Այն պահից, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի հանդեպ տնտեսական սահմանափակումների հրամանագիր ստորագրեց, Անկարան հասկացավ, որ որոշակի ժամանակահատվածում ինքը տանուլ է տալու ոչ միայն տնտեսական, այլեւ՝ քաղաքական առումներով: Նախ՝ արգելվեց թուրքական ծագման ապրանքների ներկրումը ՌԴ, այնուհետեւ՝ թուրք միգրանտների աշխատանքը ՌԴ-ում: Դրան հետեւեց չարտերային թռիչքների արգելքը, իսկ այլ սահմանափակումների ցանկը մանրամասն կմշակի կառավարությունը: Ռուսաստանում գործող թուրքական նորաձեւության որոշ ապրանքանիշեր ստիպված կլինեն հեռացնել իրենց «Պատրաստված է Թուրքիայում» գովազդային վահանակները: Այս ամենից հետո Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի պահվածքում ոչինչ չփոխվեց, նա ամպագոռգոռ ելույթներ էր ունենում. «Ռուսաստանի սանկցիաները մեզ համար ոչինչ են՝ մի քանի միլիոններ: Մենք դրանք կրկին ունենալու տեղերը գիտենք»: Էրդողանը, սակայն, մոռանում էր նշել, որ այդ մի քանի միլիոնները ընդհանուր չափ չեն, այլ՝ ամեն սահմանափակում ենթադրող ոլորտում՝ առանձին-առանձին:
Երբ Մոսկվան սառեցրեց բանակցությունները «Թուրքական հոսքի» եւ «Ակկույու» միջուկային կայանի հետ կապված, Անկարան հասկացավ՝ իրավիճակը կարող է էլ ավելի բարդանալ: Բայց Էրդողանը հետ կանգնել չի կարող, քանզի խաղը չսկսած՝ կարող է տանուլ տալ, քանզի ինչպես ասում են՝ էշին նստելը մի ամոթ է, էշից իջնելը՝ մեկ այլ: Ինչպես հաղորդում է «Հաբեր թյուրքը», Էրդողանը երեկ հայտարարություն է արել. «Մեր ազգը սովոր է տառապանքների, դարերով սովոր է: Եվ մենք առանց ռուսական գազի չենք կորչի: Գազ կգնենք այլ երկրներից, եւ աստծո օգնությամբ կհաղթահարենք խնդիրները»: Ռուսական մամուլը Թուրքիայի նախագահի այս հայտարարությունը կոչեց «ընդամենը հնչեղ հայտարարություն», «դատարկ տեղ» կամ «զուր երազանքներ»:
Այս եւ նմանատիպ այլ որակումներով ռուսատանյան մամուլը խորհուրդ է տվել Անկարային՝ «թռչել եւ հետո միայն ասել՝ հոպ»:
Մամուլը փակագծերը բացել է. բանն այն է, որ Անկարան հույս ունի, որ բացի ադրբեջանական գազից, կստանա աջակցություն նաեւ համաթուրանական դաշինքի անդամ Ղազախստանից, Թուրքմենստանից եւ Ուզբեկստանից: Մինչդեռ Ղազախստանն ու Թուրքմենստանը ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամներ են (Ղազախստանը՝ նաեւ ԵՏՄ) եւ ըստ իրենց ստանձնած պարտավորությունների, չեն կարող անտեսել իրենց ռազմաքաղաքական դաշնակից Ռուսաստանի շահերը, այդ թվում՝ տնտեսական:
Ուշադրություն դարձնենք, որ եթե այս երկրները Հայաստանի դեպքում կարողացան պաշտպանել Ադրբեջանի շահերը, ապա նույնը անել չեն կարող Ռուսաստանի դեպքում՝ պաշտպանելով Թուրքիային: Իսկ Ուզբեկստանը, որ ԱՊՀ անդամ չէ, չունի ծովային տարածք, որպեսզի առանց Ղազախստանի եւ Թուրքմենստանի կարողանա գազ առաքել Թուրքիա: Մնում է իրանական գազի տարբերակը, որ շատ ավելի թանկ կարժենա՝ դատելով Իրանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպման հայտարարությունից: Բացի այդ՝ Մերձավոր Արեւելքից Անկարան հազիվ թե կարողանա օգտվել՝ վերջին սրացումները հաշվի առնելով: Բացի այս ամենը՝ ռուսական զինուժը խստացրել է իր հսկողությունը թուրքական ուղղությամբ:
Իսկ Իսրայել-Թուրքիա՝ դեպի Եվրոպա գնացող գազախողովակը դեռ մնում է որպես նախագիծ:
Փակագծերում հավելեմ, որ եթե Ղազախստանը նույնիսկ համաձայն էլ վեր կանգնել իր տնտեսական շահերից եւ օգնել եղբայրական Թուրքիային, նա դա անել չի կարող, քանզի Ղազախստանում նավթարդյունաբերության մեջ չինական ընկերությունների մասնաբաժինը կազմում է 20-25%, որը, ուշադրություն դարձնենք, շատ քիչ չափով է զիջում պետական «Կազմունայգազ»-ին։ Իսկ Թուրքմենստանում Չինաստանը որպես գազի հիմնական գնորդ շրջանցել է «Գազպրոմին» (թուրքմենական գազի 61%-ը արտահանվում է Չինաստան)։
Ինչեւէ: Դատելով թուրքական հրապարակումներից՝ Անկարան այնքան էլ չէր սպասում, որ Մոսկվան ատոմակայանի հետ կապված բանակցությունները կսառեցնի: «Մոսկվան մի քայլ է անում, որ անգամ իր շահերին է կպչում: Զգուշանալ է պետք»,- արձագանքել են որոշ փորձագետներ՝ նկատի ունենալով, որ ընդհանրապես ատոմակայանների հետ կապված հարցերը ինչքան էլ քաղաքական են, այնուամենայնիվ, կարծես վերջին տարիներին աշխարհում զերծ են մնացել զուտ՝ կոպիտ քաղաքական շահարկումներից:
Գանք Թուրքիայի հույս ադրբեջանական գազին: Այստեղ են ասել՝ քաչալը դեղ գիտենա, իր գլխի ճարը կտեսնի: Ադրբեջանն ինքն է սկսել տանուլ տալ ոլորտում (նորվեգական «Սթեյթ օյլի» հետ կապված վերջին դեպքերը «ՀՀ»-ն ներկայացրել է): Ադրբեջանի ամբողջ հույսն իր SOCAR նավթագազային ընկերությունն է, քանզի SOCAR-ն է լցնում պետական բյուջեն, զինում սրանց բանակը: Մինչդեռ հիմա SOCAR-ը կորցնում է իր ազդեցության ոլորտները, վերջերս նույնիսկ Վրաստանում զրկվեց իր մենաշնորհային դիրքից: Մի խոսքով, որպեսզի SOCAR-ի տանուլ տված խաղերը հերթով չներկայացնենք, ընդամենն ասենք, որ Ադրբեջանը վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ ստիպված է շեշտակիորեն կրճատել իր երկրի գլխավոր ֆինանսական զամբյուղի չափերը:
Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ֆինանսների նախարարությունը, հաջորդ տարվա իրենց պետբյուջեի եկամտային մասը կանխատեսվում է 14 միլիարդ 566 միլիոն մանաթ (1 դոլարը՝ 1,05 մանաթ), ինչը 2015թ. համեմատ 25,1%-ով քիչ է: Կրճատվել է նաեւ ծախսային մասը. այն կազմում է 16 միլիարդ 264 միլիոն մանաթ, ինչը այս տարվա բյուջեի համեմատ 22,9%-ով պակաս է: Սա նշանակում է, որ SOCAR-ը քիչ գումարներ է տակու բյուջեին:
Դատելով SOCAR-ի տվյալներից՝ իրենք հաջորդ տարի բյուջե են մուծելու 43%-ով պակաս գումար, քան այս տարի են մուծել: Ասենք, որ այս 43%-ը միլիոններ չեն, տասնյակ միլիարդներ են: Եվ, ի դեպ, SOCAR-ի գործունեության հստակ ուղղություններն էլ են նշված՝ միջազգային ֆիքսված պայմանագրերով, որոնց ծավալները նույնպես կրճատվել են՝ պայմանավորված տարեցտարի ավելի դժվարացող արդյունահանմամբ:
Ահա իր այս փոքր եղբոր ու այս ընկերության վրա է հույս դրել Թուրքիան: Դրա համար ասացի՝ քաչալը դեղ գիտենա… Բաքուն դեռ միջազգային պայմանագրերով ֆիքսված ծավալները պիտի կարողանա ապահովել……
Այս ամենով հանդերձ՝ թյուրքը թյուրք չէր լինի, եթե չշարունակեր իր էժանագին խաղերը: վերջերս էլ SOCAR-ն ասաց, թե հաջորդ տարի լիքը փող է տալու ադրբեջանական բյուջեին: Տեղի փորձագետներն անգամ ծաղրեցին, թե նշյալ՝ 43%-ով պակասը կլինի 42,9%-ով պակաս:
Գանք SOCAR-ի հայտարարությանը. «Մենք շահագործման կհանձնենք նավթավերամշակման եւ նավթաքիմիական համալիրը»: Այս մասին խոսել է նաեւ Ադրբեջանի էներգետկայի նախարարի տեղակալ Գյուլմամեդ Ջավադովը Բաքվում կայացած 19-րդ՝ «ԱՊՀ-ի նավթավերամշակման եւ նավթաքիմիայի շաբաթ» տարեկան համաժողովում: Այստեղ խոստումներ են հնչել գրեթե ամբողջ աշխարհին՝ ով գազ ու նավթ ուզի, Բաքուն կհանի-կտա: Իսկ թե երբ շահագործման կհանձնվի համալիրը, պարզ չէ, անհրաժեշտ է 17 միլիարդ դոլար:
Կլինե՞ն տվողներ. շատ մասնագետներ են տարակուսել ադրբեջանական թերթերում: Ադրբեջանի էներգետկայի նախարարի տեղակալը «շռայլ է գտնվել»՝ իտալական, ավստրիական եւ գերմանական կողմն է «մեծ ցանկություն ու առավել մեծ շահագրգռություն ցույց տվել»: Ի պատասխան լրագրողների հարցադրումների՝ հստակեցման խնդրանքով, թե հատկապես որ կողմից ինչ ընկերություն է հետաքրքրություն ցուցաբերել, Ջավադովը ավարտել է հարցուպատասխանը:
Հետո զլմ-ները գրեցին, թե մեղմ ասած, կասկածում են էներգետիկայի փոխնախարարի խոսքերին այն էլ մի ժամանակահատվածում, երբ Եվրոպան շատ զգույշ է արտահայտվում Ռուսաստան-Թուրքիա սրացումների հետ կապված եւ, կարծես, լուռ դիտորդի դերում է:
Ի դեպ, այս զարգացումներից հետո Աշգաբադը սկսել է Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան խողովակաշարի կառուցումը: Ռուսաստանում սա գնահատում են իբրեւ հարված թիկունքից: Խողովակաշարի միայն թուրմենական հատվածի կառուցումը 3 տարի կտեւի: Երբ ծրագիրը շահագործվի, այն հնարավորություն կտա այս երկրին գազ մատակարել ասիական արագ ընդլայնվող շուկաներին:
Նկատի ունենանք, որ Թուրքմենստանը գազի պաշարներով 4-րդն է աշխարհում:
Աշգաբադը հայտարարում է, որ այս նախագծով իր տնտեսական շահն է պաշտպանում:
Իհարկե, դա կա, բայց այդ շահը չէր կարող այսքան համարձակ դարձնել Թուրքմենստանին: Իսկ այսպես լուրջ առճակատում է նախատեսվում Մոսկվայի հետ, քանի որ Մոսկվան խոշոր պայմանագիր կնքելով Չինաստանի հետ, հույս ունի ծավալվել ասիական շուկաներում՝ այդպիսով մեծ շահույթներ ստանալով եւ դիմակայելով Արեւմուտքի տնտեսական ճնշումներին: Ռուսական այս ցանկությունը մասամբ կասեցրեց Թուրքմենստանը:
Այստեղից եզրակացություն, որ Աշգաբադի համարձակությունը մեծացել է Թուրքիայի միջոցով փոխանցված խոստումներից, որի հետեւում իրապես Արեւմուտքն է: Փաստորեն, սա Արեւմուտքի հերթական ճնշումն է Ռուսաստանի վրա, որն իրականացվում է համաթուրանական դաշինքի անդամ երկրների միջոցով:
Այս մասին արդեն բարձրաձայնում են ռուսաստանցի տարբեր փորձագետներ ու մասնագետներ:
Ի միջի այլոց, եթե ռուսական կողմը գոնե մի անգամ իրապես իր մաշկի վրա զգա ինչ ասել է թյուրքականություն, գուցե խելքի գա եւ այլեւս իր դաշնակիցներին այլ աչքով նայի:
Աստղինե Քարամյան
Բաքվի վերջին հույսն էլ մարեց
Կրեմլում կանխատեսում են, որ նավթի գինը երկար ժամանակ ցածր կլինի: «Մենք համոզմամբ‘բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ նավթի գները 40 դոլարից ցածր մակարդակում կպահպանվեն բավական երկար»,- «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Անդրեյ Բելոուսովը:
հիշեցնենք, որ նավթի գները կտրուկ սկսել են ընկնել ՕՊԵԿ-ի դեկտեմբերի 4-ի նիստից հետո:
Բանն այն է, որ նիստի ընթացքում կազմակերպության անդամ երկրները որոշում են կայացրել չավելացնել նավթի արդյունահանման քվոտաները եւ պահպանել օրական 30 միլիոն բարել մակարդակի վրա:
Նավթի գների կտրուկ անկման համար մեկ այլ պատճառ հանդիսացավ նաեւ Միջազգային էներգետիկ գործակալության հրապարակած զեկույցը:
Ներկայումս ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հունվար ամսվա մատակարարման ֆյուչերսի գինը կազմում է 38,55 դոլար:
Նավթային ճգնաժամը՝ ինքնասպանությունների պատճառ
Նավթային ճգնաժամը Կանադայում ինքնասպանությունների աճի պատճառ է դարձել: Նավթի գների անկումը հանգեցրել է այն բանին, որ Կանադայի Ալբերտա նահանգում 2015թ. հունվար-հունիսին ինքնասպանությունների քանակն ավելացել է 30%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին գրում է The Guardian-ը:
Ինքնասպանությունների աճի միտում է նկատվել նաեւ Սասկաչեվան նահանգում, որի տնտեսությունը եւս հենված է էներգետիկ ոլորտի վրա: Մասնագետները ինքնասպանությունների աճը կապում են տնտեսական ծանր կացության հետ, ինչն էլ իր հերթին նավթի գների նվազման հետեւանք է: «Հետազոտության համաձայն, գործազրկության 1% աճը 2 տարվա ընթացքում հանգեցնում է ինքնասպանությունների մակարդակի 0,79% աճի»,- այս մասին հաստատել է ինքնասպանությունների կանխարգելման կենտրոնի ղեկավար Մարա Գրյունայը՝ հավելելով որ գործազրկության իրական աճը դեռը առջեւում է:
Վերջին շրջանում Կանադայում հոգեբանի օգնության սկսել են ավելի հաճախ դիմել 20-50 տարիքի անձինք, ովքեր ուղղակի կամ անուղղակի պապված են նավթարդյունաբերության հետ:
Թե Իրանի հետ, թե Վրաստանի
Տարածաշրջանային ինտեգրման համար, ըստ մեր էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության, Իրանի արտահանման զարգացման բանկի աջակցությամբ, 142.4 մլն դոլար գումարով կառուցվում է Իրան-Հայաստան 400 կՎ լարման երկշղթա էլեկտրահաղորդման օդային գիծը եւ 400 կՎ «Նորավան» ենթակայանը (2017թ.): Էլեկտրահաղորդման գծի եւ ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջեւ էլէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 300 ՄՎտ-ից հասցնել 1000-1200 ՄՎտ-ի, միաժամանակ բարձրացնել էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը եւ ՀՀ էներգետիկ անվտանգությունը:
Տարածաշրջանային համագործակցության առումով կարեւորվում է նաեւ Հայաստան-Վրաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի կառուցումը: Ծրագրի նպատակն է միացնել հայկական եւ վրացական էներգահամակարգերը՝ վրացական սահմանին մոտ՝ Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Հրազդանից 400 կՎ գծի միջոցով (առաջին փուլում՝ «Ալավերդի» 220 կՎ գոյություն ունեցող գծի միջոցով): «Էլեկտրահաղորդման գծի կառուցմամբ զգալիորեն կխթանվի էներգետիկայի բնագավառում տարածաշրջանային փոխշահավետ համագործակցության զարգացումը, ինչպես նաեւ կստեղծվի նախապայման ԱՊՀ երկրների էլեկտրաէներգետիկական համակարգի հետ զուգահեռ աշխատանք կազմակերպելու համար»,-վստահեցնում են նախարարությունից:
Ի դեպ, Հայաստան-Վրաստանի էլէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից կհասցվի 700 ՄՎտ-ի:
«Լուսանցք» թիվ 44 (390), 2015թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



