Հայաստանի 29-րդ օլիմպիականը
2016թ. ամառային օլիմպիական խաղերին մասնակցող հայաստանցի մարզիկների թիվն այսօր ավելացավ եւս մեկով: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքէջը, մեր հրաձիգ Հրաչ Բաբայանը խաղերին կմասնակցի «Սպիտակ քարտով»: Այդպիսով, 20-ամյա մարզիկը դարձավ մեր հանրապետության թվով 29-րդ օլիմպիականը:
Հիշեցնենք, որ Հրաչ Բաբայանը Բաքվում կայացած 1-ին եվրոպական խաղերում սահմանել էր Եվրոպայի երիտասարդական ռեկորդ, իսկ Նանկինի պատանեկան 2-րդ օլիմպիական խաղերում դարձել էր փոխչեմպիոն:
Մեկնարկել են պարալիմպիկ մրցումները
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանի ողջույնի ուղերձի ընթերցմամբ մեկնարկել է ավանդական դարձած հաշմանդամների հանրապետական 14-րդ մարզական փառատոնը: Փառատոնի մասնակիցներն առաջին օրը մրցել են բասկետբոլ եւ սեղանի թենիս մարզաձեւերում, իսկ փառատոնի հաջորդ օրերին ուժերը կչափեն շոու-դաուն, շախմատ, լող, ծանրամարտ եւ բազկամարտ մարզաձեւերում:
Փառատոնը կազմակերպել է «Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտե» ՀԿ-ն՝ նախարարության աջակցությամբ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի հովանավորությամբ: Միջոցառումն անցկացվում է «Գրացիա» հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնում: Փառատոնին մասնակցում են շուրջ 120 հաշմանդամ մարզիկներ, որոնց թվում են նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ: Հաշմանդամների մարզական փառատոնի փակման արարողությունն ու մրցանակաբաշխությունը երեկ է անցկացվել:
Լեւոն Արոնյանը Փարիզում գրավեց 5-րդ տեղը
Փարիզում ավարտվեց ՖԻԴԵ-ի Մեծ մրցաշարի 1-ին փուլը, որին մասնակցեց նաեւ մեր գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:
Կայծակնային շախմատի մրցումներում մեր շախմատիստը 18 հնարավորից վաստակեց 10 միավոր եւ գրավեց 4-րդ տեղը:
Երկու մրցաշարերի արդյունքներով (մինչ այդ մասնակիցները մրցել էին արագ շախմատում, որի ժամանակ հաղթանակը գնահատվել էր 2, իսկ ոչ-ոքին՝ 1 միավոր) Լեւոն Արոնյանը 10 մասնակիցների մեջ զբաղեցրեց 5-րդ տեղը՝ վաստակելով 19 բալ:
Փարիզում հաղթող ճանաչվեց ամերիկացի Հիկարու Նակամուրան, ով իր անվան դիմաց գրանցեց 25,5 միավոր եւ 1-ով առաջ անցավ աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենից: Հաջորդ փուլը տեղի կունենա բելգիական Լուվեն քաղաքում, հունիսի 17-20-ին:
Հ.Գ. – Լեւոն Արոնյանը 3-րդ տեղը բաժանեց Վիշի Անանդի հետ – Բելգիական Լյուվենում ընթացող Grand Chess Tour մրցաշարի արագ շախմատի հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, որը 18 հնարավորից վաստակել է 12 միավոր (հաղթանակի համար տրվում է 2, ոչ-ոքիի համար՝ 1 միավոր):
Մեր գրոսմայստերը 10 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը հնդիկ շախմատիստ Վիշվանաթան Անանդի հետ: Հունիսի 19-20-ին մասնակիցներն արդեն կմրցեն կայծակնային շախմատում: Նրանք կանցկացնեն 18-ական պարտիա, որոնց ժամանակ կգործի միավորները հաշվելու դասական տարբերակը:
Էրդողանի ներկայությունը տհաճություն է առաջ բերել
Թուրքիայի նախագահը տարաձայնություններ է ունեցել լեգենդար բռնցքամարտիկ Մոհամեդ Ալիի հուղարկավորության կազմակերպիչների հետ: Նա ԱՄՆ-ից շատ արագ վերադարձել է հուղարկավորության կազմակերպիչների հետ ունեցած տարաձայնությունների պատճառով:
Որոշ տեղեկություններով, Էրդողանին դուր չի եկել, որ իրեն արգելել են Քաաբայից մասունք դնել մարզիկի դագաղում: Այլ աղբյուրներն էլ նշում են, որ թուրք ղեկավարին թույլ չեն տվել մի հատված ընթերցել Ղուրանից, ինչի հետեւանքով էլ որոշել է նախատեսվածից շուտ ընդհատել այցն ու ընդհանրապես չմասնակցել մարզիկի վերջին հրաժեշտի արարողությանը: Միաժամանակ, հուղարկավորության կազմակերպիչները նշել են, որ Էրդողանն ընդգրկված չի եղել ելույթ ունեցողների ցանկում, քանի որ ժամանակը սահմանափակ է: Հիշեցնենք, որ Ալին 74 տարեկան էր:
Հայ մարզուհին ոսկե մեդալ է նվաճել Բաքվում
Գյումրեցի Սեդա Թութխալյանը սպորտային մարմնամարզության կանանց Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է Բաքվում ընթացող Եվրոպական մարզական խաղերի թիմային չեմպիոն:
Ռուսաստանի եռյակը հավաքել է 116,897 միավոր՝ առաջ անցնելով Գերմանիայի (110,397) եւ Հոլանդիայի (110,099) թիմերից: Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես են եկել նաեւ Վիկտորիա Կոմովան եւ Ալիյա Մուստաֆինան:
15-ամյա Սեդա Թութխալյանը 2015թ. պատանեկան օլիմպիական չեմպիոն է: Նա սամբոյի աշխարհի եւ ԽՍՀՄ-ի եռակի չեմպիոն Գուրգեն Թութխալյանի դուստրն է: Սեդան Մոսկվայում 7 տարեկանից է սկսել մարզվել սպորտային մարմնամարզությամբ:
Մեր հրաձիգը գրավել է 4-րդ տեղը
Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում հունիսի 12-ին մեկնարկած «Եվրոպայի երիտասարդների առաջնություն»–ում ուժերն են չափել հայ հրաձիգները: 50մ, փոքր տրամաչափի ատրճանակ վարժության 33 մրցակցից Զավեն Իգիթյանը, խոցելով 547 միավոր, 1-ին հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ: Եզրափակչում նրան չի հաջողվել պահպանել դիրքերը եւ վերջնական արդյունքում գրավել է 4-րդ տեղը: Նշենք նաեւ, որ երեկ լրացավ Զավեն Իգիթյանի 17-տարին:
50մ, հրացան պառկած դիրքից վարժության 55 մրցակցից Հրաչ Բաբայանը, խոցելով 612,3 միավոր, գրավել է 26-րդ տեղը:
Հրաչ Բաբայանը հունիսի 18-ին կկրակի եւս մեկ մրցաձեւ՝ 50մ, հրացան 3 դիրքից վարժությունը, եւ այդքանով մեր մարզիկները կավարտեն մրցելույթները:
Առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները 2-ն են՝ Հրաչ Բաբայանը եւ Զավեն Իգիթյանը: Նրանք մրցմանը մասնակցում են Հայաստանի հրաձգության հավաքական թիմի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի ղեկավարությամբ:
Մրցման արդյունքները կարող եք տեսնել http://results.sius.com/Events.aspx?Championship=5907630a-f4fd-4bfc-b1c9-924348e9c90d հրաձգության միջազգային կայքում:
Հենրիխ Մխիթարյանը մնում է «Բորուսիա»-ում
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կշարունակի ելույթները Դորտմունդի «Բորուսիա»-ում մինչեւ 2017թ. ամառը, երբ կավարտվի նրա պայմանագրի ժամկետը:
«Հենրիխ Մխիթարյանին ժամանակից շուտ բաց թողնելու հարցը ակտիվորեն քննարկելով ակումբի տարբեր ղեկավարների հետ, մենք եկանք այն եզրակացության, որ նա մնում է թիմում»,- ասել է «Բորուսիա»-ի գլխավոր տնօրեն Հանս-Յոահիմ Վացկեն:
Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանին այժմ հիմնականում ցանկանում են ձեռք բերել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Արսենալ»-ը: Գերմանական ակումբն ոչ մի պայմանով չի ցանկանում վաճառել հայազգի կիսապաշտպանին, չնայած նա հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը եւ եկող տարվանից ստանալու է ազատ խաղացողի կարգավիճակ:
Բրայանտ Դանստոնը միացավ Հայաստանի հավաքականին
30-ամյա ամերիկացի հայտնի բասկետբոլիստ Բրայանտ Դանստոնը ժամանել է Հայաստան եւ ազգային հավաքականի կազմում կնախապատրաստվի հունիսի 28-ին Մոլդովայում կայանալիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:
Դանստոնը 2014 եւ 2015 թթ. ճանաչվել է Եվրոլիգայի լավագույն պաշտպան: 206սմ հասակ ունեցող խաղացողը վաղվանից կսկսի մասնակցել հավաքականի մարզումներին:
«Ակումբային ելույթների պատճառով Դանտսոնը մեզ չկարողացավ միանալ հավաքի սկզբում, բայց այժմ նա Երեւանում է եւ մեծ ցանկություն ունի հաջող ելույթներ ունենալ Հայաստանի հավաքականում: ՖԻԲԱ-ն թույլատրում է յուրաքանչյուր հավաքականի իր կազմում ունենալ մեկ արտասահմանցի խաղացող եւ օգտվելով այդ իրավունքից՝ մենք հրավիրել ենք Դանստոնին, ով Հայաստանի վաղեմի բարեկամն է»,- ՀԲՖ մամուլի քարտուղարության հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը:
Սերգեյ Մովսեսյանը՝ Տեպլիցեի բաց մրցաշարի հաղթող
Գրոսմայստեր Սերգեյ Մովսեսյանը հաջող հանդես եկավ Տեպլիցեում կայացած շախմատի միջազգային բաց մրցաշարում: Մեր հավաքականի շախմատիստը 9 փուլում վաստակեց 7 միավոր եւ եւս 6 մասնակիցների հետ կիսեց 1-7-րդ տեղերը:
Մրցաշարի հաղթողին որոշելու համար հարկ եղավ դիմել համակարգչի օգնությանը: Լրացուցիչ գործակիցներով 1-ին հորիզոնականը զբաղեցրեց հենց Սերգեյ Մովսեսյանը, որն էլ արժանացավ գլխավոր մրցանակին:
Ռաֆայել Վահանյանը 3-րդն է Եվրոպայում
Երեւանի Տիգրան Պետրոսյանի շախմատի տանը կայացավ Եվրոպայի վետերանների շախմատի թվով 16-րդ առաջնությունը: 50-ից մինչեւ 65 տարեկան շախմատիստների մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրեց Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Ստուրուան, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: Նա 2-րդ տարին անընդմեջ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Հաղթողից կես միավորով հետ մնացին Գեորգի Բագատուրովը (Վրաստան) եւ մեր շախմատիստներ Ռաֆայել Վահանյանն ու Կարեն Մովսիսյանը: Նրանք նույն հաջորդականությամբ զբաղեցրին 2-4-րդ տեղերը:
65 տարեկանից բարձր շախմատիստների մրցաշարում միանգամից 3 հոգի վաստակեցին 6,5-ական միավոր: Լրացուցիչ գործակիցներով չեմպիոն հռչակվեց ուկրաինացի Վալենտին Բոգդանովը: Մրցանակային հաջորդ տեղերը զբաղեցրին բելառուսցի Վիկտոր Կուպրեյչիկը եւ դանիացի Բենտ Սորենսենը: Այս մրցաշարում Հայաստանի պատվիրակներից լավագույն արդյունք ցույց տվեց Հենրիխ Փաշայանը՝ 15-րդ տեղ:
Ռաֆայել Վահանյանը դեմ է Բաքու մեկնելուն
«Ես չեմ պատկերացնում մեր շախմատիստների մասնակցությունը Բաքվում կայանալիք շախմատային օլիմպիադայում: Խոսակցություններ են կան, որ մերոնք կարող է , այնուամենայնիվ, մասնակցեն մրցաշարին: Սակայն քառօրյա պատերազմից հետո բոլորովին անիմաստ է թիմ ուղարկել Բաքու»,– «Հայացք» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց մեր անվանի շախմատիստ Ռաֆայել Վահանյանը:
Ւսկ ահա Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Հովիկ Խալիկյանը ընդհանրապես դեմ է մեր մարզիկների Ադրբեջանում հանդես գալուն: «Իհարկե, ներկայիս սպորտը, այդ թվում շախմատը, մեծ քաղաքականություն է: Եթե ադրբեջանցիները բարի կամք դրսեւորեն եւ փորձեն մարզական շփումների միջոցով կարգավորել երկու երկրների հարաբերությունները, ապա կարելի է ողջունել մերոնց մասնակցությունը օլիմպիադայում: Բայց քանի դեռ մեր հարեւան երկիրն ոչ մի քայլ չի ձեռնարկում հարաբերությունները կարգավորելու հարցում, մենք պետք է հրաժարվենք այդ երկրում անցկացվող բոլոր մարզական միջոցառումներից»,- եզրափակել է ՀՇՖ նախագահ Սերժ Սարգսյանի տեղակալը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարներով՝ (0.10) 52-38-75 եւ (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 20 (410), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



