Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում.- Կամային հաղթանակ. Հայաստան-Չեռնոգորիա՝ 3։2… Ավանդական քայլերթ՝ Հայաստանի հավաքականի խաղից առաջ… Արթուր Պետրոսյանի եւ Բեռնար Շալանդի ջերմ հանդիպումը… Հենրիխ Մխիթարյանը 105-րդ երկրի պատվիրակն է Անգլիայում… Սամբիստները 5 մեդալ՝ աշխարհի առաջնությունից… «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնությունը Հայաստանում… Այլ մարզական լուրեր…

Կամային հաղթանակ. Հայաստան-Չեռնոգորիա՝ 3։2

Ֆուտբոլի աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալեց խմբի առաջատար Չեռնոգորիայի հավաքականին:

1-ին խաղակեսի մեկնարկային րոպեներից թիմերը փոխնիփոխ վտանգավոր պահեր էին ստեղծում, բայց Չեռնոգորիայի հավաքականի գրոհները հետզհետե դառնում էին ավելի վտանգավոր: Հանդիպման 36-րդ րոպեին հյուրերը խփեցին առաջին գնդակը, իսկ ընդամենը 2 րոպե անց կրկնապատկեցին այն: Թվում էր, թե կարող է կրկնվել Ռումինիայի ազգային հավաքականի հետ խայտառակ հանդիպումը, երբ մեր թիմը սեփական հարկի տակ պարտվեց 0:5 հաշվով: Բայց Արթուր Պետրոսյանը հանդերձարանում կարողացել էր ուշքի բերել տղաներին եւ մերոնք նախ հաշվի տարբերությունը կրճատեցին 50-րդ րոպեին՝ Արտակ Գրիգորյանը դարձավ գոլի հեղինակ, ապա 74-րդ րոպեին հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Վարազդատ Հարոյանը՝ 2:2: Իսկ մրցավարի ավելացրած ժամանակում Հայաստանի հավաքականի կազմում հաղթական գոլի հեղինակ դարձավ Գեւորգ Ղազարյանը:

Սա մեր հավաքականի առաջին հաղթանակն էր 2018թ. ընտրական փուլում: Հայաստանի հավաքականը արդարացիորեն 3 միավոր վաստակելով եւ հուսանք, որ հայկական ֆուտբոլի ձախողումների վերջը դրվեց:

Ավանդական քայլերթ՝ Հայաստանի հավաքականի խաղից առաջ

Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումից առաջ, Հայկական Առաջին Ճակատ ֆան շարժումը,  չնայած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ունեցած տարաձայնությանը, ավանդույթի համաձայն խաղից առաջ  քայլերթ կազմակերպեց դեպի Հանրապետական մարզադաշտ: Մարզասերներն այս անգամ չհուսախաբվեցին եւ վայելեցին մեր հավաքականի հաղթանակը:  

* * *

«Այս հաղթանակը ոչ թե ես, այլ բոլորս միասին կերտեցինք: Բոլորին էլ շնորհակալ եմ: Սակայն մենք պետք է համեստ պահենք մեզ եւ քայլ առ քայլ առաջ գնանք: Անելիքներ դեռ շատ կան: Ուժաղացման կարիք ունեն թիմի բոլոր գծերը: Այսօր մեր տղաները պարզապես հերոսություն արեցին»,- ֆուտբոլի ընտրական խաղից հետո հայտարարեց մեր հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը:

* * *

Չեռնոգորիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լյուբիշա Տումբակովիչն աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականից 2:3 հաշվով կրած պարտությունից հետո հիշեց նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ մեր ընտրանու հասցեին ասած խոսքերը, ըստ որոնց, մեր հավաքականի ցուցադրած խաղն ու արդյունքները միմյանց համապատասխան չեն: Իսկ արդեն այսօր մրցակիցն ապացուցեց, որ մարզիչը ճիշտ էր: «Ցավոք, ես ճիշտ դուրս եկա: Հայաստանի հավաքականը բարդ սկսեց խաղը, սակայն հետագայում իրապես գիտեր, թե ինչ էր ուզում եւ վերջում կարողացավ հասնել իր նպատակին, ինչի առիթով շնորհավորում եմ: Անկեղծ ասած՝ խաղի նման շրջադարձն ինձ համար սպասելի էր, բայց ես զարմացած եմ: Առջեւում դեռ բազմաթիվ հանդիպումներ կան եւ հավաքականներից յուրաքանչյուրն էլ խմբից դուրս գալու հավասար հնարավորություններ ունի»,- ասաց մրցակից հավաքականի մարզիչը:

Արթուր Պետրոսյանի եւ Բեռնար Շալանդի ջերմ հանդիպումը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հանդիպմանը հետեւելու էր եկել նաեւ մեր թիմի նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի մասնագետ Բեռնար Շալանդը: Կամային հաղթանակից հետո, երբ ցնծում էր ամբողջ «Հանրապետական» մարզադաշտը, նա ջերմորեն շնորհավորեց նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանին:

Հիշեցնենք, որ Բեռնար Շալանդը մինչ այս խաղը ներկա էր նաեւ Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների 2017թ. առաջնության ընտրական 7-րդ խմբի առաջին տուրի Շվեյցարիա -Հայաստան հանդիպմանը:

Մարզաշապիկը նվիրեց սայլակով մարզադաշտ եկած երկրպագուին

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի խաղից հետո մի քանի վայրկյան շփվեց երկրպագուների հետ: Նա թեեւ չկարողացավ գոլի հեղինակ դառնալ, սակայն իր խաղով մեծապես օգնեց հավաքականին, իսկ հանդիպումից հետո լուսանկարվեց հաշմանդամություն ունեցող երկրպագուի հետ եւ իր մարզաշապիկը նվիրեց նրան:

«Աստված մեր կողմից էր»…

Չեռնոգորիայի հավաքականի հետ խաղում Հայաստանի հավաքականի առաջին գոլի հեղինակ Արտակ Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ բարդ առաջին խաղակեսից հետո թիմը կարողացավ համախմբվել եւ անել այն, ինչի ականատեսը դարձան շատերը:

«Առաջին խաղակեսը բարդ ստացվեց, 2 գոլ նվիրեցինք: Երկրորդ խաղակեսին դուրս եկանք ամեն ինչ անելու մղումով: Աստված մեր կողմից էր: Արթուր Պետրոսյանը միշտ մեզ ոգեւորում է, հույս տալիս: Շատ գոհ ենք իրենից եւ տպավորված: Հուսով եմ` իր հետ մեծ հաջողությունների ենք հասնելու: Ուրախ եմ, որ գոլ խփեցի ու օգնեցի հավաքականին: 3 տարի սպասել էինք այս հաղթանակին»,- նշել է ֆուտբոլիստը:

«Չէի կարող հավաքականին ճանապարհի կեսին թողնել»…

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը խոսել է աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլում Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ում խաղաժամանակ չստանալու, ինչպես նաեւ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մասին:

Նրա կարծիքով` «Հանրապետականը» ֆանտաստիկ ֆուտբոլի ականատես դարձավ: Ոչ ոք չէր սպասում, որ 0:2 հաշվով պարտվելուց հետո թիմը կկարողանա հաղթել 3:2 հաշվով: «Մենք հավատում էինք: Թեկուզ պարտվելով` մեր մեջ ուժ գտանք ու կարողացանք ամեն ինչ անել, որ երկրորդ խաղակեսն ավելի լավ ընթանա: Առաջին խաղակեսից հետո փորձեցինք սխալներն ուղղել: Արեցինք այն, ինչը մինչ այդ չէր ստացվում: Գտնում եմ, որ Արթուր Պետրոսյանն այս մի քանի օրերի ընթացքում կարողացավ շատ մեծ աշխատանք կատարել: Հուսով եմ` ընտրական փուլի մյուս խաղերին ավելի լավ կպատրաստվենք»,- ասել է մեր հավաքականի առաջատարը:

Անդրադառնալով «Մանչեսթեր Յունայթեդ»-ում խաղաժամանակ չստանալուց  հետո հավաքականի կազմում ամբողջական հանդիպում անցկացնելու մասին, Հենրիխ Մխիթարյանը նշեց, որ ֆիզիկական տեսանկյունից, իհարկե, դժվար էր, բայց կարեւորը ցանկությունն է: «Չէի կարող թիմին ճանապարհի կեսին թողնել եւ մտածել, թե ամեն ինչ կորած է, հույս չկա: Փորձում էի մինչեւ վերջ խաղալ եւ ամեն ինչով օգնել հավաքականին: Հանդերձարանը ցնծում էր: Ձայնիցս կզգաք, որ շատ ուրախացանք, որովհետեւ 3 տարի հաղթանակ չէինք տոնել պաշտոնական խաղերում»,- նշել է Հենրիխը:

Հենրիխ Մխիթարյանը 105-րդ երկրի պատվիրակն է Անգլիայում

Անգլիական «Միրոր» թերթը հայտնում է, որ Անգլիայի ֆուտբոլի պրեմիեր լիգայի հիմնադրումից սկսած երկրի ուժեղագույն խմբում հանդես են եկել 105 երկրների ֆուտբոլիստներ: Վերջին երկիրը, որը խաղացող է գործուղել «մառախլապատ ալբիոն», Հայաստանն է: Հիշեցնենք, որ մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը անցած ամռանը Դորտմունդի «Բորուսիա»-ից տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»:

Պրեմիեր լիգայում այժմ սպասում են 106-րդ երկրի ներկայացուցչին: Թեկնածուները երկուսն են: Ինչպես նշում է լրատվամիջոցը, լիգայում հանդես եկող «Սաութհեմփթոն»-ն առաջիկա ձմռանը ցանկանում է ձեռք բերել Լյուքսեմբուրգի հավաքականի պաշտպան Լորան Յանսին կամ Կյուրասաոյի ֆուտբոլիստ Ջերեմի Պիեին: Այդ երկու երկրները մինչ այսօր ներկայացուցիչ չեն ունեցել պրեմիեր լիգայում:

«Աշխատավարձը ոչ մի դեր չէր խաղում, ես տեղափոխվեցի ֆուտբոլային պատճառներով»…

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել ՀՖՖ պաշտոնական կայքին։ Հարցազրույցը տեղի է ունեցել Հայաստան-Չեռնոգորիա հանդիպումից առաջ՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ընթացքում, հետևաբար չէր կարող ընդգրկել հարցեր հանդիպման մասին։ Հենրիխը խոսել է կարիերայի տարբեր փուլերի, ազգային հավաքականի և ակումբային գործերի մասին։

 – Հենրիխ, ի՞նչն էր քեզ ամենից շատ գրավում ֆուտբոլում, երբ երեխա էիր:

– Ինձ ոգեշնչողը հայրս էր, ես երազում էի դառնալ նրա նման ֆուտբոլիստ։

– Որո՞նք են լավագույն հիշողություններդ այն  տարիներից, երբ նոր էիր սկսում ֆուտբոլային կարիերադ Երեւանի «Փյունիկ»-ում:

– Ես 7 տարեկան էի, երբ սկսեցի մարզվել «Փյունիկ»-ու,։ Ես շատ երջանիկ էի, երբ հետագայում միացա «Փյունիկ»-ի հիմնական թիմին։ Դա իմ կարիերայի վաղ շրջանի ամենահուզիչ պահերից մեկն էր ինձ համար։

– Ե ՞րբ հասկացար, որ ֆուտբոլը ոչ միայն զվարճանք է, այլ կարող է դառնալ կյանքիդ հիմնական զբաղմունքը:

– Ես միշտ երազել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մասին, եւ երբ երազանքդ կատարվում է, եւ դու սկսում ես քո ճանապարհը, դու անհավանական երջանկություն ես զգում։ Երբ ես տեղափոխվեցի իմ առաջին արտասահմանյան ակումբը՝ ուկրաինական Դոնեցկի «Մետալուրգ», հասկացա, որ կարող եմ շարունակել առաջխաղացումս եւ ֆուտբոլային լավ կարիերա ունենալ։

– Ինչպե՞ս կբնութագրես հայկական ֆուտբոլն այն ժամանակ, երբ նոր էիր սկսում եւ այսօր: Ի՞նչ է փոխվել:

– Ներկայումս Հայաստանի առաջնությունն ավելի թույլ է, քան այն ժամանակ, երբ ես էի հանդես գալիս Հայաստանում, մրցակցությունն այն ժամանակ ավելի բարձր էր։

– Եղե՞լ է պահ, երբ կարող էիր թողնել ֆուտբոլը: Եթե այո՝ ապա ի՞նչը ստիպեց չթողնել այն եւ ինչպե՞ս հաղթահարեցիր պահը:

– Երբեմն ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում լինում են դժվար ժամանակներ, բայց երբեք պետք չէ հանձնվել։ Երբեմն կարող ես ունենալ մտքեր, որ պետք է կանգ առնել։ Դա մարդկային բնական զգացողություն է, բայց դա չի կարող քեզ ստիպել դադարեցնել այն, ինչ դու սկսել ես։ Դու պետք է ուժ գտնես վատ մտքերը վանելու համար։

– Փոքր տարիքից եղել ես ուշադրության կենտրոնում: Ինչպե՞ս ես վերաբերվել մարդկանց այն պնդումներին, որ անպայման մեծ ֆուտբոլիստ ես դառնալու:

– Իմ հայրը, իրոք, շատ հայտնի ֆուտբոլիստ էր, բայց ես շատ ճնշում չեմ զգացել փոքր տարիքում։ Իմ ընտանիքն ինձ հնարավորություն ընձեռեց ընտրել ֆուտբոլիստ դառնալու եւ այլ մասնագիտությամբ շարունակելու միջեւ, ու ես որոշում կայացրեցի ընտրել ֆուտբոլային ուղին։

– Կարո ՞ղ ես հիշել առաջին խաղդ եւ գոլդ «Փյունիկ»-ի առաջին թիմի կազմում:

– Իհարկե հիշում եմ։ Ես գոլի հեղինակ դարձա «Փյունիկ»-ի կազմում իմ առաջին իսկ խաղում՝ գրավելով Գյումրիի «Շիրակ»-ի դարպասը։ Ես շատ ուրախ էի այդ պահին։

– Ընդամենը 17 տարեկան էիր, երբ նշեցիր նորամուտդ Հայաստանի ազգային հավաքականում. Ի՞նչ էիր զգում այդ պահին:

– Շատ երջանիկ էի այդ պահին։ Մեծ պատիվ էր հրավեր ստանալ ազգային հավաքականից։ Ես իրոք ուզում էի խաղալ իմ ազգի համար եւ շատ աշխատանք եմ տարել ազգային հավաքականի կարեւոր խաղացող դառնալու համար։

– Իսկ ո՞րն է քո ամենագեղեցիկ գոլը (գոլերը) ազգային հավաքականի կազմում եւ ակումբներում:

– Շատ գոլեր եմ խփել կարիերայիս ընթացքում, բայց կարծում եմ դեռ էլ ավելի շատ պետք է խփեմ։ Չեմ ուզում առանձնացնել կոնկրետ մեկը, ոչ հիմա, բայց հույս ունեմ, որ կարիերայիս վերջում այս հարցին պատասխանելիս գոլերն այնքան շատ կլինեն, որ էլ ավելի կդժվարանամ պատասխանել Ձեր հարցին (ժպտում է)։

– «Փյունիկ»-ում խաղում էիր 22 համարով, երիտասարդականում՝ 11, ազգայինում սկզբից՝ 9: Ինչպե ՞ս եղավ, որ սկսեցիր հանդես գալ 18 համարով:

– Երբ միացա «Փյունիկ»-ին, միայն 22 համարն էր ազատ․․․ հետո երիտասարդական հավաքականում ես վերցրեցի 18-ը, այն ինձ դուր եկավ, եւ հետագայում ազգային հավաքականում եւս սկսեցի հանդես գալ այդ համարի ներքո։ Ես սիրում եմ այդ համարը, չնայած որ ընդհանրապես սնահավատ չեմ։

– 2009թ. տեղափոխվեցիր «Մետալուրգ», այնուհետեւ՝ «Շախտյոր»: Ի՞նչ հիմնական տարբերություններ կային հայկական եւ ուկրաինական ֆուտբոլի միջեւ:

– Ուկրաինայի առաջնությունը ֆիզիկական եւ տեխնիկական տեսանկյունից ավելի բարդ էր ինձ համար, քանի որ մենք մրցում էինք այնպիսի ուժեղ թիմերի դեմ, ինչպիսիք էին Կիեւի «Դինամոն», «Դնեպրը», «Մետալիստը»։ Հայաստանում ես արդեն իսկ խաղում էի առաջատար թիմում, ինչը, իհարկե, առավելություն էր տալիս։

– «Շախտյոր»-ի կազմում նշեցիր նորամուտդ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում: Ի՞նչ է զգում ֆուտբոլիստը, ով 2 տարի առաջ խաղում էր «Բանանց»-ի, «Շիրակ»-ի կամ «Արարատ»-ի դեմ, իսկ հետո խաղում է «Բարսելոնա»-ի, «Ռոմա»-ի, «Արսենալ»-ի մակարդակի թիմերի դեմ:

– Հայաստանում խաղալիս հեռուստացույցով միշտ դիտում էի Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի հանդիպումները և երկու տարի անց հնարավորություն ստացա արդեն անձամբ հանդիպել աշխարհի ուժեղագույն ակումբներին «Շախտյոր»-ի կազմում։ Ժամանակի հետ ես ավելի հարմարվեցի այդ մրցաշարին, իսկ հիմա Մանչեսթերում մենք մշտապես խաղում ենք Չեմպիոնների լիգայի մակարդակի թիմերի դեմ։

– Ուկրաինայում սահմանեցիր արդյունավետության ռեկորդ՝ միայն առաջնությունում խփելով 25 գնդակ: Կիսապաշտպանի համար ֆանտաստիկ ցուցանիշ: Ո՞րն էր հաջողությանդ  գաղտնիքը:

– Իմ հաջողության գաղտնիքն այն էր, որ ես երբեք չեմ դադարել աշխատել եւ երբ ես խփեցի 25 գոլ, դա ոչ միայն իմ, այլ ամբողջ թիմի աշխատանքի արդյունքն էր։ Այդ ժամանակ մենք շատ ուժեղ թիմ ունեինք՝ Դուգլաս Կոստա, Վիլիան, Ֆերնանդինյո, Դարիո Սռնա, դա «հանքափորների» պատմության մեջ լավագույն թիմն էր։

– Զուգահեռաբար խաղընկերներիդ հետ փայլուն ելույթներ էիր ունենում Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Ո՞ր գործոնների շնորհիվ էր հաջողվում այդպիսի խաղ ցուցադրել 2010-2013 թթ.:

– Այդ պահին մենք ունեինք փորձառու եւ երիտասարդ ֆուտբոլիստների լավ համաձուլվածք ու այս համադրության շնորհիվ կարողացանք լավագույն արդյունքները գրանցել։ Միաժամանակ այդ ընթացքում մարզական բախտը մեր կողմն էր, որովհետեւ առանց դրա դժվար է հաղթել այնպիսի թիմերի, ինչպիսիք են Դանիան կամ Սլովակիան։ Իհարկե մենք շատ լավ հավաքական ունենք եւ միշտ պատրաստ ենք լավ խաղ ցուցադրելու։

– Դանիայի հավաքականի հետ խաղում (0:4) գոլերի քանակով հավասարվեցիր հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Արթուր Պետրոսյանին: Երբ երեխա էիր, կարո՞ղ էիր մտածել, որ կհասնես այդպիսի հաջողության:

– Ինչպես ցանկացած ֆուտբոլիստ, ես սիրում եմ գոլեր խփել, եւ ես շատ երջանիկ եմ, որ կարողացա գերազանցել մեր հավաքականի նոր գլխավոր մարզչին պատկանող ռեկորդը (ծիծաղում է)։ Այնքան էլ հեշտ չէ ազգային հավաքականի կազմում դառնալ շատ գոլերի հեղինակ, որովհետեւ դու հիմնականում խաղում ես շատ ուժեղ մրցակիցների դեմ, բայց ես միշտ փորձում եմ անել հնարավոր ամեն ինչ՝ գոլ խփելու համար։

Ինչպե՞ս կբնութագրես Արթուր Պետրոսյան-մարզչին:

– Արթուր Պետրոսյանն ինձ համար եղել է Հայաստանի հավաքականի պատմության լավագույն խաղացողներից մեկը, եթե ոչ լավագույնը: Միշտ աջակցություն եմ ստացել նրա կողմից: Իր հետ աշխատելով` մեծ տպավորություն ունեմ: Նա լավ է հասկանում ֆուտբոլը, շատ մեծ գիտելիքներ ունի կարծում եմ` միասին կարող ենք հաջողությունների հասնել: Նա կարող է հավաքականին նոր բան տալ:

– Իտալիայի հետ խաղում խփեցիր 12-րդ գոլդ հավաքականի կազմում, հետագա տարիներին գոլերիդ թիվը հասցրեցիր 19-ի: Ըստ քեզ քանի՞ գոլ կխփես հավաքականի կազմում մինչեւ կարիերայիդ ավարտը:

– Երբեք չեմ կենտրոնանում կոնկրետ թվի վրա, քանի որ ինձ համար ամենակարևորը խաղից հաճույք ստանալն է։

– Կրկին վերադառնանք ակումբային գործերիդ: 2013թ. տեղափոխվեցիր Դորտմունդի «Բորուսիա»: Կրկին մեկ քայլ առաջ: Ինչպե՞ս հարմարվեցիր գերմանական ֆուտբոլին։

– Մի փոքր դժվար էր սկզբում, քանի որ ապրելակերպը տարբերվում էր Ուկրաինայից, գումարած նաեւ լեզվական արգելքը։ Բայց 1 տարի անց ես սկսեցի ավելի հարմարավետ զգալ Գերմանիայում։ Ես շատ հպարտ եմ, որ խաղացել եմ Դորտմունդի «Բորուսիայում»։ Դա ֆանտաստիկ փորձ էր ինձ համար։

– Երեք մրցաշրջաններից վերջինը փառահեղ ստացվեց: Ինչի՞ շնորհիվ հաջողվեց հասնել այդ մակարդակի:

– Իմ առաջին մրցաշրջանն ակումբում նորեկի համար շատ լավն էր, բայց երկրորդը թե իմ, թե թիմի համար այնքան էլ հաջող չէր։ Ես չեմ կարծում, թե այդ մրցաշրջանում մեկ կոնկրետ ֆուտբոլիստը կարող էր շատ բան փոխել թիմի խաղում։ Իմ 2-րդ տարին ֆենոմենալ էր, որովհետեւ նոր մարզիչն ինձ տվեց ազատություն եւ հնարավորություն ավելի մոտ խաղալու մրցակցի դարպասին։ Հենց դրա շնորհիվ ես կարողացա այդքան գոլեր խփել եւ փոխանցումներ կատարել։

– Կարո՞ղ ես 3 բառով բնութագրել Դորտմունդի երկրպագուներին։

 – Խենթ, հիանալի, անհավանական։

– Հերթով խոսենք արտասահմանյան ակումբներում քեզ մարզած մարզիչների մասին: Նրանցից ով ինչպիսի ՞ն էր եւ ով ի ՞նչ տվեց քեզ․ Նիկոլայ Կոստով, Միրչա Լուչեսկու,Յուրգեն Կլոպ, Թոմաս Տուխել։

– Ես շատ շնորհակալ եմ Նիկոլայ Կոստովին, որովհետեւ նրանից ես շատ բան սովորեցի տակտիկական գրագիտության առումով։ Նա միշտ կարողանում էր ինձնից քաղել առավելագույնը։ Միրչա Լուչեսկուն ինձ հնարավորություն տվեց միանալ Ուկրաինայի լավագույն ակումբին եւ խաղալ Չեմպիոնների լիգայում։ Նա կառուցել էր ակումբի պատմության կազմում լավագույն թիմը՝ բրազիլացի բոլոր ֆուտբոլիստներով հանդերձ, եւ նրա հետ աշխատելը եւս մեծ փորձ էր ինձ համար։ Յուրգեն Կլոպը վստահեց ինձ և  դարձրեց թիմի կարեւորագույն խաղացողներից մեկը։ Նա ինձ հետ շատ աշխատանք էր տանում հոգեբանական առումով։ Թոմաս Տուխելը տվեց ինձ բոլոր հնարավորությունները, լիակատար վստահություն հաղորդեց, եւ ամեն ինչ սկսեց գնալ իր բնականոն հունով։ Ես այնքան ազատ էի իմ գործողություններում նրա օրոք, որ կարծես ճախրեի օդում․․․ Ինչ վերաբերում է Ժոզե Մոուրինյոին, ես հուսով եմ շատ բան սովորել նրանից։ Նա ֆանտաստիկ նվաճումների հասած մարզիչ է։

– Իսկ հայ մարզիչներից ո՞վ  է ամենամեծ ազդեցությունը թողել քեզ վրա՝ սկսած մանկապատանեկան ֆուտբոլից մինչեւ ազգային հավաքականներ:

– Արմեն Գյուլբուդաղյանցը, ում հետ ես մինչ օրս կապի մեջ եմ, ինձ շատ բան է սովորացրել կյանքում։ Ես սիրում էի նրա՝ երիտասարդ ֆուտբոլիստների հետ աշխատելու ոճը եւ ժամանակակից ֆուտբոլի նրբություններին ծանոթացնելու նրա մեթոդները։ Նա միշտ ասում էր ինձ՝ «Դու պետք է արագ մտածես եւ գործես, որովհետեւ դու պետք է ավելի բարձր մակարդակ ունենաս Եվրոպայում խաղալու համար»։

– Ի ՞նչ գործոններ դեր խաղացին «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությանդ մեջ. Անգլիական ֆուտբո՞լը, թի՞մը, մարզի՞չը, վարձատրությո՞ւնը:

– Ես 3 հաջող մրցաշրջան անցկացրեցի Գերմանիայում, բայց ես հնարավորություն ունեցա տեղափոխվել աշխարհի ուժեղագույն առաջնության բարձրակարգ թիմերից մեկը։ Հայրս միշտ սովորեցնում էր ինձ ինքս իմ համար մարտահրավերներ սահմանել, եւ որպեսզի կարողանայի շարունակել առաջխաղացումը կարիերայի ըհթացքում, ես որոշեցի տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», որտեղ կարող եմ աճել՝ որպես ֆուտբոլիստ եւ անհատականություն։ Աշխատավարձը ոչ մի դեր չէր խաղում, ես տեղափոխվեցի միայն ֆուտբոլային պատճառներով։ Տեղափոխվեցի ակումբի պատմության, առաջնության, երկրպագուների ու մարզչի համար, ով աշխարհում լավագույններից մեկն է։

– Ասում են՝ կյանքը Անգլիայում լիովին տարբերվում է Եվրոպայից: Ի՞նչ դժավարություններ ունես Անգլիայում, որ չունեիր քո բնակության նախորդ վայրերում:

– Այնքան էլ շատ արեւ չկա  բայց ես չեմ տեղափոխվել Մանչեսթեր լողափ գնալու համար (ժպտում է)։ Ես համեմատաբար հեշտ հարմարվեցի քաղաքին, որովհետեւ մարդիկ այստեղ շատ բարեհամբույր են իմ հանդեպ։ Մանչեսթերը շատ դինամիկ քաղաք է, եւ ինձ դուր է գալիս կյանքն այնտեղ։ Միակ բանը, որ կարոտում եմ, խաղաժամանակն է, բայց վստահ եմ, որ շատ շուտով կլրացնեմ այդ բացը։ Ես շարունակում եմ աշխատել, իսկ մնացածը կգա ժամանակի հետ։

– Ի՞նչ է ընդհանրապես քեզ համար անգլիական ֆուտբոլը: Քո պատկերացրածն է՞ր արդյոք անգլիական ֆուտբոլի երկրպագուն:

– Նրանք պարզապես ապրում են ֆուտբոլով, սիրում են իրենց խաղացեղներին եւ միշտ աջակցում են թիմին՝ անկախ նրանից՝ թիմը պարտվում է, թե հաղթում։ Սա ստիպում է ավելի մեծ ցանկությամբ խաղալ այդ թիմի համար։ Անգլիայի Պրեմիեր-Լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է, որն ինձ տալիս է շատ տարբեր զգացողություններ եւ նոր մարտահրավերներ։ Կարծում եմ՝ կարող եմ դառնալ ավելի ուժեղ ֆուտբոլիստ՝ խաղալով այստեղ։

-Հոգեբանական խնդիրներ կա՞ն, քանի որ դեռ չես հիմնավորվել մեկնարկային կազմում, թե՞ պատճառը ֆուտբոլային է: Հիասթափություններ ունե՞ս:

– Հիասթափություններ չկան, միայն մարտահրավերներ են ես երբեք կանգ չեմ առնում կամ հիասթափվում, երբ արգելքների եմ հանդիպում իմ ճանապարհին։ Ես ուղղակի շարունակում եմ պայքարել՝ իմ նպատակին հասնելու համար։ Այսօր ես բավականաչափ խաղաժամանակ չեմ ստանում՝ ուրեմն ես պետք է ամեն ինչ անեմ, որպեսզի մարզչական կազմը ինձ ավելի շատ խաղալու հնարավորություն ընձեռի։ Ես վստահ եմ, որ կարող եմ հաջողություն ունենալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում, և ես ուզում եմ բոլորին ապացուցել, որ արժանի եմ այս թիմում եւ այս առաջնությունում առանցքային խաղացող լինել։

– Անգլիայում, թերեւս, ամենադժվարն է լինել ճանաչված. տաբլոիդներ, պապարացիներ եւ այլն. Արդեն հարմարվե՞լ ես այդ ամենին եւ ինչպե՞ս ես վերաբերվում ամենատարբեր լուրերի, որոնք տարածվում են քո մասին:

– Ես դեռեւս պրոբլեմներ չեմ ունեցել որեւէ թերթի կամ լրագրողի հետ Անգլիայում։ Իմ կարծիքով մեդիայի ներկայացուցիչները լավ են վերաբերվել եւ աջակցել են ինձ հենց առաջին օրվանից, նույնիսկ այն դեպքում, երբ ես ընդհանրապես չէի խաղում։

– Ի՞նչ ես զգում, երբ քո շնորհիվ ճանաչում են Հայաստանն ամբողջ աշխարհում:

– Ես միշտ անում եմ առավելագույնը՝ իմ երկիրն աշխարհով մեկ հայտնի դարձնելու համար, որպեսզի մարդիկ իմանան նրա աշխարհագրական դիրքը եւ պատմությունը։

– Կրկին վերադառնանք հավաքականին, Ռոման Բերեզովսկու հեռանալուց հետո դու դարձար Հայաստանի ազգային հավաքականի ավագը: Ի՞նչ է փոխվում ֆուտբոլիստի մոտ ավագի թեւկապով խաղադաշտ դուրս գալիս:

– Դու ավելի մեծ պատասխանատվությամբ ես դուրս գալիս խաղադաշտ, քանի որ պետք է առաջնորդես թիմին խաղի ընթացքում։ Ես պատրաստ եմ օգնել ցանկացած ֆուտբոլիստի, մենք մի թիմ ենք եւ մենք պետք է առաջ շարժվենք միասին։

– Երկրպագուները միշտ հետաքրքրվում են՝ ինչու՞ դու չես իրացնում տուգանային հարվածները կամ 11-մետրանոցներն ակումբներում, ինչպես դա անում ես ազգային հավաքականում:

– Ակումբային մակարդակում սկզբից պետք է հարմարվել թիմին եւ միայն հետո ստանալ հնարավորություն դառնալ ստանդարտների հաստիքային իրացնողը։ Ես իրացնում էի անկյունայինները եւ տուգանայինները Դորտմունդում եւ կարծում եմ՝ վատ չէր ստացվում։ Ինչ վերաբերում է 11-մետրանոցներին, միշտ կան հաստիքային իրացնողներ։ Երբեք չեմ հրաժարվել 11-մետրանոց իրացնելուց, ուղղակի միշտ պահպանել եմ թիմային կարգապահությունը։

– Իրատեսական համարո՞ւմ ես այս խմբում դեռ պայքարել եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերելու համար:

– Մենք միշտ փորձում ենք անել առավելագույնը։ Հասկանալի է, որ մենք մեծ թիմ չենք, ինչպես, օրինակ, Ֆրանսիան, եւ չենք կարող միշտ դուրս գալ խոշոր մրցաշարերի եզրափակիչ փուլ, բայց մենք փորձում ենք մոտենալ այդ մակարդակին։ Եթե դա մի օր ստացվի, ուղղակի հիանալի կլինի։

– Խաղընկեր, ում հասկանում էիր կես խոսքից:

– Ես սիրում եմ, երբ ֆուտբոլիստները իրար հասկանում են նույնիսկ առանց նայելու։ Ես ունեի այդպիսի հասկացողություն Օբամեյանգի հետ Դորտմունդում, եւ բրացիլացիների հետ՝ Դոնեցկում։

– Կարիերայիդ ընթացքում անընդհատ դեպի վեր ես բարձրանում: Ո՞րն է ֆուտբոլում այն նպատակը, որին դեռ չես հասել, բայց  շատ կուզեիր:

– Ես չեմ սիրում խոսել այն մասին, թե ինչի կարող էի կամ կուզեի հասնել։ Ես նախնտրում եմ ավարտել գործը, հետո խոսել այդ մասին։ Ես ձգտում եմ հասնել բարձրագույն մակարդակի ֆուտբոլում, նվաճել շատ տիտղոսներ, որովհետեւ կարիերայի ավարտից հետո հենց դա է հիշվելու։

– Ընդհանրապես ի՞նչ է հարկավոր ֆուտբոլիստին կարիերայում առաջ գնալու համար. տաղա՞նդ, բնավորություն, թե մեկ այլ բան:

– Բոլորը միասին։ Միայն տաղանդը բավական չէ, պետք է համատեղել այն ծանր աշխատանքի եւ ուժեղ բնավորության հետ։

– Ի՞նչ հիմնական տարբերություններ ես տեսնում ֆուտբոլիստ դառնալու եվրոպական եւ հայկական ճանապարհներում: Ինչ կմաղթես մեր երիտասարդ ֆուտբոլիստներին:

– Հավատալ նրան, ինչով զբաղվում են, ունենալ երազանքներ եւ շատ աշխատել՝ դրանք իրականացնելու համար։ Նրանք պետք է կառուցեն հաջողության իրենց ճանապարհը։

ՀՖՖ Մամուլի քարտուղարություն

Ժոզե Մոուրինյոն կրկին չի խաղացնում Հենրիխ Մխիթարյանին

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ չի ընդգրկվել իր թիմի խաղի հայտացուցակում: Անգլիայի առաջնության 12-րդ փուլի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական դաշտում կհանդիպի Լոնդոնի «Արսենալ»-ի հետ: «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կրկին չի վստահել մեր ֆուտբոլիստին եւ չի ընդգրկել պահեստայինների թվում:

Ի դեպ, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի 6 ֆուտբոլիստներ տարբեր պատճառներով չեն կարող մասնակցել այս խաղին: Չնայած կադրային խնդիրներին, պորտուգալացի մասնագետը դարձյալ տեղ չի գտել Հենրիխ Մխիթարյանի համար: Սա արդեն լուրջ մտահոգության տեղիք է տալիս:

Մոուրինյոյի արդարացումը

Պրեմիեր լիգայի 12-րդ փուլում սեփական հարկի տակ ոչ-ոքի` 1:1 հաշվով ավարտելով հանդիպումն «Արսենալ»-ի հետ, մանկունյանցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ն Անգլիայի առաջնության ամենաանհաջող ակումբն է: «Կորցրեցինք շատ կարևոր 2 միավոր: Մենք ավելի լավ հանդես եկանք, քան մրցակիցը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ն «Արսենալ»-ին թույլ չտվեց խաղալ իր ֆուտբոլը, սակայն վերջնամասում մեր բախտը չբերեց: Ներկա պահին «Մանչեսթեր Յունայթեդ»-ն Անգլիայի Պրեմիեր լիգայի ամենաանհաջողակ ակումբն է: Սա է իրականությունը: Գոհ եմ տղաների խաղից»,- ասել է մարզիչը:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն անհասկանալի պատճառներով հայտավորված չէր խաղին:

Ինչո՞ւ է «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չեղարկել ռուս երկրպագուների տոմսերը

Ռուս երկրպագուները չեն կարողանա աջակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ին` Եվրոպա լիգայի խաղարկության խմբային փուլի ուկրաինական «Զարյա»-ի հետ խաղում, որը կկայանա դեկտեմբերի 8-ին` Օդեսայում:

Անգլիական թիմի ռուս երկրպագուները, ովքեր պլանավորում էին ժամանել Օդեսա, մանկունյանցիներից հաղորդագրություն են ստացել, որ իրենց տոմսերն անվավեր են ճանաչվել: Խնդիրը քաղաքականությունն է, եւ բախումներից խուսափելու համար անգլիական ակումբը որոշել է նման քայլի գնալ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ռուս երկրպագուներն Ուկրաինայում կարող են անվտանգության հետ կապված խնդիրներ ունենալ: Հաղորդագրության մեջ նշված է եղել, որ նման խորհուրդ իրենք ստացել են հյուրընկալող երկրից: Ակումբը տոմսերի արժեքը կվերադարձնի ամբողջովին: Նշվում է, որ առաջին անգամը չեն մանկունյանցիները չեղարկում արտագնա հանդիպումների տոմսերը:

Վահան Բիչախչյանը փորձաշրջան է անցնում «Ֆիորենտինա»-ում

Գյումրիի «Շիրակ»-ի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը մեկնել է Իտալիա, Ֆլորենցիա, որտեղ  «Ֆիորենտինա» ակումբում կանցկացնի մեկշաբաթյա փորձաշրջան։ Նա մարզվում է «Ֆիորենտինա»-ի երկրորդ թիմում։  Վահանը 17 տարեկան է եւ մինչև չափահաս դառնալը չի կարող տեղափոխվել մեկ այլ ակումբ։ Ֆուտբոլիստի 18 տարին կլրանա 2017թ. հուլիսի 9-ին:

Մեկնարկեց առաջնության 14-րդ փուլը

«Բանանց»-«Գանձասար-Կապան» խաղով մեկնարկեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ փուլը: Հանդիպման արդեն 16-րդ րոպեին Արամ Քոչարյանն առաջ մղեց դաշտի տերերին, իսկ 27-ին Գեղամ Հարությունյանը վերականգնեց հավասարակշռությունը: Մնացած ժամանակում թիմերը չկարողացան գրավել դարպասները եւ խաղն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1:

«Բանանց»-ն այժմ 15 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը, իսկ «Գանձասար-Կապան»-ը 21-ով ընթանում է 4-րդ հորիզոնականում:

Հ.Գ. – Կայացավ ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 14-րդ փուլի վերջին հանդիպումը:

Մրցաշարի միանձնյա առաջատար Գյումրիի «Շիրակ»-ը սեփական դաշտում հյուրընկալեց հանրապետության չեմպիոն Երեւանի «Ալաշկերտ»-ին: Չնայած շիրակցիների բացահայտ առավելությանը, խաղը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0:0:

«Շիրակ»-ը վաստակեց 28 միավոր եւ 3-քով առաջ անցավ 2-րդ տեղում ընթացող «Փյունիկ»-ից: «Ալաշկերտ»-ը այս խաղից հետո զբաղեցնում է 3-րդ տեղը՝ ետ մնալով փյունիկցիներից 2 միավորով: Հաջորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 22-23-ին: Նախ «Փյունիկ»-ը կհյուրընկալի «Բանանց»-ին, ապա «Ալաշկերտ»-ը կհանդիպի «Արարատ»-ի, իսկ «Գանձասար-Կապան»-ը՝ «Շիրակ»-ի հետ:

Հայաստանի ֆուտբոլիստուհիները կմրցեն Թուրքիայի պատվիրակների հետ

ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացել է 2017-18թթ. կանանց Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը: Մեր հավաքականը ընդգրկվել է ընտրական 10-րդ խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Շոտլանդիայի, Թուրքիայի եւ Հունգարիայի այդ տարիքային թիմերը: Հանդիպումները կկայանան Հունգարիայում, 2017թ հոկտեմբերի 18-24-ը:

«Ուրարտու»-ն 8-րդ անընդմեջ պարտությունը կրեց

Երեւանի «Ուրարտու» բասկետբոլի թիմը Ռուսաստանի Սուպերլիգա 1-ի հերթական փուլում Եկատերինբուրգում ուժերը չափեց «Ուրալ»-ի հետ: Կրկին ունենալով որոշակի առավելություն` Տիգրան Գյոկչյանի սաներն այդպես էլ չկարողացան միավոր վաստակել եւ կրեցին 8-րդ անընդմեջ պարտությունը: «Ուրալ»-ը հաղթանակ տոնեց 89:75 հաշվով: Երեւանյան ակումբը ֆինանսական ճգնաժամի մեջ է, բասկետբոլիստներն աշխատավարձ չեն ստանում, ինչն էլ արտացոլվում է թիմի խաղի վրա: «Ուրարտու»-ին ոչ մի կերպ չի հաջողվում գտնել խաղը ու այսպես շարունակվելու դեպքում հնարավոր է ակումբը լուծարվի:

5 մեդալ սամբոյի աշխարհի առաջնությունից

Սամբոյի 2016թ. Աշխարհի առաջնությունը, որն անց էր կացվում Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, ավարտվեց: Եռօրյա գոտեմարտերի ժամանակ ասպարեզ մտած տասներկու հայ մարզիկներից Ասյա Լալազարյանը (48կգ քաշային կարգ), Տիգրան Կիրակոսյանը (52կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ), Դավիթ Գրիգորյանը (82 կգ քաշային կարգ) Հայաստանի համար նվաճեցին բրոնզե մեդալներ, իսկ մարտական սամբոյում հանդես եկող Վաչիկ Վարդանյանը (68 կգ) գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը պարտվեց միայն եզրաձակչում եւ արժանացավ արծաթե մեդալի:

Աշխարհի առաջնությանը կմասնակցեն առավել փորձառուները

Դեկտեմբերի 10-ին եւ 11-ին Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կկայան ոչ օլիմպիական քաշային կարգերի ըմբշամարտի 2016թ. աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբիշները մեդալները կխաղարկեն 71 եւ 80 կգ, իսկ ազատ ոճայինները՝ 61 եւ 70 կգ քաշային կարգերում:

Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն արդեն հայտնել է, որ աշխարհի առաջնությունում հանդես կգան 71 կգ քաշային կարգի 2016թ. Եվրոպայի չեմպիոն Վարշամ Բորանյանը եւ 2014թ. աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը:

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բադադյանը եւս հայտարարել է աշխարհի առաջնության մասնակիցների անունները` մինչեւ 23 տարեկանների 2015թ. Եվրոպայի փոխչեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյանն ու 2014թ. Եվրոպայի առաջնության եւ մինչեւ 23 տարեկանների 2015թ. Եվրոպայի փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանը: Ներկայումս ազատ ոճի մեր ըմբիշները ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանի գլխավորությամբ մարզումներ են անցկացնում Երեւանում, որին 30 մարզիկ է մասնակցում Երեւանից ու մայրաքաղաքին հարակից մարզերից: Մյուս ըմբիշները մարզվում են իրենց բնակավայրերում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Նոյեմբերի 24-ից ՀՀ ընտրանին Երեւանում երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի` անմիջականորեն նախապատրաստվելով դեկտեմբերի 8-9-ին Բուդապեշտում ընթանալիք ակումբային թիմերի աշխարհի թիմային 3-րդ առաջնությանն ու դեկտեմբերի 10-11-ին նույն քաղաքում տեղի ունենալիք ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի անհատական առաջնությանը:

Հունահռոմական ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային ընտրանին` Լեւոն Ջուլֆալակյանի գլխավորությամբ, նոյեմբերի 24-ից ուսումնամարզական հավաք կսկսի Երեւանում: Նրանց հաջորդ հավաքը կլինի տարեվերջին` Ծաղկաձորում, որով էլ կավարտեն մրցաշրջանը:

Հայաստանի չեմպիոնուհին միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել սահմանամերձ գյուղում

Հայաստանի շախմատի կանանց չեմպիոն, միջազգային վարպետ Մարիա Գեւորգյանն անցկացրել է միաժամանակյա խաղի սեանս` սահմանամերձ Կողբ գյուղում: Սեանսը տեղի է ունեցել Կողբ գյուղի գեղարվեստի դպրոցում:

Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, Հայաստանի կանանց չեմպիոնի հետ ուժերն են չափել 8 երեխա: Մարիա Գեւորգյանի խոսքով` երեխաները ոգեւորված էին մասնակցում շախմատային այս միջոցառմանը եւ նմանատիպ նախաձեռնությունների շնորհիվ փորձ է արվում հնագույն խաղը հասցնել Հայաստանի ամենահեռավոր անկյունները:

Սամուել Սևյանը մեկնարկել է հաղթանակով

ԱՄՆ-ի Դալլաս քաղաքում մեկնարկել է Տեխասի համալսարանի շախմատի բաց մրցաշարը, որին մասնակցում են 19 երկրի 50 շախմատիստներ: Մրցաշարում հանդես են գալիս 15 գրոսմայստեր, 17 միջազգային վարպետ, ՖԻԴԵ-ի 9 վարպետ: Մրցաշարին մասնակցում է ամերիկահայ 15-ամյա գրոսմայստեր Սամուել Սևյանը: Նա ՖԻԴԵ-ի անհատական վարկանիշով (2590) մասնակիցների մեջ 3-րդ արդյունքն ունի՝ զիջելով միայն ամերիկացի Ջեֆրի Սյունին (2660) եւ ռուսաստանցի Անդրեյ Ստուկոպինին (2600):

1-ին փուլում հայազգի շախմատիստից ընդամենը 24 քայլ է պահանջվել` սպիտակներով 20-ամյա վենեսուելացի միջազգային վարպետ Խոսե Ապոնտեին պարտության մատնելու համար: Այս հաղթանակի շնորհիվ Սամուելը 3 կետով բարելավել է իր անհատական ընթացիկ վարկանիշը: 2-րդ փուլում ՍամուելՍեւյանը սեւերով կմրցի վրաստանցի միջազգային վարպետ, 23-ամյա Զուրաբ Ջավախաձեի հետ: Ստուգատեսի հաղթողը հայտնի կդառնա նոյեմբերի 23-ին եզրափակիչ՝ 9-րդ փուլի հանդիպումների ավարտից հետո:

Թինա ԿարապետյանՍիմոն Սենեկալ պարային զույգը բավարարվեց 5-րդ տեղով

Լեհաստանում ավարտվեց գեղասահքի Վարշավայի գավաթի խաղարկությունը, որին Հայաստանը ներկայացնում էր Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը: Կարճ ծրագրից հետո Հայաստանի ներկայացուցիչները 6 երկրների 9 զույգերի պայքարում զբաղեցնում էին 3-րդ հորիզոնականը, սակայն ազատ ծրագրում հայ մասնակիցների ելույթը բարձր չի գնահատվել եւ նրանք հանգրվանել են 5-րդ տեղում: Ընդհանուր հաշվարկում վաստակած 129,88 միավորով Թինան եւ Սիմոնը գրավել են 5-րդ տեղը:

Վարշավայի գավաթը բաժին է հասել Ռուսաստանը ներկայացնող Եկատերինա Բոբրովա-Դմիտրի Սոլովյով զույգին: 2-րդ տեղը գրավել է նույնպես ռուսական Տիֆանի Զագորսկի-Ջոնաթան Գուրեյրո զույգը: Լավագույն եռյակը եզրափակել է Լյուսիա Մասլիվեչկովա-Լուկած Ցոլի զույգը՝ Սլովակիայից:

Մեկնարկել է երիտասարդության և ուսանողության առողջ ապրելակերպի շաբաթը

Երեւանի բուսաբանական այգում մեկնարկել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կազմակերպած երիտասարդության եւ ուսանողության առողջ ապրելակերպի շաբաթը, որի կարգախոսն է «Առողջ մարմին, առողջ հոգի, հաջողակ երիտասարդ»:

Միջոցառմանը ներկա են գտնվել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը եւ նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը: «Կարեւորելով երիտասարդության եւ ուսանողության առողջ ապրելակերպի շաբաթվա անցկացումը մեր երկրում՝ հորդորում եմ բոլոր երիտասարդներին զբաղվել սպորտով, վարել առողջ կենսակերպ եւ լինել ակտիվ»,- Ռոստոմյանի խոսքերն է մեջբերում Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Մասնակիցները 2 հոգուց բաղկացած թիմերով ուժերն են չափել բայք-ռան` հեծանվավազք-վազք, ինչպես նաեւ 2.5 կմ անհատական եւ 2 հոգուց բաղկացած թիմերի վազք մրցաձեւերում: Որոշվել են անհատական վազքում եւ էստաֆետային թիմի (տղաներ, աղջիկներ, խառը թիմ) 3 լավագույնները:

Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է «TriClub Երևան» ակումբի, «Երեւանի կիսամարաթոնի», Հայաստանի հեծանվային մարզաձևի ֆեդերացիայի եւ Երեւանի «Հեծանվահրապարակ» կազմակերպության հետ համատեղ՝ ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանատան աջակցությամբ։ Երիտասարդության եւ ուսանողության առողջ ապրելակերպի շաբաթվա շրջանակներում մարզական միջոցառումներ տեղի կունենան նաեւ նոյեմբերի 15-ին ու 16-ին:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի առաջնությունում հայկական թիմերը միջին հորիզոնականներ են զբաղեցրել

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունը Հայաստանն անցկացրեց բարձր մակարդակով: Բոլոր մասնակիցները նշեցին, որ լավագույններից էր առաջնությունը կազմակերպչական մասով»,-Panorama.am-ի հետ զրույցում նշեց խաղի կազմկոմիտեի համակարգող, «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը: Ինչ վերաբերում է հայկական 5 թիմերի խաղին՝ նա հայտնեց, որ արդյունքերն այդքան էլ ոգեւորիչ չէին. «Մեր թիմերը միջին հորիզոնականներ են զբաղեցրել: Կարծում եմ՝ դա պայմանավորված է նրանով, որ մեր թիմերն ավելի շատ ներգրավված էին կազմակերպչական մասով աշխատանքներում եւ չէին կարողացել ժամանակ հատկացնել պարապմունքներին:

Ծաղկաձորում «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնությունը կազմկոմիտեի համակարգողը տեղեկացրեց, որ առաջին 3 տեղերը գրավել են ռուսական 3 թիմեր՝ Միխայիլ Սավչենկոյի թիմը զբաղեցրել է 1-ին տեղը, Սերգեյ Նիկոլենկոյինը` 2-րդ, եւ Իլյա Բեռի թիմը` 3-րդ. «Ռուսները բավականին ուժեղ են եւ բարձր վարկանիշ ունեն: Ամենացածր արդյունը ցույց է տվել Չեխիայի թիմը»: Հիշեցնենք, որ խաղին մասնակցեցին 56 թիմ՝ աշխարհի 24 երկրներից: Նրանցից 20-ն անցան եզրափակիչ, որոնք էլ խաղարկեցին հաղթողի կոչումը։

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հայաստանյան առաջնության մասին…

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի առաջին մագիստր Ալեքսանդր Դրուզը լավ տպավորություններ ունի Ծաղկաձորում անցկացվող խաղի 14-րդ առաջնությունից: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ առաջնությունը բարձր մակարդակով է մեկնարկել. «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը իմ հոբբին է, այն զբաղեցրել է կյանքիս մեծ մասը եւ շատ լուրջ փոխել այն»: Ինչ վերաբերում է սպորտային ու հեռուստատեսային խաղերի տարբերություններին՝ նա ասաց. «Հեռուստատեսային տարբերակում հարցերն ավելի որակյալ են եւ բարդ: Մեծ իմաստով լուրջ տարբերություն չկա խաղացող թիմի համար: Կա հարց, կա մեկ րոպե քննարելու ժամանակ, որին հաջորդում է պատասխանը»:

Ափսոս, որ այլեւս չեմ խաղում…

«Ես 25 տարի է ինչ այս այս «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի շարժման մեջ եմ: Այո այս խաղը, ինչպես եւ ցանկացած այլ խաղ ադրենալին է տալիս, ինքնասիրության բավարարում ու ինքնահաստատում»,- Ծաղկաձորում խաղի 14-րդ առաջնության բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց լրագրող Մարկ Գրիգորյանը, ով եղել է Հայաստանի թիմի առաջին մասնակիցներից: Նա նշեց, որ շատ ուրախ է աշխարհի առաջնության Հայաստան գալու համար, բայց եւ ափսոսանք հայտնեց, որ այլեւս չի խաղում: «Ես արդեն անցել եմ վետերանների շարքը, բայց այս խաղը մեկ անգամ խաղաղցողը էլ չի կարողանում հրաժարվել: Զգացողությունը հետաքրքիր ու զարմանալի է, երբ վեց հոգով նստած ես, հարց է տրվում եւ մեկ րոպեի խենթ քննարկումներից դուրս է գալիս միակ ճիշտ պատասխանը: Այդ զգացումը մեկ անգամ ևս ապրելու համար արժեր գալ այստեղ ու դիտել խաղը»:

Ցանկանում ենք ինտելեկտուալ զբաղմունքը համադրել զբոսաշրջային հետաքրքրության հետ

«Խաղի աշխարհի առաջնությունը Հայաստանում անցկացնելով փորձ է արվում ինտելեկտուալ զբաղմունքը համադրել զբոսաշրջային եւ մշակութային հետաքրքրության հետ։ Պատահապան չէ, որ մենք այն Ծաղկաձորում ենք անցկացնում»,- «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց  «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի կազմկոմիտեի հայաստանյան նախագահ Արմեն Աշոտյանը:

«Այս խաղի զանգվածայնությունը շատ մեծ է, այն տարածված է բազմաթիվ երկրներում։ Մասնակից թիմերի անդամների մեծամասնությունը բլոգերներ են, որը ստեղծում է Հայաստանի մասին դրական տեղեկատվական բովանդակություն։ Եթե այս քանի օրը սոցկայքերին հետեւեք, կտեսնեք, թե ինչքան շատ ու դրական են Հայաստանի մասին գրառումները»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Նրա խոսքով՝ իրենց գլխավոր նպատական է, որ թիմերը դրական տպավորություններով հեռանան Հայաստանից. «Շատ մասնակիցներ եկել են ընտանիքներով, խաղից շուտ եւ էքսկուրսիաներ կատարել, անգամ կան մարդիկ, որ Արցախ են գնացել»: Ինչ վերաբերում է բուն խաղին, նա ասաց, որ խաղի այս ձեւաչափը տարբերվում է հեռուսատեսությամբ ցուցադրվող ձեւաչափից. «Այստեղ մենք տեսնում ենք աստղերի, որոնք ոչ միայն լավ խաղում են, այլեւ ապահովում են շոու»:

Լրագրողները նախապես հետաքրքրվել էին, թե որպես ֆավորիտ ու՞մ է տեսնում, խաղի կազմկոմիտեի հայաստանյան նախագահը պատասխանել էր. «Միշտ չեն ֆավորիտ հանդիսացող թիմերը լինում առաջատարներ։ Ավանդաբար ուժեղ են Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի ու Իսրայելի թիմերը»: Ապա հավելել է, որ ամենադժվարը խաղիկ կապիտանի գործն է, քանի որ պետք է լսի բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց  համարում են խելացի ու հավակնոտ ու պնդում են իրենց ասածը. «Քաղաքականության մեջ սա պետք է գալիս, որովհետեւ բոլորը պնդում են իրենց ասածը, իսկ ղեկավարը կարճ ժամանակում պիտի ընտրի լավագույն լուծումը ու տա պատասխաններ բարդ հարցերին»:

«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության կազմկոմիտեի համակարգող, «Գիտակների հայկական ասոցիացիայի» նախագահ Տիգրան Քոչարյանը նշեց, որ պահանջները խիստ են՝ առաջնությունն անցկացնող երկրի ընտրության հետ կապված. «Երբ, հասկացանք, որ կարող են պատշաճ ու բարձր մակարդակով անցկացնել առաջնությունը, դիմեցինք միջազգային ասոցիացիային»:

Արսեն Պետրոսյան

«Լուսանցք» թիվ 39 (429), 2016թ.

«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում http://www.hayary.org/wph/?cat=21,http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.