Քաղաքական ու տնտեսական հրաժարականը (ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հրաժարական ներկայացրեց) – Նոր մոտեցումներ նա չկարողացավ տալ – «Լուսանցք» շաբաթաթերթ…

ՀՀԿ-ի երիտթեւի համար (հասկանալ՝ երկրի նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի շրջապատը) Հովիկ Աբրահամյանը երբեք ընդունելի անձ չի եղել: Ու երբ Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, երիտթեւը վստահ էր, որ նա երկար չի պաշտոնավարելու: Վստահությունը գուցե պայմանավորված էր այն համոզումով, որ տնտեսական աճ չի ապահովվելու, իսկ Սերժ Սարգսյանը շեշտել էր, որ եթե տնտեսական շոշափելի աճ չարձանագրվի, կառավարությունը փոխվելու է:

Ոչ միայն շոշափելի աճ չարձանագրվեց, այլեւ անկում եղավ, հավելյալ՝ սոցիալական դժգոհությունը մեծացավ, մարդիկ իրենց խնդիրները տեղ հասցնելու համար պարբերաբար ճանապարհներ սկսեցին փակել, հասարակության բեւեռացվածությունը մեծացավ: Եթե հրաժարականի պատճառների վերլուծությունը մենք չանենք, այլ դա թողնենք հենց Հովիկ Աբրահամյանին, ապա պատկերը հետեւյալն է՝ թեեւ շատ է աշխատել, բայց չի կարողացել համախմբել: Իսկ եթե ուղիղ խոսքով, ապա՝ «Մենք մեծ ջանքեր ենք գործադրել հասարակության բոլոր հատվածների հետ երկխոսություն ձեւավորելու համար: Գիտնական, թե հողի աշխատավոր, արվեստաբան, թե առեւտրական, դաշնակից, թե ընդդիմադիր, շինարար, թե կառուցապատման խարդախություններից տուժած քաղաքացի, ես հանդիպել եմ բոլորի հետ՝ անկեղծորեն ներկայացրել առկա սահմանափակումները եւ տվել կոնկրետ խնդիրների իրատեսական լուծումներ: Մեր որդեգրած անկեղծ եւ իրատեսական մոտեցումներն իրենց արդյունքն ունեցան, սակայն հասարակությունը դեռեւս մնաց բեւեռացված: Իմ կարծիքով, դրա հիմնական պատճառներից մեկն աշխարհաքաղաքական, արտաքին տնտեսական եւ ռազմական մարտահրավերներով սնվող առկա տարաձայնություններն են: Դրանք են, որ դեռեւս հնարավորություն չեն ընձեռում մեզ՝ ժողովելով բոլոր ուժերը, հրատապ լուծումներ տալ մեր առջեւ ծառացած կարեւորագույն խնդիրներին՝ տնտեսական հավասար պայմաններ ապահովելուց մինչեւ կոռուպցիայի դեմ պայքարը»:  

Ինչու՞ ջանքերն ապարդյուն եղան: Դրա պատասխանն էլ է Հովիկ Աբրահամյանը տալիս, այն է՝ անհրաժեշտ էր հասարակության ու կառավարության միասնական ջանքը:

Դա չեղավ, որովհետեւ հասարակությունը կառավարությանը չի վստահում, կառավարության խոսքին չի հավատում, հետեւաբար՝ կառավարությանը չի հավատում եւ ձեռք չի մեկնում, հոգնել է սպասել եւ արագ շոշափելի փոփոխություն է ուզում:

Ի՞նչ է պետք անել: Կզարմանաք, բայց սրա պատասխանն էլ է տալիս Հովիկ Աբրահամյանը. «Անհրաժեշտ են նոր մոտեցումներ, նոր սկիզբ»:

Այս նոր մոտեցումները նա չկարողացավ տալ. նախ այն պատճառով, որ կառավարիչ չէ, մինչդեռ գործադիր իշխանության ղեկավարը պետք է գերազանց տիրապետի կառավարման արվեստին: Չտիրապետեց՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Հասարակությունը տեսավ, որ խոսում է կոռուպցիայի դեմ պայքարից, բայց ապրում է դղյակում: Չնայած ասաց, որ «ազնիվ աշխատանքով» է ձեռք բերել, բայց մեր երկրում լիքը ազնիվ աշխատողներ, ովքեր անգամ խելացի էին ավելի, մի խրճիթի հազիվ ձգեցին: Իսկ բեւեռացված հասարակությունում լինում են դղյակատերեր, խրճիթատերեր, անտուններ: Իսկ նրանց, ինչքան էլ ջանաս, անհնար է միավորելը:

Միավորված է այն հասարակությունը, որտեղ գերակշռում է միջին խավը: Կայուն է այն պետությունը, որտեղ գերակշռում է միջին խավը: Չունենք: Այստեղից էլ ներքաղաքական այն հետեւանքները, որոնց ականատեսն ենք ամեն օր:

Ու ներքաղաքական այս կարգի վիճակներում մշտապես առկա են արտաքին քաղաքական ոչ բարենպաստ ուղղակի եւ անուղղակի ազդեցություններ:

Ի՞նչ կունենանք նոր վարչապետի օրոք: Երեկ երեկոյան ՀՀԿ ԳՄ նիստում հաստատվեց Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը, ում գործունեությանը քաջածանոթ ենք «Հայռուսգազարդ»-ի տարիներից:

Նա կառավարիչ է ու լավ կառավարիչ է: Նրա «գազային» տարիների օրոք Հայաստանը գազարբիացվեց այն ծավալներով, ինչ ծավալներով որ չէր եղել խորհրդային տարիներին անգամ: Ցայսօր տնտեսական ձեւաչափում է եւ իրեն լավ է դրսեւորել այդ տիրույթում, բայց վարչապետ դառնալով՝ քաղաքական կերպար կդառնա: Խնդիրն այն է, թե ինչքանով կկարողանա չհակադրել այդ երկու կերպարները՝ տնտեսությունը ոտքի հանելու համար: Իսկ դա շատ անհրաժեշտ է, չէ որ առջեւում նոր ընտրություններ են…

«Լուսանցք» շաբաթաթերթ

«Լուսանցք» թիվ 29 (419), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.