Հայերիս մոտ հաճախ կես կատակ – կես լուրջ ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգը Հայաստանի Միացյալ Նահանգներ ենք անվանում՝ հաշվի առնելով այդ տարածքում ամերիկահայության ինչպես քանակական, այնպես էլ որակական ազդեցությունը:
Այդ ազդեցությունը (միջազգային առումով՝ նաեւ քաղաքական հարցերում) ոչ միայն ԱՄՆ-ի տարածքում է նշանակալի, այլեւ ամբողջ հայկական սփյուռքում:
Ցավոք, ինչը չի կարելի ասել եվրոպական ու ասիական (թուրք-հրեական կազմաքանդման հետեւանքով անցան այն ժամանակները, երբ Իրանի ու արաբական որոշ երկրների հայաշատ սփյուռքը իր ազդեցիկ լծակներն ուներ տարածաշրջանում), ինչպեսեւ ու հատկապես ռուսաստանյան հայկական սփյուռքի մասին:
Իսկ ըստ տվյալների՝ ամենահայաշատ երկիրը Ռուսաստանն է, որտեղ սակայն հայկական ազդեցությունը պետական ճնշումների ու վերահսկողութհյան տակ է: Երեւի Մոսկվան այդպես է իր սերը ցույց տալիս դաշնակից Հայաստանին՝ համարելով, որ իր աջակցությունը բավարար է, եւ ռուսաստանահայ համայնքը կարող է լռել…
Իսկ ահա Լոս Անջելեսի՝ Լոս Արմենիոս անվանումը ոչ միայն հայերն են գործածում, այլեւ այդ տարածքում բնակվող մեքսիկացիները, չինացիները, եւ այլք:
Իսկ Գլենդեյլը գրեթե հայկական քաղաք է համարվում… Այստեղ նույնիսկ խանութներում, ռեստորաններում, բենզալցակայաններում եւ սպասարկման այլ վայրերում տարբեր ազգեր ներկայացնող աշխատակիցները, անգամ սեւականները հաճախ հայերեն են պատասխանում ու սպասարկում:
ԱՄՆ-ում ապրիլի 4-ին տեղի են ունեցել Գլենդելի Քաղաքային խորհրդի, Միացյալ կրթական խորհրդի եւ Համայնքային քոլեջի խորհրդի ընտրությունները:
«Հայերն այսօր»-ի փոխանցմամբ՝ Քաղաքային խորհրդի 3 թափուր տեղերի համար պայքարել են 10 թեկնածուներ, որոնցից 4-ը հայազգի՝ Արա Նաջարյան, Զարեհ Սինանյան, Վրեժ Աղաջանյան, Օնիկ Մեհրաբյան: Նախնական տվյալներով ամենաշատ ձայները հավաքել են հայ թեկնածուները՝ Արա Նաջարյան՝ 8305 ձայն, Զարեհ Սինանյան՝ 7892 ձայն, Վրեժ Աղաջանյան՝ 7885 ձայն:
Այսպիսով, Քաղաքային խորհրդի 5 անդամներից 4-ը հայազգի են, ամենայն հավանականությամբ 2017-2018թթ. Գլենդելի քաղաքապետի պաշտոնը կստանձնի Քաղաքային խորհրդի անդամ Վարդան Կարապետյանը: Քաղաքի քարտուղարի պաշտոնում վերընտրվել է Արտաշես Քասախյանը՝ հավաքելով 12,630 ձայն, իսկ քաղաքի գանձապետի պաշտոնում՝ Րաֆֆի Մանուկյանը՝ 12,123 ձայնով:
Գլենդելի Միացյալ կրթական խորհրդի 3 թափուր տեղի համար պայքարել են 5 թեկնածուներ, որոնցից 4-ը՝ հայազգի: Հաղթող են ճանաչվել Արմինե Կարապետյանը՝ 3165 ձայն, Գրեգ Կրիկորյանը՝ 3030 ձայն, Շանթ Սահակյանը՝ 1891 ձայն:
Այսպիսով, Կրթական խորհրդի 6 անդամներից 4-ը հայազգի են:
Գլենդելի համայնքային քոլեջի խորհրդի ընտրություններում 3 թափուր տեղի համար պայքարել են 5 թեկնածուներ, 2-ը՝ հայազգի: Հաղթող են ճանաչվել Արմինե Հակոբյանը՝ 3075 ձայն, Իվետտա Վարդանյան Դեւիսը՝ 1685 ձայն:
Այսպիսով, Գլենդելի համայնքային քոլեջի խորհրդի 6 անդամներից 3-ը հայազգի են, իսկ նախագահը մեքսիկուհի է՝ ամուսնացած հայազգի Լեւոն Գաբրիելյանի հետ:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 14 (447), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



