Ցմահ ազատազրկում եւ միա՛յն Հայաստանում – Այլապես հայասպանը իր պատիժը գուցե նաեւ փառաբանումներով անցկացնի ՌԴ-ում, որտեղ հանցագործներն ու այլամերժները գրեթե նույն մտածողությունն ունեն – գուցե իր երկրում սաֆարովյան լուսապսակով էլ հերոսացվի՞…

Օգոստոսի 23-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Գյումրիի ՌԴ 102-րդ ռազմաբազայի N զորամասում հրապարակեց Վալերի Պերմյակովի դատավճիռը:

Դատարանը Պերմյակովին դատապարտեց ցմահ ազատազրկման՝ համակցելով նաեւ 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ եւ 4-րդ կետերով եւ 34-329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսվելիք պատժաչափերը՝ համապատասխանաբար 10 եւ 2 տարի ազատազրկում:

Սակայն չի ասվել, թե Ավետիսյանների ընտանիքին գլխատած՝ մեղմ ասած գերհանցագործը որտեղ կկրի իր պատիժը:

Ավետիսյանների հարազատները Ավետիսյանների սպանության գործով անցկացված դատավարությունը համարում են «թատրոն՝ խամաճիկներով»:

Ավետիսյան Սերյոժայի եւ Հասմիկի դուստրերը՝ Լուսինեն եւ Անահիտը համարում են, որ գործը բացահայտված չէ, որ դատավարությունը չի անցկացվել ինչպես օրենքն է պահանջում:  

Ըստ նրանց, դատավարության ընթացքում չեն ընդունվել տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանների կողմից դատարանին ներկայացրած այն միջնորդությունները, որոնք նպաստավոր հիմքեր կստեղծեին գործի բացահայտման առումով: Մի շարք չբացահայտված հանգամանքներ եւ անպատասխան մնացած հարցեր են բարձրացրել Ավետիսյանների հարազատները վերջերս հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ:

Իմիջիայլոց, այն անցկացվել է հենց դեպքի վայրում՝ Մյասնիկյան 188 տանը:

Ի դեպ, հայությունը եւս այլ սպասումներ ունի, որ ռուս հայասպանը պիտի ոչ միայն դատապարտվի Հայաստանում, այլ իր ցմահ բանտարկությունն անցկացնի մեր երկրի բանտում: Իշխանությունները անգամ խոստումներ տվեցին այդ առումով: Սակայն, Մոսկվան ամեն ինչ անում է, որպեսզի իր հանցագործին Ռուսաստանում բանտարկի:

Սա չի կարող անհետք անցնել, Հայաստանի իշխանությունները համահայկական պարսավանքի կարժանանան, իսկ ռուսները մի նոր՝ հակառուսական ատելության ալիք կառաջացնեն…

Անգամ խոսք կա, թե Ռուսաստանում ավտովթարի եւ մարդկային զոհեր պատճառելու մեղադրանքով դատապարտված Հրաչ Հարությունյանի արտահանձնումը հայկական կողմին ձգձգում է ռուսական կողմը՝ չընդառաջելով ՀՀ արդարադատության նախարարության դիմումին, որպեսզի առիթի դեպքում «փոխանակում» անի Վալերի Պերմյակովի հետ:

Չմոռանանք, որ սույն հայասպանը ուղղակի սկանդալային հայտարարություններ է արել՝ պատասխանելով փաստաբանների հարցերին։ Նախ պարզվել է, որ նա բազմաթիվ հակասական ցուցմունքներ է տվել։

Նաեւ, չնայած  նրան, որ ասել է, թե զղջում է, խղճում է Ավետիսյանների ընտանիքին, հարցին էլ, թե ինչ կերպ է արտահայտում զղջումը, պատասխանել է՝ ոչ մի կերպ:

Ասելիք չունի՞ արդյոք Ավետիսյանների հարազատներին, արձագանքել է՝ ոչ:

Նա վերջում բացահայտել է ամիսներ շարունակ շրջանառվող վարկածն այն մասին, որ իրականում ինքը չի կատարել այդ ոճրագործությունը։ «Եթե որեւէ մեկը քեզ ասեր, որ ինչ-որ մեկը յոթ անձի է սպանել, ինչ կասեիր», փաստաբանի հարցին հանցագործը պատասխանել է: «Ես կասեի, որ խելագար է: Բայց պարկերացրեք, ես այդպիսին չեմ»…

Իսկ իր օրագրում գրել էր. «Ձեռքերս սկսեցին ակամա կրակել, ամենայն հավանականությամբ վախից: Մամ, ներիր ինձ, որ խայտառակեցի ձեզ, դրեցի վատ վիճակի մեջ, չէ՞ որ դրա համար չեք ինձ ծնել ու դաստիարակել: Դուք ինքներդ գիտեք, որ ես դա երբեք չէի անի, բայց ստացվել է՝ հակառակ իմ դաստիարակությանը»…

Ցնորվա՞ծ է սույն «անձը», բայց չէ՞ որ դատարանը մեղսունակ էր նրան ճանաչել: Դիտավորյա՞լ է արել, կանխամտածվա՞ծ, դրդող եղե՞լ է, ինչու՞ էր հենց Թուրքիա փախչում, ո՞վ եւ ի՞նչ շահ է հետապնդել, «կոլա»-ի ու «շաուրմա»-ի պատմությու՞նն ինչու վերջ չունեցավ: Այս եւ այլ կարգի հարցեր պատասխաններ չունեցան այդպես էլ:

Հայկական կողմի մեր՝ Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպանները էն գլխից էլ շատ էին զայրացած եւ մեկ անգամ չէ, որ ասել են, թե սա ակնհայտ քաղաքական դատավարություն է, եւ ռուսական կողմն է թելադրում՝ ինչ անել:

Բազմաթիվ հարցականներով հանդերձ՝ մի բան հստակ է յուրաքանչյուր հայի համար, եթե չկա մահապատիժ, ապա միայն ցմահ բանտարկություն եւ այն էլ Հայաստանում:

Այլապես հայասպանը իր պատիժը գուցե նաեւ փառաբանումներով անցկացնի Ռուսաստանում, որտեղ հանցագործներն ու այլամերժները գրեթե նույն մտածողությունն ունեն: Ոչ մի երաշխիք, որ նա ՌԴ-ում սաֆարովյան լուսապսակով չի հերոսացվի:

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 28 (418), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.