Եթե միայն. ազատ մտորումներ – Սիբիլ Ակունը փոխում է կուսակցությունը… Ունեմ մի կրոն՝ պատմական Հայաստանը, եւ հավատում եմ նրա աշխարհակալ աստղին կրոնական կուրությամբ…

Ապրիլի 30-ի առավոտյան թուրքական մեջլիսի նիստը սկսվեց սովորական խաղաղությամբ, եւ հետո, երբ այդ օրվա նիստի մասնակիցները պատմում էին իրենց տպավորությունները այդ օրը կատարված անակնկալից, իրոք հաստատվում էր այն խոսքը, թե «մեծ պետություն, մեծ եղելություններ», մեծ, եւ ամեն դեպքում գողացված պետություն, որի վախճանը հազարների գիշերային աղոթքն ու առավոտյան հույսի ուղենիշն էր:

Սիբիլ Ակուն անունով մի պատգամավոր կար մեջլիսում, որ իշխանամետ «Զարգացում եւ արդարություն» կուսակցության անդամ էր: Այս կինը գեղեցկատես էր, միշտ հաջող թե գործերում, թե անձնական կյանքում: Աստված իր հետ, ինչպես ասում են: Սա երկրորդ հայ պատգամավորն էր թուրքական մեջլիսում, որին կարելի էր համարել եղած-չեղած մի հաշիվ, որովհետեւ սերտ համագործակցում էր թուրքերի հետ եւ զգուշավոր էր ամեն քայլում:

Որքան այսպիսի հայեր կան, որ, իհարկե, հպարտ են հայկական արյունով, որովհետեւ լավ տեսակից են, բայց երբեմն (ամենեւին ոչ հաճախ, այլ որոշակի հազվադեպ բացառություններում) լավ տեսակից լինելով՝ հմուտ ձեւով գործում են իրենց տեսակի դեմ: Եթե նույնիսկ չեն գործում, ապա աշխատում են հօգուտ իրենց պետության՝ մեր Հայաստանի Հանրապետության մրցակից պետությունների: Եվ թաքցնելու չէ այն անկեղծ ցանկությունը՝ նրանց հաշմանդամ, անգործունակ ու բութ տեսնելու անզուսպ ու անկեղծ ցանկությունն ու մաղթանքը, քան տեսնելը նրանց մատուցած ահռելի օգուտը մրցակից պետությունների գիտությանը, տնտեսությանը, ռազմական հզորությանը:  

Դառնալով Թուրքիայի մեջլիսին. վերջերս մի դեպք էր կատարվել, «Քրդական աշխատավորական» կուսակցության անդամ հայազգի Հայրո Համբարյանը իր համարձակ եւ սենսացիոն պահվածքի հետեւանքով (նա Հայոց Մեծ Ցեղասպանության տարելիցին հարցրել էր՝ ու՞ր են 1915-ի Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավորները, ինչու՞ թուրքական պետությունը հաշվեհարդար տեսավ նրանց հետ) փողոցում շրջապատվել էր երիտասարդ թուրքերի կողմից, եւ Հայրոն, լինելով ազնիվ ցեղի զավակ, Առյուծ Մհերի ոգեղեն որդի, հանել էր դանակը եւ մահացու վիրավորել բոլորին: Եվ Հայրոն հիմա բանտում էր:

Նորից դառնանք մեջլիսին, այս անգամ հետ՝ դեպի ծախված Սիբիլը՝ իր թուրքական «խալիների» անդորրի ու շքեղության մեջ: Ահա այս Սիբիլը թեթեւաքայլ բարձրացավ ամբիոնին, գրպանից հանեց սրբիչե թաշկինակ եւ փռեց իր դիմաց: Իրավ, գեղեցիկ են հայ կնոջ աչքերը:

Սիբիլը սկսեց ելույթը: «Մենք չենք սպասում Հայ տղամարդուց, որ նա չլինի տղամարդ: Հարգելի գործընկերներ՝ թե թուրք, թե Հայ, թե քուրդ: Ես այսօր այստեղ եմ, որպեսզի հայտնեմ, որ իմ եղբայրը,- ձայնը դողաց,-որ իմ եղբայրը,- շարունակեց նա,- հիմա բանտում է: Ես միայն մի բան եմ ուզում, ուզում եմ գինի խմել, որովհետեւ առաջին անգամ ես ինձ լավ եմ զգում: Հիմա նայեք այս սարքին: Սա մատների հատման արագագործ մեքենա է, եւ ես հիմա այստեղ՝ այս դահլիճում, զոհաբերում եմ իմ ճկույթը՝ ի նվիրումն Հայրո Համբարյանի, եւ ի խորհրդանիշ նրա, որ սա ամենաքիչն է, ինչ ես կարող եմ տալ, նվիրել հանուն իմ Մայր Հայաստանի սպասված արեւածագի: Ես չեմ զղջում սրա համար, որովհետեւ հավատում եմ օրինակի ուժին, եւ այստեղ ուզում եմ խոնարհվել նաեւ Լիսբոնի 5 քաջերի առաջ, որ դրին մեր պետության հիմքերը: Պատգամս է նաեւ՝ նայեք շուրջ բոլորդ՝ առանց պետության ստույգ ոչնչացում է սպառնում մեզ, գնացեք գրավելու աշխարհը, որպեսզի տիրեք ձեր օրինական հողին, մի վախեցեք ամբիցիայից եւ մեկ անգամ դուրս եկեք ինքներդ ձեզանից, որպեսզի նոր վիճակն այնուհետեւ դարձնեք կերտվածք, ռազմավարություն ու բնավորություն: Ես արեցի սա նաեւ, որովհետեւ, ինչպես ասացի, անզուսպ ուրախ եմ: Հզոր Հայ ժողովրդին ցանկանում եմ, որ նա միավորի իր կորիզը, առաջանա դեպի ընդարձակում, որպեսզի իր զավակները չվախենան աղքատությունից, այլ սարսափեն փողը, գրիչը, գիտությունը՝ որպես իրենց արիության կորստի փոխհատուցում ստանալուց: Եվ կենտրոնանան, թե չէ ուշ կլինի: Ունեմ մի կրոն՝ պատմական Հայաստանը եւ հավատում եմ նրա աշխարհակալ աստղին կրոնական կուրությամբ, որն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է նախագծի իրականացման համար: Ի հավելումն, ուզում եմ հայտնել իմ որոշման մասին՝ ես լքում եմ «Զարգացում եւ արդարություն» կուսակցությունը եւ անդամագրվում «Քրդական աշխատավորական» կուսակցությանը:

Ընդամենը չանցած մեկ շաբաթ այս տարօրինակ իրադարձությունից, եղավ անսպասելին: Մեծաթիվ Հայեր, սկսելով Արցախի սահմանից, ընթացան առաջ՝ աննախադեպ տարածքային ազատագրումով: Այնուհետեւ շարժումը սկսվեց Նախիջեւանի սահմանի ուղղությամբ եւս, եւ Գյումրիի կողմից մինչեւ Կարս եւ Արդահան: Բոլորը հանդարտ էին եւ խաղաղված, շատ բաներ էին կատարվում՝ ցնցող ու վայրիվերո, բայց բոլորը հանգիստ էին ու կատարյալ հանդարտ: Հայտարարված էր պատերազմ, որից կարող էին հրաժարվել միայն, երբ Տիգրան Մեծը հարություն առներ, եւ ասեր՝ ահա այս կետից է բացվում հնարավորությունը՝ մեր միասնական հայ աշխարհը վերագրավելու:

Մի կնոջ լրագրողները հարցրեցին. «Չե՞ք պատրաստվում դադարեցնել պատերազմը»: Նա ասաց. «Ո՛չ, մենք չենք կարող, այն չպետք է կանգնեցվի»: «Չե՞ք վախենում կորուստներից»,- հարցրին: «Միշտ երազել էինք այս կորուստների մասին… այս պատերազմը չի կանգնեցվի, ոչ…»,- ասաց տարեց կինն ու մանկան պես անզուսպ սկսեց արտասվել:

Խաժականուշ Նավոյան

«Լուսանցք» թիվ 29 (419), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.