Արցախը՝ կրկին գերտերությունների թիվ մեկ խնդիր – Արցախի ձայնը վերջինն է լինելու խնդրի լուծման մեջ, ուստի Երեւանի հետ բանակցությունների սեղանին պիտի նստի նաեւ Ստեփանակերտը…

Թուրքիայի նախագահ Ռոջեփ Թայիփ Էրդողանը դեռ ջանում է խաղալ համաշխարհային 2 բեւեռների հետ, որպեսզի կարողանա իրականացնել իր նորօսմանական ծրագրերը: Մոսկվայի հետ որոշակի կարգավորելով իր հարցերը, Անկարան անցավ Բրյուսելի եւ Վաշինգտոնի հետ առկա խնդիրների քննարկմանը: Թերեւս դեռ վաղ է ամբողջական գնահատական տալ թուրքական խաղերին, սակայն մի բան պարզ է՝ պաշտոնական Անկարան կիսատ-պռատ հարաբերություններ ունի Մոսկվայի հետ, մի քիչ ավելի լավ, բայց նորից կիսատ-պռատ հարաբերություններ` Բրյուսել-Վաշինգտոն դաշնակիցների հետ եւ վատացող հարաբերություններ «Իսլամական պետության» հետ, որի միջոցով կարողանում էր նավթի ու գազի հսկայական պաշարների տեր դառնալ:

Եթե Վաշինգտոնի հետ Անկարան դեռ կարողանում է իր շահերը առաջնային դիրքերում պահած բանակցել, ապա Փարիզն ու Բեռլինը խիստ վերաբերմունք են ցուցադրում: Թուրքիայի ամենասերտ դաշնակիցը Եվրոպայում Մեծ Բրիտանիան էր, սակայն անգլիացիների հանրաքվեի արդյունքները կստիպեն Լոնդոնին դուրս գալ Եվրամիությունից, ինչը Թուրքիայի համար տհաճ անակնկալ էր… Չնայած Թուրքիայի նախագահը փորձեց այլ երանգներ տալ այս ամենին եւ նշեց, թե «Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու քայլը թուրքերին հուշում է, որ դեռ կրիք չկա այմտեղ շտապելու»: Թուրքիայի նախագահն անգամ հոխորտաց. թե, ըստ ամենայնի, ինքը երեւի թե շտապել է ԵՄ-ի դռները թակել, եւ գուցե լավ է, որ հարցը ձգձգվել է ու այսօր բարեկամ Անգլիայի հետ կարող են մտածել եվրոպական ապագայի մասին: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ֆրանսիական ազգայնականները Մարին Լը Պենի գլխավորությամբ եւս հայտարարեցին, որ ԵՄ-ն պիտի լուծարել ու նոր եվրոպական կառուց հիմնել, որովհետեւ Եվրամիության օրենքները ճնշում են երկրների անկախությանը, ինքնուրույնությանը:

Չնայած այս խառը ժամանակներում Արեւմուտքը չի գնա կտրուկ փոփոխությունների, քանզի նորից սրվել են Ռուսաստանի հետ հարաբերությունները եւ չի բացառվում նոր պատժամիջոցներ կիրառվեն Ռուսաստանի դեմ: Իհարկե, պաշտոնական Մոսկվան փորձում է հարթել խնդիրները, բայց զուգահեռ մտածում է իր կողմից պատժամիջոցների դիմելու մասին: Այս իրավիճակում էլ Թուրքիան փորձում է շահեր ունենալ եւ առճակատումից ամրապնդել իր դիրքերը եւ Ռուսաստանի, եւ Արեւմուտքի հետ… Ինչը, ինչպես վերը նշեցինք, թերեւս  ձախողվել է:  

Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման փաստը եւ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձեւը Անկարային ստիպում է հենց այս երկրների հետ շտկել հարցերը առաջին հերթին: Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցը ավելի է խճճել Անկարայի վիճակը քրիստոնյա աշխարհի հետ հարաբերություններում:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ Վարշավայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահի հետ իր հանդիպումը խնդիրներ չի լուծել, բայց անցել է կառուցողական մթնոլորտում: Ըստ աղբյուրի, երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ Էրդողանը Մերկելին ցավ է հայտնել Բունդեսթագի կողմից 1915թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Մերկելն իր հերթին խոստացել է անել ամեն ինչ, որպեսզի այդ բանաձեւը չվնասի թուրք-գերմանական հարաբերությունները: Նա նաեւ նշել է, որ մթնոլորտը, որում վարվել են բանակցությունները եւ փորձ է արվել լուծել խնդիրները, կառուցողական ու գործնական է եղել Հիշեցնենք, որ «Հայերի եւ մյուս քրիստոնյա փոքրամասնությունների 1915-1916թթ. ցեղասպանության հիշատակի եւ հիշատակման մասին» վերնագրով ընդունված բանաձեւում ամրագրվում է, որ «Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է Օսմանյան կայսրությունում հայերի ու մյուս քրիստոնյա փոքրամասնությունների տեղահանման եւ կոտորածների զոհերի առաջ»: Գերմանիայի կանցլերը նաեւ ընդգծել է, որ թեպետ ընդհանուր լուծման չեն հասել Թուրքիայի նախագահի հետ, բայց վիճելի իրավիճակները պետք էր քննարկել: Թուրքական աղբյուրները հայտնում է, որ Մերկելն Էրդողանի հետ քննարկել է գերմանական պատվիրակությունը թուրքական Ինջիրլիքի ռազմաբազա թույլ չտալու միջադեպը: Թուրքական կողմը կուսումնասիրել գերմանական կողմի դիմումը: Խոսք է եղել նաեւ սիրիական ճգնաժամի, փախստականների հարցի մասին:

Մերկելը հանդիպումից հետո լրագրողներին տված կարճ հարցազրույցում կառուցողական է գնահատել Էրդողանի հետ ունեցած հանդիպումը, բայց այժմ տեսակետ կա, որ Գերմանիան կարող է ետ կանչել իր զինված ուժերը Թուրքիայից: «Եթե Թուրքիան թույլ չտա Գերմանիայի խորհրդարանականներին այցելել Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում տեղակայված Բունդեսվերի զինվորականներին, ապա Գերմանիան կարող է ետ կանչել Թուրքիայից իր զինված ուժերը»,- ասել է Գերմանիայի խորհրդարանի ղեկավար Նորբերտ Լամբերտը: Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանական գերատեսչությունը հաստատել էր այն տեղեկատվությունը, թե թուրքական կողմը հրաժարվել է համաձայնեցնել Գերմանիայի ՊՆ խորհրդարանական պետքարտուղար Ռալֆ Բրաուկզիպեի գլխավորությամբ պատվիրակության՝ ավիաբազա այցելության հետ կապված հարցերը: Այցը նախատեսված էր այս տարվա հուլիսի սկզբին, բայց գերմանացի խորհրդարանականների մուտքը ավիաբազա նույնպես արգելված է: Ահա, այս ամենն է, որ պիտի իբր ուսումնասիրեր թուրքական կողմը, ինչպես Մերկելին ասել էր Էրդողանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հանդիպմանը:

«Եվս մեկ անգամ պետք է շեշտել, որ Բունդեսթագը կհամաձայնեցնի արտերկիր գերմանացի զինվորականների մեկնելու մանդատը միայն այն ժամանակ, երբ նրանք կկարողանան մասնակցել միջազգային առաքելություններին եւ երբ նրանց այնտեղ ուրախ են տեսնել»,- «Sueddeutsche Zeitung» թերթին տված հարցազրւյցում այս մասին նշել է Նորբերտ Լամբերտը: Գերմանիայի օրենսդիր մարմնի ղեկավարը հայտատարել է, որ գերմանացի զինծառայողները երկար չեն գտնվի այնտեղ որտեղ նրանց «ուրախ չեն տեսնել»: Գերմանական զլմ-ները, նշում են, որ Անկարայի նման պահվածքի պատճառը միայն Գերմանիայի օրենսդիր մարմնի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված բանաձեւն է:

Ժամանակին, երբ Ֆրանսիայում քննարկվում էր Հայոց ցեղասպանության անժխտելիության հարցը, թուրքական դիվանագիտական, քաղաքական ու տնտեսական պատասխանատուները հանդես եկան ընդդեմ Ֆրանսիայի, բայց դա երկար չտեւեց: Հիմա այդ հարցը կրկին օրակարգային է, եւ Անկարան նորից սպառնում է դիմել վճռական քայլերի, եթե Փարիզը շարունակի Հայոց ցեղասպանության ժխտելիությունը քրեականացնելու հարցը: Արեւմտյան ուղղության դեմ պայքարում Անկարան փորձում է խաղալ Մոսկվայի հետ:

Ինջիրլիքի ռազմաբազան նաեւ Ռուսաստանին տրամադրելու խաղարկումը հենց այդ նպատակով էլ արվեց: Սակայն Անկարան նաեւ վտանգավոր արձագանքներ նկատեց ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից, ինչը կարող է կործանարար լինել Թուրքիայի համար:

Ռազմաբազայի հարցը փակելով՝ Անկարան ու Մոսկվան գնացին փոխադարձ պատժամիջոցների վերացմանը եւ նորովի համագործածակցությանը:

«Ռուսաստանը եւ Թուրքիան, միավորելով առեւտրային, տնտեսական եւ ռազմական ջանքերը, կարող են լուծել Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ քրդական հարցը»,- այս անգամ էլ այսպես է հոխորտացել ԼԴՊՌ կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին: Նա ադրբեջանական «Lider TV» հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է. «Եթե Թուրքիան զարգացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները, ապա դա հավերժ է: Տնտեսական, առեւտրային եւ արդյունաբերական առումներով՝ միայն պլյուսներ կան, ոչ մի մինուս: Մենք հյուսիս ենք, իրենք՝ հարավ: Մենք պատրաստ ենք նրանցից վերցնել ամեն ինչ, ներառյալ՝ ափերն ու ծովը, ինչպես նաեւ տալ ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է հյուսիսային երկրից, որն աշխարհի 10 ամենազարգացած երկրներից մեկն է»,- ասել է Ժիրինովսկին:

«Թուրքիան հիանալի հնարավորություններ ունի Ռուսաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Եթե Ռուսաստանն ու Թուրքիան միավորվեն, ապա կարող են լուծել Ղարաբաղի հարցը, եւ Ադրբեջանը բավարարված կլինի»,- երազել է Ժիրինովսկին: Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա տեսնում ԼՂ հակամարտության կարգավորումը, ԼԴՊՌ-ի առաջնորդն ասել է. «Թող Կրեմլում որոշեն, մեր նախագահը թող որոշի: Սակայն կարելի է հատուկ կարգավիճակ փնտրել ԼՂ համար, որպեսզի բավարարված լինեն եւ՛ հայերը, եւ՛ ադրբեջանցիները»:

Ավելի վաղ այս խեղկատակը հայտարարել էր, որ Թուրքիան կարող է առավել մոտ լինել Ռուսաստանին, քան Հայաստանը:

Հակառակ այս տեսակետի, «Միացյալ Նահանգները կարող է եւ պետք է ավելի մեծ դեր խաղա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացում»,- «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Վրաստանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Քենեթ Յալովիցը. «Կարծում եմ, ամերիկյան եւ եվրոպական ավելի մեծ ներգրավվածությունը ղարաբաղյան հարցում շատ կարեւոր է, սակայն կարեւոր է նաեւ, որ հայկական եւ ադրբեջանական հասարակության առաջնորդներն իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստեն»: Դիվանագետի խոսքով, Ռուսաստանն ու Արեւմուտքը պետք է օգնեն հակամարտող կողմերին խաղաղություն հաստատել.

Ռուսաստանն այժմ բացասական դեր է խաղում՝ զինելով երկու կողմերին: Ինչը  կառուցողական չի թվում: Արեւմուտքն ու Ռուսաստանը պետք է համաձայնության գան եւ փորձեն կողմերի միջեւ իրական բանակցություններ խթանել, որպեսզի դրվեն խաղաղ կարգավորման հիմքերը, կարծում են ամերիկացիները:

Հայ եւ ադրբեջանական ժողովուրդներին խաղաղության ուղիով տանելու մասին էր խոսում նաեւ Ուկրաինայում ԱՄՆ-ի նախկին դեսպան, վերլուծաբան Ջոն Հերբսթը. «Պետքարտուղարությանն անհրաժեշտ է ավելի լուրջ դեր ստանձնել այս ճգնաժամի կարգավորման գործընթացում՝ մանրամասն հետազոտելով կարգավորման հեռանկարները հայկական եւ ադրբեջանական հասարակություններում»:

Ատլանտյան խորհուրդի վերլուծաբան Ագնիա Գրիգասի խոսքով, հակամարտությունը չի բխում ոչ հայկական ոչ ադրբեջանական ժողովուրդների շահերից. «Միակ կողմը, որ շահում է այս տեւական հակամարտությունից Ռուսաստանն է: Ղարաբաղյան խնդրի ներկա կարգավիճակը խոչընդոտում է Հայաստանի եւ Ադրբեջանի տնտեսական, քաղաքական եւ հասարակական զարգացմանը»: Նրա կարծիքով, ապրիլյան պատերազմից հետո բարդ է խոսել հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելու մասին, սակայն, հակամարտության տեւական կարգավորման հնարավոր է հասնել միայն խաղաղ ճանապարհով՝ կողմերի փոխհամաձայնությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մասնակցեց Լեհաստանում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որտեղ հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Մեր նախագահ բարձր է գնահատել Միացյալ Նահանգների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի շարունակական ջանքերը‘ ուղղված տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովմանը: Սերժ Սարգսյանն ու Ջոն Քերին անդրադարձել են հուլիսի 6-ին Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների միջեւ տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ԼՂ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ քննարկված հարցերին: Զրուցակիցները եւս մեկ անգամ կարեւորել են Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունների անվերապահ կենսագործումը:

Հուլիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Վարշավայում մասնակցել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովի շրջանակներում  կայացած հանդիպմանը: «Փոխգործունակության հարթակ» ձեւաչափով hանդիպմանը մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկերներ 52 երկրների պաշտպանության նախարարներ:

Այս ընթացքում աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգ էր մեկնելՀայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Բացի պաշտոնական հանդիպումներից, Հովիկ Աբրահամյանը հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին: Նա անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, տնտեսական իրավիճակին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, պատասխանել է մեր հայրենակիցներին հուզող բազմաթիվ հարցերի:

«Լուսանցք»-ը միշտ դրական է վերաբերել Հայաստանի արտաքին փոխլրացնող քաղաքականությանը, երբ փոքրատարծք եւ տնտեսապես ոչ հզոր երկիրը հնարավորություն է ստանում նաեւ իր խաղը տանել համաշխարհային բեւեռների հետ՝ համադրելով նրանց շահերը տարածաշրջանում, ոչ թե հակադրելով: Բայց զարմանալի է, որ իշխող կուսակցության մեջ գտնվում են մարդիկ, որոնք մի ուղղվածության հարող են եւ առաջարկում են հանձնել այս կամ այն ազատագրված տարածքը՝ Արցախի կարգավիճակի դիմաց: Մեր կարծիքով՝ նրանք հրաման են կատարում պարզապես՝ աշխարհին ցույց տալու, թե ժողովուրդը պատրաստ է զիջումների, ինչը, մեր կարծիքով, վտանգավոր խաղ է:

Չնայած այստեղ կան տարբերակներ. օրինակ՝ ստացվում է՝ Հայաստանում կան մարդիկ, ովքեր պատրաստ են հանձնել տարածքներ, բայց այդ ընթացքում Արցախն է հայտնում իր դիրքորոշումը, որը շատ կտրուկ եւ հերքող է այս՝ հանձնելու որոշմանը: Այս պարագայում ստացում է, որ Արցախի ձայնը վերջինն է լինելու խնդրի լուծման մեջ, ուստի առաջ է գալիս պաշտոնական Երեւանի առաջ քաշած հարցը, որ բանակցությունների սեղանին պիտի վերադառնա նաեւ Ստեփանակերտը:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 24 (414), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.