Մինչեւ Թբիլիսի…
Ռուս քաղաքական գործիչ եւ գործարար Անդրեյ Լուգովոյը հայտարարել էր, որ եթե ինքը լիներ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի փոխարեն, ապա կհրամայեր ոչնչացնել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլուն. «Ով լուրջ վնաս է հասցնում ռուսական պետությանը, պետք է ոչնչացվի»: Նրա կարծիքով, այդ ձեւով է մտածում «յուրաքանչյուր նորմալ ռուս» եւ դեռ «Վլադիմիր Պուտինի երկրորդ ժամկետի սկզբից սկսած տարբեր ուժեր Արեւմուտքում ձգտել են անվանարկել Ռուսաստանն ու անձամբ Պուտինին՝ աջակցելով մեր փախուստի մեջ գտնվող օլիգարխներին»:
ՌԴ-ում հիմա շատերն են Ա. Լուգովոյի պես մտածում: Նկատի ունենալով Վրաստանը, նա կարծում է, որ «այդ երկիրը հասկացել է, որ մեզ հետ կատակ անել չի կարելի»: Բայց դրանով չի բավարարվում եւ նշում է՝ «պետք էր տանկերը հասցնել մինչեւ Թբիլիսի, այնտեղ նշանակել մեր ներկայացուցչին ու կախել Սահակաշվիլուն, ինչպես ամերիկացիները կախեցին Սադամ Հուսեյնին»: Ա. Լուգովոյը Անգլիայում թունավորումից մահացած լրտես Ալեքսանդր Լիտվինենկոյի գործով հիմնական դերակատարներից մեկն է, եւ բրիտանական հետաքննությունը նրան գլխավոր կասկածյալ է համարում այդ գործում, չնայած Ա. Լուգովոյը կտրականապես մերժում է մեղադրանքը:
Մինչեւ Բաքու…
Ադրբեջանը մի քանի անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն եւ խախտում է սպառազինությունների սահմանափակման վերաբերյալ միջազգային համաձայնագրերը: Սակայն, եվրաքեռիները սա չեն նկատում:
«Հելսինկիում մենք եւս մեկ անգամ միջազգային հանրության եւ ԱԳ նախարարների ուշադրությունը հրավիրեցինք այս խնդրի վրա, որ պահանջվում է ավելի լուրջ մոտեցում: Նման քաղաքականությունը կարող է բերել անկանխատեսելի հետեւանքների», – ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանը:
Նա միաժամանակ ընդգծել է, որ Բաքվի կողմից պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացումը խոսում է ոչ թե այդ երկրի խաղաղ մտադրությունների, այլ պատերազմի հնարավորության մասին:
Մենք կարծում ենք, որ այս մասին անընդհատ ահազանգել պետք չէ:
Պարզապես անհրաժեշտ է լավ նախապատրաստվել դեպքերի նման ծավալմանը եւ Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու դեպքում կատարել այն, ինչը չարվեց 1990-1994թթ. ժամանակահատվածում՝ հասնել Բաքու՝ վերջ տալով Կովկասի անկայուն իրավիճակին…
Արման Դավթյան
«Լուսանցք» թիվ 47 (86)



