ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր, թե Տարոն Մարգարյանը հարցաքննվել է «Երեւան» հիմնադրամի քրգործով՝ վկայի կարգավիճակով: Լրատվամիջոցները փոխանցել էին ԱԱԾ տնօրենի ասածը: Լրատվամիջոցներից մեկը, ով չգիտես ինչու մեր երկրում ատում է բոլորին ու ամեն ինչ՝ իր տիրոջից բացի, խոսել էր Արթուր Վանեցյանի փոխարեն ու ստացվել էր, որ Տարոն Մարգարյանը գումարներ է յուրացրել եւ նրանից առգրավվել է 1 մլրդ 800 մլն դրամ:
Օրինակով խոսեմ: ԱԱԾ տնօրենը ասում է, որ ԱԱԾ-ն հիմնադրամում մոտ 1 մլրդ 820 մլն դրամի գումարի վատնման դեպք է բացահայտել:
Հիմա տեսնենք, թե մամուլի այդ մեկ միջոցը ինչպես է փոխանցում ԱԱԾ տնօրենի խոսքը: Բառացի այսպես. թե՝ իրավապահներն առգրավելու են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը Տարոն Մարգարյանը յուրացրել էր «Երեւան» հիմնադրամից:
Փաստորեն՝ ԱԱԾ տնօրենն ասում է՝ հիմնադրամում է վատնման դեպք բացահայտվել, մամուլի միջոցը գրում է՝ յուրացրել է քաղաքապետը:
Մեղմ ասած՝ փաստերի խեղաթյուրում, ինչի իրավունքը մամուլը չունի:
Հաջորդ օրինակը. ԱԱԾ տնօրենը, շարունակելով խոսել հիմնադրամի գործից, ասում է՝ «մի մասը յուրացվել էր, մի մասը՝ հիմքերը սխալ էր»:
Մամուլի միջոցը կրկին խոսում է ԱԱԾ տնօրենի փոխարեն՝ գրելով. «Մի մասը նրա կողմից յուրացվել էր, մյուս մասի հիմքերն էլ սխալ էր նշվել»:
Փաստորեն՝ ԱԱԾ տնօրենը ասում է՝ յուրացվել է, այսինքն՝ գործում կա յուրացման դրվագ, բայց չի ասում՝ Տարոն Մարգարյանն է յուրացրել:
Ստացվում է՝ այստեղ երկու փաստ է կեղծվում: Կեղծվում է մտածված: Այլապես մամուլի միջոցը ձեւ կմտածեր՝ իրավիճակը շտկելու՝ ասելով, որ լրագրողն անփորձ է եւ իբր անփորձությունից ելնելով է սխալ խմբագրումներ արել, կամ այլ պատճառ կբերեր:
Չնայած սա էլ արդարացում լինել չէր կարող: Ասենք՝ լրագրողն անփորձ էր, բա խմբագի՞րը: Չէ՞ր կանչի ու ասեր, սիրելի լրագրող, բա որ յուրացրել է, ինչպես է Արթուր Վանեցյանն ասում, թե հարցաքննվել է վկայի կարգավիճակով:
Նշանակում է՝ դա մտածված է արվել՝ Տարոն Մարգարյանի վարկանիշին խփելու համար: Շարքային քաղաքացին, որ այսօր զլանում է մի քիչ երկար նյութ կարդալ եւ վերլուծել ու ձգտում է ամեն ինչ իմանալ մեկ՝ ոչինչ չասող տողով, այսքանը չէր մտածի: Նա կարդում է՝ յուրացվել է նրա կողմից, գումարն առգրավելու են: Դա է մեխվում նրա ուղեղում եւ ուրիշ ոչինչ: Այ սա էլ արել է մամուլի այդ միջոցը: Սեւ քարոզչության ընդունված ձեւ կա աշխարհում, ինչն էլ կիրառում է մամուլի այդ միջոցը:
Մտածող ընթերցողը կարող է ասել՝ դե թող Տարոն Մարգարյանը դատի տա մամուլի այդ միջոցին: Ոիչնչ ասել չեմ կարող: Դա նրա որոշելիքն է: Բայց արժե՞ զուր ժամանակ վատնել ու նյարդեր փչացնել: Որովհետեւ եթե որեւէ մեկը հենց մամուլի այդ՝ տերովի միջոցին դատի տա, հանրությունը նրան կսարքի ժողովրդի թշնամի, սեւ, հակահեղափոխական ու հայդե՜ աքսոր: Ի՞նչ կա որ: Դատելով ներքաղաքական դրսեւորումներից, հնարավոր է:
Ոչ ոք, առավել եւս մամուլի միջոցը իրավունք չունի անվանարկել մարդուն, եթե չկա դատարանի օրենքով ուժի մեջ մտած վճիռ: Մամուլի միջոցն առավել եւս պետք է բառերի հետ շատ զգույշ լինի, երբեմն դատարանի վճռի պարագայում նույնիսկ մտածում ես ճիշտ բառեր գտնել՝ չվիրավորելու, չպիտակավորելու համար: Եվ անպայման գրում ես՝ դատարանի վճռի համաձայն…
Ինչ պատկեր է ստացվում. իրենց այդքան երազած հեղափոխությունն իրենց իսկ վրա չի ազդել: Հիմա իրենք են ձիու վրա՝ ինչ ուզեն կանեն: Ոչինչ չի փոխվել:
Բայց ինչպես ասում են՝ բոլոր բարեխիղճ լրագրողների փոխարեն էլ ես վիրավորվում: Այդ կարգի լրագրողները, որոնք ոչ բառի արժեք գիտեն, ոչ դիմացինին հարգել, մխտռում են ամեն ինչ, փչացնում լրագրողի համբավը, ու ընթերցողը բոլորին դնում է միեւնույն հարթակին: Սկսում են հարգել ոչ թե մեր խոսքը, ձեռագիրը, այլ՝ զզվել մեզանից ու չհավատալ մեզ:
Դրա համար էլ մենք ոչ թե հանրությանն ենք կրթում, այլ՝ հանրությանը տալիս ենք այն, ինչ ինքն է ուզում՝ էժանագին տեսարաններ, սուտ, հայհոյանք, ամեն ինչ՝ լրջությունից ու գործից բացի:
Իբրեւ ամփոփում՝ Նժդեհը կխոսի. «Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին: Թերթեր ունենք, որոնց, ինչպէս եղինճին, չի կարելի ձեռք տալ՝ առանց խայթուելու: Մաղձ, յիմարական ծաղր, շուկայիկ յիշոցներ, քաշքշուկ, սեւացում, զրախօսութիւն եւ ահա՛ մեր «խայթող» թերթերի հրապարակախօոսութիւնը: Երբ պակասում են լուրջ ապացոյցներ, սրանք «մաքրասիրաբար» դիմում են իրենց այլանդակ փաստաբերութեան, լցնելով իրենց էջերը ոճական նման մարգարիտներով եւ «սրիկայ», «առաւ-փախաւ», «քառանկիւն գլուխ», «բարոյական ոչնչութիւն», «խայտառակութեան դրօշ», եւն.: Այդ թերթերի բովանդակութեան չափ եւ աւելի զզուելի է իրենց բազարի լեզուն: Սրանց համար գոյութիւն չունի հրապարակախօսական էթիկան: Սրանց համար չէ գրի եւ գրչի մաքրութիւնը: Չգիտեմ, այդ թերթերի խմբագիրները գիտե՞ն, թէ խօսքը եւ դա մարդուս բարոյական շունչն է, թէ ինչ որ մտքերն՝ այն էլ խօսքերը, եւ որ խօսքը մատնում է մեր ներքին մարդը»:
Եվս մեկ հավելում. մամուլի այդ միջոցը, իր նախկին ու ներկա տերերով հանդերձ, տառացիորեն զզվում է Նժդեհից…
Անի Մարության
«Լուսանցք» թիվ 30 (508), 2018թ.
«Լուսանցք»-ի թողարկումները PDF ձեւաչափով կարող եք կարդալ http://www.hayary.org/wph/ կայքի «Մամուլ» բաժնում – http://www.hayary.org/wph/?cat=21, / http://pressinfo.am/ պորտալում՝ հայկական եւ արտասահմանյան տպագիր մամուլի առցանց գրադարանում եւ pressa.ru-ում – http://pressa.ru/ru/catalog/newspapers/categories/gazetyi/blizhnego-zarubezhya/#/



