Ամանոր և Զատիկ

Հայոց Ամանոր եւ Վահագնի ծնունդ

Մարտի 21-ին Գառնո արիական-հեթանոսական տաճարում կայացավ Հայոց ամանորը: Այդ օրը նաեւ Հայոց ռազմի եւ զորության Աստված Վահագնի վերածնունդն է եւ հայ արիները փառաբանում են զորեղ Վահագնին ու կանչում նրան: Ամանորին հավաքվել էին արորդիներ Հայաստանի մայրաքաղաքից ու տարբեր մարզերից, ներկա էին նաեւ սփյուռքահայեր (Սիրիա, Լիբանան, Իրան, ԱՄՆ, ՌԴ, Արգենտինա եւ այլն) ու այլազգի հյուրեր Իրանից, Ռուսաստանից, Լեհաստանից եւ Չինաստանից:

«Արորդիների Ուխտ»-ի քրմերը վառելով ծիսական կրակը՝ ազդարարեցին գարնանամուտը եւ բնության վերազարթոնքը: Քրմական ծեսը, որի ընթացքում փառաբանվում էին Հայ Աստվածները եւ նախնիք, զուգորդվեց գինու եւ հայկական ամանորյա ուտեստների օծմամբ, որոնք բաժանվեցին ներկաներին: Զոհաբերվեցին մատաղ գառներ եւ ծիրանենու տնկման ու առ Տիեզերքի Արարիչ երազանքների՝ ժապավենների տեսքով ծառից կախման արարողությունից հետո, եղավ տոնախմբություն: Երգ ու պարին մասնակցում էին բոլորը, իսկ միջոցառմանը հատուկ շունչ տվեցին Գառնու մշակույթի տան պարարվեստի սաների խրոխտ կատարումները:

Այսպես հայ արիները նշեցին Վահագնի հերթական վերածննդի 9591 թվականը:

Զատիկ եւ Մայր Անահիտի տոն

Մարտի 23-ին հի բնակավայր Շենգավիթի բլրին հայ արիները նշեցին Հայոց Զատիկը, որը նաեւ մայրության եւ պտղաբերության Աստվածուհի Մայր Անահիտի տոնն է: Մի քանի տասնյակ արորդիներ ծիսական կրակի մոտ կրկին փառաբանեցին Հայ Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին՝ մարդկանց բազմազան, գունեղ ու գեղեցիկ բնություն պարգեւելու համար: Զատիկը նաեւ գարնանացանի տոն է եւ Աստվածամայր Անահիտը հովանավորում է Մայր Հողի բեղմնավորումը եւ պտղաբերումը՝ առատ բերքը:

Այդ օրվա գունագեղ խորհուրդը, երբ բնությունը ձմռան խոր քնից վերազարթնում՝ զատվում է ու բազմազանում իր գույներով, հայ արիները իրականացնում են տարբեր գույներով ներկված ձվախաղով եւ մինչեւ ուշ գիշեր երգում ու պարում են:

Հնում երգն ու պարը զուգակցվում էր վար ու ցանքի հետ եւ տոնախմբություն էր ամենուր:


This entry was posted in Հ.Ա.Մ., Հայտարարություններ. Bookmark the permalink.