Ֆուտբոլի առաջնության խաղերն ավարտվեցին ոչ–ոքիներով
Ֆուտբոլի Հայաստանի առաջնության բարձագույն խմբում այսօր կայացան 21-րդ փուլի մնացած երկու խաղերը: Կապանում տեղի «Գանձասար-Կապան»-ը ընդունեց «Արարատ»-ին, իսկ Երեւանում «Միկա»-ն հյուրընկալեց երկրի չեմպիոն «Փյունիկ»-ին: Ուշագրավն այն է, որ երկու հանդիպումներում էլ թիմերը 90 րոպեների ընթացքում չկարողացան գրավել դարպասները եւ գոլազուրկ ոչ-ոքի խաղացին:
Այդպիսով, մրցաշարային աղյուսակում ոչ մի փոփոխություն չկատարվեց: Այն 42 միավորով շարունակում է գլխավորել «Ալաշկերտ»-ը, հաջորդում են «Փյունիկ»-ը՝ 38 միավոր, «Շիրակ»-ը՝ 35, «Գանձասար–Կապան»-ը՝ 32, «Արարատ»-ը՝ 30, «Միկա»-ն՝ 25, «Բանանց»-ը՝ 24:
Առաջնության վերջին՝ 4-րդ խաղաշրջանը, կմեկնարկի ապրիլի 16-ին: Այդ օրը կկայանան «Ալաշկերտ»-«Փյունիկ» եւ «Գանձասար-Կապան»-«Շիրակ» սկզբունքային հանդիպումները: Ապրիլի 17-ին կհանդիպեն ետնապահները. «Միկա»-ն կընդունի «Բանանց»-ին:
Գավաթի խաղարկությունը սկսվեց մեկ րոպե լռությամբ
«Բանանց»–ը մտավ Հայաստանի գավաթի եզրափակիչ
Կայացավ Հայաստանի գավաթի խաղարկության առաջին կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը: «Նաիրի» մարզադաշտում «Ալաշկերտ»-ն ընդունեց «Բանանց»-ին: Հանդիպման մեկնարկից առաջ թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախում զոհվածների հիշատակը:
Խաղի հաշիվը բացվեց 14-րդ րոպեին: Աչքի ընկավ Զավեն Բադոյանը` դարպասապահի կողքով գնդակն ուղարկելով ցանցը: «Բանանց»-ի ֆուտբոլիստները հաշիվը կրկնապատկեցին 75-րդ րոպեին` Լաերսիո Կոստայի գոլի շնորհիվ: «Ալաշկերտ»-ը կարողացավ միայն հաշիվը սփոփիչ գոլ խփել` այն էլ մրցավարի ավելացրած 5-րդ րոպեի ընթացքում: Գոլն իր ակտիվում գրանցեց Անդրանիկ Ոսկանյանը: 1:2` և «Բանանց»-ը կխաղա գավաթի եզրափակչում:
«Միկա»–ն եւս մտավ Հայաստանի գավաթի եզրափակիչ
Ֆուտբոլի 2016 թվականի Հայաստանի գավաթը կվիճարկեն «Բանանց»-ն ու «Միկա»-ն:
Դա հայտնի դարձավ կիսաեզրափակիչ փուլի 2-րդ խաղից հետո, որում Կապանի «Գանձասար-Կապան»-ը սեփական դաշտում ընդունեց «Միկա»-ին: Թիմերի առաջին հանդիպումն ավարտվել էր կապանցիների նվազագույն հաղթանակով: Պատասխան խաղում նույն 1:0 հաշվով արդեն հաղթանակ տարավ «Միկա»-ն: Ուստի, հաղթողին որոշելու համար նշանակվեցին 11մ հարվածներ, որոնք ավելի դիպուկ իրացրին միկացիները՝ 6:5:
Այդպիսով, «Միկա»-ն մտավ եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի «Բանանց»-ի հետ, որը մեկ օր առաջ հաղթել էր «Ալաշկերտ»-ին (0:1, 2:1): Հիշեցնենք, որ երկրի գավաթակիրը կմասնակցի 2016-17 թթ Եվրոպայի լիգայի մրցաշարին:
Հայաստանի Մ-16 հավաքականը հաղթեց Ուելսի թիմին
Ապրիլի 14-ին Կիպրոսում մեկնարկեց ՈւԵՖԱ-ի «Զարգացման գավաթ» մրցաշարը՝ Հայաստանի, Կիպրոսի, Ուելսի եւ Ջիբրալթարի մինչև 16 տարեկանների հավաքականների մասնակցությամբ: Հայաստանի պատանեկան ընտրանին 0:0 հաշվով ավարտեց հանդիպումն Ուելսի հավաքականի հետ: Մրցաշարի կանոնակարգի համաձայն՝ ոչ-ոքի խաղալու դեպքում նշանակվում է հետխաղային 11 մետրանոցների հարվածաշար: 11 մետրանոցներն ավելի հաջող իրացրեցին մեր ֆուտբոլիստները` հաղթելով 3:2 հաշվով:
Մրցաշարի առաջին խաղում Կիպրոսի հավաքականը 4:0 հաշվով հաղթեց Ջիբրալթարի ընտրանուն: Ապրիլի 16-ին Հայաստանի Մ-16 հավաքականը կհանդիպի Կիպրոսի ընտրանու, ապրիլի 18-ին՝ Ջիբրալթարի թիմի հետ:
Հովհաննես Գաբուզյանը՝ համաշխարհային ունիվերսիադայի չեմպիոն
Հայաստանի շախմատիստ Հովհաննես Գաբուզյանի հաղթանակով ավարտվեց շախմատի համաշխարհային ունիվերսիադայի տղամարդկանց մրցաշարը: Կայացած վերջին 9-րդ փուլում մեր ուսանող գրոսմայստերը սեւերով պարտության մատնեց սերբ Մարկո Նեմեզիչին, վաստակեց 8 միավոր եւ անհասանելի դարձավ իր մարցակիցների համար: Նա 1 միավորով առաջ անցավ 2-րդ հորիզոնականում գտնվող ռուսաստանցի Վլադիմիր Ֆեդոսեեւից, 1,5-ով՝ Պավել Պոնկրատովից: Մեր մյուս գրոսմայստերը՝ Սամվել Տեր-Սահակյանը, ցույց տվեց 4-րդ արդյունքը՝ վաստակելով 6 միավոր: Միջազգային վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը 5,5 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը:
Աղջիկների մրցաշարին մասնակցած Մարիա Գեւորգյանն անհաջող հանդես եկավ վերջին 4 փուլերում՝ կրելով 3 պարտություն: Արդյունքում, նա վաստակեց ընդամենը 5 միավոր եւ զբաղեցրեց 10-րդ տեղը:
Վլադիմիր Հակոբյանի գերազանց մեկնարկը Դուբայում
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հաջող է մեկնարկել Դուբայում ընթացող շախմատի օփեն կարգի մրցաշարում: Մեր ամենափորձառու շախմատիստը արդեն կայացած 4 փուլերում տարել է 4 անընդմեջ հաղթանակ եւ անգլիացի Դեւիդ Հոուելի հետ բաժանում է 1-2-րդ տեղերը: Այսօր կայանալիք 5-րդ փուլում առաջատարները կհանդիպեն իրար հետ: Վլադիմիր Հակոբյանը կխաղա սեւ քարերով: Մեր մյուս երկու գրոսմայստերները՝ Գաբրիել Սարգսյանն ու Զավեն Անդրիասյանը, 4 հնարավորից վաստակել են 3-ական միավոր եւ առայժմ միջին դիրքեր են զբաղեցնում:
Կանանց միջազգային վարպետ Լիլիթ Գալոյանը եւ վարպետության թեկնածու Հովհաննես Հակոբյանն իրենց ակտիվում ունեն ընդամենը 1,5 միավոր: Հավելենք, որ Դուբայ օփենի մրցանակային հիմնադրամը կազմում է 50 հազար դոլար, իսկ մրցաշարի հաղթողը կստանա 13 հազար դոլար:
Արամ Ավագյանը կմենամարտի ադրբեջանցու հետ
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում հայտնի են դարձել հայ բռնցքամարտիկների բոլոր մրցակիցները կիսաեզրափակիչ փուլում: 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը եզրափակիչ մտնելու համար ուժերը կչափի Իտալիայի ներկայացուցիչ Մանուել Կապաիի հետ: Նույն երկրից մրցակից է բաժին հասել նաեւ 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանին: Նա կհանդիպի Վինչենցո Մարջիակապրեի հետ: 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը կփորձի հաղթահարել իռլանդացի Բրենդան Իրվինի արգելքը: 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կմրցի լիտվացի Էվալդաս Պետրաուսկասի հետ: Հոգեբանական առումով անհարմար մրցակից է բաժին հասել 56 կգ քաշային Արամ Ավագյանին՝ հանձինս ադրբեջանցի Ջավադ Չալաբիեւի: Կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը տեղի կունենան ապրիլի 15-ին:
Օլիմպիական ուղեգրի համար մեր մարզիկներից պահանջվում է հաղթել այս փուլում: Անհաջողության դեպքում մեր բռնցքամարտիկները հնարավորություն կունենան 3-րդ տեղի համար մենամարտ անցկացնել, որը նույնպես Ռիո-2016-ի ուղեգիր է տալիս:
Հ.Գ. – Օլիմպիական ուղեգրեր՝ բռնցքամարտից
Թուրքիայի Սամսուն քաղաքում ընթացող Եվրոպա աշխարհամասի օլիմպիական վարկանշային մրցաշարում 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը հաղթել է Իռլանդիան ներկայացնող Բրենդան Իրվինեին եւ դուրս եկել եզրափակիչ` միաժամանակ նվաճելով օլիմպիական ուղեգիր: Հիշենենք, որ ուղեգիր էր նվաճել նաև 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը: Հայաստանը ներկայացնող 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը կիսաեզրափակչում, ցավոք, պարտվել է իտալացի Վինչենցո Մանգիակապրեին:
Հիշեցնենք նաեւ, որ վաղը Վլադիմիր Մարգարյանը, ինչպես նաև 52 կգ քաշային Արամ Ավագյանն ու 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը կպայքարեն 3-րդ տեղի համար, որը նույնպես կապահովի Ռիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր:
Օլիմպիական ուղեգիր՝ ըմբշամարտից
Ռիո-2016-ին մասնակցելու իրավունք է նվաճել նաեւ ազատ ոճային ըմբշամարտիկ Գառնիկ Մնացականյանը: Սերբիայի Զրենյանին քաղաքում մեկնարկած վարկանիշային մրցաշարում մեր 57 կգ քաշային ըմբիշը հաղթելով բոլոր մրցակիցներին, մտավ եզրափակիչ եւ նույնպես օլիմպիական ուղեգիր նվաճեց:
Իսկ ահա 59 կգ քաշային Ռոման Ամոյանին եւ 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանին դա չի հաջողվել:
7 արծաթե, 5 բրոնզե մեդալ՝ հայ սամբիստներին
Ապրիլի 7-11-ը Ֆրանսիայի Թուլուզա քաղաքում տեղի է ունեցել սամբոյի Եվրոպայի պատանիների, երիտասարդների և աղջիկների առաջնությունը: Հայ սամբիստները նվաճել են 7 արծաթե, 5 բրոնզե մեդալ և 3-րդ թիմային տեղը՝ երիտասարդների միջև:
Այս մարզական մարզական արդյունքը հայ սամբիստները նվիրում են Արցախի եւ Հայաստանի առաջնագծում կանգնած մեր Հայրենիքի պաշտպաններին:
Անդրանիկ Կարապետյանը եւ Նազիկ Ավսալյանը՝ Եվրոպայի չեմպիոն
Հաղթանակը նվիրեց Արցախում կռվող բոլոր զինվորներին
Նորվեգիայում տեղի ունեցող Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ծանրորդները առաջին լիարժեք մեդալները նվաճեցին Նորվեգիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Տղամարդկանց 77 կգ քաշային կարգում ոսկե մեդալի համար պայքարեցին մեր 2 ծանրորդները՝ Անդրանիկ Կարապետյանն ու Տիգրան Մարտիրոսյանը: Հայկական այդ հակամարտությունում ավելի հաջողակ գտնվեց 21-ամյա Անդրանիկ Կարապետյանը, որը երկամարտի 367 կգ արդյունքով վստահ գրավեց 1-ին տեղը: Աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Մարտիրոսյանը չնայած 15 կգ քիչ բարձրացրեց, սակայն նվաճեց արծաթե մեդալ: 3-րդ տեղը գրավեց ռումինացի Դումիտրու Կարպատին, որը հանդես էր եկել Բ խմբի մրցումներում:
Իսկ Հայաստանի ծանրորդների առաջին մեդալը նվաճել էին մեր 69 կգ քաշային ծանրորդները՝ Վանիկ Ավետիսյանը եւ Ռոստամ Կարապետյանը: Պոկում վարժությունում նրանք զբաղեցրին համապատասխանաբար 9-րդ եւ 12-րդ տեղերը: Ռոստամ Կարապետյանը ցածր արդյունք ցույց տվեց նաեւ հրում վարժությունում եւ երկամարտի 293 կգ քաշով գրավեց 11-րդ տեղը: Վանիկ Ավետիսյանը իսկական մենամարտ տվեց ծանրաձողի հետ եւ փորձեց վերադարձնել կորցրածը: Նա բարձրացրեց 175 կգ ծանրաձողը եւ փոքր բրոնզե մեդալ նվաճեց: Երկամարտում մրցանակային 3-րդ տեղը գրավելու համար նա նվազագույնը պետք է սանձահարեր 181 կգ ծանրությունը, սակայն առաջին մոտեցման ժամանակ մրցավարները տեխնիկական խոտան գտան նրա մոտ եւ չարձանագրեցին քաշը, իսկ2-րդ դեպքում մեր ծանրորդն այլեւս ուժ չգտավ այն կրկին բարձրացնելու համար: Այդպիսով, Վանիկ Ավետիսյանը 312 կգ արդյունքով զբաղեցրեց 5-րդ տեղը:
Հայաստանի ներկայացուցիչ Նազիկ Ավդալյանը նվաճեց եւս չեմպիոնի տիտղոսը: Նա իր հաղթանակը նվիրեց Արցախում կռվող բոլոր զինվորներին: 69 կգ քաշայինների պայքարում հայ մարզուհին երկամարտում հավաքեց 237 կգ եւ 1 կգ գերազանցեց արծաթե մեդալակրին: Պոկում վարժությունում Նազիկ Ավդալյանը 105 կգ արդյունքով գրավեց2-րդ տեղը: Առաջինը բելառուս Դարյա Պաչաբուտն էր՝ 106 կգ: Հրում վարժությունում Պաչաբուտը պայքարն ավարտեց 130 կգ արդյունքով, իսկ մեր մարզուհին կարողացավ վերջին մոտեցմանը բարձրացնել 132 կգ եւ ապահովել ոսկե մեդալը:
Տղամարդկանց 85 կգ քաշայինների B խմբում Աղասի Աղասյանը երկամարտի 346 կգ (153+193) արդյունքով գրավել է 1-ին տեղը: A խմբի մասնակիցները մրցահարթակ դուրս կգան ավելի ուշ:
Հ.Գ. – Սոնա Պողոսյանը 4–րդն է Եվրոպայի առաջնությունում – Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամ Սոնա Պողոսյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրել է 4–րդ հորիզոնականը: Նա երկամարտում ցույց է տվել 227 կգ արդյունք: Կանանց 75 կգ քաշային A ենթախմբում ընդգրկված էին 8 ծանրորդներ Ուկրաինայից, Գերմանիայից, Մոլդովայից, Լեհաստանից, Ֆրանսիայից եւ Հայաստանից:
Սոնա Պողոսյանը պոկում վարժությունում բարձրացրել է բոլոր երեք մոտեցումներն էլ: Նախ 97 կգ, հետո` 100 կգ և վերջում` 102 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդուհին առաջին մոտեցման ժամանակ բարձրացրել է 120 կգ, այնուհետ երկու փորձից միայն կարողացել է բարձրացնել 125 կգ: Հիշեցնենք, որ ապրիլի 16-ին՝ առաջնության վերջին օրը, Հայաստանի 4 ներկայացուցիչ կպայքարեն մեդալների համար: Տղաներից Սիմոն Մարտիրոսյանը 105 կգ քաշային կարգում A ենթախմբում է, Գոռ Մինասյանը 105 + կգ քաշային կարգում և աղջիկներից Հռիփսիե Խուրշուդյանը եւ Արփինե Դալալյանը 75 + քաշային կարգում:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 11 (401), 2016թ.
«Լուսանցք»- ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



