Այսօր Հայոց Տրնդեզն է: Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները Տրնդեզը նշեցին Արագած լեռան Հարավային գագաթին:
Մինչեւ տոնական արարողությունը ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմական դասի ներկայացուցիչները վաղ առավոտյան բոլորին կավե ամաններով չրե հալվա, կտավատի հատիկներով փոքրիկ հացիկներ եւ խորիզով գաթա տվեցին: Այնուհետեւ բոլորի գավերը լցրեցին տեղում պատրաստած տաք մասրաթրմով:
Մինչ Տրնդեզի մասնակիցները կվայելեին անուշհամ ուտեստները, Քրմական դասի ներկայացուցիչները փակ ծես սկսեցին. Տիեզերքի Արարչին ուղղված՝ Արարիչ-Աստված(ներ)-Մարդ(Ազգ) առանցքի գաղտնածես անցկացրեցին, որից հետո հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը վառեց սրբազան կրակը, ինչն էլ ազդարարեց բաց ծիսական արարողության մեկնարկը:
Բաց ծեսն անելու պատիվը տրվեց հայ արիների առաջնորդին: Նա, ըստ ավանդույթի, փառաբանեց Տիեզերքի Արարչին՝ Հայ երկնային ու երկրային տեսակի, Հայկական Տիեզերաշխարհների ու Բնաշխարհի արարման համար եւ հավաստեց հայ արիականների նվիրվածությունը ՄեկԱրարչական Բազմաստվածային համակարգին, որ Արարչադրոշմ Տիեզերակարգն է:
Մինչ օրվա երկրորդ կեսը սկսվելը տոնի մասնակիցները հայկական ութաթեւ արեւխաչի անկյուններով 8 փոքրիկ խորհրդանշական կրակներ վառեցին՝ Հայ աստվածների պատվին բոցկլտացող: Հետո այդ 8 կրակները մեկտեղվեցին ութաթեւ խաչի կենտրոնի 9-րդ կրակի հետ՝ Ամենայն Արարողին ուղղված:
Գինեձոներից ու փառաբանումներից հետո սկիզբ առավ հայոց խաղն ու երգը:
Ծեսի ավարտից հետո մասնակիցները ԱրէգԱկ-ի խորհուրդ կրակներով կիջնեն տուն՝ սեփական օջախներն Արարչի օրհնանքով լցնելու:
Օրվա վերջում Հայ Արիական Միաբանության երեւանյան գրասենյակում աշխատանքային խորհրդակցություն կլինի: Օրակարգում ներքաղաքական հարցեր են:
Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն
Արագածի Հարավային գագաթ – քաղաքամայր Երեւան
13.02.2018թ.



