Հայկական գինեգործական ոլորտի խնդիրների ու հեռանկարների մասին «Լուսանցք»-ը շատ է խոսել: Խոսել ենք նաեւ ընդհանրապես այդ ոլորտում միջազգային քաղաքականության մասին, մասնավորապես՝ թե ինչպես է Վրաստանն ամեն ինչ անում՝ սեփականելու կարասային գինիների սեփականության իրավունքը, ինչպես է Մոլդովան պարզապես գինու շշերի խցանների հարցերը լուծելով՝ ոլորտի հեռանկարներ բացում իր համար եւ թե ինչպես Հայաստանը գինու աշխարհում կարող է առաջանցիկ մեծ քայլեր անել՝ շեշտադրելով Հայկական լեռնաշխարհի՝ գինու ծիսական կենտրոն լինելու ֆենոմենը:
Մեկ անգամ չէ, որ ընդգծել ենք՝ աշխարհի արդի ազատական տնտեսահարաբերությունները հաշվի առնելու եւ ճիշտ աշխատելու պարագայում մենք գինետիրույթում մի օր անպայման ասելու ենք մեր հաղթական խոսքը:
Ինչպես երեկ մեզ տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի մամլո խոսնակ Անի Սմբատյանը, MUNDUS VINI հեղինակավոր մրցույթում Հայաստանն այս տարի աննախադեպ արդյունքներ է գրանցել:
Բանն այն է, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նոյշտադտ քաղաքում փետրվարի 25-ին տեղի ունեցած «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» միջազգային մրցույթին մասնակցած հայկական գինեգործական ընկերությունների ներկայացրած արտադրանքն արժանացել է 23 մեդալի՝ 10 ոսկի եւ 13 արծաթ: Հայկական գինեգործական ընկերությունների մասնակցությունն ապահովել է Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամը Զարգացող երկրներից ներմուծման խթանման կենտրոնի (CBI) աջակցությամբ:
Հայաստանից մրցույթին մասնակցել են 19 գինեգործական ընկերություններ՝ գնահատող հանձնաժողովի դատին ներկայացնելով 58 տեսակի հանգիստ եւ փրփրուն գինիներ:
Ընդհանուր առմամբ մրցույթին ներկայացված էին շուրջ 6 000 տեսակի գինիներ աշխարհի 44 երկրներից:
Հայաստանն իր նվաճած մեդալների քանակով առաջ է անցել Վրաստանից (4 ոսկի, 7 արծաթ), Մոլդովայից (8 ոսկի, 12 արծաթ), Մակեդոնիայից (6 ոսկի, 3 արծաթ), Ռումինիայից (6 ոսկի, 5 արծաթ), Չինաստանից (1 ոսկի, 1 արծաթ): Արդյունքում՝ մեր երկիրը մեդալների քանակով կիսել է 14-րդ հորիզոնականը Նոր Զելանդիայի եւ Հունգարիայի հետ:
Մրցույթին մասնակցած գինիները գնահատվել են շուրջ 200 հեղինակավոր մասնագետներից կազմված ժյուրիի կողմից, որի կազմում առաջին անգամ ընդգրկվել է նաեւ ներկայացուցիչ Հայաստանից՝ «Տրինիտի» ՍՊԸ-ի գինեգործ Արտեմ Պարսեղյանը:
Հայկական գինիները համտեսելու նպատակով «MUNDUS VINI 20th Grand International Wine Awards» մրցանակաբաշխության շրջանակներում կազմակերպվել է գալա ընթրիք: Հայկական գինիների համտեսի ներքո «Գոլդեն Գրեյպ Արմաս» գործարանի գլխավոր տնօրեն Վիկտորիա Ասլանյանը ներկայացրել է Հայկական գինիների շնորհանդես, որն արժանացել է «Լավագույն շնորհանդես» մրցանակի:
Միջոցառման նպատակն էր նպաստել ինչպես ԵՄ, այնպես էլ աշխարհի տարբեր երկրների շուկաներում հայկական գինեգործական ոլորտի ճանաչելիության բարձրացմանը, արտահանման ծավալների աճի խթանմանը եւ նոր գործընկերների բացահայտմանը:
Ներկայացնում ենք մեդալների արժանացած գինիների ցանկը:
Ոսկի մեդալ
- «Վան Արդի», 2015 Van Ardi Areni, Kakhet, Haghtanak
- 2015 Areni Reserve
- 2015 Van Ardi Reserve Syrah
- «Գոլդեն Գրեյպ Արմաս», 2013 ArmAs Karmrahyut Reserve
- «Ոսկեվազի Գինու Գործարան», 2015 Voskevaz Karasi collection Voskehat
- «Արմենիա Վայն», 2014 Takar Reserve
- «Տիեռաս Դե Արմենիա», 2013 Karas Reserve Winemaker’s Selection Blend
- «Օլդ Բրիջ», 2009 Old Bridge Red Dry Reserve
- «Գետնատուն», 2015 Getnatoun Areni Noir Aghavnadzor Village
- «Տրինիտի», 2014 Trinity Eh Areni Noir
Արծաթե մեդալ
- «Գոլդեն Գրեյպ Արմաս», 2013 ArmAs Voskehat Reserve
- «Արմենիա Վայն», 2016 Armenia Muscat
2014 Tariri
2014 Takar Areni
- «Ոսկեվազի Գինու Գործարան»,2015 Voskevaz Hightanak
2014 Voskevaz Voskepar Voskehat
- «Տիեռաս Դե Արմենիա», 2015 Karas White Dry Wine
2015 Karas Red Wine
- «Գետնատուն», 2015 Getnatoun Voskehat
- «Հայլենդ Սելլարս», 2015 Koor Dry Red Wine
2014 Koor Reserve
- «Արտաշատ Վինկոն», 2014 Chateau Rind
- «Անուշ 1», 2014 Kataro Sireni Reserve Togh:
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 8 (441), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



