Իրանի արեւմտյան Քերմանշահ եւ Րեշտա քաղաքներում հազարավոր մարդիկ բողոքի ցույցի են դուրս եկել իշխանությունների դեմ: Ցույցեր են անցկացվել նաեւ Շիրազում, Իսպահանում, Համադանում: Ամենամարդաշատ հանրահավաքն անցկացվել է Մեշհադում, որտեղ ձերբակալվել է մի քանի տասնյակ ցուցարար:
Բողոքի ցույց է սկսվել ձվի թանկացման դեմ: Իրանի որոշ քաղաքներում պարենային մի շարք ապրանքներ վերջին օրերին թանկացել են մինչեւ 40%-ով, իսկ հավի ձվերը մեկ շաբաթվա ընթացքում թանկացել են 2 անգամ: Այնուհետեւ ցույցերը տարածվել են ու ձեռք բերել քաղաքական երանգ: Ցուցարարները պահանջել են ազատ արձակել քաղբանտարկյալներին:
Ցուցարարները վանկարկել են. «Ժողովուրդը ապրում է աղքատության մեջ, իսկ հոգեւորականներն իրենց աստվածների տեղն են դրել»: Իսկ Մեշհադում վանկարկել են քաղաքական կարգախոսներ, ինչպես՝ «Ո՛չ Գազան, ո՛չ Լիբանանը, իմ կյանքն Իրա՛նն է», քննադատելով Իրանի արտաքին քաղաքականությունը, որը ձգտում է ազդեցություն ծավալել Մերձավոր Արեւելքում:
Ինքնաբուխ բողոքի ցույցերը հազվադեպ երեւույթ են Իրանում, սակայն իշխանությունները հայտարարել են, որ քաղաքական իրավիճակը սրում են օտարերկրյա գործակալները եւ հակահեղափոխական տարրերը, խոստացել է ճնշել չարտոնված հանրահավաքները: ԱՄՆ-ն արդեն դատապարտել է ցուցարարների ձերբակալությունները եւ կոչ արել աշխարհի երկրներին աջակցել Իրանի ժողովրդին: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հրատապ նիստ է հրավիրել՝ կապված Իրանում տեղի ունեցող իրադարձությունների հետ: Նիստի ժամանակ քննարկվել է իրավիճակը Մերձավոր Արեւելքում: Նիստը կայացել է Վաշինգտոնի առաջարկով: Իրանի հարցով նիստի անցկացմանը դեմ է արտահայտվել Մոսկվան:
Թեհրանի արվարձանային քաղաքներում անցկացվել են խաղաղ ցույց-հավաքներ՝ ի նշան վերջին ցույցերի դատապարտման եւ ի աջակցություն կառավարության: Ցույցերն անցկացվել են ուրբաթօրյա աղոթքներից հետո՝ Թեհրանում, ապա արվարձանային մի շարք քաղաքներում:
Մասնակիցներն իրենց հավատարմությունն են հայտնել երկրի կառավարությանը, ինչպեսեւ դատապարտել են բողոքի վերջին ցույցերն ու անկարգությունները, որոնք, ըստ նրանց՝ երկրի թշնամիների սադրանքի հետեւանք էին:
Կարեն Բալյան
«Լուսանցք» թիվ 1 (479), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



