Այս մասին «Լուսանցք»-ն արդեն տեղեկացրել էր, բայց ավելի քան 4 ամիս գործող «Հայկական նավթի եւ գազի ընկերություն»-ը մեր երկրի տարածքում նավթ եւ գազ որոնելու 2-րդ հայտն է ներկայացրել բնապահպանության նախարարություն:
«Հայկական նավթի եւ գազի ընկերություն»-ը հիմնադրել է «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ-ն: Իսկ այս վերջինիս միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն» ԲԲԸ-ն է, որն էլ իր հերթին 100%-ով պատկանում է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին:
Մենք արդեն տեղեկացրել էինք, որ «Հայկական նավթի եւ գազի ընկերություն»-ը 2017թ. նոյեմբերին նավթի եւ բնական գազի երկրաբանական ուսումնասիրության հայտ էր ներկայացրել 1-ին եւ 3-րդ պայմանական բլոկներում՝ Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերի 8775 քառ կմ ընդհանուր տարածքում աշխատանքներ կատարելու:
Ինչեւէ, ըստ վերոհիշյալ հայտի, նախատեսվում է, որ 2018-2023թթ. որոնողական աշխատանքներ կարվեն 2-րդ պայմանական բլոկներում՝ Երեւանում, Արմավիրի, Արագածոտնի մարզերում՝ ամբողջությամբ, Արարատում, Կոտայքում եւ Շիրակում՝ մասնակիորեն:
Որոնողական աշխատանքների ընդհանուր մակերեսը կազմում է շուրջ 7250 քառ կմ: Համենայնդեպս, ըստ հայտի է այսպես:
Մտահոգված են բնապահպանները: Բանն այն է, որ հայցվող տարածքում 9 բնության հատուկ պահպանվող տարածքներ կան, այն էլ՝ Կարմիր գրքի տեսակներով:
Խոսքը Խոսրովի անտառի, «Էրեբունի» պետական արգելոցի, «Խոր Վիրապ» Մրտավարդենու, Մարգահովիտի, Արագածի ալպիական, Արզական-Մեղրաձորի, Որդան կարմիր եւ Հանքավանի ջրաբանական պետական արգելավայրերի մասին է:
Ինչպես մեր երկրում միշտ է լինում, տարբեր են բնապահպանների եւ գործարար կողմի շահերը: Ոչ միշտ, բայց հաճախ եմ բնապահպանների կողմն անցնում (մեր երկրում կան բնապահպանությամբ զբաղվող միավորումներ, անհատներ, որոնք շատ լավ են գործում):
Նշենք տեսակետները խնդրո առարկայի շուրջ:
Հայտում նշված է, որ 1-ին փուլի երկրաֆիզիկական մեթոդներով իրականացվելիք աշխատանքները կատարվելու են բնության հատուկ պահպանվող տարածքների սահմաններից դուրս: Որեւիցե ազդեցություն պահպանվող էկոհամակարգերի վրա չի դրսեւորվելու: Իսկ 2-րդ փուլի մասին խոսք չկա:
Բնապահպանները պնդում են, որ պայմանական 2-րդ բլոկի տարածքի խոշորագույն ջրագրական միավորները Հրազդան, Քասախ եւ Արաքս գետերն են: Հայտում էլ նշվում է, որ ջրային ռեսուրսների աղտոտում տեղի չի ունենա, քանի որ երկրաֆիզիկական մեթոդներով ուսումնասիրության աշխատանքների տեխնոլոգիայով արտահոսքեր չեն նախատեսվում: Բուսական եւ կենդանական աշխարհի վրա ազդեցությունն էլ գնահատվում է զրոյական:
Տեղեկացնենք, որ նավթի ու գազի որոնման պատմությունները նոր չեն սկսվել:
Մի ժամանակ էներգետիկներն ասում էին, որ այդ պաշարը կա, բայց արդյունաբերական ծավալի չէ, խորն է եւ արդյունահանումը՝ աննպատակահարմար: Իրավիճակը փոխվել է կարծես:
Սեփ. լրատվություն
«Լուսանցք» թիվ 8 (486), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



