Օրերս Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի նիստում այդ երկրի նախագահը փաստացի տեղեկանալով, որ ռուսական մարդատար ինքնաթիռը պայթել է ահաբեկչության պատճառով, ի լուր բոլորի հայտարարեց, որ իրենք պարտավորվում են փնտրել ու գտնել մեղավորներին ու խստագույնս պատժել: Հայտարարվեց, որ փնտրումն անժամկետ է եւ հաստատ կգտնվեն մեղավորները:
Հիշեցնենք, որ ինքնաթիռի պայթյունի օրը «Իսլամական պետության» ահաբեկիչները ստանձնել էին պատասխանատվությունը եւ հրաժարվել հայտնել, թե ինչ հատուկ ձեւով են այսուհետ պայթեցնելու իրենց դեմ պայքարող երկրների ինքնաթիռները:
Վլադիմիր Պուտինը այլեւս չի թաքցնում իր զայրույթը եւ իր գործողություններում անգամ դուրս է գալիս ընդունված դիվանագիտական պատշաճության կարգից: Դեռ այս տարվա օգոստոսին նա իր մոտ է կանչել Թուրքիայի դեսպանին Ռուսաստանում եւ ասել, որ դեսպանը իր բռնապետ նախագահ Էրդողանին հայտնի, որ «Իսլամական պետության» ահաբեկիչներին օգնելը շատ ծանր է նստելու Թուրքիայի վրա: Որ ինքը Սիրիան Թուրքիայի նախագահի համար վերածելու է «Մեծ Ստալինգրադի»:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ իրենք փաստեր ունեն, որ Անկարան աջակցում է նաեւ «Ալ-Կաիդա»-ին ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրաքում եւ Եմենում:
Հիշեցնենք, որ Եմենի իշխանափոխության հարցում ընդհարվել էին նաեւ Սաուդյան Արաբիայի եւ իրանի շահերը, ինչը դեռ կարող է նոր բորբոքման ենթարկվել:
Թուրք դեսպանը փորձել է հերքել մեղադրանքները եւ հայտարարել է, որ հենց Մոսկվան է սրել իրավիճակը տարածաշրջանում՝ խառնվելով Սիրիայի քաղաքացիական կռիվներին: Հենց այստեղ էլ Ռուսաստանի նախագահը զայրացել եւ նոր Ստալինգրադ է խոստացել թուրքերին՝ նշելով, որ Էրդողանն ու նրա սաուդյան աջակիցները ավելի վտանգավոր են, քան Ադոլֆ Հիտլերն էր, բայց նրանք ավելի հզոր չեն հաստատ, քան գերմանական նացիստ պարագլուխը:
Այնուհետեւ շեշտվել է, որ Մոսկվան մինչեւ վերջ պաշտպանելու է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին եւ Թուրքիան դեռ պատասխան է տալու:
Նշենք, որ Չեչնիայի նախագահը եւս զգուշացրել էր, որ կպատժի իսլամական ահաբեկիչներին, եթե փորձեն չեչեններին նոր խառնակչության մեջ ներքաշել:
Այս ամենը եղել է օգոստոսին, սակայն լռություն է պահպանվել: Իսկ օրերս թուրքական Անթալիայում Մեծ քսանյակի շրջանակում կայացել է Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Նրանք միմյանց ձեռք են սեղմել, բայց լրագրողներին խնդրել են լքել սրահը: Ռուսական զլմ-ների ներկայացմամբ՝ իրենց նախագահը որեւէ նահանջ քայլ չի կատարել իր նախորդ հայտարարություններից հետո:
Ռուսաստանի նախագահը հանդիպել է նաեւ Արեւմուտքի առաջատար երկրների ղեկավարներին: Որոշ տեղեկությունների համաձայն, նա փակ ծրարներով տեղեկություններ է հանձնել ԱՄՆ-ի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ այլ երկրների, այդ թվում՝ Թուրքիայի ղեկավարներին, թե ինչպես են իրենց երկրները նավթ եւ գազ գնում «Իսլամական» պետության հսկողության տակ գտնվող տարածքներից՝ այդպիսով օժանդակելով ահաբեկիչներին:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կրկնել է ամիսներ առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն խոսքը, որ առանց Մոսկվայի աջակցության հակաահաբեկչական գործողությունները Սիրիայում չեն հաջողի եւ անհրաժեշտ է լայն կոալիցիա ստեղծել Ռուսաստանի մասնակցությամբ։ Ֆրանսիայի նախագահը այս մասին հեռախոսազրույց է ունեցել նաեւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Նախագահներ Պուտինն ու Օլանդը խիստ զայրացել են հատկապես այն բանից հետո, երբ զլմ-ները հրապարակել են մի լուսանկար, որում Էրդողանի որդին ԻԼԻՊ-ի հրամանատարների հետ է (տե՛ս այս թողարկման PDF տարբերակի լուսանկարում)…
Արտակ Հայոցյան
«Լուսանցք» թիվ 40 (386), 2015թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



