Աշխարհի մարզական հեւքից – Մարզական աշխարհի խաչմերուկներում.- Օլիմպիական չեմպիոնները՝ Երեւանի պատվավոր քաղաքացի… Մանուէլն ու Հայկը՝ աշխարհի չեմպիոններ… Լեւոն Արոնյանը 5-րդն է աշխարհում… Շախմատային անցուդարձ… ՖԻՖԱ-ն կուժեղացնի պայքարը ռասիզմի դեմ «ԱԱ-2018»-ի ժամանակ… Մարզական այլ լուրեր…

Օլիմպիական չեմպիոնները՝ Երեւանի պատվավոր քաղաքացի

Մայրաքաղաքի ավագանու նիստում միաձայն որոշում է ընդունվել՝ «Երեւանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել՝ Օլիմպիական չեմպիոններ՝ Արթուր Ալեքսանյանին եւ Միհրան Հարությունյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևեւմատոլոգ Սառա Եսայանին:

Քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանի տեղեկացմամբ, կոչումները կհանձնվեն Երեւանի ծննդյան օրը՝ Էրեբունի-Երեւան տոնակատարության ժամանակ՝ հոկտեմբերի 8-ին:

Մանուէլն ու Հայկը՝ աշխարհի չեմպիոններ

Խանտի-Մանսիյսկում ավարտվեց շախմատի աշխարհի մինչեւ 14, 16 եւ 18 տարեկանների առաջնությունը: Հայաստանի ներկայացուցիչներից մինչեւ16 տարեկանների մրցաշարում հիանալի հանդես եկավ Հայկ Մարտիրոսյանը, իսկ մինչեւ 18 տարեկանների մրցաշարում՝ Մանուէլ Պետրոսյանը: Հայկը առաջին 7 փուլերում տարավ 7 հաղթանակ, իսկ մրցաշարի վերջին 4 խաղերն ավարտեց ոչ-ոքի արդյունքով, որը բավարար էր աշխարհի չեմպիոն հռչակվելու համար: Մանուէլ Պետրոսյանը եւս 11 հնարավորից վաստակեց 9 միավոր ու կրկնեց ընկերոջ հաջողությունը::

Հայաստանը միակ երկիրն է, որ այս առաջնությունում ունի 2 ոսկե մեդալակիր։

Մինչեւ 18 տարեկան շախմատիստների մեր մյուս մասնակիցը ցույց տվեց 20-րդ արդյունքը՝ 6 միավոր: Մինչեւ 16 տարեկան պատանիների մրցաշարում Դավիթ Միրզոյանը 5,5 միավորով գրավեց 44-րդ տեղը: Մինչեւ 14 տարեկանների մրցաշարում Շանթ Սարգսյանը 8 միավորով գրավեց 4-րդ տեղը, իսկ Արթուր Դավթյանը 7 միավորով ճանաչվեց 9-րդը:

Աղջիկների առաջնությունում առավել հաջող հանդես եկավ Սիրանուշ Ղուկասյանը, ով մինչեւ 18 տարեկանների մրցաշարում զբաղեցրեց 9-րդ տեղը՝ վաստակելով 6,5 միավոր:

Լեւոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը

Միխայիլ Տալի հուշամրցաշարում կայացան նախավերջին՝ 8-րդ փուլի հանդիպումները: Լեւոն Արոնյանը մրցեց չինացի գրոսմայստեր Լի Չաոյի հետ: Մոտ 6-ամյա պայքարից հետո, 60-րդ քայլին, մրցակիցները հաշտություն կնքեցին: Դա մեր շախմատիստի 7-րդ ոչ-ոքին էր, միակ հաղթանակը նա տարել է իրեն թերագնահատած հոլանդացի Անիշ Գիրիի նկատմամբ:

Մեր շախմատիստը վաստակել է 4,5 միավոր եւ Վիշվանաթան Անանդի հետ միասին բաժանում է 4-5-րդ տեղը: Աղյուսակը գլխավորում է Յան Նեպոմնյաշչին՝ 5,5 միավորով, նրան հաջորդում է Անիշ Գիրին՝ 5:  

Մեր առաջատարը դարձյալ 5-րդն է

ՖԻԴԵ հրապարակել է դասակարգման աղյուսակը հոկտեմբերի 1-ի դրությամբ: Լեւոն Արոնյանն այդ ցուցակում կրկին զբաղեցնում է 5-րդ տեղը: Ուշագրավն այն է, որ նույնն է մնացել նաեւ միավորների քանակը՝ 2795: Նա հետ է մնում միայն այն շախմատիստներից, որոնք ունեն սուպերգրոսմայստերական, այսինքն՝ 2800-ից բարձր արդյունք: Դրանք են աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը (2853), ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը (2817), ամերիկացի Ֆաբիանո Կարուանան (2813) եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը (2811):

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի առաջին հարյուրյակում են գտնվում Հայաստանի 4 շախմատիստ: Սերգեյ Մովսիսյանը 66-րդն է (վարկանիշը՝ 2677), Վլադիմիր Հակոբյանը՝  70-րդը (2675): Նրանց հաջորդում են Գաբրիել Սարգսյանը (77-րդ, 2670) եւ Հրանտ Մելքումյանը (98-րդ, 2653):

Կանանց դասակարգման աղյուսակում գրոսմայստեր էլինա Դանիելյանը 2444 վարկանիշով կրկին 36-րդ տեղում է: Լիլիթ Մկրտչյանը նահանջել է մեկ աստիճանով եւ այժմ 39-րդն է (2439): Կանանց ցուցակը վստահ գլխավորում է աշխարհի գործող չեմպիոն, չինուհի Հու Յիֆանը՝ 2649 միավոր:

Հայ շախմատիտսների արդյունքները «Այլ օֆ Մեն» մրցաշարում

Տեղի են ունեցել «Այլ օֆ Մեն» միջազգային մրցաշարի 3-րդ եւ 4-րդ փուլերի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչներ Սերգեյ Մովսիսյանը եւ Գաբրիել Սարգսյանը երրորդ տուրում ոչ-ոքի են խաղացել համապատասխանաբար Դեյվիդ Հոուելի և Ալեքսանդր Լենդերմանի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը պարտվել է Ելիզաբեթ Պաետցին: Չորրորդ տուրում Սերգեյ Մովսիսյանը հաղթել է Ալեքսանդր Լենդերմանին, Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Էրվին Լյամիի հետ, իսկ Հրանտ Մելքումյանը հաղթել է Թերեզա Ռոդշտեյնին:

Այժմ մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ալեքսեյ Շիրովը, ով 4 հնարավորից վաստակել է 4 միավոր: 5 շախմատիստ, որոնց թվում՝ Սերգեյ Մովսիսյանը, առաջատարից հետ են մնում կես միավորով: Գաբրիել Սարգսյանը վաստակել է 3 միավոր, իսկ Հրանտ Մելքումյանը` 2,5:

Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 133 շախմատիստ-շախմատիստուհի, որոնցից 48-ը գրոսմասյտեր են: Մեր շախմատիստների գլխավոր մրցակիցները կլինեն ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում առաջին տասնյակում տեղ զբաղեցնող Ֆաբիանո Կարունան, Հիկարու Նակամուրան, Վեսլի Սոն:

Կարենը Գրիգորյանը «Նավթագասի» համար 7 միավոր վաստակեց

Ավարտվեց Սերբիայի ակումբային առաջնությունը, որին «Նավթագաս» ակումբի կազմում մասնակցում էր  գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը։ 11 փուլի արդյունքում հաղթող ճանաչվեց «Սվետի Նիկոլայ» ակումբը, իսկ «Նավթագասը» զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը։ Կարեն Գրիգորյանը իր թիմին բերեց 7 միավոր՝ ամենաբարձրն ակումբի կազմում։

Հավելենք, որ առաջնությանը մասնակցում էր 12 ակումբ, որոնցում հանդես էին գալիս 86 շախմատիստ։

Հայ շախմատիստները՝ Վրաստանի ակումբային առաջնությունում

Միջազգային վարպետներ Վահե Բաղդասարյանն ու Տիգրան Հարությունյանը եւ Սուսաննա Գաբոյանը մասնակցում են Վրաստանի ակումբային առաջնությանը, որին շրջանակում արդեն կայացել է 4 փուլ։ Վահե Բաղդասարյանը գլխավորում է «Սամեգրելո» ակումբը, այս թիմի կազմում հանդես է գալիս նաև Սուսաննա Գաբոյանը, իսկ Տիգրան Հարությունյանը ներկայացնում է «Նոնա»ակումբը:

Դեռեւս հաջող է հանդես գալիս Տիգրան Հարությունյանը, ով 4 հնարավորից վաստակել է 4 միավոր: Վահե Բաղդասարյանը 4 հնարավորից վաստակել է 0,5 միավոր, իսկ Սուսաննա Գաբոյանը` 1․5 միավոր:

Այժմ մրցաշարային աղյուսակը գլխավորում են «Ռուսթավի» եւ «Նոնա» ակումբները, որոնք իրենց բոլոր հանդիպումներն ավարտել են հաղթանակով, իսկ «Սամեգրելո»-ն զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը։

Օլիմպիական չեմպիոնը պատմել է, թե քնած ժամանակ սպասուհին ինչպես է շոյել իր ձեռքը

Ռիոյի Օլիմպիական խաղերի թենիսի տղամարդկանց մենապայքարի ոսկե մեդալակիր, բրիտանացի Էնդի Մարեյը հետաքրքիր պատմություն է պատմել իր կյանքից: Տեղեկացնում է «Eurosport»-ը: «Մրցաշարերից մեկի ժամանակ հյուրանոցում մի սպասուհի կար: Նա մտավ իմ համար, չնայած այն հանգամանքին, որ դռան վրա փակցրել էի «Չանհանգստացնել»: Նա նստեց մահճակալիս կողքին եւ սկսեց շոյել ձեռքս, երբ ես քնած էի: Հետո ես նրան տեսա Ռոտերդամի եւ Բարսելոնի հյուրանոցներում: Չգիտեմ, երկրպագուհի է, թե ոչ, բայց այդ ամենը շատ էքստրեմալ էր»,- պատմել է Մարեյը:

Հավելենք, որ Էնդին իր ակտիվում ունի 39 տիտղոս: 2016թ. հաղթել է ինչպես Ռիոյի Օլիմպիական խաղերում, այնպես էլ «Ուիմբլդոնի» մրցաշարում:

ՖԻՖԱ-ն կուժեղացնի պայքարը ռասիզմի դեմ «ԱԱ-2018»-ի ժամանակ

Կոնֆեդերացիաների գավաթի 2017 թ. խաղարկությունում ու աշխարհի 2018թ. առաջնությունում կուժեղացվի պայքարը ցանկացած ռասսայական խտրականության դրսևորման դեմ։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։ Համակարգի գլխավոր նորամուծությունն այն կլինի, որ մոնիտորինգ կիրականացվի։ Անկախ մասնագետները կվերլուծեն իրավիճակը մինչև աշխարհի առաջնությունը, դրա ընթացքում ու հետո եւ օպերատիվ հաշվետվություն կներկայացնեն ՖԻՖԱ-ին։

«Ընդհանուր առմամբ՝ ՖԻՖԱ-ի դիրքորոշումը միանշանակ է. ֆուտբոլում ռասիզմը, ռասսայական խտրականության ցանկացած ձեւը տեղ չունի,- ասել է ՖԻՖԱ-ի ներկայացուցիչ Ալոիսա Հուգը։- Մենք շարունակում ենք պայքարը ֆուտբոլում ռասիզմի դեմ։ Խտրականությունն անհամատեղելի է սպորտի էության ու այն արժեքների հետ, որոնց այն դավանում է։ Մենք մարզադաշտերում երկրպագուների պահվածքի մոնիտորինգի նոր համակարգ ենք մշակել, եւ դա կօգնի մեզ խտրականության ցանկացած դրսեւորման դեմ պայքարում։ Այն կներդրվի արդեն աշխարհի 2018թ. առաջնության որակավորման փուլի ընթացքում, մասամբ նաեւ՝ Կոնֆեդերացիաների գավաթի 2017թ. խաղարկությունում։ Պլանավորում ենք համակարգը լիարժեք օգտագործել Ռուսաստանում։ Հավատում ենք, որ այնպիսի խոշոր մրցաշարը, ինչպիսին է աշխարհի ֆուտբոլի առաջնությունը, ռասիզմին ու ռասսայական խտրականության ցանկացած դրսեւորմանը «ոչ» ասելու հիանալի հնարավորություն է եւ այդ մասին հստակ ազդանշան է ուղարկում ողջ աշխարհին»։

ՖԻՖԱ-ն քննարկում է աշխարհի առաջնությունը 48 թիմով անցկացնելու տարբերակը

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն պատմել է, որ կազմակերպությունը քննարկում է ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցների թիվն ավելացնելու տարբերակը: «Մտահղացումն այսպիսին է՝ 16 թիմեր կնվաճեն եզրափակիչ փուլի ուղեգիր, իսկ եւս 32 հավաքականներ փլեյ-օֆֆ խաղերով կվիճարկեն մյուս 16 ուղեգրերը: Աշխարհի առաջնությունում հանդես կգան 32 թիմեր, սակայն մրցաշարին կմեկնեն 48 հավաքականներ: Այդ տարբերակը հիմա քննարկվում է ՖԻՖԱ-ում: Վերջնական որոշումը կկայացվի 2017 թվականին: Մենք կորոշենք, թե որ տարբերակն է ամենահաջողը: ՖԻՖԱ-ի նպատակը ֆուտբոլն ամբողջ աշխարհում զարգացնելն է, իսկ աշխարհի առաջնությունը մեծ իրադարձություն է»,- Ջանի Ինֆանտինոյի խոսքը մեջբերում է Times Of Malta-ն:

Հիշեցնենք, որ 1998-ից աշխարհի առաջնությունն անցկացվում է 32 թիմով: Մինչեւ 1982-ը ԱԱ-ի եզրափակիչ փուլին մասնակցում էին 16 հավաքականներ, իսկ մինչեւ 1998-ը՝ 24:

Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է սկանդալի կենտրոնում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը սկանդալային պատմության մեջ է հայտնվել:

Ինչպես տեղեկացնում է անգլիական «Միրոր» օրաթերթը, «Մանչեսթեր Յունայթեդի» հայազգի կիսապաշտպանը շաբաթ երեկոյան ընթրել է «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի հարձակվող Նոլիտոյի հետ:

Մանչեսթերի տարբեր թիմերում հանդես եկող ֆուտբոլիստներին նկատել են տեղի «Սան Կառլո» իտալական ռեստորանի մերձակայքում: Ճիշտ է, պապարացիները նրանց լուսանկարել են առանձին-առանձին դուրս գալիս: Համենայդեպս, նման կարգի լուրը կարող է մեծ արձագանք գտնել երկու թիմերի երկրպագուների շրջանում, քանի որ «Յունայթեդն» ու «Սիթին» ընդմիշտ հակառակորդներ ու մրցակիցներ եղել, ինչպես խաղադաշտում, այնպես էլ՝ դրանից դուրս:

«Մանչեսթեր Յունայթեդը» դիմել է ՀՖՖ-ին՝ Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի հարցով

Հայաստանի հավաքականը առաջիկայում կարող է զրկվել իր առաջատարից

«Մանչեսթեր Յունայթեդը» դիմել է ՀՖՖ-ին թույլ տալ Հենրիխ Մխիթարյանին չմասնակցել հավաքականի առաջիկա հանդիպումներին Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի Հավաքական թիմերի բաժինը, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի հավաքականի առաջիկա հանդիպումներին։

ՀՖՖ-ն պաշտոնական նամակ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբի կողմից, որում անգլիական ակումբը խնդրում է թույլ տալ Հենրիխ Մխիթարյանին չմասնակցել Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական հավաքին եւ Ռումինիայի ու Լեհաստանի հավաքականների դեմ հանդիպումներին։ Նամակի մեջ «Մանչեսթեր Յունայթեդի» բժշկական անձնակազմի ղեկավար Սթիվեն Մքնեյլը, մասնավորապես, նշում է. «Հենրիխը գտնվում է վերականգնման փուլում ձախ ազդրի մկանի վնասվածքից հետո, որը կրկնվել էր նրա մոտ այս ամսվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալիս։ Չնայած նրա մոտ վերջին շաբաթվա ընթացքում զգալի առաջընթաց է նկատվել, բայց նա մինչ օրս էլ ի վիճակի չէ մասնակցել մարզումային գործընթացին ամբողջական ծանրաբեռնվածությամբ, առավել եւս մասնակցել որեւէ հանդիպման։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ շնորհակալ կլինենք, եթե Հայաստանի ՖՖ-ն թույլ տա Հենրիխ Մխիթարյանին չմասնակցել ազգային թիմի առաջիկա 2 հանդիպումներին՝ մնալով Մանչեսթերում եւ շարունակելով իր վերականգնումը» :

Վարուժան Սուքիասյանը պատրաստվում է «ճակատամարտի»

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը Ռումինիայի ընտրանու հետ վաղը կայանալիք հանդիպմանը ավելի շատ պատրաստվում է որպես «ճակատամարտի», քան՝ խաղի: Այդ մասին են վկայում այսօր կայացած մամուլի ասուլիսում նրա հնչեցրած խոսքերը: «Եկեք իրատես լինենք: Այդ ֆուտբոլիստների 80-90 տոկոսը իրենց թիմերում չեն խաղում (գլխավոր մարզիչը նկատի ունի չհրավիրված ֆուտբոլիստներին), խաղային փորձ չունեն, արագաուժային ֆուտբոլ դավանող թիմերի դեմ խեղճանում են: Այնպես որ, այն ֆուտբոլիստները, թեկուզ մեր առաջնության, որոնք խաղային լավ պրակտիկա ունեն, որոշակի պատրաստության դեպքում ավելի լավ կխաղան»,,- «բացել է փակագծերը» Վարուժան Սուքիասյանը:

Մասնագետի խոսքերից պարզ երեւում է, որ մեր ընտրանին ռումինացիների դեմ խաղում ցույց չի տա այնպիսի ֆոտբոլ, ինչպիսին տեսնում ենք բարձրակարգ թիմերի մասնակցությամբ հանդիպումներում: Վարուժան Սուքիասյանը, հավանաբար, մեր խաղացողներից ավելի շատ ակնկալում է պայքար, քան կոմբինացիոն, մտածված խաղ: Ինչեւէ: Ինչ վերաբերում է մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի բացակայության հանգամանքին, ապա Վարուժան Սուքիասյանը նշեց, որ ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է, եւ որ  Հենրիխ Մխիթարյանին  փոխարինող է արդեն գտել:

Ի դեպ, իսկ ովքե՞ր եւ քանիսն են մասնագետի կողմից չհրավիրված ֆուտբոլիստները: Մեր լրատվամիջոցները նրանցից անգամ խորհրդանշական հավաքական են կազմել. Գեւորգ Կասպարով – Ռոբերտ Արզումանյան, Դենիս Թումասյան, Արտյոմ Սիմոնյան, Արտյոմ Խաչատուրով – Կառլեն Մկրտչյան, Գեւորգ Ղազարյան, Արտակ Դաշյան – Էդգար Մանուչարյան, Արթուր Սարգիսով, Յուրա Մովսիսյան: Այդ թիմից դուրս են մնացել նաեւ հավաքականի մի քանի նախկին ֆուտբոլիստներ՝ Արթուր Եդիգարյանը, Արտակ Ալեքսանյանը, Ռուսլան Կորյանը, Մաուրո Գեւգեոզյանը, Դավիթ Արշակյանը, Նորայր Ասլանյանը:

Հայ սամբիստն արծաթե մեդալ է նվաճել

Ռումինիայի Պլոեշտի քաղաքում մեկնարկած սամբոյի 2016թ. աշխարհի պատանիների և երիտասարդների առաջնության մրցումային առաջին օրը հայ մարզիկներից Արթուր Մանուկյանը Հայաստանի համար նվաճել է առաջին մեդալը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից տեղեկացնում են,  48 կգ քաշային կարգում հանդես եկող մեր պատանի մարզիկը գերազանց անցկացնելով նախնական գոտեմարտերը եզրափակչում հանդիպել է Ռուսաստանի ներկայացուցիչ Եվգենի Երյոմինի հետ ու թեև հաղթում էր գոտեմարտի առաջին հատվածում, վերջում կորցրել է զգոնությունը և արդյունքում պարտվել: Արթուրն արժանացել է աշխարհի առաջնության արծաթե մեդալի:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, մեր պատվիրակության կազմում մրցավայր են մեկնել 20 մարզիկ եւ 2 մարզիչ: Պատվիրակությունը ղեկավարում է ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը: Գոտեմարտերը կկայանան հոկտեմբերի 7, 8, 9-ին:

«Ուրարտու»-ն միայն լրացուցիչ ժամանակում պարտվեց «Ռյազան»-ին

Երեւանի «Ուրարտու» բասկետբոլային թիմը Ռուսաստանի տղամարդկանց բասկետբոլի Սուպերլիգայի առաջնության անդրանիկ խաղում պարտվեց «Ռյազան»-ին: Հանդիպումը տեղի ունեցավ «Դինամո» մարզադահլիճում: Առաջին երկու 10 րոպեներից հետո «Ուրարտուն» առջեւում էր 40:34 հաշվով, սակայն վերջին երկու խաղափուլերը մեր թիմը տանուլ տվեց եւ արդյունքում գրանցվեց ոչ-ոքի արդյունք՝ 82:82: Լրացուցիչ ժամանակում խաղն անցավ էլ ավելի անզիջում պայքարում: Ավաղ, վերջում զգացնել տվեց մեր բասկետբոլիստների նման խաղերի փորձի պակասությունը եւ նրանք ի վերջո զիջեցին 89:93 հաշվով: Սակայն հանդիպումից հետո պարզվեց, որ պարտության համար ավելի լուրջ պատճառներ կային:

«Մեր լավագույն երեք խաղացողներին հանդիպումից երկու րոպե առաջ թույլ չտվեցին մասնակցելու խաղին: Դա շատ ազդեց մեկնարկին: Ճիշտ է, ունեինք խաղային առավելություն, սակայն հոգնածությունն ու հիմնական պահեստայինների բացակայությունը ի վերջո զգացնել տվեց: Մրցակիցն անընդհատ փոխարինումներ էր կատարում, իսկ մենք չունեինք նման հնարավորություն: Եթե այս խնդիրները չլինեին, մենք կարող էին եւ հաղթանակ տանել»,– խաղից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց «Ուրարտու»-ի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը:

Հաջորդ հանդիպումը մեր թիմն անցկացնելու է արդեն հոկտեմբերի 9-ին, «Սամարայի» հետ: Հուսանք, որ այդ խաղում այլեւս խնդիր չի առաջանա կապված խաղացողների մասնակցության հետ եւ մենք հնարավորություն կստանանք տեսնելու մեր թիմի ողջ «զինանոցը»:

Կարեն Խաչանովը բարձրացել է միանգամից 46 հորիզոնականով

Ռուսաստանը ներկայացնող 20-ամյա հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը, ով Չինաստանի Չանդու քաղաքում ընթացող «Chengdu Open» անվանումը կրող մրցաշարի եզրափակչում 6:7, 7:6, 6:3 հաշվով առավելության էր հասել իսպանացի Ալբերտո Ռամոսի նկատմամբ, ATP-ի վարկանշային սանդղակում 101-րդ տեղից բարձրացել է 55-րդ հորիզոնականը` միաժամանակ դառնալով 3-րդ ռակետը Ռուսաստանում: Նրան շրջանցում են միայն Անդրեյ Կուզնեցովն ու Միխայիլ Յուժնին:

Նախորդ շաբաթվա համեմատ առաջին տասնյակում փոփոխություններ տեղի չեն ունեցել. 1-ին տեղում սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչն է, 2-րդը` անգլիացի Էնդի Մարեյը, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Շվեյցարիան ներկայացնող Սթեն Վավրինկան:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 33 (423), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.