Հայկական խոհանոց – Խորագիրը վարում է սննդի տեխնոլոգ Ռուզաննա Նահապետյանը:
Խոհանոցը ազգի մշակույթի կարեւորագույն հիմքերից է: Տե՛րը լինենք մեր պատմության:
– Ծառի սնկով եւ հավի մսով աղցան
Բաղադրությունը – Սունկ – 0.5 կգ, հավի կրծքամիս – 0.5 կգ, կանաչ, կարմիր եւ դեղին տաքդեղ – 1-ական, եգիպտացորեն – 1 տուփ, խաշած գազար – 1 հատ, սեւ պղպեղ, աղ, կանաչ սոխ, թթվասեր:
Պատրաստման եղանակը – Սունկն ու կրծքամիսը լվանալ, եփել, կտարտել բարակ-բարակ:
Ավելացնել կտրտած տաքդեղները, եգիպտացորենը, ձողաձեւ կտրտած գազարը:
Խառնել, աղով ու պղպեղով համեմել:
Մատուցելիս արդեն վելացնել թթվասեր՝ վրան ձողաձեւ կտրտած կանաչ սոխով:
Անուշ լինի:
Իսկականից համով-հոտով Երեւան
«Երեւանյան ամառ -2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում մայրաքաղաքի Թումանյանի անվան այգում արդեն 2-րդ տարին անցկացվեց «Համով-հոտով Երեւան» խորագրով «Հացը լեռներում» տոնածիսական ուտեստների 8-րդ փառատոնը:
Այն կազմակերպվել է Երեւանի քաղաքապետարանի եւ «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ-ի համատեղ ջանքերով: Երեւանցիների ու մայրաքաղաքի հյուրերի հետ փառատոնին ներկա է գտնվել նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: «Վերջին տարիներին մայրաքաղաքում ձեւավորվել են փառատոնային գեղեցիկ ավանդույթներ: «Համով-հոտով Երեւանը» դեռ նախորդ տարի հասցրեց սիրվել ու գնահատվել մեր համաքաղաքացիների եւ հատկապես զբոսաշրջիկների կողմից: Վստահ ենք, որ մեր ավանդական խոհանոցով հպարտանալու առիթներ շատ կլինեն նաեւ այսօր եւ իսկապես կվայելեք Երեւանի համն ու հոտը»,- Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով ծրագրի մասնակիցներին՝ ընդգծել է Արամ Սուքիասյանը:
Ազդարարելով փառատոնի մեկնարկը՝ Երեւանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը հատկանշել է միջոցառման կարեւորությունը՝ ազգային խոհարարական ավանդույթների պահպանման եւ զարգացման տեսակյունից: ««Համով-հոտով Երեւան» խորագրով անցկացվող «Հացը լեռներում» տոնածիսական փառատոնը, որն առաջինն է մեր ամառային փառատոների շարքում, նպատակ ունի հանրությանը, այդ թվում նաեւ մայրաքաղաք այցելած հյուրերին ներկայացնելու հայկական ավանդական տոնածիսական ուտեստի հարուստ ընտրանին, ինչպես նաեւ նոր կյանք տալու հայոց տոնածիսական որոշ մոռացված կամ առավել հազվադեպ պատրաստվող կերակրատեսակներին: Փառատոնն առիթ է մեկ անգամ եւս անդրադարձ կատարելու մեր արմատներին ու աշխարհին ներկայացնելու սերունդներից մեզ փոխանցված հարուստ, համադամ ժառանգությունը»,- նշել է Մարիա Բարաղամյանը:
Փառատոնի անմիջական մասնակից դարձած երեւանցիներն ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն են ունեցել ծանոթանալու եւ համտեսելու հայկական խոհանոցային ժառանգության լավագույն ու մոռացված ուտեստները: Այդ հարցում նրանց օգնել են Երեւանի Վալերի Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի կամավորները, ովքեր մի քանի լեզուներով ներկայացրել են հայկական ավանդական կերակրատեսակների պատմությունն ու խորհուրդը, ինչպես նաեւ տաղավար տոներից յուրաքանչյուրը:
ԼՂՀ Քաշաթաղի Լեռնահովիտ համայնքի ներկայացուցիչների կողմից տաղավարներում նաեւ արցախյան խոհանոցն է ներկայացվել:
Միջոցառմանը մասնակցել է մշակութային, ուսումնակրթական եւ խոհարարական արվեստի առաջատար 21 ընկերություն, այդ թվում՝ «Տերյան մշակութային կենտրոնը», «Մեգերյան կարպետ» ընկերությունը, Երեւանի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարանը, «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» հ/կ-ն, Երեւանի հայ-հունական պետական քոլեջը, Հրազդանի արհեստագործական պետական ուսումնարանը, ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնարանը, «Հատիս» խոհարարական թիմը, «Արարատ հոլը»՝ Անիի Բագրատունյաց թագավորության խոհանոցով, «Բայազետ», «Իբիցա», «Արվասար», «Ծիրանի», «Ակումբ», «Ոսկեվազի գինու գործարան» ընկերությունները:
«Վերջին 2 տարիներին փառատոնն ավելի հետաքրքիր է դարձել՝ իր նոր մոտեցումներով ու մտահղացումներով: Փառատոնն այս ձեւաչափով ու այս ընդգրկումով, իհարկե, հնարավոր չէր լինի անցկացնել, եթե չլիներ Երեւանի քաղաքապետարանի ծավալուն այս աշխատանքը: Մենք էլ մեր մասով արել ենք հնարավորը, որ փառատոնն իսկապես տոն դառնա ու ծառայի նպատակին: Պետք է ասեմ, որ երկար ուսումնասիրություններից եւ փնտրտուքից հետո, այս տարի առաջին անգամ ներկայացնում ենք Անիի Բագրատունյաց թագավորության խոհանոցների բաղադրատոմսերով պատրաստված ուտեստները, որոնք որոշ նմանություններ ունեն նաեւ Շիրակի դաշտավայրի խոհանոցին»,- նշել է «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հ/կ-ի ղեկավար Սեդրակ Մամուլյանը:
Երեւանցիներն ու հատկապես մայրաքաղաքի օտարազգի հյուրերը ուրախությամբ փաստել են, որ փառատոնն ազգային տոնակատարության է վերածվել եւ անգամ այդ օրվա անձրեւային եղանակին տոնական տրամադրություն պարգեւել: «Երեւանի քաղաքապետարանը որդեգրել է միջոցառումային զբոսաշրջության զարգացման ուղին, հետեւաբար, ողջունվում են բոլոր այն նախաձեռնությունները, որոնք միտված են քաղաքային միջավայրում միջոցառումային զբոսաշրջությունը զարգացնելուն: «Երեւանյան ամառ-2016» եռամսյա միջոցառումների ծրագրով փառատոները շատ են եւ, վստահ ենք, որ տարեցտարի զբոսաշրջիկները Երեւան այցելելիս տարվա այս եղանակը կընտրեն հենց քաղաքային միջոցառումների մասնակիցը դառնալու համար»,- նշել է Մարիա Բարաղամյանը:
«Համով-հոտով Երեւան»-ն ուղեկցվել է համերգային ծրագրով: Ելույթ են ունեցել ազգագրական երգի-պարի «Սասնա ծռեր», «Զարթոնք», «Մարաթուկ», «Կարին» եւ այլ համույթներ:
Սեփ. լրատվություն
Երեւանում անցկացվելու է «Պատմական Տայք. պատմություն, մշակույթ, դավանանք» խորագրով միջազգային գիտաժողով
Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ «Մատենադարանում հունիսի 22-24-ը անցկացնելու է միջազգային գիտաժողով՝ «Պատմական Տայք. պատմություն, մշակույթ, դավանանք» խորագրով: Այս մասին տեղեկացնում են Մատենադարանից:
Այն կազմակերպում են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ «Մատենադարանը», Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան եւ Բյուզանդագիտության հայկական ազգային կոմիտեն:
Ելույթներով հանդես են գալու հայ, նաեւ արտասահմանցի մասնագետներ Ռուսաստանից, Վրաստանից, Իտալիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Հունաստանից, Նիդերլանդներից, Ղրիմից:
«Լուսանցք» թիվ 20 (410), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



