Մեզ նոր «լուսավորչական» փրկիչներ պետք չեն – Կայացավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն… Պետք է գտնել մի ուժի, որ պարզապես վստահելի հենարան կլինի՛ եւ իրեն մեր երկրի ու ազգի փրկիչը չի՛ համարի…

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ամբողջ տարածքում գործում էր 1997 ընտրատեղամաս: Ըստ ՀՀ ԿԸՀ հրապարակած նախնական արդյունքների (եւ վերահաշվարկից հետո), հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2.567.047 քաղաքացիներից մասնակցել են 1.303.466-ը կամ 50,77%-ը, որոնցից «այո» են քվեարկել 825.832-ը կամ 63,35%-ը, «ոչ»՝ 421.610-ը կամ 32,35%-ը, անվավեր է ճանաչվել 53.331 քվեաթերթիկ, անճշտությունների թիվը 824 է: Հաշվարկի վերջնաժամկետը կլրանա դեկտեմբերի 11-ին ժամը՝ 14:00-ին:

ԿԸՀ-ն հրապարակել է նաեւ էլեկտրոնային եղանակով քվեարկության արդյունքները՝ 265 քաղաքացի իրավունք է ունեցել մասնակցել էլեկտրոնային քվեարկությանը, բայց մասնակցել է 245-ը: Քվեարկության արդյունքում 9 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: 229 հոգի քվեարկել է կողմ, 7-ը՝ դեմ: Վերջնական արդյունքները կհրապարակվեն այդ օրից սկսած՝ 7 օրվա ընթացքում:

Ներկայացվեցին ամփոփ տվյալները նաեւ ըստ մայրաքաղաքի ու մարզերի: Երեւանում քաղաքի 5 տեղամասերի արդյունքներով «այո» է քվեարկել 2251 ընտրող՝ 52,9%-ը, «ոչ»՝ 601՝ 41,2%-ը։ Արագածոտնի մարզի 6 տեղամասերի արդյունքներով «այո» է քվեարկել 1023 ընտրող՝ 66,5%-ը, «ոչ»՝ 452-ը՝ 30,5%-ը։ Արարատի մարզի 1 տաղամաս՝ «այո» է քվեարկել 349-ը՝ 77,9%-ը, «ոչ»՝ 39-ը՝ 19,7%-ը։ Արամավիրի մարզի 14 տեղամասերի համաձայն «այո» է քվեարկել 4645-ը՝ 72,9%-ը, «ոչ»՝ 1268-ը՝ 23,2%-ը: Գեղարքունիքի մարզ 5 տեղամարում «այո» է քվեարկել 2566-ը՝ 76,5%-ը, «ոչ»՝ 444՝ 20,7%-ը։ Լոռու մարզի 9 ընտրատեղամասերում՝ «այո» է քվեարկել 2212-ը՝ 56,2%-ը, «ոչ»՝ 465-ը՝ 39,2%-ը: Կոտայքի մարզ 7 տեղամասում «այո» է քվեարկել 1024-ը՝ 66,6%-ը, «ոչ»՝ 219-ը՝ 29,8%-ը, Շիրակի մարզ 10 ընտրատեղամասում «այո» է քվեարկել 1082-ը՝ 52%-ը, «ոչ»՝ 454-ը՝ 42,4%-ը։ Սյունիքի մարզ 9 ընտրատեղամասում «այո» է քվեարկել 478-ը՝ 71,6%-ը, «ոչ»՝ 58-ը՝ 25,1%-ը, Վայոց ձորի 6 ընտրատեղամասում 1746-ը «այո» է քվեարկել՝ 78,5%-ը, «ոչ»՝ 214-ը՝ 18,4%-ը։ Տավուշի մարզ 3 ընտրատեղամասում 830-ը քվեարկել է «այո»՝ 58,5%-ը, 583-ը՝ «ոչ»՝ 37,1։

Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն դիտարկել են 18 տեղական եւ 4 միջազգային կազմակերպություններ: Դիտորդներ կային օտարերկրյա ԿԸՀ-ների կողմից եւ ՀՀ-ում հավատարմագրված դեսպանություններից:

Նույն օրը հանրապետության 26 համայնքներում տեղի են ունեցել համայնքների ղեկավարների ընտրություններ:

Մինչ հանրաքվեի օրը ընդդիմադիր ուժերը փորձեցին համախմբել «Ոչ»-ի ճակատը, սակայն ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական կազմակերպություններին դա չհաջողվեց: Փորձեցին նաեւ միասնաբար կազմակերպել «ոչ» ասող մարդկանց համախմբումը մայրաքաղաքում եւ մարզերում, դարձյալ՝ ապարդյուն: Բազմաթիվ ընտրություններ տեսած քվեարկության իրավունք ունեցողներն այլեւս չեն հավատում, որ կեղծվելու դեպքում գործող ընդդիմությունն ի վիճակի կլինի տեր կանգնել իրենց ձայներին, տված խոստումներին…

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին, երբ որոշակիորեն միասնական հանդես եկող ընդդիմությունից միայն «Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն էր դրել իր թեկնածությունը, շուրջ 500 հազար քաղաքացի քվեարկեց նրա օգտին: Բայց հետո, երբ այսպես ասած, նա պետք է «տեր կանգներ» իր՝ իբր ավելի շատ հավաքած ձայներին (արդեն ինքզինքը նախագահ էր հռչակել եւ անգամ գործող նախագահի հետ հանդիպումն էր սկզբում մերժել), մնաց միայնակ: Միայն նրա կուսակիցները եւ ձախողված որոշ նախագահի թեկնածուներ կանգնեցին նրա կողքին, եւ այդ 500 հազարից անգամ 50 հազարը չեկան Ազատության հրապարակ: Իսկ 5 հազար հավաքվածները իրենց քանակով հասկացնել տվեցին վերջնականապես, որ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, «Ազատ դեմոկրատներ»-ը, անգամ ՕԵԿ-ն ու անկախ պատգամավորները պարզապես դեմ են գնացել ՀՀԿ-ին եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանին ու իրենց ընտրաձայները ուղղորդել են «Ժառանգության» նախագահին: Բայց այլեւս ցանկություն չունեին պարտված նախագահի թեկնածուին սատարելու եւ ակամա ընդդիմության առաջնորդ դարձնելու… Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջ էր գնում ա՛յդ նպատակին միտված:

Այս պատմությունը այն բանի համար էր, որ այսօր էլ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ մի ինչ-որ հարաբերական միասնություն եղավ, որը շատ արագ ցրվեց հանրաքվեի նախնական արդյունքները հրապարակելուց հետո: Բողոքի ցույցերով դեռ որոշ ժամանակ միասնաբար գործելու քայլեր կանեն, բայց մինչեւ այն պահը, երբ որեւէ կուսակցապետի կա՛մ կհաջողվի դառնալ ընդդիմության առաջնորդ կա՛մ՝ ոչ:

Մինչ քվեարկությունը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպեց դիտորդական առաքելության ղեկավարներին եւ հատկապես հույս ուներ, որ ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը չի ճանաչի հանրաքվեի արդյունքները: ԵԽԽՎ-ն արդեն քանիցս ապացուցել է, որ ադրբեջանական խամաճիկների մեծամասնություն կա եւ Բաքվի նավթադոլարային վարձատրությամբ է աշխատում: Ըստ ամենայնի, այս դիտորդական առաքելության ղեկավար, շվեցարացի պատգամավոր Անդրես Գրոսսը հույս էր տվել եւ, ինչպես երեւաց հանրաքվեից հետո, հուսախաբ չարեց ընդդիմությանը… Նույն հարցերով Լեւոն Զուրաբյանը հանդիպել էր ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Ակռամաշո Ֆելալիեւին, բայց այստեղ ընդդիմադիր հույսերը չարդարացան։

Այս ընթացքում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը առճակատումների էր գնում, փորձում էր ամեն գնով հասնել բախումների: Եվ ընդդիմադիր մամուլը հաճախ էր աղաղակում, թե «հերթական հարձակումը եւ սադրանքը գրանցվեց Ազատության հրապարակում»: Բայց իրականում մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր մարդկանց եւ ոստիկանական շարքերի հերթական հրմշտոցի, աղմուկ-աղաղակի, այս կամ այն քաղաքացուն այս կամ այն մեղադրանքով ոստիկանական տեղամաս տանելու եւ հետո բաց թողնելու մասին էր ընդամենը խոսքը…

«Ընդդիմության միասնական շտաբ» կար գործող, որը առավելապես զբաղվում էր այս կամ այն ցույցը «հարձակողական» դարձնելու, հետո էլ այդ հարձակվողներին բերման ենթարկվելուց հետո ազատալու գործերով: Սա պարզապես նման է մի շատ ծանոթ տեսարանի, որից հոգնել ենք վաղուց: Այսպես են գործել նաեւ նախկինում ընդդիմադիր դարձող, այդ անունը սեփականաշնորհող այն ուժերը, որոնք այլեւայլ տեղերից դրա համար վճարներ են ստանում եւ, ուզած թե չուզած, պետք է աղմուկ-աղաղակ ապահովեն: Այսպես է նաեւ այսօր եւ խորհրդարանական որոշ ուժերի պատգամավոր ներկայացուցիչների եւ արտախորհրդարանական երկրի նախագահացուների շրջապատում: Այսպես է նաեւ այլեւայլ իրավունքներից բարբաջող այհ հ/կ-ների մոտ, որոնք պարզապես ընդդեմ երկրի ու ազգի գործելու համար շռայլորեն դրամաշնորհվում են…

Դառնալով հանրաքվեից հետո առաջացած իրավիճակին՝ նշենք. կատարվեց այն, ինչ սպասվում էր:

Վերոհիշյալ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, թե «ընտրակեղծիքների ծավալը հասնում է կես միլիոն ձայնի»: Կարծես մի կարոտախտ կա ՀՀ նախագահի անցած ընտրություններից մնացած կես միլիոն ձայնի առումով: Ըստ նրա, նախորդ 3 հանրաքվեներում ընտրողների մասնակցությունը տատանվել է 1 միլիոն 200 հազարից մինչեւ 1 միլիոն 500 հազարի միջեւ։ Մինչդեռ Սերժ Սարգսյանի իշխանության օրոք 300 հազար մարդ է արտագաղթել պաշտոնապես, «սրանք ժողովրդագրությունն էլ են կեղծում։ Բայց անգամ այս թիվը բացահայտում է, թե ինչ մասշտաբի կեղծարարություն է տեղի ունեցել»,-

ասել է ՀԱԿ պատգամավորը՝ դեռ մինչեւ հանրաքվեի ավարտը նշելով, թե «ոչ»-ն արդեն հաղթել է, քանզի «իշխանությունները հիմա հայտարարում են իրենց համար լավ արդյունք ունեցող տեղամասերի արդյունքները, ըստ որի 80 հազար հավաքել է «այո»-ն, 20-հազար «ոչ»-ը»»: Այսպիսի տարօրինակ տրամաբանությամբ էլ շարունակել է, թե սա մեկ նպատակ ունի. «Որ ընտրակեղծարարների ոգին այսպես ասած բարձր լինի, որ նրանք չհասկանան, որ ջախջախիչ պարտություն են կրում Հայաստանում»։

«Նոր Հայաստան»-ն էլ հանրահավաք հրավիրեց Ազատության Հրապարակում, որին մասնակցեցին այդ փրկության ճակատի անդամները, որ երթով շարժվեցին դեպի ԿԸՀ։ Նրանք պահանջում էին չեղյալ հայտարարել քվեարկությունը, քանի որ ընտրության կեղծումը ծանրագույն հանցագործություն է: Այս ծայրահեղությամբ էլ նրանք հայտարարեցին, որ «մեր երկրում տեղի է ունենում պետական հեղաշրջում ու մենք հնարավորություն ենք ընձեռում իշխանություններին հետ կանգնել այդ վտանգավոր ճանապարհից»։ Եթե «Նոր Հայաստան»-ն իր համար երկրի նախագահ, վարչապետ ու նախարարներ ունի (նաեւ հիմնադիր խորհրդարան) արդեն, ապա սա «հաստատ» հեղաշրջում է:

Բայց մի հարց է ծագում, եթե «Նոր Հայաստան»-ն ունի նախագահ, վարչապետ եւ խորհրդարան, ապա ինչու՞ չի ստեղծել ԿԸՀ եւ ինչու՞ ինքը չի վերահսկել ընտրատեղամասերը: Եվ վերջապես՝ ինչու՞ «Նոր Հայաստանի» քաղաքացիները ընդամենը մի քանի հարյուր հոգով, ցույցով ու հանրահավաքով ցանկանում են որոշել ամբողջի փոխարեն: Արդյո՞ք իրենց հայտարարությամբ՝ այս իշխանություններն ավելի շատ հետեւորդներ չունեն, քան՝ իրենք: Ինձ համար այս դեպքում մեկ է դառնում կարգավիճակը (իրականում՝ մեկ չէ, կա պետական մտածողության եւ անվտանգության խնդիրը), եւ ինչ է ստացվում՝ ավելի քիչ քանակ եւ ընտրաձայն ունեցող մի ուժ ավելի շատ քանակ ու ընտրաձայն ունեցող իշխանությանը համարում է անօրինական եւ իր սակավաթվությամբ ու անտրամաբանական քայլերով հավակնում է դառնալ նոր իշխանություն: Սա՞ է նրանց ժողովրդավարական համակարգը, որի չգոյության մեջ մեղադրում են գործող իշխանությանը…

Իսկ «Ոչ»-ի համատեղ շտաբը շարունակում է հայտարարել, որ բազմաթիվ ահազանգեր է ստանում ընտրատեղամասերից՝ կապված «լրացուցիչ ցուցակների» հետ։ Եվ կրկին այդ «բազմաթիվ ահազանգերի» հեղինակները, ովքեր հաստատ վրդովված պիտի լինեն, դուրս չեն գալիս բանավոր կամ գրավոր խոսքի ազդեցության տակից:

Փաստաթղթային բոլոր բաղոքները արդեն ԿԸՀ-ի եւ դատախազության ուշադրության կենտրոնում են։ Որոշ ապօրինություններ էլ առաջին հերթին քննվում են ոստիկանությունում, բայց բողոքող զանգվածի, եթե այդպիսիք իրոք կան, հսկայական մասը այդպես էլ չի երեւում տեսադաշտում:

Իսկ ԿԸՀ-ն արձագանքեց ցուցարարներին, որոնք խումբ-խումբ հավաքվել էին հանձնաժողովի շենքի մոտակայքում՝ իրենց ունեցած որոշակի մտահոգությունների կապակցությամբ ցանկանում էին քննարկումներ անցկացնել ԿԸՀ նախագահի հետ: Հանձնաժողովի մամլո ծառայությունը հայտնեց, որ իրենց ամբողջ կազմը, ներառյալ՝ նախագահը, ներկայումս իրականացնում են օրենքով իրենց վերապահված գործառույթները՝ ՀՀ տարածքում 2015թ. դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքների ամփոփման կապակցությամբ: Հայտարարվեց նաեւ, որ ԿԸՀ-ն պատշաճ ընթացակարգերից դուրս, առանց գրավոր հիմքերի իրավասու չէ կատարել քաղաքացիների ընդունելություն, մասնավորապես, նրանց հետ բանավոր քննարկումներ անցկացնել ինչպես նրանց կողմից հնչեցված ընդհանուր մտահոգությունների, այնպես էլ ենթադրյալ խախտումների վերաբերյալ:

ԿԸՀ-ն հավաստիացրեց, որ «պատշաճ կարգով ներկայացված ցանկացած դիմում, բողոք կամ պահանջ օրենքով սահմանված ընթացակարգերի շրջանակներում պատշաճ քննարկման առարկա կդառնա»:

Ինչեւէ, իբրեւ ամփոփում նկատեմ, որ իշխանությունն աչքիս լույսը չէ, բայց, ցավոք, մենք ունենք այնպիսի ընդդիմություն, որ ավելի լավ է այլ լուսատու փնտրել:

Այնպիսի՛ մի ուժի, որ կիմանա իր չափը, տեղը՝ իրական հնարավորություններից ելնելով եւ, ամենակարեւորը, իրեն մեր երկրի ու ազգի փրկիչը չի համարի: Հավատացեք, փրկիչին տեսնում եւ հետեւից գնում են բոլորը:

Որովհետեւ փրկիչն իր գործն անում է լռելյայն… Եթե չասեմ, որ մեզ «լուսավորչական» փրկիչներ պետք չեն… մեզ այսօ՛ր ու մի՛շտ պետք են արարող գործիչներ:

Անի Մարության եւ Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 43 (389), 2015թ.

«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.