Ներկայացնում ենք ՀՀԿ ԳՄ նիստում հաստատված նոր վարչապետ Կարեն Կարապետյանի կենսագրությունը՝ քաղված Երեւանի քաղաքապետարանի կայքէջի «Նախկին քաղաքապետեր» բաժնից
Կարեն Վիլհելմի Կարապետյան
Ծնվել է 1963թ. օգոստոսի 14-ին:
1970-1980թթ. սովորել եւ ավարտել է Երեւանի Լ. Տոլստոյի անվան միջնակարգ դպրոցը:
1980-1985թթ. սովորել եւ գերազանցության դիպլոմով ավարտել է Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը:
1985-1996թթ. աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության եւ մշակույթի գործիչների ասոցիացիայում: Միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում:
1996-1998թթ. աշխատել է «Հայէներգո» ՊՁ-ում որպես գլխավոր տնօրենի տեղակալ:
1998-2001թթ. աշխատել է «Հայէներգո» ՓԲԸ-ում որպես գլխավոր տնօրեն:
2001-2010 թթ. եղել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրենը:
2009թ. ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երեւան քաղաքի ավագանու անդամ:
2010թ. դեկտեմբերի 17-ին Երեւան քաղաքի ավագանու կողմից ընտրվել է Երեւանի քաղաքապետ:
1989թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:
2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
2008թ. ընտրվել է «ԱռԷկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ:
2008թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով:
2010թ. ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, ունի 32 գիտական աշխատանք:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Պաշտոնավարել է մինչեւ 2011թ. հոկտեմբերի 28-ը:
* * *
Մեր կողմից հավելենք, որ 2011թ. դեկտեմբերից զբաղեցրել է «Գազպրոմբանկի» փոխնախագահի պաշտոնը:
2012թ. նոյեմբերից նշանակվել է «Գազպրոմ մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ՝ ռազմավարական զարգացման հարցերով:
10-օրյա ժամկետում
ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ 10-օրյա ժամկետում: Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո՝ քսանօրյա ժամկետում: Հանրապետության նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը:
Հանրապետության նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:
ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածը սահմանում է, որ կառավարությունը, կազմավորումից հետո 20-օրյա ժամկետում, ԱԺ է ներկայացնում իր ծրագիրը։
Կառավարության ծրագրին ԱԺ կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ եւ քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո 5-օրյա ժամկետում: Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Թունելի Հակոբը պանիխիդայի ժամանակ է ստուգել
Երեկ երբ կառավարության նիստի ավարտին վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց իր հրաժարականի մասին, մամուլում հայտնվեցին տարբեր տեսակետներ, այդ թվում՝ նոր վարչապետի մասին:
Ամենայուրօրինակը, սակայն, ԱԺ Սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական, գեղարքունիքցի Հակոբ Հակոբյանի խոսքն էր:
Երբ լրագրողնեը խոսեցին դեռ հավանական վարչապետ Կարեն Կարապետյանից, նա ասաց.
– Իմ գնահատականը չեմ ասի, հասարակության գնահատականը երեկ ստուգել եմ՝ դրական է: Երեկ ես գտնվում էին պանիխիդայի եւ մարդկանց պարզ հարց էի տալիս՝ ստուգելու համար այն, ինչ դուք եք ուզում ստուգել, արձագանքը դրական է:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 29 (419), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



