Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը զարմանալի չէր, արդեն քանիերրորդ անգամն է, տարիներ շարունակ բանակը անում է նման քայլեր՝ հայտարարում է, որ խախտվել է սահմանադրական կարգը եւ երկրին նոր իշխանություններ են պետք: Այս անգամ էլ դա կարծես այդպես էր, սակայն պարզվեց, որ համաբանակային (գեներալիտետի) որոշումը չէր դա: Եվ Անկարայում հնչած կրակոցները, քաղաքի վրա՝ ռազմական ինքնաթիռների եւ ուղղաթիռների թռիչքները այնքան էլ հաստատուն հենարան չունեն:
Հայտարարվեց, որ Թուրքիայում մտցվում է ռազմական դրություն: Բանակը գրավել էր թուրքական TRT հեռուստաալիքը եւ դրա միջոցով հայտարարություն տարածել իշխանությունը վերցնելու մասին: Պետական հեռուստաընկերությունը հայտնում էր, որ այժմ երկիրը գտնվում է «խաղաղության խորհրդի» հսկողության տակ, որը կապահովի բնակչության անվտանգությունը։ Նաեւ հայտնում էր, որ ժողովրդավարական ու աշխարհիկ օրենքի գերակայությունը «նախագահ Էրդողանի կառավարության կողմից քայքայման է ենթարկվել»։ The Telegraph-ը, որն անընդհատ իրադարձությունների թարմացումներ էր կատարում, հայտնում է, որ զինվորականներն Անկարայում Թուրքիայի պետական հեռուստաընկերության գլխավոր շենքում են եւ պատրաստվում են իշխանափոխություն իրականացնել…
Այստեղ մի պահ կանգ առնենք: Սա կդիտարկվեր հերթական իշխանափոխության փորձ, եթե մի շարք հանգամանքներ չհանգեցնեին այլ տրամաբանության: Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարծես պատրաստ էր սրան եւ ավելի արագ արձագանքեց, քան գործում էին բանակայինները: Այսինքն՝ զինվորական հեղաշրջում նախաձեռնողները համոզված էին, որ ամեն բան ընթանում է իր հունով, ինչպես միշտ է եղել եւ բանակը շտապելու տեղ չունի:
Այսինքն՝ համոզվածություն կար, որ ամբողջ բանակն է ոտքի կանգնած եւ դիմադրություն չի կարող լինել նախագահ Էրդողանի կողմից: Սակայն, հեղաշրջումը ճնշելուց հետո պարզվեց, որ դրան չի մասնակցել զինվորական բարձրագույն հրամանատարությունը: Թուրքիայում նախորդ հեղաշրջումները նախաձեռնել էր բարձրագույն հրամանատարությունը, ինչն ապահովում էր զինվորականների անայլընտրանքը:
Այստեղից էլ՝ չբացառվեց, որ նախագահ Էրդողանը ինքն է նախաձեռնել այս հեղաշրջման փորձը, որպեսզի դիմի կտրուկ եւ խիստ միջոցների՝ իր իշխանությունն ամրացնելու համար:
Չնայած այդ երկրում արդեն մեծ անվստահություն կա զինվորականների հանդեպ, եւ թուրքական հասարակությունը էլ չի տանում զինվորական բռնությունը: Հեղաշրջման նախաձեռնողները չունեին նաեւ արտաքին աջակցություն, այսինքն՝ փորձը աջակցություն չունեցավ, բայց որը կարող էր լինել, եթե առաջին փուլերում այն հաջողվեր:
Թերեւս մասնակիցների պատճառաբանությունը եւս բավարար հիմքեր չուներ, ապստամբների կարգախոսները հասարակական տեսանկյունից հրատապ ու ընկալելի չէին: Ընդհանուր առմամբ, հեղաշրջման գործընթացը գրագետ չէր, չկար ըմբռնում, թե ինչ պետք է անել այս կամ այն դեպքերում:
Հիշեցնենք նաեւ, որ 2012թ. Էրդողանը արդեն զտումներ էր արել զինված ուժերում, ջախջախվել էր «Էրգենեկոն» խմբավորումը, մեկուսացվել էին բարձրագույն հրամանատարության շատ ներկայացուցիչներ: Այդպես երկրում տեղի ունեցավ ուժեղ պառակտում քաղաքական շրջանակներում, ինչը նախեւառաջ առնչվեց բանակին:
Եվ այն կարծիքները, թե «Էրդողանի ռեժիմը մահացավ՝ մնացել է ներքին պատերազմը», իրական չէր հնչում մի քանի օր անց: Թուրքիայում տեղի ունեցող հեղաշրջման փորձը կատարվեց Վարշավայում ՆԱՏՕ-ի վեհաժողովից անմիջապես հետո, ինչպես նաեւ Մոնղոլիայում Եվրոպայի ու Ասիայի պետությունների ղեկավարների վեհաժողովի պահին: Կարծում ենք՝ սա պատահական չէր: ԱՄՆ-ն հանդես եկավ նախազգուշացմամբ, բայց գլխավոր արտաքին հանգամանքն այս անգամ այն էր, որ Թուրքիան հաշտության եւ, երեւում է, մերձեցման էր գնում Ռուսաստանի հետ:
Ակնհայտ է, որ հեղաշրջման այս փորձը պայմանավորված էր վերոնշյալ արտաքին հանգամանքներով, թեեւ երկրի ներսում դժգոհություն է կուտակվել կառավարության հանդեպ, հատկապես հանրապետական կարգերից հեռանալու համար: Զուր չէ, որ առաջին իսկ պահից սկսեցին խոսել Ֆեթուլլահ Գյուլենի մասին, ով նույնպես Թուրքիայի իսլամականացման կողմնակից է, ունի բազմահազար հետեւորդներ Թուրքիայում, չնայած բնակվում է ԱՄՆ-ում:
Դառնալով հեղաշրջմանը նշենք, որ երբ թուրքական բանակը հայտարարում էր իշխանությունն իր ձեռքը վերցնելու մասին, երկրի նախագահը երկրում չէր եւ CNN Turkն էլ փոխանցեց, թե «Էրդողանն անվտանգ վայրում է»: Անկարայում հզոր պայթյունները շարունակում էին որոտալ: Ռազմական նավերն ու օդանավերը մարտական շարժեր էին անում, Թուրքիանի խորհրդարանի շրջակայքում տանկեր էին տեղակայվում։ Այն լուրը, թե «Էրդողանի ռեժիմը մահացավ եւ արդեն լեգիտիմ չէ» բոլորի մտքերում էր: Արդեն մտմտում էին, թե մինչեւ իշխող կուսակցության մեջ նոր առաջնորդների ի հայտ գալը, ինչ է սպասվում նախագահ Էրդողանին, ո՞րն է լինելու նրա ճակատագիրը՝ զինվորական տրիբունա՞լը:
Նախագահ Էրդողանը փորձեց խուսափել ձերբակալությունից եւ մտադիր չէր վերադառնալ Թուրքիա, բայց հետո ծրագրերը փոխվեցին: Կամ էլ՝ նախապես մտածված ծրագրերը աշխատեցին աներեւույթ:
Հեղաշրջման փորձը տեղի ունեցավ տնտեսական ճգնաժամի պայմաններում, բայց այս հանգամանքը ոչ մի կերպ չի ազդել իրադարձությունների վրա, թեեւ, անկասկած, նշանակություն է ունեցել: Կասկած չկա, որ կառավարությունը լիովին չի վերահսկում բանակը, բայց բանակը եւս պառակտված է: Սակայն այս հեղաշրջման փորձը կհանգեցնի նրան, որ վերջ կտրվի «քեմալիզմին», եւ Թուրքիային սպասվում է ընտրություն, որն առաջարկել է Օրհան Փամուկը՝ «Որ Ստամբուլը կհաղթի»: Ամերիկացի թուրքագետները վստահ են, որ կհաղթեն ավանդապաշտները, եւ ժողովրդավարությունը կավարտվի:
Սակայն, Թուրքիայում միլիոնավոր մարդիկ եվրոպականացված են, եւ երկիրն ակնհայտորեն բաժանված է 2 հիմնական մասի: Ոչ ոք չի ուզում հասկանալ, որ Թուրքիան քաղաքական այլ ուղի ունի, որ նրան սպասվում է քաղաքացիական մեծ հակամարտություն: Նախագահ Էրդողանն անկասկած բռնություններ էր կիրառելու, քանի որ կորցնելու բան չունի, շատ զինվորականներ ֆիզիկապես ոչնչացվելու են: Ցայսօր ավելի քան 13 հազար մարդ է ձերբակալվել, զինվորականներ, ոստիկաններ, դատավորներ ու դատախազներ, պետական ու վարչական աշխատողներ եւ այլք:
Միջազգային ասպարեզում եւս ծավալումներ եղան: Ռուսաստանը հույս ուներ «առեւտրային գործարքի» մեջ մտնել ԱՄՆ-ի հետ տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Կովկասում, Թուրքիայի դերի կապակցությամբ: Բայց այծմ իրավիճակ է փոխվել ու՝ ոչ միայն Ռուսաստանի համար: Արեւմուտքը փորձում է Թուրքիային հասցնել քաղաքական ու ռազմական կախվածության, վերահսկել նրա հնարավոր գործողությունները հարեւան շրջաններում: Հատկապես՝ որ նորօսմանական ու նոր համաթուրանական ծրագրեր են առաջ քաշվել…
Ըստ ամենայնի, Թուրքիան կձգտի կիրառել «փոքր պատերազմի» մարտավարությունը, օրինակ Սիրիայում կամ Իրաքում, որպեսզի փրկի ինչպես իր կառավարությունը ազգայնականության աճի համապատկերին, այնպես էլ միջազգային ասպարեզում՝ երկրի կախվածության աստիճանը չմեծացնելու նպատակով:
Խոսակցություններ կան, թե Քերի-Լավրով հանդիպմանը արդեն պայմանավորվել են, թե որքանով Մոսկվան կարող է չմիջամտել «իր ազդեցության գոտում», որտեղ ԱՄՆ-ն հաստատում է իր գերակայությունը: Թուրքիան ներկայում քաղաքական ու տարածաշրջանային հավակնությունների ժամանակը չունի, իհարկե, բացի պատերազմից, որ կկարեւորի Թուրքիայի դերը… Այստեղ է, որ զգոնության ներքին հրահանգ եղավ Հունաստանում, որի բանակը բերեց մարտական պատրաստության՝ Թուրքիայի դեպքերի հետ կապված: Զգոնության ներքին հրահանգներ եղան նաեւ Հայաստանում ու Կիպրոսում:
Ադրբեջանում եւս անկանոն վիճակ էր, որոշ թուրքական եւ ադրբեջանական բլոգերներ նշեցին, թե Թուրքիայի նախագահ էրդողանը վիրավորական խոսքեր է հնչեցրել Ադրբեջանի նախագահ Ալիեւի հասցեին՝ անգամ նրան անվանելով դավաճան: Իլհամ Ալիեւը, ըստ ամենայնի, փորձել է հասկանալ ռազմական հեղաշրջման հետագան, եւ որոշակի սխալներ է թույլ տվել:
Հետաքրքիր է, որ այս ընթացքում ռազմական հեղաշրջման փորձեր եղան նաեւ Ղազախստանում, Ղրղզստանում եւ Ուզբեկստանում, նման նպատակներ կան նաեւ Ադրբեջանում: Այսինքն՝ թյուրքական երկրները ինչ-ինչ գործողությունների տակ են: Բայց ահա, նման մի փորձ էլ Հայաստանում է իրականացվում եւ պարզ է, որ միջազգային մատ կա այդտեղ խառը…
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հայտարարել էր, որ Թուրքիայում եւ Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում եւ Ուզբեկստանում ծրագրեր ունի…
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր երկրի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավար Վալերի Վակուլչիկի հետ հանդիպմանը անդրադարձել է Ուկրաինայում, Թուրքիայում, Հայաստանում եւ Ղազախստանում խնդիրներին, տեղի ունեցած իրադարձություններին, զինված բախումներին: Հատկապես հետխորհրդային տիրույթում լարվածության աճի հետ կապված՝ նա հանձնարարել է պետանվտանգության կոմիտեի ղեկավարին ցանկացած գնով Բելառուսում պահպանել խաղաղությունն ու հանգստությունը: Ի պատասխան՝ Վալերի Վակուլչիկը հանգստացրել է նրան՝ ասելով, թե Բելառուսում իրավիճակը կայուն է՝ շնորհիվ «իշխանությունների, իրավապահների, եւ, իհարկե, բնակչության ինքնագիտակցման», չնայած Եվրոպայի դռները վաղուց փակ են այս երկրի համար:
Միացյալ Նահանգները մի քիչ ուշացումով քննադատեցին զինյալ բանակայինների քայլերը, ինչը զայրացրել էր նախագահ Էրդողանին եւ նա հայտարարեց, թե Թուրքիայի հեղաշրջման հետեւում ԱՄՆ-ն է կանգնած… Չնայած ձերբակալվել էր Թուրքիայի հեղաշրջման կողմնակիցների ենթադրյալ առաջնորդը՝ երկրի ռազմաօդային ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ակին Օզթյուրքը, բայց Էրդողանը Օբամայից պահանջել էր Թուրքիային վերադարձնել այս գործողությունների թիկունքում կանգնած, ԱՄՆ-ում թաքնվող մեծահարուստ եւ ընդդիմադի հոգեւորական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենին՝ հասկացնելով, որ միայն այդպես Վաշինգտոնը կհաստատի իր մասնակից չլինելը:
Անգամ տեսակետ հնչեց, թե հնարավոր է, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն կազմակերպած լինեն այս դաստիարակչական գործողությունը, քանի որ Անկարան գնալով նվերահսկելի է դառնում, անգամ Էրդողանը ներողություն խնդրեց Պուտինից եւ հայացքն ուղղեց դեպի Հյուսիս ու Արեւելք…
Անկարան երկար ժամանակ սպասարկում էր «Իսլամական պետւթյանը»… Ստամբուլը դարձել էր աշխարհի ահաբեկիչների հավաքատեղի, որտեղից էլ նրանք անցնում էին ԻԼԻՊ-ի շարքերը Իրաքում եւ Սիրիայում: Թուրքիայի տարածքով Եվրոպա են մուտք գործում ահաբեկիչները, ինչը եւս հստակ է: Եվ Եվրոպան խստացրել է Թուրքիայի հետ հարաբերությունները:
Իմիջիայլոց, Եվրոպայում եւս պայթյուններ եղան: Ֆրանսուա Օլանդն ու Անգելա Մերկելը բարձր մակարդակով քննարկել են հարձակումների հարցը Ֆրանսիայում եւ Գերմանիայում:
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակման պատասխանատվությունը վերցրել էր իր վրա:
Այս ամբողջ համապատկերին Թուրքիայի նախագահն իր տարերքի մեջ էր: Անկարայում եւ Ստամբուլում զինվորական հեղաշրջման անհաջող փորձից հետո նրա ձեռքերն ազատ էին, իսկ Արեւմուտքն էլ իր ինքնապաշտպանությամբ էր զբաղված: Եվ մինչեւ ԱՄՆ-ն ու Եվրոպան սկսեցին քննադատել նախագահ Էրդողանին՝ թացը չորի հետ խառնելով, նա կարողացավ հազարավոր անցանկալի պաշտոնյաներից ազատվել, ինչպես վերը նշվեց, շուրջ 13 հազար, ինչը դեռ շարունակվում է: Վերոնշյալ պաշտոնների տերերից բացի իրեն «թուրքերի նոր հայր» համարող Էրդողանը ազատեց աշխատանքից նաեւ Թուրքիաի մարզերի ղեկավարների, քաղաքացիական տեսուչների, իրավաբան-խորհրդատուների, տեղական իշխանության ներկայացուցիչների եւ այլն: Այսինքն՝ այս այսպես կոչված հեղաշրջման փորձը միայն օգտակար եղավ նախագահ Էրդողանին, ով Թուրքիայում պաշտոնների նշանակելով իր հետեւորդներին՝ դարձավ միանձնյա ղեկավար: Աշխատանքից հեռացվածներից շատերը ձերբակալվել են իշխանությունը զավթելու մեղադրանքով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեղաշրջման փորձից հետո առաջին անգամ հարցազրույց տալով CNN-ին, նշեց, որ չի բացառվում, որ կվերականգնվի մահապատիժը, թեկուզ մասնակիորեն, որը չի բացառում մահապատիժն այն մարդկանց համար, ովքեր ձերբակալվել են հեղաշրջման փորձից հետո։ Նաեւ հստակ դավաճանություններից հետո:
Այսպիսի Թուրքիան հաստատ կգնա նորօսմանականության եւ նորհամաթրքականության ուղիով, ինչը վտանգավոր կլինի ոչ միայն հայերիս, այլեւ անգամ աշխարհի գերտերությունների համար:
Արամ Ավետյան
«Լուսանցք» թիվ 26 (416), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



