Ամեն լավ բան դեռ առջեւում է – Մայրաքաղաքի կրթամշակութային օջախները սաներին դիմավորեցին նոր ու ժամանակակից երաժշտական գործիքներով… Հնամաշի համար կենտրոնում տեղ չկա… Թեքահարթակ հետիոտնային անցումների խնդիրը…

Ամեն լավ բան դեռ առջեւում է

Բոլորս ենք հիշում, թե երկարատեւ մի շրջան ինչ օրի հայտնվեցին մեր երկրի երաժշտական ու արվեստի դպրոցները, այդ թվում՝ Երեւանի: Ցուրտ, մութ, շենքային պայմանների եւ հետեւաբար, երաժշտական գործիքների փչացում, սաների օրեցօր ավելի ու ավելի պակաս:

Այսօր իրավիճակն այլ է՝ նորոգված ու հարմարավետ պայմաններով օջախներ, սաների թվի ավելացում եւ… մեր նորանկախ երկրում չեղած մի երեւույթ, որ այլեւ արձանագրված է որպես փաստ. այն է՝ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական ու արվեստների դպրոցներին երաժշտական նոր գործիքների նվիրաբերում:

Այս տարի, նոր ուսումնական տարվան ընդառաջ, արդեն իսկ նորոգված ու հարմարվետ պայմաններով ապահովված մայրաքաղաքի կրթամշակութային օջախները սաներին դիմավորեցին նոր ու ժամանակակից երաժշտական գործիքներով, որն ի դեպ, արդեն ասացինք, աննախադեպ ծրագիր է:

«Վերջին տարիներին իսկապես մեծ աշխատանք ենք կատարել մեր երաժշտական եւ արվեստի դպրոցներում հարմարվետ պայմաններ ապահովվելու ուղղությամբ: Մինչ այդ թե՛ մշակութային օջախների կոլեկտիվների եւ թե՛ ծնողների կողմից մշտապես բարձրացվել են հրատապ լուծում պահանջող տարբեր հարցեր, որոնք, սակայն, հնարավոր չի եղել լուծել: Բայց վերջին 3 տարիների ընթացքում ժամանակին բարձրացված այդ հարցերն ու առաջարկները մենք դարձրեցինք առաջնահերթ լուծում պահանջող աշխատանքային ծրագրեր՝ մշակութային օջախների հիմնանորոգման տեսքով: Եվ այսօր կարող ենք ասել, որ քաղաքապետարանի ենթակայության երաժշտական եւ արվեստի դպրոցները գրեթե 90%-ով հիմնովին նորոգված են: Սա իսկապես մեծ ձեռքբերում է թե՛ Երեւանի եւ թե՛ մեր համաքաղաքացիների համար: Այսօր արդեն մշակութային օջախներ հաճախող շուրջ 15.000 երեխա ունենք ու, համոզվա՛ծ եմ, որ այդ կրթօջախների նորոգման արդյունքում մենք դեռ կունենանք սաների թվի աճ: Այսօրվանից սկիզբն ենք դնում նաեւ Երեւան համայնքի պատմության մեջ աննախադեպ մի ծրագրի, որի շրջանակում մենք հետեւողականորեն կթարմացնենք նաեւ մեր երաժշտական ու արվեստի դպրոցների երաժշտական գործիքները: Եվ վստահեցնում եմ բոլորիդ, որ զարգացման մեր բոլոր ծրագրերը լինելու են շարունակական: Նաեւ համոզված եմ, որ մեր տաղանդաշատ երեխաների եւ, իհարկե, վաստակաշատ մանկավարժների հետեւողական աշխատանքի շնորհիվ մենք կբազմապատկենք այն բոլոր ձեռքբերումները, որ վաստակել են մեր սաները թե՛ Հայաստանի եւ թե՛ արտերկրի տարբեր փառատոներում: Ձեզ հետ միասին մենք անելու ենք ամեն ինչ, որպեսզի միշտ բարձր պահենք թե՛ մայրաքաղաքի եւ թե՛ մեր երկրի պատիվը»,- ընդգծել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ճեմասրահում, ուր հավաքվել էին մշակութային օջախների ղեկավարներն ու սաները՝ հանդիսավոր պայմաններում նշելու տոնը:  

Մշակութային օջախների նկատմամբ ցուցաբերվող մշտական հոգածության ու հետեւողական վերաբերմունքի համար՝ երաժտական եւ արվեստի դպրոցների տնօրեններն էլ իրենց հերթին նկատել են, որ տասնամյակներ շարունակ են սպասել հարմարավետ պայմաններ ու նոր երաժշտական գործիքներ ունենալուն:

Երեւանի քաղաքապետը վստահեցրել է. ամեն լավ բան դեռ առջեում է:

Անի Մարության

Հնամաշի համար կենտրոնում տեղ չկա

Սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած նիստում Երեւանի ավագանին սահմանել է մայրաքաղաքի Փավստոս Բուզանդի փողոցի հ.1/5 հասցեում գտնվող ցուցահանդես-վաճառքի կենտրոնում (Վերնիսաժ) առեւտրային գործընթացի կազմակերպման պայմանները, ինչպես նաեւ սահմանափակումները:

Որոշմամբ, ինչպես «Լուսանցք»-ին  տեղեկացնում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հստակ սահմանվել են նշված տարածքում առեւտրային գործունեություն կազմակերպելու եւ իրականացնելու համար առեւտրի իրականացման վայրի կազմակերպչին առաջադրվող պահանջներն ու վերջինիս պարտականությունները:

Որոշմամբ սահմանվել են նաեւ ոչ միայն ցուցահանդես-վաճառքի կենտրոնի տարածքում վաճառքի թույլատրվող ապրանքների խմբերն ու տեսակները, այլեւ այն տեսականին, որի վաճառքն արգելվում է տվյալ տարածքում:

Համաձայն ավագանու որոշման՝ վերոնշյալ տարածքում այսուհետ կվաճառվեն միայն դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ, գեղանկար, գրաֆիկա, քանդակ, ինչպես նաեւ ժողովրդական ստեղծագործությունների գործեր, արհեստագործական արտադրանք եւ այլ ապրանքներ հետեւյալ տեսականիով՝ փայտից քանդակներ, օբսիդիաններ, արծաթից պատրաստված զարդեղեն եւ առարկաներ, հուշանվերներ, հուշամեդալներ, մանրադրամներ, շքանշաններ, նկարներ, հնաոճ իրեր, գորգեր, ձեռագործներ, գրքեր, զբոսաշրջությանը վերաբերող տպագիր նյութեր, հուշանվերային բնույթի կենցաղային հնաոճ այլ ապրանքներ, ոսկերչական գործիքներ, որսորդական պարագաներ, կենդանիների խնամքի համար նախատեսված իրեր, բնական քարեր, աուդիո եւ վիդեո արտադրանք:

Նույն որոշումով նաեւ սահմանվում է, որ ցուցահանդես-վաճառքի կենտրոնի տարածքում արգելվում է վաճառել գյուղատնտեսական եւ պարենային մթերքներ, պարֆումերիա-կոսմետիկական ապրանքներ, ծխախոտային արտադրանք, համակարգչային, կենցաղային տեխնիկա, կենցաղային քիմիայի ապրանքներ, կենդանիներ, բույսեր, ծաղիկներ, դեղեր եւ բժշկական նշանակության արտադրանք, ոչ հուշանվերային բնույթի հին կենցաղային իրեր, հագուստ, այդ թվում՝ հնամաշ, շինանյութ, ավտոպահեստամասեր, հրավառության կամ հրագործական արտադրանք, հողից պեղված իրերի վաճառքը, որոնք ներկայացնում են հնամենի մշակույթ, ինչպես նաեւ այլ ապրանքներ, որոնց իրացումն արգելված կամ սահմանափակված է ՀՀ օրենսդրությամբ։

* * *

Երեւանը հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար առավել հարմարավետ դարձնելու նպատակով մայրաքաղաքում շարունակվում են թեքահարթակների կառուցման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, ինչպես շինարարության ընթացքում, անպես էլ աշխատանքների ավարտից հետո, պատասխանատուներից բացի, կատարված աշխատանքին տեղում հետեւում են շահառու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ անհատներ: Երեւանի քաղաքապետարանի 2016թ. ծրագրով մայրաքաղաքում ընդհանուր առմամբ նախատեսված է կառուցել փողոցների հետիոտնային անցումների շուրջ 270 թեքահարթակ, որից 200-ն արդեն իսկ կառուցվել է:

Հարկ է նշել, որ կառուցվող թեքահարթակներն ընդունված միջազգային չափորոշիչներին համապատասխան են եւ հնարավորություն են տալիս առանց լրացուցիչ օգնության հեշտությամբ տեղաշարժվել ոչ միայն մայրաքաղաքի փողոցներում, այլեւ այգիներում եւ պուրակներում:

«Լուսանցք» թիվ 30 (420), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Արվեստ, Հոդվածներ. Bookmark the permalink.