Այն փաստը, որ այսօրվա խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունները չունեն բավարար հետեւոդներ, ավելի նկատելի է լինում ընտրությունների կամ հանրաքվեների ժամանակ: Երբ մարդիկ գալիս են բողոքի ցույցի կամ հանրաքվեի, ապա պարտադիր չէ, որ կուսակցական կամ որեւէ կազմակերպության անդամը լինեն: Նրանցից շատերը պարզապես դժգոհ են ներկա իրավիճակից, ունեն սեփական պատկերացումները եւ այն միայնակ չկարողանալով լուծել՝ փնտրում են համակարգային լուծման մեջ: Եվ ընդդիմադիրների հանրահավաքները հաճախ կայանում են՝ հենց այս մարդկանց ներկայության շնորհիվ:
Իսկ համապետական միջոցառումների ժամանակ այս մարդիկ չեն ցանկանում ծառայել այս կամ այն ընդդիմադիր ուժին, որոնց դեռ լիովին չեն վստահում, եւ այս կազմակերպությունները անգամ ընտրատեղամասերում ներկայացուցիչներ նշանակելու խնդրին են բախվում: Եվ… նրանց նշած հազրավոր անդամների մասին առասպելը հօդս է ցնդում ամեն անգամ:
Այս հանրաքվեին էլ բացի ՀՀԿ-ից, ոչ մի այլ քաղաքական ուժ վստահված անձ չուներ բոլոր մարզերում, բոլոր տեղամասերում: Իսկ այսպես պայքարելով որեւէ լուրջ արդյունքի հնարավոր չէ հասնել: Փոխանակ ընդդիմադիրների միասնական շտաբ ասվածը համախմբեր եւ 1-2 ներկայացուցիչ ուղարկեր բոլոր 1997 ընտրատեղամասերը, միմյանց տեղեր էին վաճառում՝ այս կամ այն շահագրգիռ տեղամասում մարդիկ ունենալու նպատակով:
Սա միասնական պայքարի թիվ մեկ անլրջությունն է:
Երկրորդ անլրջությունը իրեն դեռ ընդդիմադիր առաջնորդ-կուսակցություն հռչակած «Ժառանգության» անդամների կեցվածքն է: Այս կազմակերպությունը փորձում է խիստ ընդդիմադիր երեւալ ոչ միայն խորհրդարանում, այլեւ՝ արտախորհրդարանական ուժերի ընդվզումների ժամանակ: Բայց այն, ինչ կատարվում է այս կառույցի կողմից… Արդեն այս կուսակցությանը բազմիցս խայտառակած պատգամավորը՝ Զարուհի Փոստանջյանը հերթական «ազգացունց» քայլն է արել. նա ՌԱՀՀԿ-ի մոտ «հերոսաբար» այրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եւ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի նկարով խրտվիլակները եւ այլեւս դարձել է «հաղթող»: Երեւի թե ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատանը օրերս «արյունալի ծավալումներից» խոսացող պատգամավորը առայժմ բավարարվել է անարյուն գործողությամբ:
Իսկ ինչ է արել այս կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա քայլը իր կուսակցից առավել «զորավոր» եւ «անձնասպանական» էր. նա քվեարկության ժամանակ ցուցադրաբար պատռեց քվեաթերթիկով ծրարը եւ նետեց քվեատուփը՝ հայտարարելով՝ «Հանուն Հայաստանի Հանրապետության»…
Այս համապատկերին այլ կերպ է դիտվում ՀՀ բոլոր 3 նախագահների վարվելակերպը: Այստեղից էլ այն իրողությունը, թե ինչու են բոլոր աչքի ընկնող իշխանական ու ընդդիմադիր կառույցները պտտվում այս երեք դեմքերի շուրջ:
ՀՀ 1-ին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելեց ընտրատեղամաս եւ շատ պարզ արտահայտվեց, որ ամեն մի ընտրող պարտավոր է գալ ու իր քվեարկությամբ իր խոսքն ասել: Նա սա է համարում միակ ճշմարիտ ու արդյունավետ պայքարի ձեւը:
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ հանրաքվեն դեմ էր արտահայտվել այս փոփոխություններին եւ դրանք անարդյունավետ ու ժամանակավրեպ համարելով՝ չէր ներկայացել ու առանց ամպագոռգոռ հայտարարությունների պարզապես բոյկոտել էր հանրաքվեն:
ՀՀ 3-րդ եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը կողմ էր հանրաքվեին եւ մասնակցել ու ողջունել է իր եւ համախոհների հաղթանակը:
Այսքան բան:
Իսկ ՀՀ նախագահի երբեմնի թեկնածուները, որ թեկնածուական թիկնոցից ցայսօր չեն ազատվել, կամ այժմ ամենատարբեր եղանակներով իրենք իրենց նախագահ հռչակածները այնպես են աղմկում, որ քիչ է մնում հավատաս, թե երկրի ղեկավարի աթոռը հենց նոր նրանց տակից գողացել են:
Գագիկ Ծառուկյանը գոնե կարողացավ հեռու մնալ այս ծաղրուծանակից եւ, այլեւս չանսալով իր կողքինների «թագավոր ջան, մեր դեմ խաղ չկա» քողարկված տեսությանը կամ «դու արդեն նախագահ ես» բաղձանքին, չմասնակցեց հանրաքվեին: Նա այս անգամ էլ «հանրապետությունում չէր»:
Այսքանից հետո, մեղմ ասած, անհասկանալի է այն հայտարարությունը, որն արել է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Նոր Հայաստան» փրկության ճակատի հրավիրած հանրահավաքի ժամանակ, դիմելով ժողովրդին, նա ասաց. «Մեր ոգին, մեր դուխը մեր գործից պետք է երեւա: Մենք միասին կազմելու ենք Նոր Հայաստանի սահմանադրական իշխանությունը»:
Բայց նրա հույսը կրկին ինքը չէ, այլ հույս ունի՝ «Որ քաղաքական ուժերը, հոսանքները այդքան հասունություն, քաղաքացիական գիտակցություն կգտնեն, որ առաջիկա պայքարը, նպատակասլաց ուղին, որը տանելու է հաղթանակի, լինի միասնական: Որ ճշմարտության պահն է, Հայաստանի քաղաքացու ճշմարտության, եւ հիմա պետք է որոշենք, թե որ ճանապարհն է, որ մեզ միացնելու է»: Եվ մասնակիցները նրան միանալով՝ պահանջեցին Սերժ Սարգսյանի հրաժարականը…
Ինչ մնում է ոստիկանությանը, ապա այս անգամ հայտարարվել է, որ Երեւան քաղաքի «Ազատության» հրապարակում 2015թ. դեկտեմբերի 6-ի տեղի ունեցած հավաքը դարձյալ ընթացել է օրենքի խախտումներով: Մասնավորապես, հավաքի կազմակերպիչներն իրենց կողմից ներկայացված եւ ի գիտություն ընդունված երթուղուց շեղվելով, շարժվել են դեպի երթի իրազեկմամբ չնախատեսված՝ ԿԸՀ շենքի մոտ: Ոստիկանությունը մեկ անգամ եւս նախազգուշացնում է, որ չի ենթարկվելու որեւէ սադրանքի, իսկ իրենց կողմից «իրականացվող գործողությունները լինելու են բացառապես կոնկրետ իրավիճակից թելադրվող եւ դրան համարժեք»:
Հաջորդ օրը «Նոր Հայաստան»-ի աջակիցները ցանկացան ցույց տալ, թե ով է տերը Ազատության հրապարակում՝ վրան տեղադրեցին, որը սակայն ոստիկաններն արագ հեռացրին հրապարակից: Մի պահ խառնաշփոթ սկսեց: Ընդդիմության միասնական շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը այս անգամ հավաքվածներին հորդորեց դիմադրություն ցույց չտալ ոստիկաններին. «Հերթական անգամ ցույց տվեցինք աշխարհին… Հայաստանում ինչպիսի անմարդկային ռեժիմ է ղեկավարում, եւ օր առաջ պետք է հեռացնել այս իշխանությունը, եթե ոչ, ապա ժողովուրդը կընդվզի»:
Եվ նորից հարց է ծագում՝ իրո՞ք աշխարհին ինչ-որ բան եք ցույց տվել: Կամ՝ ինչու՞ եք աշխարհին ինչ-որ բան ապացուցում, այն աշխարհին, որ բոլոր ժամանակներում լքեց մեզ եւ աջակցեց մեր հարեւան մարդակերներին Կամ՝ ինչու՞ չեք մեզ այդ ինչ-որ բանն ապացուցում, եթե իրոք այս ամեն բանն արվում է հայության եւ հայրենիքի համար… Այսօրինակ աշխարհին ապացուցող կոչերը ավելի շատ կանչերի են նման, երբ կանչում ես ինչ-որ մեկին դրսից, կամ էլ այդ ինչ-որ մեկին հաշվետվություն ես ներկայացնում՝ ինչ-որ բանի համար: Հետագայում՝ ինչ-որ բաներ ստանալու ակնկալիքով:
Միջադեպից հետո «Նոր Հայաստան»-ի քաղխորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը ոստիկաններին հորդորեց մեծ ուժեր չկենտրոնացնել հրապարակում, քանի որ այդ օրը այլեւս վրան տեղադրելու փորձ չեն անելու։ «Ժառանգություն» կուակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ վրան տեղադրելու փորձն ընդամենը իշխանության հանդուրժողականության թեստ էր՝ ցույց տալու, թե որքանով է մարդկային նրանց վերաբերմունքը եւ որքանով են պաշտպանված քաղաքացիների սահմանդրական իրավունքները։
Իսկ թե ինչու են այս ընդդիմության որոշ գործիչներ մերթ ընդ մերթ աղաղակում, թե անհանդուրժողականությամբ ժողովրդին զինված պայքարի են մղում… դեռ հասկանալի չէ:
Թե ժողովրդի անունից ինչու են զինված բախումների հայտարարություններ հնչեցվում, եւս հասկանալի չէ դեռ:
Բայց ամենատարօրինակը բոլոր տարօրինակ կոչերից հնչեցրեց Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ոչ»-ի ճակատի հրավիրած հանրահավաքից հետո «Նոր Հայաստան»-ի՝ դեպի ԿԸՀ երթի ժամանակ նա հայտարարեց, որ բացի Սերժ Սարգսյանից եւ Հովիկ Աբրահամյանից, ինքն այսուհետեւ պահանջում է նաեւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականը։
Ըստ նրա՝ «ամենակարգին մարդը կառավարությունում, միակ լույսը ամբողջ խավարի մեջ Սեյրան Օհանյանն է՝ հերոս մարդ, նվիրյալ, պարկեշտ նվիրյալ ընտանիքի հայր: Կարող է դառնալ հրաշալի նախագահ Հայաստանի համար: Այսօր մենք, ցավոք, զեկուցում եք, որ այն մարդը, որը կարող է դառնալ ՀՀ նախագահը, մասնակցել է պետական հանցագործության՝ ուղարկելով զինվորներին բաց, ուղղորդված քվեարկության: Եվ ես պահանջում եմ Սեյրան Օհանյանի հրաժարականը»…
Երթի մասնակիցներին ուղեկցում էին մեծ թվով ոստիկաններ՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ եւ նրանք. որ ամենատարբեր հրաժարականների պահանջ էին լսել՝ եւս տարակուսանքով էին նայում իրար… Բայց հետո, ինչպես միշտ հնչեց համազգային հանրահավաք հրավիրելու կոչը՝ արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով:
Սեյրան Օհանյանը անպատասխան չթողեց իրեն ուղղված խոսքը. «Լավ կլիներ, որ Րաֆֆին որպես քաղաքական գործիչ այլ բաներով զբաղվեր… Յուրաքանչյուր ոք կարող է հրաժարական պահանջել, ես չեմ կարող հրաժարվել հայրենիքին ծառայելուց»,- ասել է պաշտպանության նախարարը: Իսկ այն հարցին՝ կա՞ն նման քննարկումներ, որ ինքն է լինելու հաջորդ նախագահը, Սեյրան Օհանյանը հարցին հարցով պատասխանեց. «Ի՞նչն է ձեզ հետաքրքրում, ի՞նչն է ձեզ մտահոգում: Ես այսօր իմ դերը իրականացնում եմ որպես պաշտպանության նախարար, չեմ դադարելու ծառայել իմ հայրենիքին, թողեք ես ինքս տնօրինեմ իմ ճակատագիրը»:
Երեկ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ նոր խորհրդակցություն է անցկացրել, եւ ոստիկանության աշխատակիցները կրկյին հրահանգներ են ստացել երկրի ներքին կայունությունը պահպանելու համար: Քաղաքացիական եւ քաղաքական բոլոր նախաձեռնությունները պետք է հենվեն եւ ուղեկցվեն իրավական բոլոր պահանջների բավարարմամբ:
Հետաքրքիր է, որ «Նոր Հայաստան»-ի անդամ ազատամարտիկների շրջանում երեկ ձեռբակալություններ եղան, որ կարող են առնչվել վերջերս բացահայտված հանցավոր խմբի գործունեությանը: Անգամ խոսվում էր Ժիրայր Սեֆիլյանի հնարավոր ձեռբակալման մասին: Բայց նման հարցերում պետք է սպասել պաշտոնական հայտարարությունների:
Այս ընդդիմադրական տարաբնույթ համապատկերին անդորրի պես մի բան էր ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե պատրաստվում է կառուցողական ընդդիմություն ձեւավորել: Նրա համար անհասկանալի է այն պայքարի ձեւը, որ ընտրել են ՀԱԿ-ական պատգամավորները՝ պայքարել ԱԺ նիստերին չգալով:
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «չենք ընկճվում եւ ինստիտուցիոնալ ընդդիմություն ենք կառուցում: Մեծամասնության իրավունք հաստատելու համար անհրաժեշտ է վերահսկել ընտրությունների օրինականությունը»:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 43 (389), 2015թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



