«Rbc»-ին տված հարցազրույցում «Տաշիր գրուպ»-ի սեփականատեր Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կուտակած պարտքի 20%-ն արդեն մարվել է:
Նույն հարցազրույցում նա ասել է այն, ինչ ընկերության հետ կապված գործարքի օրերին հայտնեց «Լուսանցք»-ը, այն է՝ երբ մեր երկրի վարչապետն ասում էր, որ խնդրել ենք, որ գործարարն օգնի Հայաստանին՝ գնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը, մենք նկատեցինք, որ դա բնավ էլ օգնություն չէ, այլ՝ բիզնես, այն էլ՝ շահութաբեր բիզնես, քանզի ձեռնտու է եւ՛ տնտեսական եւ՛ քաղաքական տեսանկյունից:
«Հայաստանի էլեկտրական ցանցերը» պարտքեր է ունեցել, մոտավորապես՝ 220 միլիոն դոլար: Գնել ենք ակտիվները, որպեսզի ծածկենք այդ պարտքերը: Սա բարեգործություն չէ: «Հայաստանի էլեկտրական ցանցերը» լավ կազմակերպություն է եւ երկարաժամկետ ակտիվներ ունի, իսկ մեր ղեկավարությամբ այն ավելի լավը կդառնա»,- սրանք նշյալ հարցազրույցում ասած Սամվել Կարապետյանի խոսքերն են: Ի դեպ, գործարարն էլ է ասում, որ դա նաեւ հայրենիքին օգնություն է: Դե բան ինչ աներ, երբ ասվում է՝ օգնի՛ր, գործարքը դառնում է օգնություն: Բայց նա այնքան ազնիվ է եղել, որ նաեւ որոշակիորեն բացահայտել է, թե ընկերության ձեռքբերումն ինչու է շահութաբեր: «Գնելու առաջարկով մեզ է դիմել «Ինտեր ՌԱՕ»-ի կառավարման խորհրդի անդամներից մեկը: Վերջնական որոշումը կայացել է այն բանից հետո, երբ ինձ խնդրեցին Հայաստանի իշխանությունները… «Հայաստանի էլեկտրական ցանցերի» գնումը մենք դիտարկում ենք որպես բիզնես եւ օգնություն հայրենիքին: Մենք պատրաստվում ենք ՀԷՑ-ի միջոցով շահույթ ստանալ… Էներգետիկան շատ խոցելի բիզնես է, եւ շատ բան կախված է ոչ միայն կարգավորիչներից, այլ՝ օգտագործողներից: Սակայն Հայաստանում, ինչը զարմանալի է, էլեկտրաէներգիայի համար մարդիկ վճարում են պարբերաբար եւ պարտաճանաչ: Այս պահին բնակչության կողմից սպառված էլեկտրաէներգիայի դիմաց կատարված վճարը կազմում է 99.8%»:
Ուշադրություն դարձնենք. «շատ բան կախված է օգտագործողներից» ասելով՝ գործարարն ուղղակիորեն հաստատում է այն պատճառը, որի «շնորհիվ» ՀԷՑ-ը հասել էր անմխիթար վիճակի: Այդ պատճառն ապաշնորհ կառավարումն էր: Ընկերությունը վնասով է աշխատել կամ վնաս է ցույց տվել այն պարագայում, երբ վճարումների մակարդակը գրեթե 100 տոկոս է: Ապաշնորհ կառավարումը հանգեցրել էր մի վիճակի, երբ ընկերության ղեկավարները ցոփ ու շվայտ ապրում էին, իսկ մենք՝ շարքային սպառողներս, մեր երկրի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի թեթեւ ձեռքով անընդհատ այդ էլէներգիայի համար ավելի ու ավելի բարձր սակագին էինք վճարում…
Կներեք, բայց անբարոյականությունն էլ պիտի «շնորհքով» լինի: Մինչդեռ ապաշնորհ անբարոյականները այդ «շնորհքի» չափն էլ են գերազանցել:
Աստղինե Քարամյան
(Մեր գյուղերից մեկի մի գոմի էլսնուցումը. այսպիսի վիճակ են փորձել ՀԷՑ-ում մեզ ցույց տալ ՀԷՑ-ի ռուս տերերն ու հայ կամակատարները)
Հ.Գ. – Ընթացիկ տարվա մարտի 1-ին հաղորդագրություն տարածվեց, որ ձերբակալվել են ՀԷՑ-ի իրացման տնօրենի նախկին տեղակալը եւ բաժնի նախկին պետը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել են «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի իրացման տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանը եւ բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը՝ առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2012թ. օգոստոսի 1-ից մինչեւ 2015թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում «Սիրարփի ԱՀ» ՍՊԸ-ին պատկանող «Սիրարփի» ՓՀԷԿ-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ առաքված էլեկտրաէներգիայի իրական ծավալը ներկայացվել է շատ ավելին։
Նախնական քննության տվյալներով՝ կողմնակի միջամտության արդյունքում իրականից ավել է ներկայացվել 3.810.188 կՎտ./ժ, որի արժեքը կազմում է 95.694.000 ՀՀ դրամ, ինչը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վճարվել է «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերությանը: Քննությամբ պարզվել է, որ «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերությունը փաստացի պատկանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ իրացման տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանին (վերջինս աշխատանքից ազատվել է 2015թ.), ով ի պաշտոնե ղեկավարել է արտադրող կայաններից էլեկտրաէներգիայի գնման եւ վաճառքով զբաղվող՝ ՀԷՑ-ի համապատասխան դեպարտապենտի աշխատանքները։
Փետրվարի 29-ին են ձերբակալվել են Արսեն Գաբրիելյանը եւ նրա անմիջական ենթակայության տակ գտնվող, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի էլեկտրաէներգիայի ավտոմատացված հաշվառման բաժնի նախկին պետ Ռուդիկ Պիվազյանը (ում ղեկավարած բաժինն իրականացրել է արտադրող կայաններից գնվող էլեկտրաէներգիայի հաշվառումը):
Նախաքննությունը շարունակվում է:
Տերերին թողած՝ գործը կամակատարների՞ց են սկսում…
Թեեւ ինչ-որ բան ասելը դեռ շուտ է, քանզի Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
* * *
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության գործունեության հետ կապված ՀԱԿ կուսակցությունը ուսումնասիրություն է կատարել եւ դիմել է գլխավոր դատախազություն: Այդ մասին ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016թ. գործունեության ծրագրի քննարկման ժամանակ տեղեկացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: «Դատախազությունից մեզ պատասխանել են, որ հարցը գտնվում է ուսումնասիրության փուլում»,- հավելեց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղարը:
* * *
ԵՄ կողմից իրականացված ԻՆՈԳԵՅԹ ծրագրի ավարտից հետո կշարունակվի Արեւելյան գործընկեր երկրներին, այդ թվում՝ Հայաստանի էներգետիկ բնագավառին տրամադրվող աջակցությունը։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի հետ հանդիպման ժամանակ:
ԷԲՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ հայտնում են, որ այդ նպատակով հենց այսօր՝ մարտի 17-ին Բրյուսելում կկայանա էներգետիկ ոլորտի բարձր մակարդակի համաժողով՝ Եվրոպական հանձնաժողովի եւ Եվրոպական Միության Արեւելյան գործընկեր երկրների մասնակցությամբ։
Պյոտոր Սվիտալսկու հետ հանդիպմանը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը տարածաշրջանային համագործակցության առումով կարեւորել է հատկապես Հայաստան-Վրաստան 400 կՎտ բարձր լարման գծի կառուցումը, որին իր ներդրումն ունի Եվրամիությունը՝ NIF հիմնադրամից 10 մլն. եվրո դրամաշնորհային միջոցների տեսքով։ Լեւոն Յոլյանը պատրաստակամություն է հայտնել այսուհետ եւս շարունակել սերտ համագործակցությունը Եվրոպական Միության հետ։
«Լուսանցք» թիվ 7 (397), 2016թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



