Վերջին տարիներին երբ պետական պարտքն անընդհատ ավելանում էր, առիթով գրեցի, որ պետք չէ ամբոխահաճությամբ զբաղվել եւ ամեն տարի ուրախանալ, թե սոցիալական բյուջե ունենք, այն է՝ բարձրացնում ենք կենսաթոշակներն ու նպաստները: Դրանց չափը բարձրացնել, անշուշտ պետք էր եւ է, բայց այլ մեխանիզմներով: Մինչդեռ մենք անում էինք պարտք վերցնելով: Այլ կերպ՝ միջազգային ֆինանսական կառույցներից գումար էինք խնդրում, որ թոշակ ու նպաստ ավելացնեինք: Մինչդեռ դա պետք էր անել տնտեսության շարժին համընթաց: Իսկ շարժ չկար: Դա գրելուց հետո գիտե՞ք ինչ եղավ: Խմբագրություն զանգեցին, ի դեպ, հիմնականում միջին տարիքի մարդիկ եւ ինձ մեղադրեցին տատիկ-պապիկներին չսիրելու մեջ: Ոչ մի կերպ չէի կարողանում բացատրել, որ ներգրավված գումարները պետք է ներարկել այնպիսի ծրագրերի, որ տնտեսական իրական աճ ունենայինք՝ ըստ այդմ ավելացնելով տատիկ-պապիկներին տրվելիք վճարները:
Ինչեւէ, խմբագրություն զանգողները այսուհետ տարեցներին չսիրելու մեջ կարող են մեղադրել նաեւ ֆինանսների նորանշանակ նախարար Վարդան Արամյանին, ով գրեթե նույնությամբ կրկնեց մտքերս:
Չսպասելով պաշտոնավարման 100 օրը լրանալուն՝ նախարարը ասուլիս հրավիրեց եւ միանգամից հայտնեց, թե 2017թ. բյուջեն պահպանողական է լինելու եւ կենսաթոշակների ու նպաստների չափը չի ավելանալու: «2017թ. բյուջեի նախագծում պահպանողական մոտեցում է դրված: Շատ դժվար է նայել կեսաթոշակառուի աչքերին ու ասել, որ կենսաթոշակի բարձրացում չի նախատեսվում: Սակայն մյուս կողմից էլ ճիշտ չի լինի պարտք վերցնել ու այդ ձեւով բարձրացնել կենսաթոշակները: Դրա համար նախընտրում ենք նախ տնտեսությունն առողջացնել, որից հետո միայն նոր անդրադարձ կլինի կենսաթոշակների բարձրացմանը»,- շեշտեց նախարարը:
Նա հավելեց, թե հաջորդ տարվա բյուջեի նախագծման համար հաշվի են առել ընդհանուր տնտեսական միջավայրը, փորձել են ներկայացնել խելամիտ բյուջե, որը ճշգրիտ կարտացոլի մեր տնտեսական իրականությունը:
Վարդան Արամյանն ուշադրություն սեւեռեց վարչապետի այն հայտարարությանը, թե «մեր տնտեսության վիճակը չափազանց ծանր է»՝ միաժամանակ հավելելով, թե վարչապետի այդ խոսքերը պետք է ընդունել որպես իրողություն, բայց դա բնավ չի նշանակում, որ ապագայի նկատմամբ պետք է ձեւավորել բացասական սպասումներ: Բանն այն է, որ մենք հայտնվել ենք մի իրավիճակում, որը միայն Հայաստանի տնտեսությանը չէ որ բնորոշ է: Ամբողջ աշխարհում է այդպես, թե զարգացող երկրներում, թե տարածաշրջանի երկրներում նման իրավիճակ է դրսեւորվում: Իսկ պատճառները երկուսն են: Առաջինը ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներն են, իսկ Ռուսաստանը Հայաստանի կարեւորագույն գործընկերն է, հիմնական դրամական փոխանցումները կատարվում են ՌԴ-ից եւ, հասկանալի է, որ դա պետք է բացասական ազդեցություն ունենար մեր տնտեսության վրա: Երկրորդ պատճառը համաշխարհային շուկայում հումքային ապրանքների գնանկումն է: Քանի որ Հայաստանը հումք արտահանող երկիր է, մեր արտահանման շուրջ 50%-ը հանքահումքային ապրանքներն են, հասկանալի է, որ նույն ծավալի հումք արտահանելու դեպքում ավելի քիչ արտարժույթ ենք ստանում:
Որպեսզի պատկերն ավելի հստակ ուրվագծվի, համապատկերում նախարարը տեղեկացրեց, որ միայն տրանսֆերտները երկու տարիների ընթացքում՝ 2014-2015թթ. կրճատվել են շուրջ 700 մլն դոլարով, իսկ 2016թ. սպասվում է, որ կկրճատվի շուրջ 140 մլն. դոլարով: Եվ այս դեպքում եթե գործադիր իշխանությունը հակազդող քայլեր չձեռնարկեր, ապա կունենայինք բացասական տնտեսական աճ: Դրա համար էլ, կրկին ըստ ֆինանսների նախարարի, վերջին երկու տարիներին հարկաբյուջետային քաղաքականությունը եղել է ընդլայնողական: Այն է՝ ավելի շատ ծախս է կատարվել, եւ պակասուրդի հաշվին ավելի շատ գումար է ներարկվել տնտեսություն, որպեսզի փոխհատուցեն արտաքին աշխարհից կրճատվող արտարժութային հոսքերը: Սա էլ իր հերթին հանգեցրել է այն բանին, որ 2015թ. ՀՆԱ նկատմամբ բյուջեի պակասուրդը կազմել է 4,8%, իսկ 2016-ի արդյունքներով 5,9-6% է կանխատեսվում:
Ստեղծվել է մի վիճակ, երբ մեծ պակասուրդի դեպքում պետք էր նույնչափ էլ պարտք վերցնել: Հետեւանքը եղավ այն, որ 2014-2016թթ. 900 մլն. դոլարով ավելացավ պարտքը, ու այսօր պարտքի բարձր շեմ ունենք: Ավելացած պարտքն էլ գրեթե այնքան է, ինչքան տրանսֆերտների մասով կրճատում ունենք: «Այսինքն, եթե հարկաբյուջետային ընդլայնման քաղաքականություն չունենայինք, ապա կլիներ փոխարժեքի կտրուկ արժեզրկում, կունենայինք տնտեսական աճի ավելի ցածր մակարդակ»,- ասաց Վարդան Արամյանը:
Այս բոլոր գործոնները հաշվի առնելով է, որ որոշվեց 2017թ. ունենալ այնպիսի բյուջե, որ ավելի պահպանողական ու խելամիտ կլինի՝ իրավիճակն արտացոլող:
Մեր երկրում տարբեր տարիների վարչապետերն ու ֆինանսների նախարարները արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության վտանգավորության շեմի տարբեր մակարդակներ են նշել՝ սեփական գնահատականի համաձայն: Ո՞րն է այդ շեմի ցուցանիշը՝ ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի եւ հնարավո՞ր է կրկին եվրապարտատոմսեր թողարկվեն՝ արտաքին պարտքը մարելու համար:
Այս հարցիս ի պատասխան նախարարը նախ հստակեցրեց, որ եվրապարտատոմսերի թողարկման խնդիր այս պահին չկա: Ապա հավելեց, թե արտաքին պարտք/ՀՆԱ հարաբերակցության վտանգավորության շեմի մակարդակի տարբեր գնահատականներ կան՝ կախված տնտեսության վիճակից: Մոտեցում կա, որ զարգացող երկրների համար 60%-ից այն կողմ վտանգավոր շեմ է: Բայց պարտադիր չէ, որ մենք հասնենք այդ ցուցանիշին: «Կարեւորը պարտքի կառուցվածքն է: Մերում հիմնականում արտոնյալ պայմաններով վարկեր են: Շատ կարեւոր են ներդրողների սպասումները: Տնտեսական աճը նույնպես կարեւոր է»,-հայտնեց նախարարը՝ միաժամանակ շեշտելով, թե չի կարծում, որ ունենք պարտքի անկառավարելի մակարդակ:
Իսկ ինչու՞ այնպես չարեցինք, որ պարտքի այս մակարդակին չհասնենք: Առաջին՝ 2009թ. միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո որոշել էինք տարատեսակացնել (դիվերսիֆիկացնել) տնտեսությունը՝ դրա համար գումարներ ներգրավելով, բայց այդպես էլ ոչինչ չարվեց:
Նախարարն, իհարկե, այս գնահատականին համաձայն չէ (ամեն դեպքում նա ֆինանսների փոխնախարար է եղել,- Ա.Ք.)՝ շեշտելով, թե տնտեսությունում կառուցվածքային տեղաշարժ եղել է. «Տնտեսության գրավիտացիոն ուժը ոչ արտահանելի հատվածից տեղափոխվել է արտահանելի հատված»:
Իսկ հնարավո՞ր է պարտքի գերաճ թույլ չտալու համար բանակցվող որոշ ծրագրեր կասեցվեն: Ի պատասխան նախարարը համառոտեց. «Կլինեն այնպիսի ծրագրեր, որոնք ՀՆԱ-ին օժանդակող կլինեն»:
Այնուհանդերձ, ի՞նչ է սպասվում 2016թ. արդյունքներով եւ 2017թ. կտրվածքով: Ըստ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի, ակնկալվում է, որ 2016թ. տնտեսական աճը կլինի 2.4%՝ նախապես կանխատեսված 2.2%-ի փոխարեն: Իսկ 2017թ. տնտեսական աճի ցուցանիշը 3,2% է կանխատեսվել: Իսկ ավելի բարձր տնտեսական աճ ակնկալվում է ունենալ կապիտալ ծախսերի արդյունքում:
Հարկերի մասով բանախոսը հայտնեց, որ ծրագրվում է, որ այս տարին կավարտեն 1 տրլն. 62 մլրդ.-ի հարկային ցուցանիշով, ինչը ծրագրավորված ցուցանիշից շուրջ 80 մլրդ.-ով պակաս է: Ծրագրվում է, որ 2017թ. հարկային մուտքերը կլինեն 1 տրլն. 135 մլրդ., իսկ ընդհանուր մուտքերը՝ 1 տրլն. 210 մլրդ. դրամ:
Ընթացիկ տարվա բյուջեով ծախսերը պետք է լինեն 1 տրլն. 360 մլրդ. դրամ: «Ծախսերի մի քանի անգամ կրճատումը գրեթե անհնար է,- ասաց նախարարը,- բայց քանի որ պարտքն աճել է, պետք է գնանք կոնսոլիդացիայի, որպեսզի կարողանանք առաջիկա տարիներին պարտքը դարձնել կառավարելի:
Երբ պարտքն անընդհատ աճում է, եթե չկարգավորես քո բյուջեն, կհանգես նրան, որ պարտքերի սպասարկման տոկոսային ծախսերը կարտամղեն մյուս ծախսերը:
Սա մի իրավիճակ է, որը տեղի ունեցավ Թուրքիայում 2004թ., Արգենտինայում՝ 2000-2002թթ.: Եվ, կրկնում եմ, որպեսզի նման իրավիճակում չհայտնվենք, պետք է գնանք պարտքի կոնսոլիդացման»:
Ծախսերի մասով մի հավելում էլ անենք: 2017թ. պետական ապարատի ծախսերը կկրճատվեն 4 մլրդ. դրամով։ Կշարունակվի մեքենաների պետգնումների ծախսերի կրճատումը, ինչպես նաեւ կոմունալ ծառայությունների վճարումների կրճատումը: Եվս 6 մլրդ դրամ գործադիրը կտնտեսի խմելու ջրի սուբսիդավորման հաշվին, քանի որ 2017-ին ոլորտի բոլոր օպերատորների փոխարեն կմնա միայն 1-ը: 1,2 մլրդ. դրամ էլ կտնտեսվի գյուղատնտեսությունում, սակայն ոչ ի վնաս գյուղացիների։ «Շատ կարեւոր է հասկանալ, թե որ պետական ոչ առեւտրային կազմակերպություններն են անհրաժեշտ ծառայություններ մատուցում իրականում։ Այստեղից էլ բխում են վարչապետի հանձնարարությունները՝ վերանայել այդ կազմակերպությունների գործունեության անհրաժեշտությունն ու դրանց ծախսերը։ Բոլոր գումարները, որոնք մենք ծախսում ենք, պետք է այսպես թե այնպես օգնեն ստեղծել կայուն արժեք երկրի ներսում»,- պարզաբանեց նախարարը։
Ինչ վերաբերում է պակասուրդին, ապա պակասուրդ/ ՀՆԱ ցուցանիշը 2017թ. համար ծրագրվել է 2,8%՝ սպասվելիք 5,9-6%-ի փոխարեն: Դա շուրջ 150 մլրդ. պակասուրդ է, որի 70 մլրդ.-ը կապահովվի ներքին աղբյուրների, մնացած 80 մլրդ.-ը՝ արտաքին աղբյուրների հաշվին: 70 մլրդ. ներքին միջոցներից 45 մլրդ.-ը կկազմեն պետական պարտատոմսերը, 20 մլրդ.-ը՝ պետական գանձարանի միասնական հաշվի մնացորդը, 5 մլրդ.-ը՝ բիզնեսին հատկացված պետական վարկերի վերադարձը:
Կարեւոր է այն, որ փորձ է արվել հարկերը 2017թ. չափից շատ չկանխատեսել, քանզի չափից շատ կանխատեսումը լրացուցիչ գերավճարների հաշվին պետք է արվեր, այլ կերպ՝ տնտեսվարող սուբյեկտների հաշվին, ինչը ոչ միայն ճիշտ չէ, այլեւ վտանգավոր էլ է:
Աստղինե Քարամյան
Կատակ-զգուշացում. նեղանալ չլինի – ՀՀ նախագահը՝ նորանշանակ նախարարներին…
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելեց կառավարություն եւ նոր ձեւավորված կառավարության առաջին նիստից առաջ հանդիպում ունեցավ վարչապետի եւ նորանշանակ նախարարների հետ: Հանրապետության ղեկավարը նախ շնորհավորեց նրանց պետական բարձր պաշտոններում նշանակվելու առթիվ, ապա անդրադարձավ այն խնդիրներին, որոնք դրված են նոր կառավարության առջեւ: Նախագահը մասնավորապես նշեց. «Այս նոր կառավարության հաջողությամբ են պայմանավորված այն ակնկալիքները, որ այսօր ունի մեր ժողովուրդը: Ուրեմն, պետք է լիարժեքորեն լծվել աշխատանքի: Իմ հորդորն է՝ նվիրվե՛լ անմնացորդ: Աշխատանքային հարաբերություններում շատ դժվարություններ կլինեն, բայց եղե՛ք ամուր, հաստատակամ, ինչպես եւ պայմանավորվել ենք, նեղանալ եւ նեղսրտել չկա: Բոլորս պետք է հասկանանք, երբ մենք անցնում ենք պետական ծառայության, ապա միշտ անձնականը պետք է մղվի երկրորդ, ավելի ճիշտ՝ երկրորդական պլան: …Եղե՛ք միասնական: Վարչապետը սոսկ ձեր ղեկավարը չէ, վարչապետն այս թիմի առաջնորդն է, եւ ես վստահ եմ, որ նրա հնարավոր կշտամբանքները, հնարավոր դիտողությունները երբեք ձեր անձերին չեն վերաբերվելու: Դա արվելու է միայն ու միայն աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Մենք, իրոք, շատ բան ունենք անելու եւ այդ ճանապարհին լինելու ենք հաստատակամ: Մենք պետք է միայն առաջ գնանք: Նայե՛ք առաջ: Պրոբլեմների ժամանակ մի փորձեք դրանց արմատները տեսնել անցյալում: Դա ամենից հեշտն է: Միշտ պետք է գտնել առաջ գնալու ուղիները: Սա՛ է միայն հաղթանակի բանաձեւը, եւ ես վստահ եմ, որ մեր միասնական աշխատանքը բերելու է հաջողության:
Այսքանն էի ուզում ասել: Եթե հարցեր կան, հաճույքով կպատասխանեմ»:
Հարցեր չհնչեցին:
Աստղինե Քարամյան
«Լուսանցք» թիվ 33 (423), 2016թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ www.hayary.org կայքի «Մամուլ» բաժնում, pressinfo.am պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում:



