Մի՞ թե մնաց միայն ուժային լուծումը
Զինված խմբի հետ բանակցելու էին եկել Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը, ով ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր է, ազատամարտիկ Վահան Բադասյանը, ազատամարտիկ եւ հրապարակախոս Սուրեն Սարգսյանը: ԱԱԾ-ն եւ ոստիկանությունը միայն Վիտալի Բալասանյանին թույլ տվեցին գնալ բանակցությունների:
Երեւանում էր նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը: Սրբազանը, ով հայտարարեց, որ բանակցությունները միայն աշխարհիկների գործը չէ: Նա շեշտեց՝ մենք գերխնդիրներ ունենք լուծելու, հատկապես երբ Ադրբեջանը Թուրքիային ռազմաբազաներ է հատկացրել:
Բանակցությունները կայացան, Վարուժան Ավետիսյանը, Պավել Մանուկյանը եւ մյուսները հարգելով ու հավատալով Վիտալի Բալասանյանին, նրան ընդունել ու բանակցել են: Սակայն, ըստ էության, կարծես թե ոչինչ չի փոխվել… Յուրաքանչյուր կողմ իր տեսակետն է պաշտպանել եւ «Սասնա ծռեր»-ի դիրքորոշումն անփոփոխ է: Նրանք պահանջում են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը եւ ժողովրդական կառավարության ձեւավորումը:
Զինյալներից «Հիմնադիր խորհրդարան»-ի մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտնեց, թե չի ասի, թե ինչի շուրջ են բանակցել, թե ինչ տեսակետ է ունեցել Վիտալի Բալասանյանը, քանի որ դա կանի հենց ինքը, երբ հարմար գտնի: Նա նշեց, որ իրենց երկու դիրքորոշումն էլ գրի է առնվել, իսկ բովանդակության մասին չի ուզում հայտնել.
«Մենք ուրիշ լուծում չենք տեսնում, մեր պատկերացրած լուծումը հետեւյալն է, կամ Սերժ Սարգսյանը շարունակում է բռնություն գործադրել այս պահին իր նկատմամբ թշնամացած ժողովրդի նկատմամբ, սպանում է լայնածավալ ապստամբություն եւ ժողովրդի դատաստանի առարկա է դառնում: Մյուսը, որ ինքը հրաժարվում է, եւ ձեւավորվում է ժողովրդի վստահության կառավարություն քաղաքակիրթ ձեւով, այսպես կարող է առաջանալ որեւէ ոսկե միջին, հստակ կետն այդ ենթատեքստում որոշվելու է Սերժ Սարգսյանի գործած մեղքերով: Եթե նա կատարել է ծանր հանցագործություններ, ապա ըստ այդմ, պատասխան կտա, սա է այն կետը, որի մեջ պետք է լինի լուծումը, մենք առաջարկում ենք միանգամից ներքեւի կետից սկսել, որ հրաժարական տա: Ուրիշ տարբերակ մենք չենք քննարկում, թե ով ինչ լուծում կառաջարկի, եթե այդ ենթատեքստի մեջ չէ, մենք չենք ընդունում»,- ասել է Վարուժան Ավետիսյանը:
* * *
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա զինված հարձակման հետեւանքով զոհված ոստիկանը նույն գնդի փոխհրամանատար, գնդապետ Արթուր Վանոյանն է (նա առաջիկայում պիտի մասնակցեր որդու հարսանիքին):
Հրազենային վնասվածքներ են ստացել ոստիկանության գնդապետ Արամ Հարությունյանը, ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստերղյանը եւ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:
Եվս մի քանի հոգի տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել:
Որպես բարի կամքի դրսեւորում, ըստ զինյալների, ազատ են արձակվել մի քանի պատանդ ոստիկաններ, ովքեր որոշակի առողջական խնդիրներ են ունեցել, մեկ ոստիկան էլ ազատ է արձակվել, որպեսզի կարողանա իրականացնել իր նշանադրությունը:
ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանն ու Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ՊՊԾ գնդում եւս պատանդ են: Սակայն նրանք հետո են պատանդ դարձել, երբ գնացել են զինված խմբի հետ բանակցելու՝ պատանդ են վերցվել:
Մի շարք ոստիկանների ազատ արձակումից հետո ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հայտարարել է, որ բարի կամքը կա նաեւ ոստիկանության կողմից. «Ոստիկանությունը շարունակում է բանակցել տարածքը զավթածների հետ: Բանակցություններն ընթանում են քաղաքակիրթ պայմաններում: Կա շփվող սպա, ով վարում է այդ բանակցությունները»,- Ազատության հրապարակում, մինչեւ խաղաղության երթը իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին է հայտնել փոխոստիկանապետը:
Նա հավելել է, եթե իրենց ներկայացմամբ, զինված խմբի կողմից բարի կամքի դրսեւորում էր մի քանի պատանդին ազատ արձակելը, ապա «մենք էլ փոխադարձ բարի կամք ենք դրսոեւորում ու բռնությամբ չենք պատասխանում»։
ԱԱԾ-ն հերթական հաղորդագրությունում նշել էր, որ «հուլիսի 17-ի լույս 18-ի գիշերը տեւական բանակցությունների եւ իրականացված հատուկ միջոցառումների արդյունքում հաջողվել է ազատ արձակել ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում զենքի սպառնալիքով պատանդ պահվող ոստիկանության 1 ծառայողի, ինչպես նաեւ 1 քաղաքացիական անձի՝ շտապօգնության մեքենայի վարորդին«:
Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Այդուհանդերձ, զինված խումբը հրաժարվում է ազատ արձակել բռնությամբ պահվող այլ անձանց, այդ թվում՝ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների, վայր դնել զենքերը եւ հանձնվել իշխանություններին: Կատարված հարձակման հետեւանքով ապօրինի ազատազրկված անձանց կյանքը եւ առողջությունը շարունակում է վտանգված մնալ: Արդեն իսկ մի քանի հանցանք կատարած եւ իրենց տրամադրության տակ մեծ քանակի զենք ու ռազմամթերք ունեցող ահաբեկիչներն ակնհայտ եւ անմիջական վտանգ են ներկայացնում ոչ միայն պատանդների, այլեւ հանրության համար:
ՀՀ իրավապահ մարմինները ձեռնարկում են հնարավոր եւ հասանելի բոլոր միջոցները իրավիճակին խաղաղ հանգուցալուծում տալու համար, սակայն ստեղծված պայմաններում դա կարող է բավարար չլինել:
Ուստի՝ մեկ անգամ եւս հորդորում ենք զինված խմբի անդամներին ձեռնպահ մնալ նոր զոհերի եւ այլ ծանր հետեւանքների հանգեցնող հանցավոր գործողություններից եւ դադարեցնել զինված դիմադրությունը: Դրա համար դեռ կա ժամանակ եւ հնարավորություն»:
Ցավոք, բախումից խուսափել չստացվեց. Խորենացի փողոցում բախվեցին ոստիկաններն ու ցուցարարները: Հայհոյանքներն անպակաս էին երկու կողմից էլ:
Շուրջ 140 անձ է ձերբակալված, կան տասնյակ վիրավորներ ու տուժյալներ, որոնցից միայն մոտ 60-ն է դիմել բուժօգնության:
«Լուսանցք» թիվ 25 (415), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



