Այս տարի հայ արիները եւ համախմբված հեթանոս ազգայնականները Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչների հետ վարդավառի տոնը կնշեն հուլիսի 22-ի երեկոյից մինչեւ հուլիսի 23-ի երեկո: Նախորդ տարի նրանք տոնը նշել էին 5 խմբերով՝ Հայկական լեռնաշխարհի տարբեր հատվածներում՝ Երեւանի ժամանակով լուսադեմին, ժամը 5:00-ին, երեք խմբեր եղել էին Գեղարքունյաց (Սեւանա լիճ), Բզնունյաց (Վանա լիճ) եւ Կապուտան (Ուրմիա լիճ) ծովերի ափերին, չորրորդ խումբը եղել էր Մշո գավառի Աստղկան բերդի մոտ, իսկ հինգերորդը՝ Արաքս գետի ափին:
Այս տարի Հայոց Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնը՝ Վարդավառը, կնշվի Գեղարքունիքի մարզի Արմաղան լեռան գագաթին գտնվող փոքրիկ ու հրաշք լճակի կողքին:
Տոնը կսկսվի այսօր ուշ երեկոյան՝ սրբազան գաղտնածեսով, որին կմասնակցեն միայն քրմերը: ՀԱՄ քրմական դասի ներկայացուցիչները բացատրում են, որ գաղտնածեսը յուրօրինակ աստվածականչ է, եւ այս ծեսն էլ Հայոց երկրում մարդկային, աստվածային ու տիեզերական սիրո հաստատման կանչ-ձոն է: Սրբազան գաղտնածեսը կանի քուրմ Արմոգը:
Հետո քրմերը, արիներն ու հեթանոս ազգայնականները կպատրաստվեն լուսադեմի փառաբանման ծեսին՝ լճակի շուրջ բոլորը շարելով դաղձի եւ ուրցի թրմաջրերով լի 5-ական սրվակներից կազմված ծաղկաձեւ շղթաներ եւ վարդի թերթիկներից պատրաստված օշարակով լի 5-ական գավեր: Ի դեպ, այս 5-ը պատահական թիվ չէ, այն Աստղիկ Աստվածուհու թիվն է:
Ճիշտ արեւածագին, արեւին դեմ հանդիման, կսկսվի փառաբանման ծեսը, որի համաձայն, օշարակն ու թրմաջուրը պիտի շաղ տրվեն լճի մեջ՝ ի փառս Աստղիկ Աստվածուհու եւ ի նշան հայոց աղջիկների նրբաբույր սիրով պարուրվելու, հարդարվելու ավանդության:
Աստվածընծա այս ջրով օրհնվելուց հետո կսկսվի ծիսախաղը: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն ու քրմերը Աստղիկ Աստվածուհուց կխնդրեն, որ երկրային սերն ամրապնդվի երկնային սիրով, որ սիրո ուժը նուրբ լինի եւ ոչ թե բիրտ: Այնպես՝ ինչպես Հայոց ռազմի, զորության Աստված Վահագնի ուժն է նուրբ ու արդար պահում Աստղիկի սերը, եւ այդ սերն ինչպես է զորավոր ու արդար լինում Վահագնի զորությամբ պարուրված:
Փառաբանման ծեսին կհետեւի ջրախաղը՝ խաղիկների ու պարի ուղեկցությամբ:
Ջրախաղից հետո տոնի մասնակիցները Աստղկան ծիսական ուտեստներ կհամտեսեն՝ հատապտուղներից, թթից, մեղրից ու փոխնդալյուրից պատրաստված անուշեղեն կվայելեն: Սա արդեն առանձնահատուկ ավետիս է դառնում այն բանի, որ երբ զարթնում է Հայը, նա պեղում ու վերակագնում է ակունքային ամեն ինչ՝ ազգային խոհանոցը, խաղիկները, տաղերը, պարերը…
Վարդավառի տոնը կավարտեն Աստղիկ Աստվածուհուն ուղղված ձոնով՝ հայերի սրտերը միշտ սիրառատ ու ուժեղ պահելու խնդրանքով, կփառաբանեն Հայ Աստվածներին ու Տիեզերքի Արարչին:
Օրվա վերջում քրմական դասի ներկայացուցիչները կհավաքվեն Հայ Արիական Միաբանության երեւանյան գրասենյակում՝ աշխատանքային հարցեր քննարկելու համար:
Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն
22.07.2016թ.
«Լուսանցք» թիվ 28 (461), 2017թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



