Երեւանը պիտի ճիշտ կողմնորոշվի…

Օրերս Երեւան ժամանեց ՌԴ նախագահ Դ. Մեդվեդեւը: Այցը, վստահաբար, հիմնականում վերաբերում էր թուրքական «Կովկասյան պլատֆորմ»-ի քննարկմանը: Իսկ այդ հարթությունում չէին կարող չքննարկվել Արցախ-ԼՂՀի կարգավիճակի եւ ազատագրված տարածքների հարցերը:

Ադրբեջանում էլ ավարտվեց երկրի նախագահի ընտրությունը, եւ Ի. Ալիեւը ավելի մեծ հաջողությամբ, քան Ս. Սարգսյանը Հայաստանում, վերընտրվեց իր երկրի նախագահ: Ու հիմա, Հայաստանի եւ Ադրբեջանի նորընտիր նախագահները «պարտավոր» են կողմնորոշվել՝ ի մի գալ Արցախ-ԼՂՀի խնդրի եւ «Կովկասյան պլատֆորմ»-ի հիմնախնդիրների շուրջ:

Ցավալի է հենց միայն այն գիտակցումը, որ մեծ բարեկամի համբավ ունեցող երկրի նորընտիր նախագահը երկու երկրների նորընտիրներին փորձում է «շշի մեջ» պահել եւ այսպիսով՝ իր ռազմավարական գործընկեր ՀՀ-ին նույնացնում է առավելապես Արեւմուտքի շահերը տարածաշրջանում պահպանող Ադրբեջանի հետ: Դե իհարկե, ըստ ՌԴ իշխանավորների, նրանք հավասարապես են վերաբերում տարածաշրջանի երկրներին: Սակայն, Վրաստանը կորցնելու մտքից ավելի վրդովված ու զգաստությունը կորցրած ՌԴ-ն պատրաստվում է եւս մեկ սխալ թույլ տալ՝ վանել իրենից ՀՀ-ին:

Եթե Մոսկվան կարող է բարիդրացիական ու հավասար մոտեցումներ ցուցաբերել հայկական եւ թուրք-ադրբեջանական կողմերին, ապա ըստ այդ տրամաբանության, Երեւանն էլ իրավունք ունի բարիդրացիական ու բարեկամական կապեր հաստատել ինչպես ՌԴ-ի, այնպես էլ եվրոպական համագործակցության ու ԱՄՆ-ի հետ:

Սակայն այս տրամաբանությունը ռուսաստանյան կողմի մոտ ինչ-որ լավ չի գործում: Բայց, երբ մնա դեմ հանդիման թուրք-ադրբեջանական դաշինքի հետ, գուցե սկսի լավ գործել…

Այս առումով Արեւմուտքը ավելի ճկուն է գործում (ինչպես միշտ՝ հակառակ ՌԴ-ի գործելաոճի): Եվ ահա, նախագահ Մեդվեդեւից ավելի առաջ Երեւան ժամանած ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դ. Ֆրիդը ՀՀ իշխանությունների հետ պաշտոնապես նույնպես քննարկեց վերոնշյալ հարցերը: Նա հաստատեց, որ ՀՀ իր այցի գլխավոր նպատակներից մեկը Ացախ-ԼՂՀ-ի հիմնախնդիրն է եւ հույս հայտնեց, որ Հարավային Կովկասում, վրացաբխազական հակամարտության կարգավորումից հետո, կկարգավորվի նաեւ այս հիմնախնդիրը:

Չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մ. Բրայզայի իրարամերժ տեսակետների փորձնականորեն ասպարեզ նետելու հանգամանքին (մեկ Երեւանի, մեկ Բաքվի շահերն իբր պաշտպանելով), ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը ավելի «բարիդրացիական» պահեց իրեն: Նա նաեւ անդրադարձավ նախագահ Ալիեւի վերջին ռազմատենչ հայտարարություններին, ով ասել էր, թե պատերազմը անխուսափելի է, եւ հավաստեց, որ դա չի կարող տեղի ունենալ, եւ հարցը կըկարգավորվի Մինսկի խմբի շրջանակներում՝ ՌԴի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջնորդությամբ: Ինչպես տեսնում ենք, Մոսկվան փորձում է Անկարայի հետ ուս ուսի լուծել տարածաշրջանային խնդիրները, իսկ Արեւմուտքը պաշտպանելով նախկին ձեւաչափը, Թուրքիային չի տեսնում այդ ձեւաչափում: Եթե այս ընթացքով էլ շարունակվեն գործընթացները, ապա Երեւանը լուրջ մտորելու եւ կողմնորոշվելու խնդիրներ ունի:

Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 38 (77), 2008թ.

This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.