Նոր իրավիճակ` հին կարծրատիպերով հանդերձ – Եթե կա պատերազմի վերսկսման վտանգ, Փարիզում նախատեսվող Սերժ Սարգսյան – Իլհամ Ալիեւ հանդիպումը էական փոփոխություն չի բերի…

«Մոսկվան քննադատում է ՆԱՏO-ի գագաթնաժողովին կայացված որոշումները»,- մեկնաբանելով Վարշավայի համաժողովի արդյունքները՝ այսօր հայտարարություն է արել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Ռուսաստանը ՆԱՏՕ-ից բացատրություններ է ակնկալում` կապված այն գործողությունների հետ, որոնց նպատակն է խախտել ուժերի հավասարակշռությունն, ինչպես նաեւ արագացված կերպով Եվրոպայում կյանքի կոչել ԱՄՆ-ի եւ Հյուսիսատլանտյան դաշինքի հակահրթիռային պաշտպանության համակարգերը»: Գագաթնաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի անդամ պետությունները որոշեցին դաշինքի 4 բազմազգ գումարտակներ տեղակայել Ռուսաստանի սահմաններից ոչ հեռու` Լեհաստանում եւ բալթյան 3 հանրապետություններում:

Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարծում է՝ Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հնարավորություն է՝ ղարաբաղյան հակամարտության հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ քննարկելու համար: Այս մասին ամերիկացի դիվանագետը գրառում էր «Թվիթեր»-ում՝ հայտնելով, որ արդեն մեկնում է Վարշավա:

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հուլիսի 14-ին աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, հայտնել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին: Ըստ նրա, ԱՄՆ պետքարտուղարը կունենա մի շարք հանդիպումներ ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի Սիրիայի, Ուկրաինայի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները եւ այլ հարցեր:

Մոսկվան վերոհիշյալ հարցերում ունի իր տեսակետները, ինչը փորձում է ամրագրել միջազգային ասպարեզում: Դիցուկ` Արցախի հարցում այսպես է արտահայտվել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում կողմերը հաջողությանը մոտ են առավել քան երբեւէ, սակայն մանրամասները բացահայտելու համար դեռ վաղ է».- այսպիսի բարձրակոչ հայտարարությամբ նա ամփոփել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումը: «Մենք հիմքեր ունենք ենթադրելու, որ այս անգամ մենք ավելի շատ ենք մոտեցել հաջողության հասնելուն, քան դա եղել է մինչ այժմ»,- հայտարարել է ռուս նախարարը եւ հավելել է, որ Ռուսասատանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման ընթացքում ձեռքբերված համաձայնությունների մանրամասները դեռեւս չեն բացահայտվի: «Հակիրճ կասեմ, որ հասկանալի պատճառներով մենք բաց կերպով չենք քննարկում մանրամասները, որոնք քննարկվում են նախագահների եւ արտգործնախարարների հանդիպումների ընթացքում: Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին 3 կողմերի նախագահներն իրենց հանդիպման ավարտին հատուկ պայմանավորվել են, որ կողմերը զգուշորեն կվերաբերվեն ի հայտ եկած հույսի այն նշույլներին, որպեսզի «չձախողեն» իրավիճակը»,- ասել է Սերգեյ Լավրովը:  

Իսկ Հայաստանում շարունակում են վտանգավոր համարել այն փաստը, որ Ռուսաստանը նորից է զենք վաճառել Ադրբեջանին:

Սա համարվում է հենց պատերազմի վերսկսման վտանգ: Ինչն էլ իր հերթին նշանակում է, որ Փարիզում նախատեսվող Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը էական ոչ մի փոփոխություն չի բերի:

ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով ՌԴ նախագահ Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Օբամայի հեռախոսազրույցին, որի ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցերը, նշեց, որ ՀՀԿ-ում բավականին դրական են գնահատում նախագահների հեռախոսազրույցը, քանի որ գերտերությունների ղեկավարները, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների ղեկավարներն այս հարցում ունեն համահունչ դիրքորոշումներ: «Այսինքն՝ այն կարծիքը, թե ԼՂ հիմնահարցում կան ռուս-ամերիկյան բավականին խորքային հակասություններ՝ տեսանք, որ այդպես չէ: Գոնե պաշտոնական հաղորդագրությունը ցույց է տալիս՝ թե Միացյալ Նահանգները, թե Ռուսաստանի Դաշնությունը, թե նրանց ղեկավարները բացառապես խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից են, եւ Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ հանդիպումները չեն հակասում ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ձևաչափին»,- նշել է Էդուարդ Շարմազանովը: Ըստ նրա, մեկ անգամ եւս կարելի է վերահաստատել, որ ԼՂ հիմանահարցում, գոնե հրապարակային հայտարարությունների մակարդակով, ռուս-ամերիկյան հարաբերություններն իրար չեն հակասում. «Եւվ այն գնահատականները, որոնք կային պաշտոնական հաղորդագրության մեջ, որը տարածել էր Կրեմլը, բնականաբար, դրական է գնահատվում»:

Մեկ այլ ուղղությամբ էլ է զարգնում հայկական ռազմա-քաղաքական ուղղությունը: Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ: Զրուցակիցները բարձր են գնահատել երկու բարեկամ պետությունների միջեւ հարաբերությունները, որոնք շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Իրանի միջեւ տնտեսական համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:

Հեռախոսազրույցի ընթացքում Հովիկ Աբրահամյանը դիմել է Էսհաղ Ջահանգիրիին՝ Իրանից Հայաստան ներմուծվող գազի ծավալներն ավելացնելու հարցով, քանի որ Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վնասված հատվածներում վերականգնողական աշխատանքների իրականացման նպատակով հուլիսի 10-ից օգոստոսի 10-ը Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Իրանական կողմը դրական է արձագանքել հայկական կողմի առաջարկին: Հովիկ Աբրահամյանը եւ Էսհաղ Ջահանգիրին անդրադարձ են կատարել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Արաբական երկրները եւս հետաքրքրված են արցախյան խնդրով: Արաբական հեղինակավոր «Ալ-Մայադին» հեռուստաալիքին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանն ասել է. «Ինձ համար ամենակարեւորն այն է, որ ԼՂ բնակչության անվտանգությունն ապահոված լինի, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ապրելու իրենց պատմական հայրենիքում: Այդ անվտանգությունը կարող է ապահովվել միայն ու միայն Ադրբեջանի կազմից դուրս, որեւէ մեկի համար այդ առումով հիմա կասկած չկա: Անշուշտ, առաջին հերթին կամքը Լեռնային Ղարաբաղում ապրողներին է, թե ինչպիսի կարգավիճակ նրանք կուզենան ունենալ՝ լինեն անկախ պետությո՞ւն, թե՞ միացած լինեն Հայաստանի Հանրապետությանը»:

Մեր երկրի ղեկավարն ընդգծել է, եթե ինքնորոշումը հարգելի եւ ամենահիմնական իրավունքներից չլիներ, ապա ՄԱԿ-ն այսօր կազմված կլիներ 60-70 երկրներից: «Ադրբեջանի ղեկավարությունը պետք է հասկանա, որ այդ մարդկանց որեւէ կերպ հնարավոր չէ պահել Ադրբեջանի կազմում»,- ասել է ՀՀ նախագահը:

Հուլիսի 12-ին ԼՂՀ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն ու ԼՂՀ մի շարք պատգամավորներ ընդունել են ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովին եւ նրա հետ Ստեփանակերտ ժամանած ՀՀԿ խմբակցության պատգամավորներին: «Տարիներ առաջ Հայաստանի եւ Արցախի միջեւ սկիզբ առած միջխորհրդարանական համագործակցությունն ապրիլին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո հասել է նոր աստիճանի, որն արդեն ոչ միայն պաշտոնական եւ արարողակարգային է, այլեւ՝  ընդգծված բարեկամական ու գործընկերային»,- նշել է ԼՂՀ խորհրդարանի ղեկավարը: Հադրութի շրջանի Տող գյուղում նախատեսված երիտասարդական բանակումին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը կիսվել է առաջնագիծ կատարած այցի տպավորություններով եւ նշել, որ հանդիպելով զինվորներին՝ հերթական անգամ համոզվել են՝ ԼՂՀ սահմաններն անառիկ են:

Խոսելով խորհրդարանական համագործակցության մասին՝ Էդուարդ Շարմազանովը, ով ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավարն է,  նշել է, որ Հայաստանի խորհրդարանը պետք է ավելի հաճախակի դարձնի շփումներն Արցախի խորհրդարանի հետ՝ առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու եւ համապատասխան միջազգային կառույցներին ներկայացնելու համար: Քանի որ առայժմ ԼՂՀ ԱԺ-ն ընդգրկված չէ այս կամ այն միջազգային վեհաժողովում, ՀՀ ԱԺ-ն պետք է ավելի ակտիվացնի մեր քննարկումները, որպեսզի նաեւ Արցախից լինեն Ղարաբաղին առնչվող խնդիրների վերաբերյալ խորհրդատվություններ եւ դրանք ներկայացնեն վեհաժողովներում: ՀՀ պատգամավորները պատրաստ են դա անել եւ ավելի ընդլայնել միջազգային հարթակներում ծավալվող աշխատանքների արդյունավետությունը:

Հատկապես, որ նոր իրավիճակ է՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո:

Բանակցային գործընթացի մասին խոսել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Էրդվարդ Նալբանդյանը: Ըստ նրա, բանակցությունները շարունակելու համար պայմաններ ստեղծելու նպատակով, նախեւառաջ, անհրաժեշտ է իրականացնել այն, ինչի մասին հատուկ շեշտվել է, եւ ինչի շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվել գագաթաժողովներին: «Հակամարտության բացառապես խաղաղ կարգավորում, զինադադարի վերաբերյալ 1994-1995թթ. եռակողմ անժամկետ համաձայնագրերի անվերապահ իրականացում, միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծում, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի ընդլայնում»,- պայմանավորվածությունները թվարկել է ԱԳ նախարարը:

Նա նշել է, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները, առաջին հերթին, նպատակ ունեին կայունացնելու ապրիլին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված, միջազգային մարդասիրական եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումներով ուղեկցված լայնամասշտաբ ագրեսիվ գործողությունների հետևանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը: «Ցավոք, երկու գագաթաժողովներից հետո Ադրբեջանը փորձում է անտեսել ձեռք բերված համաձայնությունները՝ խոչընդոտելով խաղաղ գործընթացի առաջխաղացումը: Հայաստանը եռանախագահների հետ միասին շարունակելու է ջանքերն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,- ասել է նա:

Իսկ ՀՀ ԱԳՆ տեղակալ Շավարշ Քոչարյանը բազմիցս ասել է, որ  Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից` ԼՂՀ ճանաչումով: «Այդ փաթեթային կարգավորման առանցքային տարրերից մեկն է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը՝ համապատասխան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության: Ընդհանուր առմամբ, Մադրիդյան փաստաթղթի, այդ թվում՝ հանրաքվեի գաղափարի ընդունումը՝ որպես բանակցային գործընթացի հիմք, հանդիսացել է Հայաստանի Հանրապետության լուրջ փոխզիջումը, քանի որ Լեռնային Ղարաբաղի անկախության վերաբերյալ հանրաքվեն անցկացվել է դեռ Խորհրդային Միության փլուզումից առաջ՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերին եւ Խորհրդային Միության՝ այդ ժամանակ գործող Սահմանադրությանն ու օրենսդրությանը լիակատար համապատասխանությամբ»,- նշել է փոխնախարարը: Ըստ նրա, նոր հանրաքվեի գաղափարը միջնորդների կողմից հիմնավորվում էր նրանով, որպեսզի Ադրբեջանի ղեկավարությանը ժամանակ տրամադրվի իր բնակչությանն այդ հանրաքվեի անցկացման անխուսափելիությանը, ինչպես նաեւ երկարատեւ խաղաղությանը, այլ ոչ թե պատերազմին նախապատրաստելու համար:

Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը Մադրիդյան փաստաթղթի ընդունումից հետո ընկած ժամանակահատվածն օգտագործեց բանակցային գործընթացի էությունը խեղաթյուրելու, հայերի դեմ ատելություն սերմանելու, իր բնակչությունը պատերազմի նախապատրաստելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի հետ սահմանի երկայնքով լարվածություն պահպանելու եւ սադրիչ գործողություններ իրականացնելու համար: Նմանօրինակ քաղաքականության տրամաբանական շարունակությունն էր Ադրբեջանի կողմից ԼՂՀ դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը, ինչը հանդիսանում է 1994-95թթ. զինադադարի ռեժիմի հաստատման եւ զինադադարի ռեժիմի ամրապնդման մասին եռակողմ՝ Ադրբեջան, Լեռնային Ղարաբաղ, Հայաստան, անժամկետ համաձայնագրերով իր միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտում: Ադրբեջանական ագրեսիան իրականացվում էր միջազգային մարդասիրական իրավունքի՝ ԴԱԵՇ-ի դաժանությանը չզիջող կոպտագույն խախտումներով, ներառյալ՝ դպրոցները հրետակոծելը, որի արդյունքում զոհվեցին եւ վիրավորվեցին երեխաներ, տարեց անձանց կտտանքների ենթարկելը, խեղելը եւ սպանելը, ինչպես նաեւ զինվորներին գլխատելը: Ընդ որում, Ադրբեջանի նախագահը ցուցադրաբար պարգեւատրեց հայ ռազմագերուն գլխատած բարբարոսին ճիշտ այնպես, ինչպես ժամանակին հերոսացրել էր Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ զինծառայողի կացնահարած մեկ այլ բարբարոսի:

Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան հստակորեն ցուցադրեց իր ղեկավարության անկարողությունը՝ հետեւելու իր իսկ կողմից ստորագրված համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին, եւ ապացուցեց, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փաթեթային կարգավորման մեկնարկը պետք է տրվի Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումով եւ Ադրբեջանի՝ ԼՂՀ օկուպացված տարածքները վերադարձնելու պատրաստակամության մասին հայտարարությամբ: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը որեւէ առչություն չունի Լեռնային Ղարաբաղի հետ, եւ հակամարտությունը պետք է կարգավորվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման եւ Ադրբեջանի՝ ինքնորոշված ԼՂՀ դեմ իրականացված ագրեսիայի համար պատասխանատվության շրջանակներում:

Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման շուրջ բանակցային գործընթացում շահագրգիռ կողմերի եւ հատկապես միջնորդների ակտիվացում նկատելի է, սակայն դա ոչ թե ուղղված է ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, այլ նոր պատերազմի կանխմանը: Ըստ քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի, վերջին շրջանում հիմնահարցի շուրջ նկատվող ակտիվությունը, տարածաշրջան կատարվող հաճախակի դարձած այցերն են. «Այս պահին միջնորդների ջանքերն ուղղված են վիժեցնելու Ադրբեջանի փորձերը՝ ԼՂ հարցի ռազմական ճանապարհով լուծմանը եւ նրան բանակցությունների սեղան վերադարձնելուն:

Վերլուծաբաններից ոմանք կարծում են, որ ներկայումս որեւէ հիմք չկա ասելու, որ գործընթացը մոտ է հանգուցալուծմանը, նույնիսկ տեսանելի չեն միտումներ, որոնք հնարավորություն մտան ակնկալել, որ գործընթացում իրական շարժեր են նկատվելու:

Ադրբեջանի բոլոր հրապարակային հայտարարություններն ուղղված են խաղաղ բանակցային գործընթացի տապալմանը:

Նոր իրավիճակում հայտնի չէ, թե այդ ձգտումները ինչ ընթացք կստանան:

Իսկ որ իրավիճակը նոր պայմաններ է թելադրելու, արդեն երեւաց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո: Ռուսաստանը հրավիրված չէ հուլիսի 20-21-ը Վաշինգտոնում կայանալիք ԻՊ-ի դեմ պայքարող կոալիցիայի պաշտպանության նախարարների հանդիպմանը:

Հանդիպմանը կմասնակցեն միայն կոալիցիայի անդամ-երկրների պաշտպանության նախարարները: «Ռուսաստանը այս կոալիցիայի անդամ չէ»,- այսպես է մեկնաբանվել Պենտագոնի որոշումը:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 24 (414), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.