ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցող Ալան Միլին, ով մեր երկիր է ժամանել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում: Քննարկվել են նաեւ ՀՀ-ԵԽ բազմաբովանդակ համագործակցությանը վերաբերող հարցեր: Նախագահ Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության ամրապնդման գործում՝ ընդգծելով, որ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են շարունակական ու հետեւողական: Նշվել է, որ ՀՀ ԱԺ հրավերով սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի դիտարկման առաքելությամբ Հայաստանում գտնվելը դիտորդական խմբի համար լավ հնարավորություն է դիտարկելու Հայաստանում տեղի ունեցած բարեփոխումների ազդեցությունը ընտրական գործընթացների վրա:
Ի պատասխան՝ ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում Հայաստանի հարցով համազեկուցողը գոհունակությամբ է խոսել ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախաձեռնումից հետո իրականացված նախապատրաստական եւ կազմակերպչական ամբողջ գործընթացի, ընտրազանգվածի հետ մինչ այժմ իրականացված աշխատանքի մասին, միաժամանակ գնահատելի համարելով նաեւ այն հանգամանքը, որ փաստաթղթի նախագծի մշակման ընթացքում սերտ համագործակցություն է եղել Վենետիկի հանձնաժողովի հետ, որի գնահատականը կարեւորվել ու հաշվի է առնվել գործընթացն առաջ մղելու տեսանկյունից: «Մենք մեր լավագույն մաղթանքներն ենք հղում Ձեզ՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված Ձեր ջանքերի համար»,- ասել է Ալան Միլը:
Սահմանադրությունում փոփոխությունները բխել են ավելի շուտ քաղաքական շահերից, քան՝ հայ ժողովրդի կարիքներից, այնուամենայնիվ կարծիք է հնչել ԵԽԽՎ մի շարք պատգամավորների կողմից: Հասկանալի է, որ այս կառույցում կան այնպիսի ներկայացուցիչներ, որ տարիներ շարունակ սնվում են Բաքվի նավթադոլարներից եւ հակահայկականությունը, հայերին հակառակ արտահայտվելը նրանց ծրագրային հիմնակետերից է: «Եվրոպայի խորհրդի մի շարք պատգամավորներ նշել են, որ ընտրացուցակները ճշգրիտ չէին, եւ չափազանց շատ քաղաքացիներ են սահմանադրական փոփոխություններն ընկալել որպես Սերժ Սարգսյանի իշխանության երկարաձգման համար գործիք»,- գրում է BBC-ում տպված հոդվածի հեղինակը՝ նշելով, որ գործող նախագահը կարող է 2018-ին դառնալ լայն լիազորություններով վարչապետ:
Ըստ ԵԽԽՎ գնահատականի, ցածր մասնակցությունը բացատրվում է այն հանգամանքով, որ [սահմանադրության փոփոխությունների] շարժառիթը քաղաքական նպատակահարմարությունն է, այլ ոչ թե հայաստանյան հասարակության պահանջները: «Փոփոխությունները քաղաքացիների խիստ զգալի մասի կողմից ընկալվել են որպես գործող նախագահի համար միջոց՝ իր իշխանությունը երկրորդ եւ վերջին նախագահական ժամկետի ավարտից հետո պահելու համար»,- ԵԽԽՎ գնահատականն է մեջբերել BBC-ն՝ ընդգծելով, որ ԵԽ-ն Եվրոպայի հիմնական իրավապաշտպան կառույցն է: Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի ներկայացուցիչ Լենե Վեթթերլանդը իր հերթին հիասթափություն է հայտնել թե՛ քարոզարշավի ընթացքի, թե՛ բուն քվեարկության վերաբերյալ: «Իշխող ՀՀԿ-ն լուրջ ճնշում է գործադրել ինչպես դիտորդների, այնպես էլ լրագրողների նկատմամբ»,- ասել է նա (փոխանցում է նույն BBC-ն):
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մինչ հանրաքվեն կարծիք էր հայտնել, թե ինչու է ձեռնարկել այդ փոփոխությունները, ակնարկել է, որ իրեն երբեք էլ դուր չի եկել կիսանախագահական համակարգը, «այն կոնֆլիկտային է խորհրդարանի եւ նախագահի միջեւ»: Նա ընդգծել էր, որ ընդդիմության որոշ բողոքներ տեղին չեն՝ ինչպես այն, թե իշխանությունը պետք է հոգ տանի ընդդիմության գործունեության եւ ծավալումների համար եւ օժանդակի նրանց սահմանադրական նախաձեռնություններին: Ըստ նախագահի՝ ընդդիմադիր ուժերի այն պնդումը, թե ժողովուրդը պատրաստ չէ բարեփոխումների, չի կարող հավաստի լինել ամբողջ ժողովրդի համար, ժամանակին Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիներն էին անվերապահորեն, առանց երկմտելու անկախության կողմնակից… Բայց այսօր այլ իրավիճակ է եւ «ինչու՞ չի կարելի կայուն մեծամասնություն ձեւավորել նախ մեկ կուսակցությամբ, հետո դաշինքների եւ այսպես շարունակ»: Գործող նախագահը չի պատրաստվում հեռանալ բարեփոխումների անցկացումից հետո եւ կշարունակի մնալ երկրի նախագահ: Այս պաշտոնից նա չի պատրաստվում հրաժարվել մինչեւ 2018-ի ապրիլի 9-ը: Կես օր անգամ շուտ չի հրաժարվի. այսպես էր պնդել հենց Սերժ Սարգսյանը:
Նախագահն ընդունել է նաեւ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Եվգենի Սլոբոդային: ԱՊՀ դիտորդական առաքելությունը ամենամեծ եւ ներկայացուցչականն է եղել, հետեւել է ամբողջ գործընթացին: Սերժ Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է միջազգային դիտորդների քաղաքականապես չեզոք եւ օբյեկտիվ գնահատականները: Նշել է նաեւ, որ մինչեւ հանրաքվեն՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությանը հաջորդած բոլոր փուլերում, հնարավոր դարձավ երկրում ապահովել ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան հրապարակայնությունն ու թափանցիկությունը, քաղաքական ուժերի ներգրավվածությունը գործընթացին, արվեց ամեն ինչ՝ հանրաքվեի պատշաճ նախապատրաստության ու անցկացման համար, այդ թվում՝ ՀՀ օրենսդրությանն ու ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան պայմաններ ապահովելով դիտորդական բոլոր առաքելությունների համար:
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարը ներկայացրել է հանրաքվեի վերաբերյալ իրենց եզրակացությունը եւ մեկ անգամ էլ ընդգծել, որ առաքելության առաջին ու հիմնական եզրակացությունն այն է, որ բոլոր մակարդակներում՝ պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաեւ հանրաքվեի տեղամասային հանձնաժողովների կողմից հնարավորություն տրվեց քաղաքացիներին՝ ազատ քվեարկելու եւ իրենց կամքն անկաշկանդ արտահայտելու: «Մենք դա զգացինք, երբ այցելեցինք բազմաթիվ ընտրատարածքներ: Ես կարող եմ ասել մեկ բան՝ քվեարկությունն անցել է ազատ ու հանգիստ մթնոլորտում, բաց ու հրապարակային: Տպավորված էի տեսնելով, որ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ գիտի իր գործառույթները»,- ասել է Եվգենի Սլոբոդան, ով գոհունակությամբ է խոսել դիտորդական առաքելությունների գործունեության համար ստեղծված պայմանների մասին, ընդգծելով, որ դա թույլ է տվել, մասնավորապես, իր գլխավորած առաքելությանը լիարժեքորեն, ստանձնած պատասխանատվությանը համահունչ եւ բարեխղճորեն կատարել հանրաքվեի գործընթացի ամբողջ դիտարկումը:
Մասնակցել են նաեւ տեղական դիտորդներ, որոնց կարծիքները ծայրահեղ տարբեր են, որոշները նշել են, թե սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում մեծ թվով խախտումներ են արձանագրել, տեղի է ունեցել վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահում հօգուտ սահմանադրության փոփոխությունների, ինչն ազդել է քվեարկության եւ ձայների հաշվարկի գործընթացի վրա՝ տարածքային ու տեղական մակարդակներում ընտրությունների կազմակերպումը վերահսկելու միջոցով: Որոշներն էլ կարծիք են հայտնել, թե խախտումները որեւէ կերպ չէին կարող ազդել հանրաքվեի ընթացքի վրա, եւ արդյունքները վիճարկելի չեն:
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչության, հանրաքվեի եւ դրան հաջորդող գործընթացների շրջանակներում ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի իրացմանը խոչընդոտելու վերաբերյալ ահազանգերին՝ դատախազության լիազորությունների շրջանակում պատշաճ իրավական գործընթաց իրականացնելու նպատակով դատախազությունում ստեղծված աշխատանքային խմբի կողմից դեկտեմբերի 7-ի դրությամբ ուսումնասիրվել է ավելի քան 380 տարբեր բնույթի տեղեկատվություն (զլմ-ների եւ ՀԿ-ների հրապարակումներ, նաեւ քաղաքացիների ահազանգեր ու գրավոր դիմումներ): Դրանցից շուրջ 300-ը պարունակել են առերեւույթ հանցագործության հատկանիշների մասին տվյալներ, որոնք ուղարկվել են ըստ ենթակայության՝ հետաքննական ու նախաքննական մարմիններին՝ նյութեր նախապատրաստելու նպատակով, իսկ 82 հրապարակում ուղարկվել է ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ ստուգողական գործողություններ իրականացնելու նպատակով: Երեք դեպքով հարուցվել է քրեական գործ:
Հանրաքվեի արդյունքների ամփոփումից հետո նախագահ Սարգսյանը նշեց, որ «Ոչ»-ի կողմնակիցներից շատերն իրենք իրենց մասին որպես «ճակատ» էին խոսում, իսկ ինքը փորձել է այս բառից որքան հնարավոր է խուսափել, քանի որ երկրի ներսում ճակատ ունենալու իրավունքը մենք չունենք: Հայ ժողովրդի պատմությունն ունեցած մի ազգի համար դա անթույլատրելի շռայլություն է: Նա ընդգծել է, որ կառավարման խորհրդարանական համակարգը մեր պետության համար արդեն իրականություն է: Դա նշանակում է ուժեղ իշխանության եւ ուժեղ ընդդիմության առկայություն, քաղաքական կուսակցությունների դերի բարձրացում, դրանց զարգացման նոր հնարավորությունների ընձեռում:
Իսկ «Այո»-ն, ըստ նախագահի, չէր նշանակում, որ՝ «մեր մեջ տարաձայնություններ, բանավեճեր ու սուր քննարկումներ չեն եղել, բայց այնուամենայնիվ,ուժ ենք գտել մեր մեջ փոխզիջումների գնալու, փոխադարձ ընդունելի տարբերակներ մշակելու»: Վստահություն է հայտնել, որ համագործակցության այս շրջանակը շարունակելու է ընդլայնվել՝ հանուն մեր ազգային պետության, հանուն Հայաստանի Հանրապետության: «Այդ աշխատանքը պետք է ավարտած լինենք մինչեւ 2016թ. հունիսի 1-ը, որպեսզի 2017թ. խորհրդարանական ընտրություններն անցկացվեն ավելի բարձր վստահության մթնոլորտում, որպեսզի ընտրությունների արդյունքները կասկած չհարուցեն ինչպես կուսակցությունների, այնպես էլ մեր քաղաքացիների մոտ:
Մենք պատրաստ ենք ամենաբաց եւ ամենաընդգրկուն քննարկումների բոլոր հնարավոր ձեւաչափերում, որպեսզի ի վերջո ընդունենք նոր՝ լավագույն Ընտրական օրենսգիրքը: Մենք պատրաստ ենք քննարկել թափանցիկություն ու վստահություն ապահովող ցանկացած մեխանիզմ: Հուսով եմ, որ մեր ընդդիմախոսները կընդունեն այս հրավերը եւ մեզ հետ հավասար կլծվեն այս կարեւոր աշխատանքին: Մենք մեր հերթին պատրաստ ենք աշխատել, որպեսզի նոր Ընտրական օրենսգիրքը համապատասխանի միջազգային լավագույն փորձին: Մենք քաջ գիտակցում ենք, որ առաջիկա ընտրությունների որակով է առավելապես պայմանավորված մեր պետության, մեր ժողովրդի վաղվա օրը: Ուստի եւ, աշխատելու ենք բաց ու թափանցիկ, քանի որ ամենաթանկն ենք համարում վստահությունը եւ դրա ամրապնդումը»:
Երկրի նախագահը միտքն ավարտել է այն համոզմամբ, որ պետության ամրությունը պայմանավորված է ոչ թե սոսկ իշխանությունների մտադրություններով, անկեղծ ցանկություններով ու խոստումներով, այլ դրանք իրականություն դարձնելու կայուն համակարգի գոյությամբ: Եվ բոլոր քայլերն էլ պատրաստ են միասին անելու, որ միասին էլ մեր սերունդներին թողնենք արդյունավետ ու զարգացող պետություն:
Ուշադրություն դարձնենք մի «մեսիջի». այն է՝ 2017թ. խորհրդարանական ընտրությունների մեկնարկն անուղղակի տրված է՝ հաշվի առնելով, որ ԱԺ նախագահը նոր Սահմանադրությամբ ավելի մեծ լիազորությունն է ունենալու:
Երեկ ԱՄՆ դեսպանատունը ՀՀ-ում սահմանադրական փոփոխության հանրաքվեի վերաբերյալ տարածել է հաղորդագրություն, որն ընդհանուր առմամբ կարելի է գնահատել որպես «հանրաքվեի ճանաչում»: Դեսպանատունն ընդգծել է «արժանահավատ հաղորդումներն ընտրախախտումների վերաբերյալ»՝ հույս հայտնելով, որ տեղի կունենա դրանց թափանցիկ քննություն: Գրեթե նույնն է Հայաստանում Եվրամիության պատվիրակության գնահատականը, պատվիրակության ղեկավար Սվիտալսկին կոչ է արել լիարժեք քննություն անցկացնել, որպեսզի «Հանրաքվեի գործընթացը արժանահավատ լինի… Այժմ կարեւոր է կիրառել նոր սահմանադրությունը, որպեսզի այն չմնա սոսկ թղթի վրա»:
Թե՛ ԱՄՆ դեսպանատունը, թե՛ ԵՄ պատվիրակությունը կարեւորել են նոր Ընտրական օրենսգրքի ընդունումը՝ հիմք ընդունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի առաջարկությունները, որպեսզի հետագա ընտրություններն արժանանան Հայաստանի բնակչության վստահությանը:
Աշխարհաքաղաքական 2 կենտրոնները՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն, հանրաքվեն դիվանագիտորեն համարում են առնվազն խնդրահարույց:
Իսկ ադրբեջանամետ պատգամավորներով շնչող ԵԽԽՎ-ի դիտորդներն առանց դիվանագիտական նրբանկատության կոշտ գնահատականներ են տվել հանրաքվեին՝ այն հայտարարելով ոչ արժանահավատ եւ փաստացի կեղծված:
Կարծիք կա, որ Արեւմուտքը նաեւ չի ցանկանում ճնշել Հայաստանին, որի իշխանությունները թոթափվում են ռուսական լծից եւ բռնել են արտաքին ասպարեզում փոխլրացնող քաղաքականությունը:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 43 (389), 2015թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



