջազգային հարթակներում առաջ քաշվող «Մետաքսի ճանապարհի» 7-8 տարբերակներից ինչու Չինաստանը նախընտրեց այդ ճանապարհի պատմական տարբերակը: Այդ 8 տարբերակներից 5-ը ներկայացրել ենք, մնացյալը կրկնություններ են: Իսկ պատմական տարբերակը ենթադրում է այն ուղին, որն անցել է Հայաստանով եւ որում կենտրոնական դեր է խաղացել Հայաստանը: Այդ օրերին ադրբեջանական զլմ-ները գրում էին, թե՝ «Չինաստանը նախընտրեց օկուպանտ Հայաստանին», «Չինաստանը նախընտրում է իրպեսներին՝ ագրեսոր հայերին», «Չինաստանն ընտրում է թանկ ուղին, միայն թե դուրս մղի Ադրբեջանին» (իրականում Հայաստանով անցնող ուղին թանկ չէ), «Չինաստանը վախենում է պատմական Ադրբեջանից» եւն:
Հ. Բաբեթովն, իհարկե, ճշմարտությունը չէր արձանագրել եւ Չինաստանի կողմից Հայաստանին նախընտրելը վերագրել էր Ադրբեջանի անհաջող արտաքին քաղաքականությանը:
Մինչդեռ իրականությունն այլ է, եւ չինական կողմը դա չի թաքցնում:
Այլ խոսքով՝ հայտնի է, որ համաթուրքական վտանգը հեռահար տարածվում է նաեւ Չինաստանի վրա, եւ Պեկինը վաղուց ունի տեղային թյուրքական խնդիր, որը ույղուրական վտանգի տեսքով է, սակայն չինացիներին հուզում է դրա համապարփակ վտանգը եւս: Իզուր չէ, որ «Հին Մետաքսի ճանախարհ»-ն է նախընտրում Պեկինը՝ որպես «Նոր Մետաքսի ճանապարհ»-ի նախագիծ, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը նախատեսված չեն Չինաստանից Եվրոպա ճանապարհը սպասարկելու համար (այս մասին մասնակիորեն խոսել եմ «Հայաստանի Հանրապետություն»-ում նաեւ): Միջին Ասիայի թյուրքական երկրների քաղաքներն էլ նպատակայնորեն են ընտրված (հին Մետաքսի ճանապարհում այսօրվա պետություններն ու քաղաքները չեն եղել, պարզապես հին քարտեզային տեղանքն է պահպանվել): Հակիրճ՝ Չինաստանը նախատեսել է «Մետաքսի ճանապարհ»-ի վերականգնման գործը հեռու պահել համաթուրքական զարգացումներից: Այս իրողությունն է, որ անտեսելով թուրքական դերակատարումը, կարեւորել է Հայաստանի դերը մեր տարածաշրջանում: Եվ վերոնշյալ առաջարկվող «Մետաքսի ճանապարհ»-ը Չինաստանից հասնելով Հայաստան՝ իջնում է հարավ, Իրանի եւ արաբական երկրներ Իրաքի, Սիրիայի ու Լիբանանի միջոցով հասնում է Միջերկրական ծով ու Եվրոպա… Կամ՝ Հայաստանով անցնում է Վրաստան, ապա՝ Սեւ ծովով հասնում Եվրոպա: Երկու դեպքում էլ դուրս է թողնված ներկայիս Թուրքիայի տարածքը, իսկ մինչ այդ ներկայիս Ադրբեջանն արդեն դուրս է թողնված (տե՛ս այս թողարկման PDF տարբերակի 8-րդ էջում տպագրված քարտեզը –http://www.hayary.org/wph/wp-content/uploads/39-385.pdf):
Համաթուրանականության ճանապարհը փակելու առումով Հայաստանը լավագույն դաշնակիցն է Չինաստանի համար: Թուրքերը միշտ են Հայաստանին «անիծյալ սեպ» համարել համաթուրքական նպատակների ճանապարհին, եւ սա հասկացել են նաեւ Պեկինում:
Ու քանի որ Ադրբեջանում նեղացել են Ռուսաստանից, որն, ըստ ալիեւյան մամուլի, «օգնում է հայ-վրացական ճակատին գործել ընդդեմ Ադրբեջանի», հիշեցնում են «վելիկոռուսական ռուսներին», որ Պեկինը «անգութ Հայաստանին» օգտագործում է թե՛ վելիկոռուսական եւ թե՛ համաթուրանական կրքերը սառեցնելու համար: Սա վերջին տարիներին առաջին դեպքն էր, որ Բաքուն բարձրաձայնեց համաթուրանական շահերի մասին (ի տարբերություն Անկարայի, որ դա մշտապես է անում):
Դատելով այն հանգամանքից, որ Չինաստանը մեծացնում է իր տնտեսական կապերը թյուրքալեզու Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի հետ, համաթուրանականության բուն վտանգը նա տեսնում է հենց Թուրքիա-Ադրբեջան դաշինքից: Բացի այդ՝ Պեկինը իրականացնում է երկրորդ կարեւորագույն քայլը. նշված թյուրքալեզու 4 երկրների համար տնտեսական անհրաժեշտ գործընկեր դառնալով՝ նա վերջիններիս կտրում է համաթուրանական դաշինքի հետ սերտ համագործակցությունից՝ նաեւ քաղաքականապես թուլացնելով այն: Բանն այն է, որ այս երկրները տուժելով նավթի գնանկումից, գոնե այս պահին հազիվ թե հրաժարվեն չինական միլիարդավոր դոլարների ներդրումներից՝ հօգուտ համաթուրանականության:
Միջազգային զլմ-ներն արդեն նկատել են Չինաստանի ներկայացվածության աճը Կենտրոնական եւ Միջին Ասիայում: Չինաստանը վերջին տասնամյակներում դարձել է այդ շրջանների տնտեսական շարժիչ ուժը: Չինաստանի առեւտրաշարջանառությունը նախկին խորհրդային 5 երկրների՝ Ղազախստանի, Ղրղզստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի հետ 2000թ. կազմում էր 1,8 մլրդ. դոլար, իսկ արդեն 2013թ.՝ 50 մլրդ: Այդ երկրներից մի մասի կառավարությունները չինական ներդրումները դիտարկում են որպես տնտեսության խթանման ու քաղաքական կայունության պահպանման վերջին հնարավորություն, ինչը հանգեցնում է մերձեցման քաղաքականության: Մասնավորապես մեծացել է համագործակցությունը հանքահումքային վառելիքաէներգետիկ ոլորտներում: Ղազախստանում նավթարդյունաբերության մեջ չինական ընկերությունների մասնաբաժինը կազմում է 20-25%, որը, ուշադրություն դարձնենք, շատ քիչ չափով է զիջում պետական «Կազմունայգազ»-ին: Թուրքմենստանում Չինաստանը որպես գազի հիմնական գնորդ շրջանցել է «Գազպրոմին» (թուրքմենական գազի 61%-ը արտահանվում է Չինաստան): Վերջինս կատարվեց շնորհիվ 2009թ. շահագործման հանձնված գազատարին, որի 4-րդ խողովակաշարը այժմ կառուցման փուլում է:
Չինաստանի եւ Ղազախստանի սահմանին կառուցված «Խորգոս» տրանսպորտային լոգիստիկ կենտրոնը, դրա ղեկավարի խոսքով, դարձել է հանգուցակետ. «Այդ կետում Արեւմուտքը հանդիպում է Արեւելքի հետ»: «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» կոչվող տրանսպորտային միջանցք ծրագրի մեկնարկից հետո չինական ներդրումների աշխարհագրությունը զգալիորեն մեծացել է: Եթե մինչ այդ ներդրումների հիմնական ոլորտը նավթագազային սեկտորն էր, ապա այժմ այն ներառում է նաեւ ենթակառուցվածքները, արդյունաբերությունը, զբոսաշրջությունը եւ այլ ոլորտներ»,- նշել է Չինաստանի ժամանակակից միջազգային համալսարանի կենտրոնասիական ծրագրի ղեկավար Դին Սաոսին:
Այս ծավալումներն անհանգստացնում են Անկարային, քանզի քաջ գիտակցում է մեր՝ վերեւում ասվածը՝ համաթուրանական դաշինքի թուլացումը: Բայց Անկարան այս մասին լռում է՝ աղմկելու ամբողջ գործը թողնելով կրտսեր եղբոր՝ Բաքվի վրա: Վերջինս էլ սկսել է մ.թ.ա. քարտեզներում «փնտրել» Ադրբեջանի տեղը՝ Հին մետաքսի ճանապարհում խցկվելու համար: Բայց այս զառանցանքը պետական մակարդակի է հասել, քանզի մեկ տարի առաջ Կոլիզեի մոտակայքում Պոմպեի պատին Հին հռոմեական կայսրության քարե քարտեզը նայելիս մի ադրբեջանցի խմբից առաջ է անցել եւ լուրջ դեմքով հարցրել է ուղեկցորդին. «Իսկ ուր է այդ քարտեզներում Ադրբեջանը»: Հայկական մամուլում այս մասին մենք գրեցինք, քանզի խմբում նաեւ իմ ընկերներից մեկն էր եղել ու պատմել էր այդ մասին: Բայց այս մասին գրեցին նաեւ ֆրանսիական մի քանի թերթեր, ու գրողը հենց ականատեսն էր եղել:
Ինչեւէ, Պեկինի կողմից ասիական նախաձեռնությունները եւ եւ Հին մետաքսի ճանապարհի վերականգնումը (Պատմական ճանապարհի վերականգնումը,-ինչպես Գյումրիում արտահայտվել էր չինացի պաշտոնյան) այն եզակի դեպքերից է, երբ տնտեսությունն է քաղաքականություն թելադրում:
Սա նաեւ այն եզակի միջազգային նախաձեռնություններից է, երբ Հայաստանը համագործակցելով, վստահաբար, շահում է:
- Խոչընդոտվում է ոչ միայն համաթուրանական ծրագիրը, այլեւ մեր տարածաշրջանում Թուրքիան եւ Ադրբեջանը զրկվում են ենթակառուցվածքային ծավալումներից: Համապատկերում հիշեցնենք, որ Անկարայի եւ Բաքվի բոլոր ծրագրերը միտված են եղել Հայաստանը մեկուսացնելուն («Նաբուկո»-ի ծրագրի՝ այս հատվածին առնչվող մասը մանրամասնել է «Լուսանցք»-ը):
- Համաթուրանականության ծրագրին զուգահեռ ընթացող (Անկարայի կողմից տարվող) համաիսլամական ծավալումները (այդ թվում՝ ԻԼԻՊ-ի) նույնպես խոչընդոտվում են, քանի որ Մերձավոր Արեւելքը վերստին կարեւորվում է ֆինանսատնտեսական առումով:
- Ամենակարեւորը՝ Հայաստանը դառնում է տարածաշրջանային առանցք Եվրոպա-Ասիա հարաբերություններում՝ կապելով երկու աշխարհամասերը Իրան-Հայաստան-Վրաստան նոր ձեւաչափով:
Արմենուհի Մելքոնյան
«Լուսանցք» թիվ 39 (385), 2015թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



