Թուլամորթ հայերից ամեն ինչ սպասելի է

Մի շարք հայ մտավորականների՝ Թուրքիայի նախագահին հղած նամակի հրապարակումից հետո (հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված), մի շարք թուրք մտավորականներ էլ որոշեցին թեման շարունակել ինտերնետում:

Ու դեռ թարմ են թուրք մտավորականների կողմից «Հայոց ցեղասպանության համար հայերից ներողություն խնդրելու» ինտերնետային նախաձեռնության արձագանքները, որին ոմանք ոգեւորությամբ էին մոտենում: Սակայն, շատերը հասկացան, որ սա որեւէ կապ չունի ցեղասպանության ճանաչման հետ եւ հերթական բարոյական հաղթանակն են փորձում մեզ մատուցել…

Հիմա էլ մի խումբ հայեր են ի հայտ եկել նմանատիպ մի նախաձեռնությամբ. սրանք ներողություն են խնդրում թուրքերից «ԱՍԱԼԱ» («ՀԱՀԳԲ»-Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ) խմբավորման կողմից իրականացրած սպանությունների համար:

Սիդնեյի Մակքուարի համալսարանի դոկտոր Արմեն Գակավյանը, ով նաեւ «Հայ-թուրքական երկխոսության խմբի» համանախագահն է, նախաձեռնել է թուրքերից ներողություն խնդրելու վերոնշյալ արշավը: Նա «Ռադիկալ» թուրքական թերթին տված հարցազրույցում ասել է, որ կստեղծվի մի փաստաթուղթ, եւ հայերը կկարողանան զետեղել իրենց ստորագրությունները տվյալ փաստաթղթի տակ. «Այս արշավի միջոցով մենք ցույց կտանք մեր ի սրտե աջակցությունը մեր թուրք ընկերների կողմից նախաձեռնված ներողության արշավին»: Հայերի հայտարարությունում նշվելու է. «Ես ներողություն եմ խնդրում թուրքերից այն սպանությունների համար, որոնք իրականացվել են հայ ժողովրդի անունից եւ ես կարեկցում եմ թուրքերի ցավին»:

Այս կասկածելի հայի պնդմամբ «թուրք մտավորականության արշավը ոգեշնչել է իրեն նախաձեռնել համանման ջանքեր: Թուրք մտավորականության քայլը մեծ նախաձեռնություն էր, վեհանձնության ապացույց, քանի որ դժվար է առերեսել անցյալը: Թե՛ որպես մեկ անձ, թե՛ ժողովուրդ, ես հույս ունեմ, որ հայերն ի զորու են ի ցույց դնել միեւնույն համարձակությունը, ինչպես եւ թուրքերը, եւ առերեսել անցյալի մութ էջերը»:

Հիշեցնենք, որ թուրք մտավորականության կողմից ինտերնետային կայքում զետեղված ներողության տեքստը հետեւյալն է. «Իմ խիղճը չի ընդունում «Մեծ ողբերգության» նկատմամբ ցուցաբերվող անտարբերությունը եւ հերքումը, որին ենթարկվել են Օսմանյան կայսրության հայերը 1915թ.: Ես չեմ ընդունում այդ անարդարությունը եւ իմ անունից ցավում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի ցավերի եւ տառապանքների համար: Ես ներողություն եմ խնդրում իրենցից»: Այս նախաձեռնության տակ ստորագրել է ավելի քան 30 հզ. մարդ: Դե ինչ, կարծես վարակը տարածվելու միտում ունի: Շուտով երեւի ի հայտ կգան հայեր, ովքեր կընդունեն թուրքերի այն տեսակետը, թե հայերն են ցեղասպանել թուրքերին ու ներողություն կհայցեն մեկ այլ ստորագրահավաքով: Հետո գուցեեւ Արցախյան ազատամարտի արդյունքները հարցականի տակ դրվեն եւ պատերազմում սպանված ադրբեջանցիների համար ներողություն հայցողներ էլ հայտնվեն: Ու եթե այդպես շարունակվի, մի քանի տականքներ էլ կգտնվեն, որ թյուրքական տարրից ներողություն կխնդրեն, որ Արարիչը մեզ հայ է ստեղծել ու Հայկական լեռնաշխարհը մեր բնական Հայրենիքն է դարձրել, ինչն էլ «ստիպել» է թուրքերին զոռով մտնել մեր տարածքները եւ պարտադրաբար մեզ կոտորել, որպեսզի իրենց համար «ոտքի տեղ անեն»…

Սա շատ նման է մի եվրատեսակետի, որը մատուցել են հայկական գաղթօջախներից մեկի դպրոցներում: Այս առաջադրանքով հայ երեխաներին հարց է տրվել, թե արդյո՞ք ճիշտ է վարվել Հայկ նահապետը, որ նետահարել ու սպանել է Բելին: Ավելի ճիշտ չէ՞ր լինի, որ Հայկը Բելի հետ նստեր բանակցությունների սեղանի շուրջ… Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են:

Կարծում ենք՝ մեր պետական այրերը պիտի արագ արձագանքեն այսպիսի խեղկատակություններին եւ հրապարակային վերաբերմունք դրսեւորեն՝ պաշտպանելով մեր ազգի ու պետության շահերը:

Իսկ ինչ մնում է «ԱՍԱԼԱ»-ի նվիրյալ հայորդիների անձնասպանական գործողություններին, ապա նաեւ դրա շնորհիվ է, որ այսօր պատմության աղբանոցում չի հայտնվել հայոց ցեղասպանության հարցը եւ արմենգակավյանները իրենց հայ են զգում…

Արման Դավթյան


This entry was posted in Հ.Ա.Մ., Հոդվածներ. Bookmark the permalink.