Ավստրիայի մայրաքաղաքում վերջ դրվեց Իրանի նկատմամբ պատժամիջոցներին, ինչի մասին ուրախությամբ հայտարարեց նաեւ ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով մասնակցում էր այդ բանակցություններին: Համաձայն հաղորդագրության՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը զեկույցով հանդես եկավ (զեկուցեց ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն)՝ հայտարարելով, որ Իրանը կատարել է Իրանի ու «5+1 խմբի» միջեւ ձեռք բերված համաձայնությամբ նախատեսված պարտավորությունները: Վիեննայում ելույթ է ունեցել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին: Այսպես՝ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն չեղյալ հայտարարեցին Իրանի դեմ պատժամիջոցները:
Զեկույցներից հետո ԻԻՀ ԱԳ նախարարն ու ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ ազդարարելով միջուկային համաձայնության մեկնարկը: Վիեննայում հանդիպեցին նաեւ Իրանի ու Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունների ղեկավարները:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ողջունեց Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման մեկնարկը, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը. «Սա շատ կարեւոր իրադարձություն է, քանի որ Հայաստանը շահագրգռված է խորացնել փոխշահավետ համագործակցությունը բարեկամ Իրանի հետ»:
Այս որոշումը լարել է իրավիճակը Սաուդյան Արաբիայում, այս երկրին Իրանի հետ հակասությունների հարցում պաշտպանող որոշ արաբական երկրներում, նաեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում: Որոշակի նաեւ Իսրայելում, չնայած Թել Ավիվն ամեն բան արեց, որ «միջուկային համաձայնություն» չկայանա: Գուցե սա էր պատճառը, որ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցների ցանկ սահմանեց Իրանի նկատմամբ՝ կապված արդեն բալիստիկ հրթիռների արտադրության եւ օգտագործման հետ՝ այսպիսով սատարելով նաեւ դաշնակից Իսրայելի ջանքերին: Արաբական մի շարք երկրների հետ հարաբերությունների կարգավորման համար եւս Արեւմուտքը փորձում է մեղմացնել խնդիրը խաղաղ ճանապարհով: Բայց Իրանը հայտարարել է, որ չի կարող Սաուդյան Արաբիայում զանգվածային եւ միտումնավոր կատարված մահապատիժը փոխարինել դիվանագիտական հարաբերություններով սահմանափակվելով: ԻԻՀ ԱԳՆ տեղակալ Հոսեյն Ամիր Աբդուլլահյանը նույնպես հայտարարեց, որ դիվանագիտական հարաբերությունների խզումը չի կարող շտկել այն «մեծ սխալը», որը գործեցին Սաուդյան Արաբիայի իշխանությունները՝ մահապատժի ենթարկելով հայտնի շիա քարոզիչ Նիմր ալ-Նիմրին: Սաուդյան Արաբիան էլ մեղադրում է, որ իրանցի ցուցարարները հարձակվել են ԻԻՀ-ում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա եւ հրդեհել շենքը, ջարդել շինության սենյակները: Իրանական կողմը հայտարարել է, որ այդ գործով քննություն է ընթանում, եւ ոստիկանները ձերբակալել են ավելի քան 40 մարդու:
Բրյուսելն ու Մոսկվան էլ են փորձում հարթել իրավիճակը, քանի որ իրանա-սաուդական պատերազմը բոլորովին նոր իրավիճակ կստեղծի ոչ միայն տարածաշրջանում, այլեւ՝ ամբողջ աշխարհում: Սա կվերածվի նաեւ նավթա-գազային պատերազմի, ինչը տնտեսական լուրջ խնդիրներ կառաջացնի անգամ հզոր, զարգացած երկրներում:
Պաշտոնական Թեհրանը կարծես սա հաշվի առնելով է խոսել իր տնտեսության հնարավորությունների մասին: «Իրանի նոր բյուջեի կախվածությունը նավթից 25% է»,- հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Նա Հարավային Փարս գազի հանքավայրի 15 եւ 16-րդ հատվածների շահագործման հանձնման արարողության ժամանակ, անդրադառնալով երկրի տնտեսական զարգացման հեռանկարին, մասնավորապես նշել է. «Թող որոշ շրջանակներ չխոսեն լճացման մասին. կառավարությունը 30 դոլարանոց նավթի գնի պայմաններում է կառավարում երկիրը, ոչ թե 147: Կառավարությունը երկիրը կառավարում է պատժամիջոցների պայմաններում»: Շարունակելով խոսքը՝ ԻԻՀ նախագահը հավելել է. «Նավթ արտադրող եւ արտահանող շատ երկրներ լուրջ խնդիրների առջեւ են կանգնել: Մեր բյուջեի նավթից ունեցած կախվածությունը հազիվ 25% է, այն դեպքում, որ այդ նույն երկրների բյուջեի կախվածությունը նավթից 100% է (Ադրբեջանում ավելի քան 90%,-հեղ.): Եթե ցանկանում էին մեզ վնաս հասցնել, ապա առաջինն իրենց վնասեցին»: Թեհրանում վստահ են, որ երկիրը տանում ենք կատարյալ տնտեսական անկախության ճանապարհով: ԻԻՀ նախագահը նաեւ նշել է, որ ուրախ կլինեն, որ «երկրի հարստություն համարվեն բարձր տեխնոլոգիաները, աշխատաշուկան, երիտասարդների գիտելիքն ու հմտությունները»: Եվ Իրանում կախվածությունը պետք է լինի ներքին տեխնոլոգիաներից, աշխարհի հետ կառուցողական փոխգործակցությունից, ոչ թե նավթի գնի բարձրացումից:
Նույնը չեն կարող ասել Սաուդյան Արաբիայի իշխանությունները, քանի որ կախվածությունը նավթից հսկայական ծավալների է հասնում եւ տնտեսական առումով Էր Ռիադը մրցակից չէ Թեհրանին: Դրա համար էլ Իրանի դեմ պայքարող երկրների դաշինք է ստեղծվել:
Ինչ մնում է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո իրանական նոր քաղաքականության ձեւավորմանը, ապա դա եւս հարթ չի ընթանում: Ռուսաստան-Իրան կապը վաղուց կա եւ որոշակիորեն դաշնակցային է ու քաղաքական առումով շահեկան: Սակայն այժմ Իրանը կարող է նավթ եւ գազ արտահանել Եվրոպա, ինչը եւս շահեկան է, հատկապես տնտեսական առումով: Բայց սա հնարավորություն կտա Եվրոպային նվազեցնել կախվածությունը ռուսական գազից, ինչը քաղաքական դաշնակից Ռուսաստանին ձեռնտու չէ: Բայց Իրանը արդեն բանակցում է Վրաստանի հետ՝ Հայաստանի տարածքով Եվրոպա գազ արտահանելու համար:
Սա ձեռնտու չէ ինչպես Ռուսաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Վերջինիս ԱԳ նախարարը փորձեց Թբիլիսիին հետ պահել Իրանի հետ համագործակցությունից, սակայն եվրոպական ուղղությամբ շարժվող Վրաստանը չէր կարող համաձայնել Բաքվի եսակենտրոն ցանկությունների հետ: «Վրաստանի էներգետիկ քաղաքականությունը չպետք է հարցեր առաջացնի հանրության մեջ»,- հայտարարել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Կելին։
Ռուսական «Գազպրոմ»-ի հետ Վրաստանի իշխանությունների վարած բանակցությունները անհասկանալի են մնացել վրացական հասարակությունում, իսկ ընդդիմադիր ուժերը խիստ քննադատություններով են հանդես գալիս: Փորձագետները պահանջել են հայտնել 2016թ. պայմանագրի մանրամասները եւ պնդել են, որ «Գազպրոմ»-ի հետ համագործակցությունը Վրաստանը զրկում է էներգետիկ անկախությունից։
Եվ ԱՄՆ-ի դեսպանի կոչը հենց թափանցիկության ապահովումն է, ոչ թե դեմ արտահայտվելը: Նրա կարծիքով՝ երկիրը չպետք է կախված լինի էներգիայի մի աղբյուրից, ինչի համար պետք է մտածել դիվերսիֆիկացման մասին։ Անգամ հեռատեսական քայլ է համարել Վրաստանի իշխանությունների բանակցությունները Ռուսաստանի՝ որպես պոտենցիալ էներգամատակարարի հետ։
Այս ամենը հուսադրում է, որ Հայաստանն ի վերջո կդառնա տարանցիկ երկիր եւ կարեւորագույն օղակ տարածաշրջանում: Իրան-Հայաստան-Վրաստան-Եվրոպա (վերջինիս դեպքում՝ նաեւ Ռուսաստան) մեծապես կնպաստի հայկական շահերի առաջխաղացմանը նաեւ ռազմա-քաղաքական տեսանկյունից: Հայաստանի իշխանությունների փոխլրացնող արտաքին քաղաքականությունը կարող է լուրջ հաջողություն գրանցել այս դեպքում:
Մերձավոր Արեւելքում էլ բավականին եռանդուն է գործում Արամ Առաջին կաթողիկոսը: Նա բացի Կիլիկիայի հանդեպ պահանջատիրական քայլերից նաեւ մերձավորարաւելյան խնդիրներով է զբաղվում:
Հաճախ դա իրականացնում է տարածաշրջանի բոլոր քրիստոնյաների շահերը պաշտպանելով, բայց հիմքում հայկական հարցն է: Խոսելով Միջին Արեւելքի ներկա վիճակի մասին՝ նա նշել է, որ այս տարածքը գտնվում է իր պատմության ճակատագրական մի հանգրվանում. «Մենք մերժում ենք ամեն տեսակի բռնություն՝ տեսանելի, թե անտեսանելի: Մենք մերժում ենք կրոնի օգտագործումը որեւէ մեկի կողմից: Մերժում ենք փոքրամասնությունների ու քրիստոնյաների նկատմամբ ցուցաբերված անմարդկային մոտեցումները: Երկար դարեր Միջին Արեւելքը դարձել է կրոնների, մշակույթների, քաղաքակրթությունների համակեցության վայր՝ հակառակ գոյություն ունեցող տարբերությունների»:
Ըստ Արամ Ա կաթողիկոսի, բազմազանության դեմ ուղղված հարվածը վտանգում է այս շրջանի ապագան: Իսկ Միջին Արեւելքում հայ ժողովուրդը հաստատվել է 10-րդ դարից, Կիլիկյան հայկական թագավարության ժամանակներից սկսած ապրելով այս միջավայրում՝ պահել է իր կրոնական եւ մշակութային ինքնությունը, «այսօր իրավունք չունեն մի խումբ ծայահեղականներ խախտել այստեղ արմատացած կրոնների, մշակույթների, ազգերի խաղաղ գոյակցությունը: Նման վիճակում մենք հավաքական պատասխանատվություն ունենք»:
Արամ Ա-ն խոսել է նաեւ Լիբանանի եւ լիբանանահայության խնդիրների մասին: Անթիլիասում ընդունել է Իրանի դեսպան Ֆաթըհ Մուհամմատ Ալիին եւ խոսել վերջին շրջանի քաղաքական զարգացումների, Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջեւ առկա լարվածության մասին:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Արամ Ա-ն մեկնել էր Աթենք՝ քրիստոնյա եւ իսլամ առաջնորդների համագումարին, որի խորագիրն էր «Կրոնների ու մշակույթների խաղաղ գոյակցութիւնը Միջին Արեւելքում»:
Այսպես քաղաքական, հոգեւոր-մշակութային ոլորտներից մեր տարածաշրջանային քաղաքականությունը պետք է առաջանա դեպի ռազմա-քաղաքական ոլորտ, որտեղ էլ պիտի առաջադրվեն հայկական նպատակների շուրջ կառուցված միջազգային ծրագրերը, որոնցում պետք է համադրված լինեն հայության եւ այս կամ այն քաղաքական բեւեռի շահերը:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 2 (392), 2016թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



