Վերջին ժամանակներս կրկին հրատապ է դարձել առանց այն էլ մշտառկա՝ բանակում զոհված զինվորների սպանությունների դեպքերի բացահայտմանն ուղղված հանրային պահանջը: Կառավարության շենքի մոտ խաղաղ պայմաններում զինվորների հարազատների պարբերաբար ցույցերը վկայում են, որ զինդատախազության վճիռները հավատ չեն ներշնչում: Եվ իրապես, երբ ծանոթանում ենք սպանված զինվորների մասով զինդատախազության վճիռներին, այնքան անհեթեթությունների կարելի է հանդիպել, որ միանգամայն հասկանալի է դառնում բողոքող հարազատների ցասումն ու պահանջը: Խնդիրն այնքան է փակուղային դարձել, որ մարդիկ դիմում են ԵԱՀԿ-ի միջամտությանը: Չնայած օրերս ԵԱՀԿ-ի եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակների միջեւ կնքվել է պայմանագիր՝ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկում իրականացնելու նպատակով, ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը հայտնել է, որ այս հարցերով «ԵԱՀԿ-ն չի կարող հետաքննություն անցկացնել, դա տեղական իշխանությունների, հատկապես՝ գլխավոր դատախազության եւ ոստիկանության խնդիրն է ու վեր է մեր մանդատից»: Նա նշել է, որ պայմանագիրը նախատեսում է «ցուցաբերել մասնագիտական աջակցություն, որը թույլ կտա վերլուծել առկա օրենսդրությունը բանակի կարգապահական վարույթների վերաբերյալ, ճշտել առկա խնդիրները եւ պարզել, թե արդյոք դրանք համապատասխանում են միջազգային չափանիշներին, ինչպես նաեւ կարող է դիտարկել բանակի կարգուկանոնի հետ կապված բողոք-դիմումները»:
Այնպես որ, այս խնդիրը դեռ դժվար թե վերջնականապես լուծում ստանա մեզանում:
Գոհար Վանեսյան



