Աշխարհի մարզական հեւքից.- Մարզաշխարհի խաչմերուկներում – Հայաստանի ազգային հավաքականի եւ «Մանչեսթր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի ոդիսականը – նրա վերադարձը կայացավ Թուրքիայում… Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչն առաջին անգամ հրապարակեց հավաքականի կազմը… Շախմատային խոչմերուկ… Այլ մարզական լուրեր…

Ռուբեն Հայրապետյանը խոսել է Հենրիխ Մխիթարյանի հետ

Վանաձորում ֆուտբոլի ակադեմիայի բացումից հետո ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը զրուցեց լրագրողների հետ: Նրան հարցրել են Հենրիխ Մխիթարյանի՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում չխաղալու մասին: ՀՖՖ նախագահը չի հասկանում, թե «ինչ է կատարվում Մոուրինյուի գլխում»: Ռուբեն Հայրապետյանը զրուցել է Հենրիխ Մխիթարյանի հետ. նա ասել է, որ չի հասկանում, թե ինչու չի խաղում:

Հարցեր են եղել նաեւ Ռոբերտ Արզումանյանի եւ Յուրա Մովսիսյանի՝ հավաքական չհրավիրվելու մասին: Ֆեդերացիայի նախագահը պատասխանել է, որ անկախ գլխավոր մարզչի որոշումից՝ ինքը թույլ չի տալու այդ խաղացողներին հրավիրվել ազգային թիմ: «Արթուր Պետրոսյանին ազատություն է տրված ֆուտբոլիստների ընտրության հարցում: Չեն հրավիրվի այն խաղացողները, ովքեր, գտնում եմ, խախտել են հավաքականի կարգապահությունը եւ վնաս են բերել ազգային թիմին. օրինակ Յուրա Մովսիսյանը եւ Ռոբերտ Արզումանյանը. իմ իրավունքն է, ես թույլ չեմ տա հրավիրել նրանց»:

Ինչո՞ւ է Հենրիխ Մխիթարյանը միայնակ մարզվել

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը թիմի մարզաբազայում միայնակ էր մարզվել։ «Mirror»-ը տեղեկացնում է, որ մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 10-րդ փուլից հետո հանգստի հնարավորություն էր ընձեռել ամբողջ թիմին, սակայն Հենրիխ Մխիթարյանը որոշել է չհանգստանալ:

Հայաստանի ազգային հավաքականի ավագը «Քարինգտոն»-ում մարզվել է ոչ թե ստիպողաբար, այլ մարզավիճակը բարելավելու նպատակով: Աղբյուրը նաեւ նշում է, որ հայ ֆուտբոլիստը հաճախ է լրացուցիչ մարզումներ անցկացնում` հիմնական կազմ վերադառնալու համար:

Մխիթարյանի խաղի սպասումով

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի անունը վերջին ամսվա ընթացքում ամենահաճախ տրվողներից է համացանցում եւ ԶԼՄ-ներում: Առայժմ հայ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում խաղադաշտ դուրս չի գալիս եւ շուրջ մեկ ամիս է ինչ խաղային պրակտիկա չունի:

«Ժամանակն է, որ Մխիթարյանը վերադառնա իր խաղամակարդակին»

Օգոստսոի 31-ին Չեխիա-Հայաստանի ընկերական խաղից հետո Մխիթարյանի վնասվածքը ապաքինվեց, սակայն դա էլ դեռևս հիմք չի հանդիսանում մանկունյանցիների մարզիչ Ժոզե Մոուրինյոյի համար, որը Հենրիխի հետ հույսեր կապելով, նրան չի «տեսնում» իր թիմի կազմում: Վերջին խաղը հայ ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում անցկացրել է սեպտեմբերի 10-ին:  

Բազմաբնույթ շատ տեղեկություններ տարածվեցին մեր ֆուտբոլիստի հետ կապված: Անգլիական լրատվամիջոցները նույնիսկ շտապեցին նշել, որ հունվարին, ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում, հայ ֆուտբոլիստը հեռանալու է Յունայթեդից: Ոմանք նման խորհուրդներ սկսեցին տալ մեր ֆուտբոլիստին, ոմանք էլ հակառակը, գտնում են, որ նա մնալու է կարմիր սատանաների կազմում եւ կարգավորելու է խաղը հարձակման գծում: Հարկ է նշել, որ պաշտոնական ոչ մի տեղեկություն Հենրիխի տեղափոխման, վարձակալման մասին չկա: Պարզ է, որ լրատվամիջոցները փորձում են խնդրի հետ կապված ամեն անգամ մի բան ցուցադրել, որ տիրապետում են իրավիճակին: Բայց թե ինչու՞ հայ ֆուտբոլիստը տեղ չի գտնում իր ներկայիս թիմի մեկնարկային կազմում՝ հետ հայացք գցելով նրա կարիերային ու ընդգծելով Ժոզե Մոուրինյոյի հայտարարությունները, իրոք կարող են տարբեր կարծիքներ հնչել:

Հոկտեմբերի 21-ին պորտուգալացի մարզիչը «Չելսի»-ի խաղից առաջ նշեց, որ Հենրիխը մարզվում է ընդհանուր խմբում, բայց դեռ լիարժեք պատրաստ չէ խաղերին: Մատնանշելով հայ ֆուտբոլիստի բարձր կարգը՝ Ժոզեն անընդհատ նշում է, որ ֆուտբոլիստը դեռեւս լիարժեք պատրաստ չէ խաղերին, բայց կգա ժամանակը ու նա կխաղա:

Պարզ է, որ կխաղա, սակայն բոլորին անհանգստացնում է, թե ե՞րբ: Այն, որ մեր ֆուտբոլիստը մեծ ներուժ ունի՝ քննարկման ենթակա չէ: Անտոնի Մարսիալն էլ Յունայթեդ տեղափոխվեց 50 մլն. ֆունտով, բայց ո՞վ կարող է ասել, որ Մարսիալը թիմի մեկնարկային կազմի խաղացող է…

Հայ ֆուտբոլիստը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ այլ ակումբ դժվար կտեղափոխվի: Ընդհանրապես, հնչեղ տեղափոխությունները հիմնականում տեղի են ունենում ամռանը: Բացի այդ էլ, Անգլիայում մեր ֆուտբոլիստի համար դեռ ամեն ինչ վերջացած չէ:

Հենրիխը մտքով թիմակիցների հետ է

Հենրիխ Մխիթարյանին Երեւանի «Փյունիկ»-ից տեղափոխվելուց հետո միշտ էլ նոր առաջնությանը հարմարվելու համար որոշակի ժամանակ է պետք եղել: Ուկրաինական «Մետալուրգ»-ում եւ «Շախտյոր»-ում, նաեւ գերմանական «Բորուսիա»-ում հայ ֆուտբոլիստը առաջին մրցաշրջաններում մեղմ ասած լավ հանդես չի եկել: Բայց սրա հետ մեկտեղ մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել հետո: նա դարձել է վերը նշված ակումբների առաջատարն ու լավագույն ֆուտբոլիստներից մեկը:

Անգլիական պրեմյեր լիգան իր ամբողջ կառուցվածքով ու նշանակությամբ տարբերվում է բոլորից: Այսինքն, այստեղ էլ մեր ֆուտբոլիստից պարզապես ժամանակ է պահանջվում: Ավելին,համոզվածություն կա, որ Հենրիխի լավ օրերը Անգլիայում դեռ առջեւում են: Ժոզեն, միգուցե, նույնպես այս ամենը շատ լավ գիտի ու հասկանում է: Համենայնդեպս, պորտուգալացին առայժմ սպասում է: Հենրիխը տքնաջան մարզվում է: Եվ, հաշվի առնելով Մոուրինյոյի մարզչական հոտառոտությունն ու Մխիթարյանի աշխատասիրությունն ու տաղանդը, դեռ կարելի է համբերել ու սպասել:

Մոուրինյոն բացատրել է, թե ինչու է պահեստայինների նստարանին պահում Մխիթարյանին

«Հայաստանի հավաքականի ավագը Մանչեսթրի կազմում խաղադաշտ դուրս չի եկել արդեն ավելի քան մեկ ամիս՝ մասամբ նաև ազգային հավաքականի կազմում ստացած վնասվածքի պատճառով»,- գրում է «Մանչեսթր Յունայթեդ» ակումբի պաշտոնական կայքը: «Կարծում եմ, նրան դեռ ժամանակ է պետք անգլիական ֆուտբոլին ընտելանալու համար», – լրագրողներին ասել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն՝ ընդգծելով, որ չի ափսոսում 27-ամյա ֆուտբոլիստի համար գերմանական «Դորտմունդ»-ին միլիոններ վճարելու համար:

Ասուլիսում մարզիչը հաստատել է, որ ֆուտբոլիստն արդեն կազդուրվել է եւ «կուլիսներում եռանդուն մարզվում է»․- «Նա վնասվածք չունի, սակայն որոշ դեպքերում ասելով դա՝ պետք է նաեւ հավելես, որ նա լավագույն մարզավիճակում չէ՝ պատրաստ պայքարի»:

Մաժամանակ նշել է, թե որոշ ֆուտբոլիստների հավելյալ ժամանակ է պետք «անգլիական ֆուտբոլին, դրա արագությանը, ագրեսիվությանը եւ մրցակցությանը ընտելանալու համար»․- «Իրականությունը երբեմն տարբեր է հատկապես մրցակցության հարցում: Կապ չունի, թե ում հետ ես ուժերդ չափում, պետք է խաղաս հնարավոր լավագույն մակարդակով, եւ այս առումով Միկիին ժամանակ է պետք, որ նա դառնա առաջատար խաղացող»:

Անցած ամիսներին Մանչեսթրի կազմում մի շարք փոփոխություններ կատարած Մոուրինյոն պնդել է, թե այս ճանապարհով Մխիթարյանից առաջ ուրիշներն են անցել՝ ի վերջո հաջողություն արձանագրելով.- «Ես չեմ սիրում խոսել այլ ակումբների մասին, սակայն, Վիլիանը, օրինակ, խնդիրներ ունեցավ սկզբում, երբ Բրազիլիայից «Չելսի» տեղափոխվեց: Հետո, սակայն, որոշ ճանապարհ անցավ եւ մի քանի ամիս անց արդեն դարձավ առաջատար, հաղթեց առաջնությունում: Եվ սա միայն մեկ օրինակ է: Նույնը Դի Մարիան, որ պետք է դեռ շատ բան սովորեր իր խաղի մասին, երբ Պորտուգալիայից Մադրիդ տեղափոխվեց: Ոմանց մոտ այս անցումը հեշտ է ստացվում, ոմանց ավելի շատ ժամանակ է պահանջվում»: «Միկիի դեպքում վնասվածքը խանգարեց աճին: Սակայն, մենք հավատում ենք նրան, եւ ուշ կամ շուտ որեւէ խնդիր չի լինի», – հավատացրել է Մոուրինյոն:

«Մխիթարյանն ունակ է լուծել թիմի խնդիրներն առջեւի գծում»

Մյունխենի «Բավարիա»-ի եւ անգլիական «Լիվերպուլ»-ի նախկին կիսապաշտպան Դիտմար Համանը կարծիք է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին` նշելով, որ հայ ֆուտբոլիստին աջակցություն է հարկավոր, որը, սակայն, նա չի ստանում Ժոզե Մոուրինյոյի կողմից: «Մխիթարյանի հետ կապված իրավիճակն ինձ տարօրինակ է թվում: Ես տեսել եմ նրա ֆանտաստիկ խաղը նախորդ մրցաշրջանում: Մոուրինյոն մանչեսթերյան դերբիից հետո նրան խաղադաշտում հայտնվելու հնարավորություն չի տալիս: Հենրիխին աջակցություն է հարկավոր, որը նա չի ստանում գլխավոր մարզչի կողմից: Մեծ հետաքրքրությամբ հետեւում եմ իրադարձությունների հետագա զարգացմանը: Կարծում եմ, որ Հենրիխ Մխիթարյանն ունակ է լուծել թիմի խնդիրներն առջեւի գծում»,- նշել է Դիտմար Համանը:

Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ պատրաստվում է հաջորդ հանդիպմանը՝ թուրքական «Ֆեներբախչե»-ի հետ

Անգլիական լրատվամիջոցները ոչ մի կերպ չեն կարողանում կռահել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի կայացրած որոշումները: Տեղի «Միրոր» թերթը մեկ օր առաջ նշել էր, որ պորտուգալացի մասնագետը արգելք է դրել գերմանացի ֆուտբոլիստ Բաստիան Շվայնշտայգերի առջեւ եւ թույլ չի տալիս մարզվել հիմնական կազմի հետ: Սակայն այսօր առավոտյան կայացած պարապմուnքին աշխարհի չեմպիոնը մարզվել է հենց թիմի հետ:

Անգլիական ակումբի պաշտոնական կայքի հրապարակած լուսանկարներում պարզ երեւում է, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը նույնպես լիարժեք պարապմունք է անցկացրել: Դա խոսում է այն մասին, որ մեր ֆուտբոլիստը լիովին վերականգնվել է վնասվածքից եւ թիմի հետ պատրաստվում է առաջիկա հանդիպմանը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոյեմբերի 3-ին Եվրոպայի լիգայի շրջանակում հանդիպելու է թուրքական «Ֆեներբախչե»-ի հետ:

Հենրիխ Մխիթարյանի վերադարձը կայացավ Թուրքիայում

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 54 օր անց կրկին խաղաց իր թիմի կազմում:

Մեր ֆուտբոլիստն այսօր մասնակցեց Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի «Ֆեներբախչե»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպմանը: Անգլիական թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Հենրիխ Մխիթարյանին խաղադաշտ մտցրեց 61-րդ րոպեին, երբ հաշիվն արդեն 2:0 էր՝ հօգուտ դաշտի տերերին:  «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մեր ֆուտբոլիստի մուտքից հետո չնայած տիրեց նախաձեռնությանը, սակայն չկարողացավ խույս տալ պարտությունից: Հանդիպման 89-րդ րոպեին հյուրերի ավագ Ուեյն Ռունին հեռահար հարվածով ընդամենը կրճատեց հաշվի տարբերությունը՝ 1:2:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում վերջին անգամ խաղացել էր սեպտեմբերի 10-ին, Անգլիայի առաջնության «Մանչեսթեր Սիթի»-ի հետ հանդիպմանը: Դրանից հետո պորտուգալացի մասնագետը երկար ժամանակ նրան չէր ընդգրկում անգամ պահեստայինների մեջ:

Թուրքիայում մասսայական ընդհարում է տեղի ունեցել ֆուտբոլասերների միջեւ

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայում թուրքական «Բեշիկթաշ»-ի եւ իտալական «Նապոլի»-ի միջեւ կայացած հանդիպումը չնայած անցել է առանց որեւէ միջադեպի, սակայն թիմերի երկրպագուների միջեւ, այնուամենայնիվ, լուրջ ընդհարում է տեղի ունեցել:

Ստամբուլի մետրոներից մեկում իտալացի երկրպագուները ենթարկվել են հարձակման, որի հետեւանքով դանակի հարվածներ եւ լուրջ վնասվածքներ է ստացել նրանցից մեկը: Ինչպես նշում են տեղի լրատվամիջոցները, իտալացի երկրպագուի կյանքին այժմ վտանգ չի սպառնում: Տեսանյութից պարզ երեւում է, որ ֆաների ընդհարման պատճառով տուժել են նաեւ հասարակ քաղաքացիները:

Հայաստանի պատանի ֆուտբոլիստները զիջեցին Իսրայելին

Մինչ Իսրայելի հետ խաղը, Հայաստանի պատանիները Ֆուտբոլի 2017թ Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների առաջնության ընտրական փուլի Լեհաստանի հետ 1-ին հանդիպումն ավարտեցին 1:1 հաշվով: 2-րդ փուլի խաղում Հայաստանի հավաքականը 0:2 հաշվով պարտվեց Իսրայելի թիմին:

Հայաստանի պատանեկան հավաքականը երկու տուրից հետո վաստակել է 1 միավոր եւ այժմ զբաղեցնում է 3-րդ տեղը: Հաջորդ խաղում մեր թիմը կհանդիպի խմբի ընդգծված ետնապահ Իսլանդիայի հետ: Միայն հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը կարող է նվաճել հաջորդ փուլի ուղեգիր:

ՖԻՖԱ-ն արգելել է մարզաշապիկներին պատկերել ալ կարմիր կակաչ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան Անգլիայի եւ Շոտլանդիայի հավաքականներին արգելել է հանդես գալ ալ կարմիր կակաչի պատկերով հատուկ պատրաստված մարզաշապիկներով: Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, ալ կարմիր կակաչը քաղաքական խորհրդանիշ է համարվում, ուստի արգելվում է օգտագործել այն ֆուտբոլային խաղերի ժամանակ:

Անգլիայի եւ Շոտլանդիայի հավաքականներն իրար հետ հանդիպելու են նոյեմբերի 11-ին, Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Այդ օրը Մեծ Բրիտանիայում համարվում է պատերազմներում զոհված զինվորների հիշատակի օր, որի խորհրդանիշը հենց ալ կարմիր կակաչն է:

Ռուբեն Հայրապետյանը բացում է փակագծերը (տեսանյութ)

ՀՖՖնախագահ Ռուբեն Հայրապետյանը Ավանի ֆուտբոլի ակադեմիայում լրատվամիջոցներին ներկայացրեց Հայաստանի ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզչին՝ Արթուր Պետրոսյանին: Մեր ընտրանու նախկին ֆուտբոլիստի նշանակման մասին ՀՖՖ մամուլի ծառայությունը վաղուց տեղեկացրել էր, ուստի լրագրողներին ավելի շատ հետաքրքրում էր բոլորովին այլ հարցեր: Օրինակ, ինչու՞ է պակասում  մեր առաջնությանը մասնակցող թիմերի քանակը, ինչու՞ են բարձրակարգ ֆուտբոլիստները քիչ, չնայած ֆեդերացիան պատանի ֆուտբոլիստների համար նորմալ մարզումային պայմաններ է ստեղծել եւ այլն:

«2008թ. սկսած համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո մեր ակումբները ֆինանսական լուրջ խնդիրների առջեւ հայտնվեցին, որի պատճառով մի քանիսը փակվեցին»,- ասաց Ռուբեն Հայրապետյանը: Բարձրակարգ ֆուտբոլիստների բացակայությունը ՀՖՖ նախագահը բացատրեց մանկապատանեկան որակյալ մարզիչների բացակայությամբ: «Մի երկու նորմալ մարզիչ կա «Փյունիկ»-ում, մեկ՝ «Բանանց»-ում: Դա, իրոք, լուրջ խնդիր է մեզ համար»,- նշեց Ռուբեն Հայրապետյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա ֆեդերացիայի նախագահը միանշանակ ասաց, որ չի խառնվելու գլխավոր մարզչի գործերին, սակայն վերահսկելու է թիմում տեղի ունեցող իրադարձություններին եւ թույլ չի տալու հավաքական հրավիրել ներքին կարգապահությունը թուլացնող խաղացողների:

Արթուր Պետրոսյանը առաջին անգամ հրապարակեց հավաքականի կազմը

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը նոյեմբերի 6-11-ը կանցկացնի ուսումնամարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Մեր հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են հավաքին մասնակցելու հրավեր. Դարպասապահներ՝ Արսեն Բեգլարյան, Անատոլի Այվազով, Գոռ Մանուկյան: Պաշտպաններ՝ Վարազդատ Հարոյան, Լեւոն Հայրապետյան, Հրայր Մկոյան, Տարոն Ոսկանյան, Արտակ Եդիգարյան, Կամո Հովհաննիսյան, Արթուր Քարտաշյան, Սերոբ Գրիգորյան: Կիսապաշտպաններ՝ Հենրիխ Մխիթարյան, Մարկոս Պիզելլի, Գեւորգ Ղազարյան, Դավիթ Մանոյան, Գոռ Մալաքյան, Էդգար Մալաքյան, Արտակ Գրիգորյան, Կարեն Մուրադյան, Դավիթ Հակոբյան, Պետրոս Ավետիսյան: Հարձակվողներ՝ Գեղամ Կադիմյան, Արթուր Սարկիսով, Ռուսլան Կորյան, Վարդան Պողոսյան:

Նախորդ հավաքի համեմատ թիմ չեն հրավիրվել պաշտպաններ Գաել Անդոնյանը (որակազրկում), Գեւորգ Հովհաննիսյանը (վնասվածք), կիսապաշտպաններ Արաս Օզբիլիսը (վնասվածք), Զավեն Բադոյանը: Միաժամանակ Արթուր Պետրոսյանը նախնական հայտացուցակում ընդգրկել է մի քանի ֆուտբոլիստների, որոնք բացակայում էին նախորդ հավաքի ժամանակ: Դրանք են Սերոբ Գրիգորյանը, Էդգար Մալաքյանը, Պետրոս Ավետիսյանը, Արթուր Սարկիսովը:

Հավելենք, որ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի օգնականներ են նշանակվել մեր ազգային թիմի նախկին ֆուտբոլիստներ Սարգիս Հովհաննիսյանը եւ Ռազմիկ Գրիգորյանը: Դարպասապահների մարզիչն է Հայկ Կիրակոսյանը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի 2018թ առաջնության ընտրական փուլի Հայաստան–Չեռնոգորիա հանդիպումը:

Հայաստանի 4 հավաքականներ կմասնակցեն Եվրոպայի առաջնություններին

2017թ. ամառը կրկին հագեցած է լինելու հայկական բասկետբոլի համար: Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտ է ներկայացրել` մասնակցելու Եվրոպայի տարիքային 4 առաջնություններին: Այս մասին տեղեկացնում է ՀՖԲ մամուլի ծառայությունը:

Այսպիսով` 2017թ. ամռանը Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությունում հանդես կգա տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը: Մինչեւ 18 տարեկանների ընտրանին ելույթ կունենա C դիվիզիոնում:

Կանանց Հայաստանի մինչեւ 16 եւ 18 տարեկանների հավաքականները ելույթ կունենան C դիվիզիոնի առաջնություններում: Եվրոպայի առաջնությունների վիճակահանությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին` Չեխիայի մայրաքաղաք Պրահայում:

Հայկ Մարտիրոսյանն առաջին պարտությունը կրեց

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում է Հայաստանի տղամարդկանց 1-ին խմբի առաջնությունը: 9-րդ փուլում մրցաշարի միանձնյա առաջատար Հայկ Մարտիրոսյանը, ով տարել էր 7 անընդմեջ հաղթանակ, սպիտակներով պարտվեց Արման Միքայելյանին եւ ունի 7,5 միավոր: 2-որդ հորիզոնականում ընթացող Տիգրան Հարությունյանը հաղթեց Արմենակ Եղիազարյանին եւ իր վաստակած միավորների քանակը հասցրեց 7-ի: Առաջին եռյակը 6 միավորով եզրափակում է գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը, ով ոչ-ոքի խաղաց Նորայր Թորոսյանի հետ:

Հիշեցնենք, որ առաջնությունում հանդես են գալիս 14 շախմատիստ: Առաջին 3 տեղերը գրաված շախմատիստները եկող տարի կմասնակցեն Հայաստանի բարձրագույն խմբի մրցաշարին:

Հ.Գ. – Բարձրագույն խմբի ուղեգրերի համար պայքարը սրվում է – Տեղի ունեցան ՀՀ տղամարդկանց շախմատի առաջնության 1-ին խմբի մրցաշարի 10-րդ փուլի խաղերը: Միանձնյա առաջատար Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքի խաղաց Ռաֆայել Բակունցի հետ: 7 միավորով 2-րդ հորիզոնականում ընթացող Տիգրան Հարությունյանը սեւ խաղաքարերով պարտվեց Դավիթ Շահինյանին: 10-րդ փուլում պարտություն կրեց նաեւ 3-րդ հորիզոնականում ընթացող Հովիկ Հայրապետյանը: Վերջինիս պարտությունից օգտվեցին Արման Միքայելյանը, ով հաղթեց Կարեն Հովհաննիսյանին, ինչպես նաեւ Մանուէլ Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը, ովքեր իրենց խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով եւ միավորներով հավասարվեցին Հովիկ Հայրապետյանին:։

Մրցաշարի ավարտից 3 փուլ առաջ մրցաշարային աղյուսակն ունի հետեւյալ տեսքը՝ 1.Մարտիրոսյան Հայկ – 8, 2. Հարությունյան Տիգրան – 7, 3. Միքայելյան Արման – 6, 4. Հայրապետյան Հովիկ – 6, 5. Պետրոսյան Մանուէլ – 6, 6.  Հակոբյան Արամ – 6, 7. Շահինյան Դավիթ – 5, 8. Բակունց Ռաֆայել – 5, 9.Եզիազարյան Արմենակ – 4,5, 10.  Թորոսյան Նորայր – 4,5, 11. Քալաշյան Դավիթ – 4, 12. Բաբուջյան Լեւոն – 3,5, 13. Սարգսյան Շանթ – 3, 14. Հովհաննիսյան Կարեն – 1,5:

Նիկոլայ Հովյանը 4-րդ տեղը զբաղեցրեց աշխարհի առաջնությունում

Բաթումում ավարտվեց շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունը: Հայաստանի 29 շախմատիստներից բոլորից հաջող հանդես եկավ 8-ամյա Նիկոլայ Հովյանը: Նա 11 հնարավորից վաստակեց 8,5 միավոր եւ բաժանեց 3-4-րդ տեղերը: Ավաղ, լրացուցիչ գործակիցներով մեր պատանի շախմատիստը 3-րդ տեղը զիջեց ադրբեջանցի մրցակցին: Այս տարիքային խմբում հանդես եկող Ռուդոլֆ Փաշիկյանը գրավեց 73-րդ, իսկ Մենուա Հակոբյանը՝ 99-րդ տեղը: Մինչեւ 12 տարեկան պատանիների մրցաշարում լավագույն արդյունք ցույց տվեց Սարգիս Սարգսյանը, որը 7 միավորով զբաղեցրեց 25-րդ տեղը: Մինչեւ 10 տարեկան տղաների առաջնությունում 7 միավոր վաստակած Արսեն Դավթյանը վերջին պարտիայում պարտվեց եւ 13-րդ հորիզոնականից նահանջեց 21-րդ տեղ:

Մեր աղջիկներից համեմատաբար հաջող հանդես եկավ 12-ամյա Մարիամ Մկրտչյանը, որը ավարտական տուրում պարտվեց Իրանի ներկայացուցչին եւ ստիպված բավարարվեց 13-րդ տեղով՝ վաստակելով 7 միավոր:

Նշենք, որ տարբեր տարիքային խմբերում աշխարհի չեմպիոն դարձան ԱՄՆ-ի, Ռուսաստանի (2-ական), Թուրքմենստանի եւ Ղազախստանի պատանի շախմատիստները:

Հրանտ Մելքումյանը առաջատարների խմբում է

Գերմանական Բադ Վիզե քաղաքում ընթացող շախմատի միջազգային մրցաշարում հաջող է հանդես գալիս Հայաստանի տղամարկանց հավաքականի անդամ Հրանտ Մելքումյանը: Մեր շախմատիստը 6-րդ փուլում սպիտակներով հաղթեց խորվաթ Անտե Սարիչին: Նա այժմ 5,5 միավորով բաժանում է 1-5-րդ տեղերը: Նույնպիսի արդյունք ունեն նաեւ Գերմանիան ներկայացնող Լիվիու-Դիտեր Նիսիպիանուն, Ալեքսանդր Գրաֆը, հնդիկ գրոսմայստեր Գոպալը եւ բելառուս շախմատիստ Անդրեյ Ժիգալկոն: Մրցաշարի ավարտին մնացել է 3 փուլ: Հաջորդ, 7-րդ մրցափուլում, Հրանտ Մելքումյանը կմրցի իր գլխավոր մրցակիցներից մեկի հետ:

Գեւորգ Հարությունյանը` միանձնյա առաջատար

Գրոսմայստեր Գեւորգ Հարությունյանը մասնակցում է Իրանում տեղի ունեցող «Paytakht Cup» մրցաշարին: Առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում են 11 երկրի 69 շախմատիստ, որոնց թվում` 15 գրոսմայստեր եւ 9 միջազգային վարպետ: 7 փուլից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է հայ շախմատիստը, ով 7 հնարավորից վաստակել է 6 միավոր: 2-րդ հորիզոնականում ընթացող Իդանի Պույան նրանից հետ է մնում կես միավորով:

Հովհաննես Գաբուզյանը Բեռլինում գրավեց 2-րդ տեղը

Շախմատային մրցումներում հաղթանակն այնքան բարձր չեն գնահատում, որքան, օրինակ՝ ֆուտբոլում: Դա ցույց տվեց Բեռլինում ավարտված Lichtenrader Herbst-2016 միջազգային մրցաշարը: Մեր երիտասարդ գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը վերջին՝ 9-րդ փուլում, հաղթելով իր մրցակցին, վաստակեց 7,5 միավոր եւ հավասարվեց միանձնյա առաջատար Բորիս Չատալբաշեւին: Լրացուցիչ գործակիցներով մրցաշարի հաղթող հռչակվեց բուլղարացի գրոսմայստերը:

Եթե գործեր ֆուտբոլային կանոնը, ապա 1-ին տեղը կզբաղեցներ մեր շախմատիստը, քանի որ նա ավելի շատ հաղթանակ տարավ մրցաշարում (7), քան՝ մրցակիցը (6): Սակայն շախմատում հավասար միավորների դեպքում տեղերն որոշում են բարդ, համակարգչային հաշվարկների օգնությամբ:

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը պարտվեց նոկաուտ մրցաշարում

Հայաստանի շախմատիստ Զավեն Անդրիասյանն ավարտեց ելույթները Ֆրանսիայի Բաստիա քաղաքում ընթացող Corsican Circuit մրցաշարում: Առաջին փուլում մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր եւ զբաղեցրեց 5-րդ տեղը: Նա, ինչպես նաեւ Ֆրանսիան ներկայացնող հայազգի շախմատիստ Տիգրան Ղարամյանը, ով 5,5 միավորով գրավեց 10-րդ հորիզոնականը, մտան երկրորդ փուլ, որն անցկացվում է նոկաուտ համակարգով:

Զավեն Անդրիասյանը 1/8 եզրափակիչում 0:2 հաշվով պարտվեց ուկրաինացի գրոսմայստեր Վլադիմիր Օնիշչուկին եւ դուրս մնաց հետագա պայքարից:

Տիգրան Ղարամյանը 3:1 հաշվով առավելության է հասել իտալացի Դանիել Վոկատուրոյի նկատմամբ եւ մտել քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ:

Լեւոն Արոնյանը կմրցի աշխարհի չեմպիոնի հետ

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը կմասնակցի հոլանդական Վեյք ան Զեե քաղաքում անցկացվող շախմատի ամենամյա խոշոր մրցաշարին: Ինչպես տեղեկացնում է դրա պաշտոնական կայքը, այս տարի գլխավոր մրցանակի համար պայքար կմղեն ինը երկրների 14 գրոսմայստերներ: Ահա նրանք. Մագնուս Կառլսեն (Նորվեգիա)՝ 2853 վարկանիշային միավոր, Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 2795, Վեսլի Սո (ԱՄՆ)՝ 2794, Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)՝ 2772, Պենտալա Հարիկրիշնա (Հնդկաստան)՝ 2762, Անիշ Գիրի (Հոլանդիա)՝ 2756, Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)՝ 2749, Ռադոսլավ Վոյտաչեկ (Լեհաստան)՝ 2746, Ռիչարդ Ռապորտ (Հունգարիա)՝ 2729, Յի Վեյ (Չինաստան)՝ 2706, Բասկարան Ադհիբան (Հնդկաստան)՝ 2689, Լուկ վան Վելի (Հոլանդիա)՝ 2667:

Հիշեցնենք, որ Մագնուս Կառլսենը ներկայիս աշխարհի չեմպիոնն է, իսկ Սերգեյ Կարյակինը նրա մրցակիցն առաջիկա չեմպիոնական մրցամարտում, որը կկայանա նոյեմբեր ամսին, Նյու Յորքում:

Վեյք ան Զեեի հերթական մրցաշարը 21-րդ կարգի է, որի միջին վարկանիշը կազմում է 2752 միավոր: Այն կմեկնարկի 2017թ.հունվարի 14-ին, կավարտվի՝ 29-ին: Հանդիպումները տեղի կունենան ոչ միայն Վեյք ան Զեեում, այլեւ Ռոտերդամում եւ Հաարլեմում: Նշենք, որ Լեւոն Արոնյանն այս տարի բաց էր թողել մրցաշարը, քանի որ պատրաստվում էր աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցապայքարին:

«Մեր հանրապետության մարզիչները լավ չեն աշխատում»

Մեծահասակների հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016թ. Հայաստանի առաջնությանը, որին 8 քաշային կարգերում չեմպիոնի կոչումը վիճարկեց ընդամենը 64 ըմբիշ, ուշի ուշով հետեւում էր ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, ով իր դժգոհությունն է արտահայտել ըմբիշների քանակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: «Դժգոհ եմ մասնակիցների քանակից: Դա նշանակում է, որ մեր հանրապետության մարզիչները լավ չեն աշխատում, որովհետեւ, ինչպես կարող է ունենանք հունահռոմեական ոճի ըմբշամարտի 160 մարզիչ եւ ՀՀ առաջնությանը մասնակցի մոտ 70 ըմբիշ: Եթե ամեն մարզիչ մի մասնակից ունենար, արդեն պետք է 160 մասնակից լիներ առաջնությունում: Սա լուրջ բացթողում է: Այս մասին պետք է լուրջ մտածել, ֆեդերացիայով ու նախարարությունով, իրոք, այս հարցին պետք է շատ լուրջ մոտեցում: Նման պարագայում շատ է բարդանում հավաքականի կազմի ընտրության եւ որակը ապահովելու հարցը:

Սկսում ենք օլիմպիական քառամյա նոր շրջափուլը: Այս ժամկետներում ՀՀ ընթացիկ առաջնության կազմակերպումը նաեւ դեկտեմբերին անցկացվելիք ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու նպատակ էր հետապնդում: Արդեն հայտարարել ենք, որ 80 կգ քաշային կարգի չեմպիոնը պետք է պատրաստվի աշխարհի առաջնությանը, իսկ 71 կգ քաշային կարգում ես նախապես հայտարարել էի, որ Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը պետք է մասնակցի:

Հաջորդ ուսումնամարզական հավաքները պլանավորված են նոյեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 8-ը եւ դեկտեմբերի 14-27-ը: Պատրաստվելու ենք հաջորդ տարվա մի շարք կարեւորագույն մրցաշարերին, աշխարհի գավաթի խաղարկությանը, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններին: Հավաքականի երիտասարդ թեկնածուների փորձարկումներ կանցկացնենք: Եվ ընդհանարպես, նրանք, ովքեր ՀՀ առաջնությունում մրցանակային տեղեր են զբաղեցրել, անպայման կլինեն մեր տեսադաշտում եւ ուշադրության կենտրոնում»,- նշել է գլխավոր մարզիչը:

«Արթուր Ալեքսանյանն ամբողջ ընթացքում օգնեց ինձ»

Հումահռոմեական ոճի 71 կգ քաշային կարգի Հայաստանի նորընծա չեմպիոն Ռաֆայել Ալեքսանյանին մեծ դժվարությամբ հաջողվեց նվաճել տիտղոսը: Մի քանի տարի շարունակ հայ ըմբիշը մասնակցել է եզրափակիչներին, բայց ամեն անգամ առաջին տեղը գրավելուն ինչ-որ բան խանգարել է: Այս անգամ կարծրատիպը կոտրվեց եւ Ալեքսանյանների ընտանիքն ունեցավ եւս մեկ չեմպիոն: Panorama.am-ը հետ զրույցի ժամանակ Ռաֆայել Ալեքսանյանը տեղեկացրեց, որ եզրափակիչ գոտեմարտից առաջ վնասել էր ձեռքը, սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ եւ այս անգամ վնասվածքը չխանգարեց:

«Հունահռոմեական ոճի Հայաստանի առաջնությունն ընդհանուր առմամբ այնքան էլ լավ չընթացավ զուտ այն առումով, որ մասնակիցների քանակը քիչ էր: Նախորդ տարիների համեմատ` կարող եմ ասել, որ մասնակցում էին ըմբիշների ուղիղ կեսը: Մնացած բոլոր առումներով` առաջնությունն ընթացավ սովորականի նման: Արդեն մի քանի անգամ էի մասնակցում Հայաստանի առաջնության եզրափակիչներին, եւ մնացած դեպքերում բավարարվել էի 2-րդ տեղով: Հույսեր կային, որ այս անգամ կխախտեմ տխուր ավանդույթը, սակայն նախօրոք ոչինչ չես կարող ասել: Ուրախ եմ, որ կարողացա դառնալ Հայաստանի չեմպիոն: Եզրափակչից առաջ վնասել էի ձեռքս, սակայն ամեն ինչ բարեհաջող ավարտ ունեցավ»,- նշեց մարզիկը:

Վճռորոշ` եզրափակիչ գոտեմարտում դժվար է հաղթել, երբ մրցակիցդ ընկերդ է, ում հետ մտերիմ հարաբերությունների մեջ ես: «Եզրափակչում հանդիպեցի գյումրեցի ըմբիշ Տիգրան Թորոսյանի հետ, ով իմ ընկերն է եւ միասին ենք մարզվում: Բնականաբար, շատ դժվար էր, քանի որ նա եւս ուժեղ հակառակորդ է, ու մենք միմյանց շատ լավ ենք ճանաչում: Հեշտ հաղթանակ չէր, թեև կիսաեզրափակչում ևս հանդիպեցի դժվարության: Զիջում էի 0:6 հաշվով, սակայն հետո կարողացա հետ բերել միավորներս ու հաղթել»,- նշեց նորընծա չեմպիոնը:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, փոխչեմպիոն Միհրան Հարությունյանն ու Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանն ազատված էին Հայաստանի առաջնությանը մասնակցելուց: Այդուհանդերձ, Արթուրը մարզադահլիճում էր եւ հետեւում էր եղբոր մրցելույթներին: «Եղբայրս` Արթուր Ալեքսանյանն ամբողջ ընթացքում օգնել է ինձ, եւ անմիջապես ականատեսը դարձել իմ հաղթանակի: Հայրս` Գեւորգ Ալեքսանյանը, եւս երկար էր սպասել իմ հաջողությանը: 6 տարի շարունակ չէր հաջողվում դառնալ Հայաստանի չեմպիոն: Կարծում եմ` հայրս եւս շատ ուրախ է»,- նշեց Ռաֆայել Ալեքսանյանը: Նա այս տարի մասնակցել է միջազգային 2 մրցաշարի: Բուլղարիայում գրավել է 2-րդ տեղը, իսկ Մադրիդի Գրան-Պրիում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: «Եվրոպայի առաջնությանը չեմ մասնակցել: Ստուգատեսին Հայաստանը ներկայացրել է Վարշամ Բորանյանը` դառնալով Եվրոպայի չեմպիոն: Իսկ Օլիմպիադային մասնակցել չենք կարող, քանի որ 71 կգ-ն Օլիմպիական քաշ չէ»,- պատմեց Ռաֆայել Ալեքսանյանը:

Խոսելով հետագա ծրագրերի մասին` հայ ըմբիշը տեղեկացրեց, որ իր գլխավոր նպատակը Եվրոպայի կամ աշխարհի առաջնություններում հաղթելն է, իսկ հաջորդ տարի կմասնակցի կարեւոր այդ ստուգատեսերին, թե ոչ, կորոշի արդեն հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

«Շատ ուրախ եմ, որ կարողացա Հայաստանը պատվով ներկայացնել»

ԱՄԷ-ի մայրաքաղաք Դուբայի կանանց վազքի միջազգային ներկայացուցչական խոշոր մրցաշարում բրոնզե մեդալի արժանացած հայ վազորդուհի Լիլիթ Հարությունյանը դեռ մրցավայրում է: Մի քանի ժամ հետո Դուբայ-Փարիզ-Երեւան չվերթով կվերադառնա Հայաստան: 55 երկրի 662 վազորդուհիների պայքարում 3-րդը ճանաչված հայ մարզուհին panorama.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչ մրցավայր հասնելը 10 ժամ ինքնաթիռում անցկացնելուց հետո միայն 4 ժամ հանգստի հնարավորություն է ունեցել eu որ հոգնածությունը եւս ունեցել է իր դերակատարումը, սակայն ինքը գոհ է արդյունքից:

«Անչափ ուրախացա, երբ իմացա, որ մասնակցելու եմ այս մրցմանը: Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի եւ ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Նարինե Շահբազյանի նախաձեռնությամբ եւ օգնությամբ հնարավորություն ստացա Հայաստանը ներկայացնել նման խոշորագույն ստուգատեսում, որին մասնակցում էին 55-ից ավել պետություններ: Հասկանալի էր, որ թեժ մրցակցություն եւ անզիջում պայքար էր սպասվելու:

Գտնվում եմ գերազանց մարզավիճակում եւ, ըստ այդմ, մեծ հույսեր ունեի, որ կկարողանամ մրցանակային տեղ գրավել: Հույսերս իրականացան: Թեև մրցակիցներս բավական ուժեղ էին, բայց մինչեւ վերջին մետրերը պայքարեցի: Շատ ուրախ եմ, որ կարողացա Հայաստանը պատվով ներկայացնել: Չէի սպասում նման մեծ արձագանքի»,- նշեց Լիլիթը:

Հայ մարզուհին նշեց, որ իր գլխավոր նպատակը գարնանը Եվրոպայի վազքի ձմեռային առաջնությանը մասնակցելու հնարավորություն ստանալն է, իսկ մինչ այդ մրցումներ կլինեն Երեւանում, որից հետո կձեւավորվի Հայաստանի հավաքականի կազմը: Լիլիթ Հարությունյանը նաեւ շնորհակալություն հայտնեց բոլոր այն մարդկանցից, ովքեր իր կողքին են և ուրախանում են իր հաջողություններով, քանզի մարդու մեջ վստահությունը ծնվում է այն դեպքում, երբ նրան աջակցում եմ մյուսները:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:

Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:

Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝           51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 37 (427), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.