Աղբյուր` Panorama.am
Այս պատերազմը ոչ միայն պատերազմ էր հանուն հայրենի հողի ազատագրության, այլեւ արդարացի հատուցում՝ Արցախի հայության քաղաքական պահանջներին՝ ի պատասխան Ադրբեջանի կողմից սանձազերծած Ցեղասպանության: Ամրագրելով հաղթանակի արդյունքները, հայ ժողովուրդը համայն աշխարհին վճռականորեն ցույց է տվել, որ նման նկրտումներն այսուհետ երբեւէ անպատիժ չեն մնալու: Գաղափարախոսության կամ գործնական քաղաքականության ոլորտներում հայ ժողովրդի տարած հաղթանակի արդյունքների անտեսումը ոչ միայն սրբապղծում է մարտում զոհված հերոսների հավերժ վաստակը, այլեւ ոտնահարում Սումգայիթում, Բաքվում, Գանձակում (Կիրովաբադում) եւ Ադրբեջանի մյուս քաղաքներում ու գյուղերում ցեղասպանված հայության հիշատակը` խրախուսելով Հայոց Պետականության դեմ Ադրբեջանի նոր ռազմական ագրեսիան:
Այսպիսի հարցերում չկան եւ չեն կարող լինել մանրուքներ: Հայաստանի հանրային, ինչպես նաեւ մյուս հեռուստատեսությունների եթերում ԼՂՀ հռչակման պահից գոյություն չունեցող ԼՂԻՄ քարտեզի ամենօրյա ցուցադրումն ամեն օր շարունակ խորապես անարգում է ոչ միայն ՀՀ եւ ԼՂՀ, այլեւ Սփյուռքի հեռուստադիտողներին: Քաղաքական առումով այն հատկապես բացասական ազդեցություն է ունենում այժմ, երբ ազգի համար հակամարտության կարգավորման բանակցությունների վճռորոշ փուլում, ինչպես բոլորս հույս ունենք, հայոց դիվանագիտությունը պայքարում է հայ ժողովրդի շահերի պաշտպանության համար:
Պահանջում ենք բոլոր հեռուստատեսությունների ցուցադրած օդերեւութաբանական կանխատեսման քարտեզներից հանել «ԼՂԻՄ»-ի պատկերը եւ փոխարինել այն ՀՀ եւ ԼՂՀ քարտեզով: Համոզված ենք, որ ամենակարճ ժամկետներում կգործադրվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ստեղծված իրավիճակը փոփոխելու ուղղությամբ:
“Արցախի Երիտասարդ Քաղաքագետների ակումբ”
Արցախի Ազատամարտիկների Միության “Հայրենաց պաշտպան” ՀԿ
ՀՅԴ “Արցախի Երիտասարդական Միություն”
ԱԺԿ Երիտասառդական թեւ
“Ազատ հայրենիք” երիտասառդական թեւ
“Վաչագան Բարեպաշտ” ՀԿ
“Հայկի Սերունդ” ՀԿ
“Ալֆա-Օմեգա” ՀԿ
“Զեփյուռ” ՀԿ
Բաց նամակն ավարտվում է: Ձեր ուշադրությունը հրավիրենք ընդամենը մի «փաստի» վրա. 2008թ. հոկտեմբերի 31-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նոր նախարարներ նշանակեց: Նրանցից միայն մեկն էր նոր՝ տնտեսական զարգացման նախարար Շահին Մուստաֆաևը, որ ծնվել է, ըստ «պաշտոնական» աղբյուրի, 13.06.1965 թ–ին (սա՝ ոչինչ) «Արեւմտյան Ադրբեջանի Նոյեմբերյանի շրջանում»:



