Շոու բիզնեսում չգիտես՝ ժպիտը ժպի՞տ է, թե՞…
Երգչուհի Եվա Թաշչյանը, ով շատերիս հայտնի է «Ժողովրդական երգիչ 2» նախագծից, երգի ասպարեզում իր կարիերան սկսել է հենց այդտեղից, 16 տարեկանում, երբ արդեն բավական հասուն էր հասակակիցների համեմատ.
– Մտածված չեմ սկսել երգել։ Հաճախել եմ երգի խմբակի, բայց երգչուհի դառնալու նպատակ չկար։ Ինձ համար երգը երկրորդ պլանում էր, պարը ավելի շատ էի սիրում այդ շրջանում: Ինչեւէ, «Հայտագրվեցի «Ժողովրդական երգիչ» նախագծին։ Նախագծի առաջին եթերաշրջանը երբ եղավ, այդքան չէի հետեւում: Իսկ երբ «Սուպերսթար»-ը եղավ, այլ աչքով նայեցի՝ հաճելի էր, որ իմ տարիքի աղջիկները մասնացում էին, առաջ էին գնում, բայց, միեւնույնն է, դա իմը չէր: Հետո «ժողովրդական երգիչ» նախագծի երկրորդ եթերաշրջանն էր սկսվում եւ որոշեցի մասնակցել:
Եվան հիշում է, թե ինչպես է ընտանիքն աջակցել իրեն.
– Ոչ մի խոչընդոտ չեղավ, ինքս էլ չերկմտեցի, հստակ որոշեցի եւ գնացի։ Մայրս մտածում էր՝ պետք չէ գնալ՝ կկոտրվեմ, եթե չանցնեմ, բայց հայրս հենց սկզբից կողքիս էր, ես էլ հաստատ էի որոշել: Նախագծում բոլորս էլ ընկերներ էինք, բայց 14-ով էլ պայքարում էինք հաղթանակի համար: Կարեւորն այն է, որ չկոտրվեցի, ամեն անցածս փուլը ուժ էր ինձ համար: Իհարկե մտածում էի, որ հնարավոր է դուրս մնամ, բայց հանդիսատեսը գնահատեց ինձ: Նախագծի վերջում, մինչեւ վերջին րոպեն Հայկուհին մտածում էր՝ ինքն է հաղթելու, ես մտածում էի՝ ես եմ լինելու հաղթողը: Երբ նրա անունը հայտարարեցին որպես հաղթողի, առհասարակ ցավ չզգացի, միայն սրտանց ուրախացա: Որովհետեւ այդ պահին հասկացա, որ ես էլ եմ հաղթել, հանդիսատեսը հենց այդպես էլ ընդունեց երկուսիս:
Նախագծի ավարտից հետո Եվան շարունակեց զբաղվել երգարվեստով, զգաց շոու բիզնեսի լավ ու վատ կողմերը: «Տարբեր երկրներից հրավիրում էին համերգների, ես դեռ չէի զգում դժվարությունը երգարվեստում, այդ շրջանում 1.5 տարվա պայմանագիր ունեինք «Շանթ» հեռուստաընկերության հետ, պայմանագրի ավարտից հետո նոր միայն սկսեցի խմբից առանձին համերգների մասնակցել: Չնայած, ոչ մի միջադեպ չեղավ այդ ընթացքում, բայց հիասթափվեցի կուլիսներից այս կողմ եղած շատ բաներից: Դրանից հետո շատ քիչ եմ մասնակցում համերգների, էլ այդքան չխորացա շոու բիզնեսի մեջ»:
Եվայի կարծիքով՝ շոու բիզնեսում շրջապատից կարող ես ժպիտներ ստանալ, բայց չհասկանալ՝ նրանք ընկերնե՞ր են, թե՞ «թշնամիներ»:
Խոսեցինք նաեւ ապագայի պլաններից. «Անցում էստրադային չի լինի, որովհետեւ ժողովրդականն է իմը, թող վերամբարձ չհնչի, բայց իմ երգած ամեն երգի մեջ ես ինձ գտնում եմ, սրտով եմ երգում, զգում եմ երգիս ամեն բառն ու նոտան: Ձայնասկավառակ չեմ պատրաստվում թողարկել, որովհետեւ հասկացա, որ հիմա երբ կա համացանցը՝ անիմաստ է»։
2016թ. «Դուդուկիս» երգի տեսահոլովակն առաջինն էր Եվայի համար.
– Մեծ արձագանք ստացա, շատ լավ խոսքեր լսեցի։ Ապրիլի 7-ին կլինի երկրորդ տեսահոլովակի պրեմիերան, դուետով ենք հանդես գալիս երաժիշտ Հովհաննես Վարդանյանի հետ, երգը սիրո մասին է: Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր կողքիս են եղել:
Հանդիսատեսին եմ շնորհակալ, չնայած այս պահին եթերում շատ չկամ, բայց ինձ չեն մոռանում, շատ ջերմ են վերաբերում, անգամ դրսում՝ պատահաբար տեսնելիս…
Լիանա Դավթյան
Մարդ, ով կարողանում է շնաձկանը նոկաուտի ենթարկել
Իսպանացի պրոֆեսիոնալ ջրասուզորդ Կառլոս Սիմոնը, ով 1988թ.-ից ավելի քան 6000 սուզում է կատարել ամբողջ աշխարհում, կարողանում է նոկաուտի ենթարկել ցանկացած տեսակի շնաձկան:
Կառլոս Սիմոնը վստահեցնում է, որ շնաձկներն այդքան անողոք չեն, ինչպես ընդունված է կարծել, եւ որ նրանց հետ կարելի է լավ հարաբերություններ հաստատել:
Պարզապես, ըստ նրա, սուզման ժամանակ պետք է գործել սառնասրտորեն եւ խելամտորեն:
Հնարավոր հարձակումից խուսափելու համար, այնուամենայնիվ, ջրասուզորդն իր հետ խայծ է վերցնում, որը շնաձկան համար առավել հետաքրքիր պետք է լինի, քան ինքը:
Աշխարհի մարզական հեւքից – Մարզաշխարհի խաչմերուկներում
Ստացավ լավագույն ֆուտբոլիստի մրցանակը
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի եւ Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացավ Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստի մրցանակը: «Շատ մեծ հաճույքով եմ ստանում այդ պարգեւը: Կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում նույնպես լինել առաջինը՝ իհարկե հարգելով իմ թիմակիցներին»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը՝ մրցանակը ստանալու արարողությանը:
Հավաքելով 190 միավոր՝ Հայաստանի 2017թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ավագ, այն ժամանակ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով 8-րդ անգամ իր կարիերայի ընթացքում եւ 7-րդ անգամ անընդմեջ դարձավ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ: 2017թ. ընթացքում նա նվաճել է Եվրոպա Լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ընդգրկվել է Եվրոպա Լիգայի խորհրդանշական հավաքականում: Հենրիխ Մխիթարյանն այսօր ամենաճանաչված հայերից մեկն է աշխարհում: Համաշխարհային ամենահեղինակավոր զլմ-ները գրեթե ամեն օր անդրադառնում եմ հայ ֆուտբոլիստին՝ նշելով նաեւ Հայաստան անունը եւ այս առումով ահռելի է նրա ավանդը աշխարհում Հայաստանի եւ հայության ճանաչելիության, ազգային արժեքների հանրահռչակման գործում:
35 միավորով 2-րդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի եւ մակեդոնական «Վարդար»-ի հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ում անունը 10 անգամ նշվել է 2-րդ, 5 անգամ՝ 3-րդ տեղում: 25 միավորով 3-րդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Ուրալ» թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ում անունը 7 անգամ նշվել է 2-րդ, 4 անգամ՝ 3-րդ տեղում:
Նվիրաբերեց լավագույն մարզիկի ավտոմեքենան
Հենրիխ Մխիթարյանը Հայաստանում է՝ մարտի 24-ին եւ 27-ին Երեւանում էստոնիայի ու Լիտվայի ընտրանիների հետ կայանալիք ընկերական հանդիպումներին նախապատրաստվելու համար:
Նա այցելել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, հանդիպել ուսանողների, բժշկական անձնակազմի հետ: Այցի հիմնական նպատակը վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողների հետ հանդիպումն էր: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ Հենրիխ Մխիթարյանը ծանոթացել է համալսարանի տարածքում գործող վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին, զրուցել հիվանդների, ուսանողների հետ: Հավաքականի ավագը 2017թ. Հայաստանի 10 լավագույն մարզիկների ցուցակում ընդգրկվելու համար ստացած ավտոմեքենան նվիրաբերել է վիրավոր եւ հաշմանդամ զինծառայողների վերականգնողական կենտրոնին:
Հանդիպեց պատանի ու երիտասարդ ֆուտբոլիստներին
Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Հայաստան Մ16 եւ Մ19 տարեկանների թիմերին: ՀՖՖ-ն ներկայացնում է, որ հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը: Հանրահայտ ֆուտբոլիստը իր խորհուրդներ է տվել Հայաստանի ապագա ֆուտբոլային աստղերին:
Հաջորդ մրցակիցն աշխարհի նախկին չեմպիոնն է
Բեռլինում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 10-րդ փուլում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ: 9 փուլերից հետո 6 միավորով միանձնյա առաջատարը Ֆաբիանու Կարունան է, 5,5 միավորով 2-րդ տեղում է Շահրիյար Մամեդյարովը: Եռյակի վերջում 5 միավորով Ալեքսանդր Գրիշչուկն է: Սերգեյ Կարյակինը եւ Դին Լիժենն ունեն 4,5 միավոր: Լեւոն Արոնյանը, Ուեսլի Սոն եւ Վլադիմիր Կրամնիկն ունեն 3,5 միավոր:
14 փուլի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան 2-ական անգամ սպիտակ եւ սեւ խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի (Նորվեգիա) հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:
Հ.Գ. – Ալեքսանդր Գրիշչուկ – Լեւոն Արոնյան. Տարբեր հավակնությունների մրցամարտ – Բեռլինում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարում այսօր տեղի կունենան 12-րդ փուլի խաղերը: Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով կհանդիպի ոռւսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Մեր շախմատիստն արդեն դուրս է մնացել եզրափակիչ ուղեգրի համար պայքարից, քանի որ 3,5 միավորով զբաղեցնում է վերջին 8-րդ տեղը եւ արդեն ոչ մի կերպ չի կարող հասնել մրցաշարի առաջատար Ֆաբիանո Կարուանային, ով ունի 7 միավոր: Ալեքսանդր Գրիշչուկը 6 միավորով բաժանում է 3-4-րդ տեղերը եւ դեռեւս պայքարում է հաղթողի կոչման համար:
– Շախմատի հավակնորդների մրցաշարի 12-րդ փուլում Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի խաղաց Ալեքսանդր Գրիշչուկի հետ: Նա 4 միավորով շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: Ռուսաստանցի շախմատիստը վաստակեց 6,5 միավոր եւ ընհուպ մոտեցավ մրցաշարի առաջատարներին՝ Ֆաբիանո Կարուանային ու Սերգեյ Կարյակինին, ովքեր ունեն 7-ական միավոր: Ի դեպ, վերջինս այս փուլում հաղթեց հենց ամերիկացի շախմատիստին: 1-ին տեղի համար կպայքարեն նաեւ Դին Լիժենն ու Շաքրիյար Մամեդյարովը, ովքեր Ալեքսանդր Գրիշչուկի նման վաստակել են 6,5-ական միավոր: Հարկ է նշել, որ չինացի շախմատիստն այսօր հաղթել է հենց ադրբեջանցի ախոյանին:
Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ մարտի 26-ին կկայանա նախավերջին 13-րդ փուլը: Լեւոն Արոնյանը սպիտակներով կհանդիպի առաջատարներից մեկի՝ Ֆաբիանո Կարուանայի հետ:
Պարտվեց եւ լքեց առաջին հորիզոնականը
Բաթումում ընթացող տղամարդկանց շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 5-րդ փուլի խաղերը: Մրցաշարի միանձնյա առաջատար Ռոբերտ Հովհաննիսյանը այս անգամ անհաջող խաղաց եւ կրեց իր առաջին պարտությունը՝ սեւերով զիջելով իսրայելցի Տամիր Նաբաթիին: Այդ սայթաքումից հետո մեր շախմատիստը 4 միավորով բաժանում է 4-21-րդ տեղերը: Առաջատար եռյակին հետապնդողների խմբում է նաեւ Հայաստանի այս տարվա չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, ով խաղաղ դաշն կնքեց անգլիացի գրոսմայստեր Գավեյն Ջոնսի հետ:
3,5-ական միավոր ունեն Հրանտ Մելքումյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արման Փաշիկյանը, 3 միավոր ունի Սամվել Տեր-Սահակյանը, ով այս փուլում կմրցի իր հայրենակից, ՖԻԴԵ-ի վարպետ Արթուր Դավթյանի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի ռուս Անտոն Դեմչենկոյի հետ, Հայկ Մարտիրոսյանը՝ ադրբեջանցի Գադիր Գուսեյնովի:
Անվանի եւ տիտղոսակիր մարզիկը՝ Հայաստանում
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է օլիմպիական չեմպիոն, աշխարհի 6-ակի չեմպիոն, իրանցի ըմբիշ Համիդ Սուրյանին: Նախարարը ողջունել է հյուրին եւ նշել, որ մեծ պատիվ է հյուրընկալել նրա պես տիտղոսակիր մարզիկի:
«Մեր երկու երկրների համագործակցությունը սպորտում եւ հատկապես՝ ըմբշամարտում, ծառայում է այդ մարզաձեւի զարգացմանը Հայաստանում ու Իրանում: Վստահ եմ, որ հայ եւ իրանցի ըմբիշները մարզագորգի վրա ախոյաններ են, սակայն մրցահարթակից դուրս լավ ընկերներ են: Դրա վառ ապացույցը մեր այսօրվա հանդիպումն է»,- ասել է նախարարը: Նա հյուրին է հանձնել Հայաստանի օլիմպիական կոմիտեի 25-ամյակի կապակցությամբ թողարկված հուշամեդալ:
Համիդ Սուրյանը շնորհակալություն է հայտնել նվերի, ջերմ ընդունելության եւ ցուցաբերած ուշադրության համար: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Հայաստա ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչները:
2018թ. Հայաստանի մարտական սամբոյի առաջնություն
Մարտի 18-ին «Հայաստան», ՄՄ դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի մարտական սամբոյի առաջնությունը՝ մասնակցությամբ ՀՀ մարզերի, Երևանի եւ Արցախի ուժեղագույն մարզիկների:
52 կգ ք/կ
1 Ջոն Բալայան-Արցախ
- Մուշեղ Հակոբյան-Աբովյան /Խոջայան ակումբ/
- Սարո Վարդանյան-Գյումրի
- Էդիկ Ապերյան-Երեւան /Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց/-ՍՁՕՄՊՄԴ
57 կգ ք/կ
1 Մխիթար Մխիթարյան-Սպիտակ
- Հարություն Սարգսյան-Աբովյան
- Միշա Բաղինյան – Տավուշի մարզ, գ. Սևքար
- Պողոս Բադալյան-Երեւան ՝ՍՁՕՄՊՄԴ
62 կգ ք/կ
1 Կարեն Իսախանյան-Արցախ
- Համլետ Սուքիասյան-Աբովյան
- Արտյոմ Նալթակյան-Աբովյան
- Սամվել Բադալյան-Արցախ
68 կգ ք/կ
1 Վաչիկ Վարդանյան-Եղվարդ
- Մայիս Ներսեսյան-Երեւան
- Արթուր Երիցյան-Աբովյան /Խոջայան ակումբ/
- Հարություն Բաղդասարյան-Արցախ
74 կգ ք/կ
1 Թաթուլ Ավագյան-Արցախ
- Սամվել Պետրոսյան-Արցախ
- Վրեժ Հովհաննիսյան-Եղվարդ
- Արեմ Համբարձումյան-Արցախ
82 կգ ք/կ
1 Դավիթ Պետրոսյան-Արցախ
- Դավիթ Դանիելյան-Արցախ
- Նարեկ Սողոմոնյան-Երեւան
- Միքայել Պողոսյան-Երեւան՝ ՍՁՕՄՊՄԴ
90 կգ ք/կ
1 Հակոբ Օրդանյան-Երեւան՝ ՍՁՕՄՊՄԴ
- Արայիկ Գրիգորյան-Սպիտակ
- Ժորա Մարգարյան-Եղվարդ
- Արման Սաքանյան – Վանաձոր
100 կգ ք/կ
1 Նարեկ Համբարձումյան-Արցախ
- Արթուր Փիլոյան-Աբովյան /Խոջայան ակումբ/
- Արամ Հարությունյան-Աբովյան
- Գառնիկ Սարոյան-Սպիտակ
+100 կգ ք/կ
1 Ռոբերտ Ավետիսյան-Վանաձոր
- Արմեն Ադամյան-Արցախ
- Սահակ Պետրոսյան-Երեւան՝ ՍՁՕՄՊՄԴ
- Սարգիս Սարգսյան-Աբովյան /Խոջայան ակումբ/
Անվասայլակով բասկետբոլի Հայաստանի թիմը հաղթել է Վրաստանի թիմին
Մարտի 21-ին Երեւանի «Միկա» մարզահամալիրում անցկացվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմի եւ Վրաստանի անվասայլակով բասկետբոլի թիմի միջեւ ընկերական խաղը: Այդ մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպումն ավարտվել է մեր մարզիկների հաղթանակով՝ 33:21 հաշվով:
Ընկերական խաղի կազմակերպմանն աջակցել են ՀՀ սպորտի եւ երիտասարդության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները, ինչպես նաեւ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը: Որպես կամավորներ՝ մարզումների ընթացքում հայ եւ վրացի մարզիկներին աջակցել են Արաբկիրի մարզադպրոցի սաները:
Հանդիպումից հետո հայ եւ վրացի մարզիկները պարգեւատրվել են համապատասխանաբար Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Գ.Սագանելիձեի եւ ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանի կողմից: Նշենք, որ ՀՀ ԱԻ նախարարությունը նախատեսում է առաջիկայում ստեղծել «Արտակարգ սպորտային ակումբ»: Այսօր արդեն արված են առաջին լուրջ քայլերը՝ հաշմանդամային սպորտի ակտիվացման ուղղությամբ: Հաշմանդամների բասկետբոլի թիմը, որի կազմում են նաեւ նախարարության 8 աշխատակից, պարբերաբար մարզվում է եւ պատրաստվում է միջազգային հարթակներում ներկայացնել մեր երկիրը:
Բասկետբոլ. «Արցախ»-ը հաղթեց «Ուրարտու»-ին եւ մտավ եզրափակիչ
Տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Ստեփանակերտի «Արցախ»-ն այսօր իր հարկի տակ ընդունեց կանոնավոր առաջնության հաղթող Երեւանի «Ուրարտու»-ին: Թիմերի առաջին մրցավեճում 76:70 հաշվով հաղթանակ էին տարել արցախցի բասկետբոլիստները: Եզրափակիչ մտնելու համար նրանց հարկավոր էր հաղթանակ տանել, քանի որ փլեյ-օֆֆում գործում են 2 հաղթանակների համակարգ:
Անչափ լարված ու դիտարժան պայքարում անցած խաղն ավարտվեց «Արցախ»-ի նվազագույն առավելությամբ՝ 90:88: Այդպիսով, արցախցի բասկետբոլիստներն առաջինը մտան եզրափակիչ, որտեղ կհանդիպեն ՖԻՄԱ-«Արթիկ» զույգի հաղթողի հետ:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարններով՝ (0.10) 52-38-75, (091)49-64-51, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է:
Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից:
Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 10 (488), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/:



