Սահմանադրական բարեփոխումներ.- Արցախն ամրացնում է պետականության հիմքը – Հայաստանն ացնում կատարեց խորհրդարանական համակարգին, իսկ Արցախում ընդգծված նախագահական վարչաձեւն են ընտրում…

Հայաստանի սահմանադրական բարեփոխումները դեռ նոր են մտնելու կյանք, դեռ հայտնի չեն հետեւանքները, որը պիտի զգանք խորհրդարանական պետությունում հայտնված վիճակում, սակայն արդեն Արցախում են ծավալվել սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու քայլերը:

«Լուսանցք»-ը հայսստանյան փոփոխություններին անդրադարձել է բազմիցս, նաեւ սեփական տեսակետն է հայտնել, որը համահունչ էր Հայ Արիական Միաբանության (հայ արիականները նաեւ ամբողջական Ազգային Սահմանադրության նախագիծ էին ներկայացրել) եւ Հայ Ազգայնականների Համախմբման մոտեցումներին: Պատերազմական իրավիճակում գտնվող եւ արնախում թշնամիներով շրջափակված Հայաստանին պետք է ուժեղ ու կենտրոնաձիգ նախագահական երկիր: Սակայն պետական բարեփոխումները կիսանախագահական վարչակարգը առաջարկեցին փոխարինել ոչ թե հստակ նախագահական համակարգով, այլ՝ խորհրդարանական:

Այսինքն՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո, մեր երկրի փաստացի ղեկավարը կդառնա ԱԺ մեծամասնության ներկայացուցիչը, ում կընտրեն երկրի վարչապետ: Երկրի նախագահը կունենա որոշակի գործառույթներ, ինչպես անգլիական կամ գերմանական եւ նման այլ վարչակարգերի տարբերակում է:

Իսկ այն, ինչ առաջարկվում է Արցախում, ներկայացրած սահմանադրական հայեցակարգը նման է ամերիկյան պետական ձեւին՝ հիմնված է նախագահի ինստիտուտի վրա:  

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը պատասխանելով արցախյան սահմանադրական բարեփոխումներին, չի համաձայնել այն ձեւակերպմանը, թե ընտրված է «սուպերնախագահական» համակարգը: «Շատ անգամ՝ ասելով նախագահական, միանգամից պատկերացնում են Ադրբեջանի տիպի պետություն: Իհարկե, դա այդպես չէ, որովհետեւ այն մոդելը, սահմանադրությունը, որ ընտրում է Ղարաբաղը, ավելի շատ նման է ամերիկյան մոդելին: Կարծում եմ՝ այստեղ իր դերակատարումն է ունեցել այն հանգամանքը, որ դեռեւս հարցը վերջնական կարգավորված չէ, արտաքին վտանգի անմիջական գիտակցումը բուն Ղարաբաղում բերել է այդպիսի որոշման»,- ասել է ՀՀ փոխարտգործնախարարը:

Ինչ վերաբերում է դիտարկմանը, թե Հայաստանն ացնում կատարեց խորհրդարանականի, իսկ Արցախում նախագահական վարչաձեւն են ընտրում, փոխարտգործնախարարը նշել է, որ «Արցախում ընտրել են այդ մոդելը՝ ելնելով տարբեր հանգամանքներից, գործոններից: Պետք է ունենալ ազդեցիկ խորհրդարան, Արցախի խորհրդարանում այսօր 33 պատգամավոր է: Կարելի էր մեծացնել, բայց կան բազմաթիվ հարցեր: Այստեղ կան մասնագիտական հանգամանքներ, որովհետեւ Հայաստանի ներքին կարողությունները, նույնիսկ մարդկանց թվաքանակը, մասնագետներն, այլ են, Ղարաբաղինն այլ է»:

Իսկ թե ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացը ո՞ր փուլում է, Շավարշ Քոչարյանն ասել է, որ նախ եւ առաջ պետք է կատարվեն Վիեննայի, Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները. «Առանց դրանց անիմաստ է խոսել առաջընթացի մասին»:

Եվ այսպես՝ ԼՂՀ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգով առաջարկվում է նախագահական կառավարման մոդել: ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հուլիսի 30-ին հանրապետության նախագահին ներկայացված սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը բաղկացած է նախաբանից, մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, կառավարման համակարգը, դատական իշխանությունը, տեղական ինքնակառավարումը եւ հանրաքվեն բաժիններից: Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ներկայացված հայեցակարգի, մասնավորապես կառավարման համակարգի տարբերակի հանդեպ, տեղեկացնում ենք, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից առաջարկվել է նախագահական կառավարման մոդել:

Հիշեցնենք, որ մարտի 25-ին ԼՂՀ Ազգային ժողովում Աշոտ Ղուլյանի նախագահությամբ տեղի էր ունեցել ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի առաջին նիստը: Այդ ժամանակ էլ քննարկվել են կազմակերպչական հարցեր եւ ուրվագծվել է մասնագիտական հանձնաժողովի հետագա անելիքները: Հանձնաժողովը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի ձեւավորման ու մշակման նպատակով դիմել էր ԼՂՀ քաղաքացիներին, իրավաբանական անձանց, քաղաքական կուսակցություններին եւ հասարակական կազմակերպություններին՝ իրենց տեսակետներն ու հիմնավորումները մինչեւ ապրիլի 2-ը ներկայացնելու առաջարկով:

ԼՂՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը հրապարակված է, որին ԼՂՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը հավանություն էր տվել նաեւ հայկական 2-րդ հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Հայեցակարգի «Կառավարման համակարգը» բաժնում առանձին նշվում են ներկայիս կիսանախագահական համակարգի թերությունները, մասնավորապես, որ այդ համակարգին բնորոշ գործադիր իշխանության երկակիությունը (դուալիզմը) «իր արտացոլումն է գտել» նաեւ ԼՂՀ Սահմանադրությունում: Սա վտանգավոր է այնպիսի մի պետության համար, որը փաստորեն ապրում է դրսից իրեն պարտադրված արտակարգ դրության պայմաններում, եւ որտեղ կառավարման համակարգի ճկունությունն ու որոշումների կայացման եւ իրագործման օպերատիվությունն առանձնակի կարեւորություն են ստանում…

Կառավարման առաջարկվող համակարգի հիմնական դրույթներն են՝ 1.Հանրապետության նախագահը գործադիր իշխանության ղեկավարն է: 2.Հանրապետության նախագահն ընտրվում է համընդհանուր, ուղղակի ընտրություններով: Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի ընտրություններն անցկացվում են նույն օրը: 3.Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում այդ պաշտոնը /գործող նախագահի լիազորությունների ավարտին մնացած ժամանակով/ ստանձնում է ԱԺ նախագահը: 4.Հանրապետության նախագահն իրավունք ունի լուծարելու ԱԺ-ն: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ: 5.ԱԺ-ն, պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, իրավունք ունի անվստահություն հայտնելու Հանրապետության նախագահին: Այդ դեպքում տեղի են ունենում Հանրապետության նախագահի եւ Ազգային ժողովի միաժամանակյա արտահերթ ընտրություններ: 6.ԼՂՀ նախագահի պաշտոնում կարող են առաջադրվել միայն Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները: 7.Հանրապետության նախագահը նշանակում եւ ազատում է նախարարներին: 8.ԼՂՀ նախագահն ունի օրենսդրական վետոյի իրավունք, որը կարող է հաղթահարվել Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: 9.Ազգային ժողովն իրավունք ունի ձայների 2/3–ով, Գերագույն դատարանի եզրակացության հիման վրա, պաշտոնանկ անելու Հանրապետության նախագահին՝  պետական դավաճանության կամ այլ ծանր հանցագործության համար: 10.Նույն անձը չի կարող ավելի, քան 2 անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության նախագահ: 11. Ազգային ժողովն ընտրվում է համամասնական ընտրակարգով:

Արցախի ԱԺ-ում ԼՂՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպվել են սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի շուրջ հանրային քննարկումները՝ խորհրդարանական ու արտախորհրդարանական քաղաքական ուժերի մասնակցությամբ: Մասնագիտական հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, ներկայացնելով նախագծի կառուցվածքը, նշել է, որ այն բաղկացած է նախաբանից եւ 5 գլուխներից: Համաձայն ընթացակարգի՝ այնուհետեւ իրենց տեսակետներն են առաջադրել հանդիպմանը հրավիրված՝ «Ազատ հայրենիք», Արցախի ժողովրդավարական, Հայ հեղափոխական դաշնակցություն, «Շարժում-88», «Ազգային վերածնունդ» խորհրդարանական կուսակցությունների եւ Լեռնային Ղարաբաղի կոմունիստական, Արցախի Արմենական ու Արցախի հանրապետական արտախորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչները:

Քննարկումները հիմնականում ծավալվել են կառավարման համակարգի նախագահական եւ խորհրդարանական մոդելների շուրջ: Մտքերի փոխանակության ընթացքում կուսակցությունների ներկայացուցիչները հանդես են եկել իրենց տեսակետներով, որից հետո անհրաժեշտ պարզաբանումներ են ստացել հանձնաժողովի նախագահից: Քննարկումները շարունակվել են մինչեւ օգոստոսի 1-ը, ապա հայեցակարգի նախագիծը ներկայացվել է Հանրապետության նախագահին: Հայեցակարգին հավանություն տալուց հետո մասնագիտական հանձնաժողովը սկսել է սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումը՝ վերջնական տեսքով այն ներկայացնելու համար:

Իսկ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը դեռ մտածում է՝ արդյո՞ք տեղին են այս պահին սահմանադրական փոփոխությունները, քանի որ անվտանգության առումով խոցելի  վիճակը ԼՂՀ-ում չի փարատվում, եւ ընդհակառակը՝ ամրապնդվում է. վտանգը սպառնում է ամեն օր ու ամենուր, եւ այդ ժամանակ որեւէ կտրուկ փոփոխությունը ինքը տեղին չէր համարի: Իսկ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանը համամիտ չէ, ըստ նրա, սահմանադրական փոփոխությունները ԼՂՀ-ում կարող են քաղաքական դաշտի ու տնտեսական ապահովության առումով բավականին լուրջ ազդակներ հաղորդել: «Կարծում եմ՝ կլինեն բազմաթիվ առաջարկներ, քննարկումներ եւ արդյունքում ԼՂՀ ԱԺ-ն կընդունի սահմանադրական մի նոր նախագիծ, որը հանրաքվեով կհաստատվի նաեւ ԼՂՀ ժողովրդի կողմից: Կարծում եմ, որ Հայաստանն էլ պետք է իր աջակցությունն ունենա այդ ճանապարհին՝ որպես ԼՂՀ ժողովրդի ու ԼՂՀ անվտանգության երաշխավոր»:

Իհարկե, Սահմանադրությունը կարեւոր փաստաթուղթ է, պետության իրավա-քաղաքական դեմքն է, սակայն շատ կարեւոր է, որ այդ դեմքը ազգային լինի եւ դառնա բոլորինը: Ապազգային դեմքով ազգային օրենքներից խոսելը ամենավտանգավորն է՝ դավադիր վտանգ է ներսից գործող կամ թաքնված: Ուստի՝ շատ կարեւոր է եւ՛ ազգային օրենքների ստեղծումը եւ՛ դրանց ենթարկվելը՝ վերից վար:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 28 (418), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.