Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը սկսել է շրջայցերը վարչական շրջաններում:
Գուցե, որպես մայրիկի, ինձ ամենաշատը հետաքրքրում են այդ այցերը մանկապարտեզների պահով:
Բանն այն է, որ մեր մայրաքաղաքում դեռ կան չվերանորոգված պարտեզներ` հնամաշ գույքով: Այսպիսի պարտեզներ հաճախող փոքրիկների ծնողներն ինձ լավ կհասկանան. երբ, ասենք, հնամաշ աթոռների պատճառով ստիպված ես ամեն օր հագուստի թելերը ներս տանել, պատռվածը վերանորոգել, մի խոսքով` ակամա դերձակ ես դառնում: Բացի այդ` ուզում ես, որ երեխան պարտեզում նաեւ գեղագիտական հաճույք ստանա, աչքը սովորի սիրունը տեսնելուն: Այս հարցը սուր է հատկապես այն ծնողների մոտ, ովքեր տանել չեն կարողանում սովետական կենցաղը հիշեցնող ամեն մի մանրուք:
Ինչեւէ, շրջայցերից պարզ դարձավ, որ մանկապարտեզների հարցն անտեսված չէ, ինչը կարեւոր է: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, օրինակ, քաղաքապետին ներկայացված ծրագիրը թիվ 89 մանկապարտեզի հիմնանորոգումն էր: Տարեկան ծրագրի շրջանակում այս նախակրթարանում եւս փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար կապահովվեն անհրաժեշտ բոլոր պայմանները: Առանձնակի կարեւորելով աշխատանքների իրականացումը՝ մանկապարտեզի տնօրենը նշել է, որ նախակրթարանը երբեւէ նորոգման չէր ենթարկվել, ինչի անհրաժեշտությունը շատ էր զգացվում: Տնօրենը նաեւ մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողների գոհունակությունն է փոխանցել քաղաքապետին՝ նախակրթարանների հանդեպ ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար՝ ընդգծելով, որ հատկապես վերջին տարիներին պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերն իսկապես բազմաբնույթ են ու ծավալուն:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը իր հերթին վստահեցրել է, որ մայրաքաղաքի մանկապարտեզների պայմանների բարելավմանն ուղղված ծրագիրը լինելու է շարունակական, եւ հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երեւանի բոլոր մանկապարտեզներում:
«160 մանկապարտեզ ունենք Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ եւ գրեթե բոլոր այդ մանկապարտեզներում հիմնանորոգման խնդիր կար, որոնք կուտակվել էին տասնամյակների ընթացքում: Խնդրին համակարգված լուծում տալու նպատակով վերջին չորս տարիներին մեր կողմից հստակ ծրագիր մշակվեց, որպեսզի Երեւան քաղաքի բոլոր վարչական շրջաններում իրականացնենք մանկապարտեզների հիմնանորոգման աշխատանքներ: Տարեցտարի արդյունքը տեսանելի է, ինչը փաստում են հենց մանկապարտեզ հաճախող երեխաների ծնողներն ու կոլեկտիվը: Ինչպես գիտեք, մանկապարտեզներն անվճար դարձնելուց հետո այսօր շուրջ 30000 երեխա հնարավորություն է ստացել անվճար հաճախել մանկապարտեզ, եւ մենք անում ենք ամեն ինչ՝ մեր երեխաների համար հարմարավետ պայմաններ ապահովելու ուղղությամբ: Վերանորոգման աշխատանքներին զուգահեռ՝ մենք նաեւ գույքի թարմացման ծրագիր ենք իրականացնում, ինչը եւս լինելու է շարունակական: Վստահեցնում եմ, որ մի քանի տարի անց Երեւանում մենք այլեւս չենք ունենա չվերանորոգված մանկապարտեզ»,- ընդգծել է քաղաքապետը:
Այցի շրջանակում Տարոն Մարգարյանը ծանոթացել է փոքրիկների սննդակարգին:
Հատուկ կարեւորելով մանկապարտեզներում սննդի կազմակերպումը՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս հանձնարարել է խստորեն պահպանել սննդի որակի բոլոր չափորոշիչներն ու ինչպես կարգն է՝ գործընթացին մասնակից դարձնել նաեւ ծնողներին:
«Վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից ամենօրյա հսկողություն է իրականացվում սննդի որակի ապահովման ուղղությամբ, եւ ոչ միայն վարչական շրջանի, այլ նաեւ ծնողական համայնքներին ենք հնարավորություն տվել, որ դառնան այդ գործընթացի մասնակիցը», – նշել է քաղաքապետը:
Ես կարող եմ իմ անունից վկայել, որ, որպես ծնող, ստուգել եմ` ինչ որակի հավի կրծքամիս, կարտոֆիլ, մածուն, ձու, հնդկաձավար, բրինձ, ոլոռ, բազուկ է ստանում Ավանում գործող հենց այն մանկապարտեզը` թիվ 52-ը, որտեղ հաճախում է իմ երեխան: Ամեն ինչ թարմ էր: Եվ ստուգել եմ մի քանի անգամ, կա այդ ձեւավորված պրակտիկան: Եթե ես էլ չեմ հասցրել, ստուգել է երեխայիս տատիկը, եւ նա էլ է գոհ մնացել: Որեւէ ծնողի դժգոհություն, համենայնդեպս այս մասով, չեմ լսել: Իսկ սննդի հարցը շատ կարեւոր է: Երեխաների ճիշտ սննդակարգն է նաեւ առողջություն «ձեւավորում»: Հարց, որ այսօր շատ սուր է դրված ամբողջ աշխարհում:
Ինչեւէ, չվերանորոգված պարտեզների ծնողները թող սպասեն. ինչպես վստահեցրեց Տարոն Մարգարյանը, մայրաքաղաքում կվերանորոգվեն բոլոր պարտեզները:
Աստղինե Քարամյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 23 (413), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



