Հանրային թատերաբեմ դարձած Facebook-ը առաջնահերթություն է տալու տեղական լուրերի՞ն
Ֆեյսբուք սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ ցանկանում է փոխել ցանցի բնույթը, ըստ նրա՝ առաջնահերթություն կտրվի տեղական լուրերին:
«Մեր նոր թարմացումը տեղական աղբյուրներից նորությունների խթանումն է: Մարդիկ մեզ անընդհատ ասում են, որ Facebook-ում ավելի շատ ցանկանում են տեղական նորություններ տեսնել: Տեղական լուրերն օգնում են հասկանալ այն խնդիրները, որոնք կարեւոր են մեր համայնքներում եւ ազդում են մեր կյանքի վրա»,- նշել է Մարկ Ցուկերբերգը:
Նաեւ հավելել է, որ այս փոփոխություններն առաջին հերթին ուժի մեջ կմտնեն սոցիալական ցանցի ամերիկյան հատվածում:
Այս սոցիալական ցանցի մասին այլ կարծիք ունի հայտնի միլիարդատեր Ջորջ Սորոսը, ով Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Facebook-ն ու Google-ը սպառնալիք են հասարակության համար:
Եվ սա ասում է այն մարդը, ում հիմնադրամը տարիներ շարունակ դրամաշնորհներ է տալիս տարբեր երկրների այն կազմակերպություններին, որոնք խաթարում են այդ երկրների ոչ միայն հասարակական անդորրը… այլեւ պետության ներքին կայունությունը…
«Նրանք դիտավորյալ իրենց ծառայություններում կախվածություն են մտցնում, դա կարող է շատ վնասակար լինել, հատկապես՝ երիտասարդների համար:
Նմանություն կա համացանցային հարթակների եւ ազարտային խաղերի միջեւ:
Խաղատները մշակել են միջոցներ, որպեսզի խաղացողներից վերցնեն բոլոր գումարները, նույնիսկ այն գումարները, որոնք նրանք չունեն»,- հայտարարել է Ջորջ Սորոսը:
Բացի այդ, ըստ միլիարդատերի, Facebook-ն ու Google-ը ստեղծում են «մարդկանց ազատության մենաշնորհ»։ «Սոցցանցերը ստիպում են մարդկանց հրաժարվել ինքնավարությունից, իսկ մարդկանց ուշադրությունը գրավող ուժն ավելի է կենտրոնանում փոքր թվով ընկերությունների ձեռքերում»,- ասել է նա։
Ըստ ամենայնի, նշյալ սոցցանցերի «մարդկանց ազատության մենաշնորհ»-ը արդեն սկսել է տարբեր սոցիալական խմբերի ազատ քննարկումներով բացահայտել նաեւ միջազգային գրանտատուներին ու ներքին գրանտակերներին, ինչը այսպիսի դժգոհություն է առաջ բերել…
Իսկ տեղական լուրերի քննարկումները հոգ չեն գրանտատու-կաշառատուների եւ նրանց մանկլավիկների համար:
«Լուսանցք»
Ով ինչ անի՝ արանքում կանք
ԱՄՆ Ֆինանսների նախարարության կազմած ու կոնգրեսին ներկայացված՝ այսպես կոչված «Կրեմլյան զեկույցում» մենք էլ ենք «տեղ» զբաղեցրել:
Այս ցուցակում, որտեղ հայտնվածներից 114-ը ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պետական ընկերությունների ղեկավարներ են, իսկ 96-ը՝ գործարարներ, երկու հայ է ընդգրկվել։ Խոսքը «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ու «Ռոսսգոստրախ» ընկերությունների խմբի նախկին նախագահ Դանիել Խաչատուրովի մասին է:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն արձագանքել է զեկույցին՝ հայտարարելով, թե այս դեպքում պետք է առաջնորդվել հայտնի կանոնով. «Շունը հաչում է, քարավանը՝ գնում»:
Այս ազդեցությունը ֆինանսական կլինի, թե հոգեբանական, գնահատականները տարբեր են: Առայժմ քաղաքական ենթատեքստի մասին առավել շատ է խոսվում:
Տեղեկացնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել է, որ Ռուսաստանի դեմ ուղղված նոր պատժամիջոցների սահմանումը կանդրադառնա ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրի եւ հետախուզական ծառայությունների գործընկերների վրա:
Պետքարտուղարությունում ռուսական ԶԼՄ-ներից մեկին ասել են նաեւ, որ ԱՄՆ-ն այդ մասին նախազգուշացրել է Ռուսաստանի հետ առեւտրային գործարքներ անող երկրների կառավարություններին եւ ընկերություններին նրանց դեմ պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին:
Պետքարտուղարությունում կարծում են, որ միայն այսպես կարող են զսպել ռուսական ընկերությունների հետ գործարքներ կնքել ցանկացող իրավաբանական ու ֆիզիկական անձանց:
Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը հայտարարել է, որ գերատեսչությունը երկուշաբթի տեղեկացրել է Կոնգրեսին հակառուսական պատժամիջոցների գործողությունների արդյունքների մասին:
Վրաստանը Ռուսաստանին ասաց՝ չիք
Վրաստանը վերջնականապես հրաժարվել է ռուսական գազից:
Այս մասին «Լենտա.ռու»-ն է գրել՝ նշելով, թե Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Չիկովանին հայտարարել է, որ վառելիքի այդ տեսակի պահանջարկը բավարարում է Ադրբեջանը:
Վրացական ընդդիմությունը հնչեցրել է, թե դա պարզապես պատրվակ է, քանզի իրականում իշխանությունները գումար չունեն ռուսական գազ գնելու:
Փոխարենը, ընդդիմությանն ի պատասխան, նախարարը հիշեցրել է, որ դեռ նախորդ տարվա ապրիլին Վրաստանի էներգետիկայի նախարարը հայտարարել էր, որ երկիրը պատրաստվում է պակասեցնել ռուսական գազից կախվածությունը:
Ռուսական կողմի արձագանքը օդում է…
Հավելենք, որ 2017թ. Վրաստանը Ռուսաստանից 100 մլն. խմ գազ է ստացել: Եվ իր տարածքով ռուսական գազը Հայաստան մատակարարելու համար ստացել է ընդհանուր տեղափոխության ծավալների 10%-ը:
Մենք էլ… աճում ենք
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017թ. հունվար-նոյեմբերին մեր երկրում արտադրվել է 179 հազար 285 կարատ ադամանդ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 58%-ով:
Ըստ ԱՎԾ-ի՝ 2016թ. նույն ժամանակահատվածում Հայաստանում արտադրվել էր 113,2 հազար կարատ ադամանդ:
Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում մշակվող ադամանդի հումքը առավելապես ներմուծվում է Ռուսաստանից, Բելգիայից եւ Իսրայելից:
Ինչ վերաբերում է ոսկերչական իրերին, ապա 2017-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 1.824.2 կգ ոսկերչական արտադրանք, ինչը 2016թ. նույն ժամանակահատվածի համեմատ 2,6 անգամ ավելի է:
Համեմատության համար նկատենք, որ 2016-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 704,2 կգ ոսկերչական արտադրանք:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 4 (482), 2018թ.
«Լուսանցք»ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ruում http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnegozarubezhya/#/:



