Ադրբեջանում խմել եւ ծխել են ուզում
Ադրբեջանական ճգնաժամը հասել է այն կետի, որ մի շարք դեսպանատներ են փակվելու անգամ՝ պետական ծախսերը խնայելու նպատակով: Ըստ վերլուծաբանների, Ադրբեջանի կառավարությունը համաշխարհային էներգետիկ շուկայում նկատվող ճգնաժամով պայմանավորված է լրջորեն դիտարկում արտասահմանում մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների հնարավոր փակման հարցը։ Ըստ Haqqin.az պարբերականի, այս մասին հայտնել են Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայությունից եւ նշվում է, որ ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի դեսպանությունները հնարավոր է փակվեն Հարավային ու Կենտրոնական Ամերիկայի, ինչպես նաեւ՝ Աֆրիկայի մի շարք երկրներում։
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահն արդեն իսկ հետ է կանչել մի քանի դեսպանների, բայց այժմ ադրբեջանական կառավարությունը դեռեւս չի կողմնորոշվում, թե որ երկրներում փակի իր դիվանագիտական ներկայացուցչությունները։
Ադրբեջանի առեւտրային կենտրոններից իսպառ անհետացել է ալկոհոլը, ինչը պայմանավորված է կառավարության վերջին որոշմամբ, համաձայն որի ալկոհոլը վաճառվելու է միայն բանկային քարտերից վճարելու դիմաց: Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ակցիզային ապրանքների՝ ներառյալ ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի մեծածախ ու մանրածախ վաճառքը կանխիկ տարբերակով արգելվում է: Այսինքն՝ հունվարի 1-ից ալկոհոլի դիմաց պետք է վճարել միայն բանկային քարտի միջոցով:
Սակայն, օրենքը ուժի մեջ մտնելուց 10 օր անց ալկոհոլը անհետացել է խանութներից, այն հնարավոր չէ ձեռք բերել անգամ քարտային վճարման եղանակով: Խոշոր սուպերմարկետների աշխատակիցները հայտնել են, որ իրենց հրամայված է չվաճառել ալկոհոլ եւ առայժմ սպասել: Այլ մանրամասներ հայտնի չեն:
Լենքորանի շրջանի Լիման քաղաքի բնակիչները վերջերս բողոքի ակցիայի շրջանակներում փակել էին Բաքու-Աստարա մայրուղին: Չի բացառվում, որ այս բողոքի ձեւը կկիրառվի այլ բնակավայրերում եւս: Բողոքող քաղաքացիները դժգոհում են ծխախոտի ու ալկոհոլի վաճառքի նկատմամբ սահմանված նոր կանոններից: Ըստ պարբերականի՝ այժմ քաղաքի խանութներում բացակայում են նշված ապրանքները: Ադրբեջանական իրավապահ մարմինների տեղեկացմամբ՝ պարբերաբար քաղաքացիների հետ իրավապահները բանակցություններ են վարում ակցիաները դադարեցնելու եւ ճանապարհները բացելու համար: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հունվարի 10-ի կառավարության նիստի ընթացքում երկիրը տնտեսական ճգնաժամից դուրս բերելու մասին որեւէ կոնկրետ գաղափար չի հնչեցրել: «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին նշել է, որ «դա սովորական խորհրդակցություն էր, որի ընթացքում դարձյալ խոսվել է տարբեր ոլորտների զարգացումների մասին, հնչեցվել են շաբլոն հայտարարություններ՝ նավթային ոլորտի հայտարարությունների մասին»: Ընդդիմադիր գործիչը չի հավատում փոփոխություններին՝ իշխանությունները պարզապես չեն գիտակցում, թե ինչ իրավիճակում է հայտնվել Ադրբեջանն ու ինչ է սպառնում երկրին:
Երկրում ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական ճգնաժամ է:
«Ադրբեջանական հանրության մեջ շարունակվում է դիմակայության մթնոլորտը: Երկրում մինչեւ 100 քաղբանտարկյալ կա: Ադրբեջանը փաստացի մեկուսացման մեջ է: Այդ համապատկերին տնտեսական ճգնաժամը խորանում է: Գներն աճում են ամեն օր, արժութային ճգնաժամը շարունակվում է: Սա միայն ճգնաժամի անոնսն է: Առաջիկա ամիսներին դրա հետեւանքներն ավելի լուրջ են լինելու»,- ենթադրում է Արիֆ Հաջիլին։
Բաքվում գրեթե դադարել է դոլարի եւ եվրոյի վաճառքը. տարադրամի փոխանակման կետերը շարունակում են փակ մնալ: Արտարժույթ հնարավոր չէ ձեռք բերել անգամ պլաստիկ քարտերի օգնությամբ: Արժութային շուկան փաստացի կաթվածահար է: Այդ վիճակը հանգեցնում է նաեւ ներկրվող ապրանքների գնաճին:
Ադրբեջանի գահավիժումը շարունակվում է
Վրաստանի Սուփսա, Բաթում եւ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստներով փոխադրվող եւ համաշխարհային շուկաներում իրացվող ադրբեջանական Azeri LT CIF տեսակի նավթի 1բարելն արդեն 3,47%-ով կամ 1,18 դոլարով էժանացել է: Դա պայմանավորված է այն բանով, որ նավթ արդյունահանող երկրների միությունը` OPEC-ը որոշել է չնվազեցնել նավթի արդյունահանման ծավալները:
Ներկայումս Azeri LT CIF տեսակի նավթի գինը 1 բարելի դիմաց հասել է 32,81 դոլարի:
Azeri LT CIF տեսակի նավթի նվազագույն գինը` 1 բարելի դիմաց 19,15 դոլար գրանցվել է 2001թ. դեկտեմբերին, իսկ առավելագույն գինը` 149,66 դոլար 2008թ. հուլիսին: Ներկա դրությամբ` համաշխարհային շուկայում Brent տեսակի նավթի 1 բարելն արժե 31,20 դոլար, WTI նավթի1 բարելը` 30,79 դոլար:
Ադրբեջանի պետական մաքսային ծառայության զեկույցում նշված է, որ անցյալ տարվանից սկսված նավթի էժանացման արդյունքում Ադրբեջանի նավթային եկամուտները անցյալ նոյեմբերի դրությամբ մոտ 9 մլրդ դոլարով նվազել են: Նավթի համաշխարհային գների եւ մանաթի փոխարժեքի անկման պատճառով Ադրբեջանի տնտեսությունը հայտնվել է ճգնաժամի մեջ. փակվել են նավթաարդյունաբերության մի շարք ձեռնարկություններ, պետական ու մասնավոր հաստատություներ, հազարավոր աշխատավորներ գործազուրկ են դարձել, Ադրբեջանի տնտեսական աճն օրեցօր նվազում է, միջազգային վարկանիշային գործակալությունների համաձայն` Ադրբեջանական բանկերը կանգնած են ռիսկի սահմանին:
Այս երկրի բյուջեն դեֆիցիտային է դարձել: Եկող տարվա բյուջեն անցյալ տարվա պետբյուջեից մոտ 2 անգամ փոքր է սահմանվել. 2 անգամ կրճատվել է նաեւ Ադրբեջանի 2016թ. ռազմական բյուջեն` սահմանվելով մոտ 1,7 մլրդ դոլար: 2016թ.պետբյուջեի ծախսային մասը 3,1 մլրդ մանաթով կամ 15%-ով կրճատվել է: Պետբյուջեի օրենքի համաձայն` պետբյուջե եկամտային մասը կանխատեսվում է 14,566 մլրդ մանաթ, ինչը կկազմի ՀՆԱ-ի 25,2%-ը: Պետբյուջեի ծախսերը կկազմեն 16,264 մլրդ մանաթ, կամ ՀՆԱ-ի 28,2%-ը: Դեֆիցիտը կկազմի 1 մլրդ 698 մլն մանաթ, կամ ՀՆԱ-ի 2,9%-ը:
Բյուջետային ցուցանիշները կազմվել են 1 բարելի դիմաց նավթի գինը 50 դոլարի չափով եւ 1 դոլարի դիմաց մանաթի 1,05 փոխարժեքի կանխատեսմամբ:
Ադրբեջանի պետբյուջեն եւ պաշտպանական ոլորտի համար հատկացումները, անցյալ տարվա եղածի համեմատ, գրեթե 2 անգամ նվազելը կապված է նավթի գների շարունակական անկման հետ: ԱՄՆ-ի հեղինակավոր Morgan Stanley, Goldman Sachs եւ Citigroup բանկերի կանխատեսումներով` մոտ ժամանակում նավթի համաշխարհային գինը կարող է 1 բարելի դիմաց կազմել մոտ 20 դոլար:
Ադրբեջանի արտահանման 95%-ը կազմում են գազը, նավթն ու նավթամթերքները, իսկ երկրի պետբյուջեն 75%-ով ձեւավորվում է էներգակիրների արտահանումից ստացվող եկամուտների հաշվին: Ադրբեջանի 2016թ. պետբյուջեում նավթի գինը մեկ բարելի համար նախատեսված է 50 դոլար: Ներկայում այն արդեն պետբյուջեում նախատեսվածից մոտ 18 դոլարով ցածր է:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 1 (391), 2016թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



